Logo

VBET Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը՝ Հայաստանի առաջնությունների ներկայի և ապագայի մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
21:37 / 08.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Ավարտվեցին բասկետբոլի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները. առջևում մեր հավաքականների մասնակցությամբ մրցաշարերն են։ Ազգային ստուգատեսների ամփոփմանն է նվիրված VNews-ի հարցազրույցը VBET Ա-Լիգայի նախագահ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի հետ, որը խոսել է մրցաշարերում նկատվող միտումների և հեռանկարների մասին։

ՆԿԱՏՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

«Չեմ կարող միանշանակ պատասխանել խաղամակարդակի փոփոխության վերաբերյալ հարցին, սակայն անվիճելի է, որ ազգային առաջնություններում մրցակցությունը տարեցտարի սրվում է՝ ավելի մեծ գրավչություն հաղորդելով մրցումներին։ Դա է վկայում նաև հանդիսատեսի թվի աճը տրիբունաներում։ Շատ հանդիպումներ ընթանում են անզիջում պայքարում և ավարտվում են օվերթայմում։

Աճում է նաև մեր կազմակերպչական մակարդակը։ Ա-Լիգայի խաղերն անցկացվում են մարզահամերգային համալիրում, սկսել ենք տոմսեր վաճառել, բոլոր խաղերը նկարահանվում են 7 տեսախցիկով, գովազդի համար ԼԵԴ էկրաններ են օգտագործվում, խաղի ընթացքին և տեսակրկնություններին հետևելու համար պատերին նույնպես մեծ էկրաններ են փակցված և այլն։

Մեր գլխավոր ցանկությունն այն է, որ տեղացի խաղացողների որակը բարձրանա, իսկ դա արդեն նկատելի է։ Ի հայտ են գալիս երիտասարդ բասկետբոլիստներ, որոնք մինչև վերջին 1-2 տարին հայտնի չէին հանրությանը։ Նրանք անընդհատ բարելավում են իրենց որակները, որովհետև մրցակցություն կա, պայքարում են արտասահմանցի բասկետբոլիստների հետ։ Իսկ չեմպիոնի կոչումը նվաճած «Էրեբունին», ըստ իս, մարզական առումով վերջին 5 տարիների ամենաուժեղ թիմն է»։

ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Այս տարի առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կանանց առաջնությունն անցկացրեց լեգեոներների ներգրավմամբ։ Մինչև այդ արտոնվում էր միայն տեղացի մարզուհիների մասնակցությունը։ Հիմա յուրաքանչյուր թիմ հնարավորություն ունի ընդգրկել մինչև 3 արտասահմանցի խաղացողի։ Այդ հնարավորությունից չօգտվեց միայն «Մեդ Ֆոքսիսը», որը մտածված կերպով նախապատվությունը տալիս է տեղացի կադրերին։ Մրցաշրջանի վերջում նման մոտեցումն արդարացրեց իրեն. թիմը հաղթանակներ գրանցեց, սակայն փլեյ-օֆֆ չանցավ, որովհետև առաջնության սկզբում մեծ թվով պարտություններ էր կրել։

Երեկ կայացավ եզրափակիչի երրորդ խաղը։ Մինչև այդ «Երևան Բասկետը» և «Հատիսը» մեկական հաղթանակ էին փոխանակել։ Վճռորոշ մրցավեճում երկու օվերթայմ եղավ, որի վերջին վայրկյաններին «Երևան Բասկետը» 84։82 հաշվով հաղթանակ կորզեց։

Մեծ սպասելիքներ ունեմ հաջորդ տարվա կանանց առաջնությունից։ Ըստ երևույթին՝ կլինեն փոփոխություններ։ Հնարավոր է՝ նոր թիմեր ընդգրկվեն մրցաշարում, փոխվի մրցակարգը և այլն։ Գուցե ավելի խստացվի լեգեոներների սահմանափակումը, և ներկայիս 3-ի փոխարեն 2-ի հասցվի խաղահրապարակում միաժամանակ ներկա գտնվող արտասահմանցի մարզուհիների թիվը։ Այդ հարցերը դեռ պետք է քննարկենք ֆեդերացիայում և հասկանանք, թե լիմիտի կրճատման դեպքում որքանով է հնարավոր խուսափել խաղի որակի անկումից։ Ամեն դեպքում, լիմիտի խստացումն անխուսափելի է, դա զուտ ժամանակի հարց է։ Մեր նպատակն է նպաստել հայ մարզիկ-մարզուհիների աճին։ Այժմ, կարծում եմ, հայկական ակումբների խաղացողների մոտ 30 տոկոսն են լեգեոներներ։

ՖԻՆԱՆՍՆԵՐ, ՖԻՆԱՆՍՆԵՐ...

Մենք կողմնակից ենք, որ ակումբները մեծ գումարներ չծախսեն։ Սա, իհարկե, պայքար է, որի արդյունքում ակումբները ձգտում են ավելի թանկարժեք լեգեոներների հրավիրել, բայց անձամբ ես և ֆեդերացիան չենք խրախուսում նման մոտեցումը։ Վերջիվերջո մեր գլխավոր նպատակը տեղական բասկետբոլը զարգացնելն է։ Եթե որևէ թիմ մեծ գումար է ծախսում և չի կարողանում այն փոխհատուցել հովանավորների միջոցով, երկմտանքի մեջ է ընկնում։ Այդ պատճառով ցանկանում ենք այնպես անել, որ թիմերն ունենան ինքնաֆինանսավորում։ Ա-Լիգան որոշ չափով օգնում է ակումբներին թե՛ ֆինանսապես, թե՛ մարզադահլիճների հարցում։ Այս տարի առաջին անգամ մուտքավճար չենք վերցրել առաջնությանը մասնակցելու համար։ Մեզ վրա էին մասնավորապես ԲԿՄԱ-ի և մասամբ «Արցախի» ծախսերը։ Ցանկանում ենք ունենալ այնպիսի տնտեսական մոդել, որի համաձայն՝ թիմերը կծախսեն այնքան, որքան կվաստակեն։

Ամեն ինչ անում ենք, որպեսզի թիմերը կարողանան հովանավորներ ունենալ։ Օրինակ՝ հեռուստատեսություն ենք մուտք գործել։ Այս տարի բացված «Վիվառո Արենա» ալիքն է ցուցադրել Ա-Լիգայի մեծ թվով խաղեր։ Շաբաթական մեկ խաղ էլ՝ մոտ 18 հանդիպում, հեռարձակել է «Շանթ» հեռուստաընկերությունը։ Դա ակումբներին հնարավորություն է տալիս ապահովելու իրենց հովանավորների գովազդը։ Այդ ամենը պետք է հանգեցնի նրան, որ ակումբներն ինքնուրույն գումար վաստակեն։

Մենք լուրջ գումարներ ենք ծախսում Ինստագրամի մեր էջի զարգացման համար. մեր հետևորդների քանակը գրեթե 10 անգամ աճել է։ Ֆեյսբուքում կրկնապատկվել է։ Իսկ Յութուբի մեր ալիքին հետևել է գրեթե 3 անգամ շատ մարդ, քան անցյալ տարի՝ շուրջ 600 հազար հոգի։ Մեր նպատակն է առնվազն կրկնապատկել այդ թիվը։ Առայժմ չունենք հեռուստատեսության մասով տվյալները, բայց, կարծում եմ, շուտով կունենանք։ Ամեն դեպքում, դա հաջողություն է։ Պատմության մեջ առաջին անգամ ազգային առաջնության որոշ խաղերին տոմսեր ենք վաճառել։ Փաստորեն մեր աշխատանքը գնահատվում է. մարդիկ պատրաստ են վճարել՝ բասկետբոլ դիտելու համար։ Ամենահետաքրքիր խաղերին մարզահամերգային համալիրի տրիբունաները լեփ-լեցուն էին»։

Արա Պողոսյանի հետ զրուցել ենք նաև մեր հավաքականների մասին։ Թեմային կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։ 

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեր հավաքականի հաջողության մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա