Logo

«Լիարժեք գոհ չեմ արդյունքներից». Վազգեն Բադալյանը VNews-ի հետ զրույցում ամփոփել է ԵԱ-ը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:21 / 25.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը, VNews-ի հետ զրույցում ամփոփելով վերջերս Բուլղարիայում անցկացված տարիքային այդ խմբի Եվրոպայի առաջնությանը մեր մարզիկների մասնակցության արդյունքները, նշեց, որ ակնկալիքներն ավելին էին, քան նվաճած 1 ոսկե և 2 արծաթե մեդալը։ 68-ամյա մասնագետի խոսքով՝ մեր հիմնական հույսերից համարվող երկու մարզիկների պարտությունը խիստ վիճելի է։

ՄԱՍԱՄԲ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

«Ճիշտ չի լինի, եթե ասեմ, որ լիարժեք գոհ եմ արդյունքներից, որովհետև տղաներից մի քանիսի վերաբերյալ մեր հույսերը չարդարացան։ Նրանցից երկուսի մենամարտերի արդյունքը, մեր կարծիքով, չի արտացոլում մրցակցության իրական պատկերը։ Բողոքարկեցինք Եվրոպայի անցյալ տարվա երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Մանվել Պետրոսյանի և Աղվան Ալեքսանյանի մենամարտերի արդյունքը, սակայն ամեն ինչ մնաց անփոփոխ։ Կանոնների համաձայն՝ բողոքարկումն ընդունվում է միայն այն դեպքում, եթե հայցն ուսումնասիրող հանձնաժողովի բոլոր երեք անդամները կողմ են արտահայտվում դրան։ Մեր դեպքում դրական էին արձագանքել երեքից երկուսը։ Այստեղ էլ որոշ նախասիրություններին, անգամ քաղաքական կոնյուկտուրային առնչվող նրբություններ կան, որոնք, ի պաշտոնե, չեմ մանրամասնի, քանի որ կարող է ճիշտ չընկալվել։ Այդպիսով՝ զրկվեցինք երկու մասնակցից, որոնք կարող էին լուրջ առաջխաղացում ունենալ մրցաշարում։

Իսկ 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը երկու հաղթանակից հետո պարտվեց անգլիացի մարզիկին։ Նա նույնպես մեր հիմնական հույսերից էր։ Մինչև այդ հաղթել էր Չեռնոգորիայի միջազգային մրցաշարում, որտեղ միանգամայն լավ տպավորություն էր թողել։ Այս անգամ փոքր-ինչ վատ աշխատեց, իսկ մրցակիցն էլ իր հերթին էր ուժեղ։

Պետք է նշեմ նաև, որ մրցավար չունեինք այս առաջնությունում։ Նմանապես մրցավարական անձնակազմում ներկայացված չէին մեր նկատմամբ սովորաբար լոյալ տրամադրված Վրաստանը և Հունաստանը։ Այդ հանգամանքը նույնպես անդրադարձավ մեր արդյունքների վրա։

Ամբողջական կազմով՝ 13 մարզիկով ներկայանալու որոշումն իմը չէր։ Առնվազն երեք մարզիկ դեռ աճելու տեղ ունի՝ եվրոպական ստուգատեսին մասնակցելու համար։ Չեմ կարծում, թե Եվրոպայի առաջնությունը մրցափորձ ձեռք բերելու համար ամենահարմար մրցումն է»։

ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Շատ կարևոր է, որ Էրիկը ցանկանում է հասկանալ, թե ինչպես կառուցի մենամարտը։ Նաև շատ համարձակ է։ Առաջին երեք մենամարտում 3 նոկաուտ արեց և բոլորն էլ ուժեղ մրցակիցների հետ պայքարում։ Առաջին մենամարտում նա և Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկը շուրջ 1 րոպե անդադար հարվածներ էին փոխանակում։ Իսկ Էրիկը շատ լավ է տիրապետում կողային հարվածների, որոնք նրա կատարմամբ նաև բավական ուժեղ են։ Եզրափակիչում էլ երկու անգամ նոկդաունի ենթարկեց բուլղարացի Տոնի Իլիևին։

Ընդհանրապես, շատ մասնագետների կարծիքով, 60 կգ քաշային մեր մարզիկն արժանի էր այս առաջնության լավագույն բռնցքամարտիկը ճանաչվելուն, բայց հանձնաժողովն ինչ-ինչ նկատառումներով նախապատվությունը տվեց ծանրքաշային անգլիացուն, որն անցկացրել էր ընդամենը 3 մենամարտ։ Իսկ Էրիկը 5 հանդիպում էր ունեցել։ Դժվարանում եմ ասել, թե նա ինչ արդյունքներ կունենա մեծերի մրցումներում, բայց այսօր Էրիկն ամենահեռանկարային մարզիկներից է հայրենի բռնցքամարտում։ Ճիշտ է՝ մի քիչ փոքրամարմին է, բայց տիրապետում է ուժեղ հարվածների»։

ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Արես Հակոբյանը (67 կգ) մասնակցեց իր հնարավորությունների սահմանում։ Խոստովանեմ՝ մեկնարկից առաջ մրցանակային ակնկալիքներ չունեի նրանից։ Եզրափակիչում շատ պասիվ աշխատեց և զիջեց ուկրաինացի մրցակցին։ Արեսը կարող էր ավելի լավ մենամարտել։ Նա առանձնապես փորձառու չէ։ Երբեմն անհրաժեշտ է բնավորության հաշվին հաղթանակ կորզել։ 
Համլետ Ադամյանը (80 կգ) վատ չկռվեց, բայց եզրափակիչում մրցեց անչափ ուժեղ հույն բռնցքամարտիկի հետ։ Շատ անհարմար մրցակից էր։ Համլետը լավ պայքարեց, նույնիսկ հաղթեց 3-րդ ռաունդում, ինչը շատ կարևոր հանգամանք է։ Ընդհանրապես ծանր մենամարտ էր. առաջին ռաունդում Ադամյանը բացահայտ պարտվեց, բայց աստիճանաբար հունի մեջ մտավ և երրորդ ռաունդը շահեց 4։1 հաշվով։ Տղամարդու պես կռվեց մինչև վերջ։ Այլ հարց է, որ ցանկալի արդյունքի չհասավ։ Նա դեռ 17 տարեկան է, նոր է մուտք գործել երիտասարդական սպորտ և հաջորդ տարի էլ ելույթ կունենա տարիքային այս խմբում։ Լավ պատրաստվելու դեպքում կարող է մասնակցել նաև այս տարվա աշխարհի երիտասարդական առաջնությանը»։

ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

«Նոյեմբերին մասնակցելու ենք Իսպանիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նախատեսել եմ, որ նախապատրաստական փուլում մասնակցենք ստուգողական երկու մրցաշարի։ Հրավեր ունենք Հունաստանից, բայց մեր ֆեդերացիայի նախագահը ցանկանում է ավելի լավ տարբերակ փնտրել։ Ի դեպ, նա շատ հետաքրքիր գաղափար ունի. ցանկանում է Հայաստանում միջազգային երիտասարդական մրցաշար կազմակերպել մեր մարզիկների, ինչպես նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Իրանի բռնցքամարտիկների մասնակցությամբ։

Շուտով մեր հավաքականի երկրորդ համարներից 4 մարզիկի ուղեկցելու եմ մայիսի 10-19-ը Ֆրանսիայում կայանալիք դպրոցականների առաջնությանը։ Դա հնարավորություն է, որ նրանք մրցափորձ ձեռք բերեն»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա