Logo

«Նոայի» նոր ռեկորդակիրը, համալրում 100 ռմբարկուների ցանկում. VBET ՀՊԼ-ի 34-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:46 / 23.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջնության 34-րդ տուրից հետո էլ չեմպիոնական մրցավազքում ինտրիգը պահպանվեց: «Արարատ-Արմենիան» հաղթելով «Ուրարտուին», միավորներով հավասարվեց «Փյունիկին», որն այս տուրում ազատ էր: 3-րդ տեղի համար պայքարում «Արարատը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց, իսկ «Ալաշկերտը» «Նորավանքի» հետ խաղում բավարարվելով ոչ-ոքիով, ընդամենը մեկ միավորով առաջ անցավ արարատցիներից:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 149 հանդիպումներից 61-ում հաղթել են դաշտի տերերը, 49-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 39-ում գրանցվել է ոչ-ոքի: 

4 հանդիպումներում խփվեց 9 գոլ (միջինը՝ 2,25 գոլ մեկ խաղում): Միայն «Նոան» չգտավ մրցակցի դարպասի բանալին: Առաջնության գարնանային հատվածում կայացած 70 խաղում 155 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,21 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 149 հանդիպումներում խփվել է 354 գոլ (միջինը՝ 2,37 գոլ մեկ խաղում): 

2. «Ուրարտուին» ընթացիկ առաջնությունում այդպես էլ չհաջողվեց հաղթել «Արարատ-Արմենիային»՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 խաղերից 3-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», նույնքան անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է անցյալ տարվա մարտի 2-ին կայացած խաղում Իգոր Պադերինի խփած միակ գոլի շնորհիվ:

3. Ընթացիկ առաջնությունում «Վանին» վերջապես հաջողվեց հաղթել «Նոային»: Մինչ այդ կայացած 3 խաղերից մեկում գրանցվել էր ոչ-ոքի, 2-ում հաղթել էր «Նոան»: Միակ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Վանը» տոնել էր նախորդ առաջնության ավարտական տուրում՝ մայիսի 28-ին կայացած խաղում առավելության հասնելով 2-1 հաշվով:

«Վանն» ընդհատեց առանց հաղթանակների 8 խաղերի շարքը, որում ընդամենը 3 միավոր էր վաստակել: Վերջին հաղթանակը «Վանը» տոնել էր մարտի 20-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղում:

4. «Նորավանքին» վերջապես հաջողվեց VBET ՀՊԼ-ում գրավել «Ալաշկերտի» դարպասը: Դրա համար նորավանքցիներին 349 րոպե պահանջվեց: Գոլի հեղինակ դարձած Իբրահիմ Շուեյբուն ընթացիկ առաջնությունում 7-րդ գնդակը խփեց: Նա գերազանցեց Սերգեյ Օռլովի ցուցանիշը՝ դառնալով «Նորավանքի» լավագույն ռմբարկուն:

5. Մաիլսոն Լիման գրավելով «Ուրարտուի» դարպասը, խփեց VBET ՀՊԼ-ում 31-րդ գնդակը և ընդգրկվեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում: Մարկոս Պիզելիից,     Ջոնել Դեսիրեից, Ալեքս դա Սիլվայից և     Արա Եվդոկիմովից    հետո Լիման դարձավ այդ ցանկում ընդգրկված այլազգի 5-րդ ֆուտբոլիստը: Ընթացիկ առաջնությունում Լիմայի հաշվին 18 գոլ է գրանցված:

6. Սիլվիո Գուտիերեսը («Վան») և Սամվել Հակոբյանը («Ուրարտու») բացեցին գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում:

7. Դավիթ Մանոյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 217-ը նա անցկացրել է VBET ՀՊԼ-ում, 29-ը՝ ՀՀ գավաթի, 4-ը՝ Սուպերգավաթի, 18-ը՝ եվրագավաթների խաղարկություններում, 26 անգամ հանդես է եկել ՀՀ ազգային, 9 անգամ՝ երիտասարդական հավաքականներում, 47 խաղ էլ անցկացրել է արտերկրում:

8. ԲԿՄԱ-ի ավագ Հայկ Իշխանյանի համար էլ «Արարատի» հետ մրցավեճը VBET ՀՊԼ-ում անցկացրած հոբելյանական՝ 250-րդ խաղն էր: Նա իր կարիերայի ընթացքում Բարձրագույն խմբում հանդես է եկել հայկական 8 ակումբների կազմում՝ ելույթները սկսելով «Շիրակում» (2008-2009, 2020/21թթ.), որի կազմում մասնակցել է 18 խաղի: Հետագայում Իշխանյանը հանդես է եկել «Միկայում» (2009-2011, 2013/14թթ.՝ 39 խաղ), «Իմպուլսում» (2012/13թթ.՝ 24), «Ալաշկերտում» (2013/14-2014/15, 2019/20թթ.՝ 31), «Գանձասար-Կապանում» (2014/15-2018/19, 2020/21թթ.՝ 95), «Լոռիում» (2018/19թթ.՝ 14): Իշխանյանն ընթացիկ առաջնությունը սկսել էր «Փյունիկում», որի կազմում 4 խաղ անցկացնելուց հետո տեղափոխվել էր ԲԿՄԱ՝ մասնակցելով 25 խաղի:

9. Մաքսիմ Մայրովիչը VBET ՀՊԼ-ում «Նոայում» 62-րդ խաղն անցկացրեց և դարձավ թիմի ռեկորդակիրը: Մայրովիչը գերազանցեց Բենիկ Հովհաննիսյանի ցուցանիշը, որը «Վանի» կազմում մասնակցում էր «Նոայի» հետ հանդիպմանը: Նշենք, որ Մայրովիչը նաև թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

10. Տարոն Ոսկանյանը նշեց հայկական ակումբներում, ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում 350-րդ խաղի հոբելյանը: Այդ խաղերից 227-նա անցկացրել է VBET ՀՊԼ-ում, 34-ը՝ ՀՀ գավաթի, 4-ը՝ Սուպերգավաթի, 36-ը՝ եվրագավաթների խաղարկություններում, 39 անգամ հանդես է եկել ՀՀ ազգային, 10 անգամ՝ երիտասարդական հավաքականներում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա