Logo

Վճռորոշ մրցախաղեր, որոնք կարող են ժամկետից շուտ որոշել չեմպիոնին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:10 / 13.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ 32-րդ տուր 2022

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը:  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»  - «ՎԱՆ» 

14 մայիսի, ժ.19:00,  Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 4 անգամ, «Վանը»՝ 2,  խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  11-6

1-ին շրջան.  12.09.2021  «Վան»  1-2  «Արարատ-Արմենիա»

Գոլերը՝ 1-0՝ Լուիզ Մենեզես 34՛, 1-1՝ Արտյոմ Ավանեսյան 90+1՛, 1-2՝ Մաիլսոն Լիմա 90+4՛:

2-րդ շրջան.  28.11.2021  «Արարատ-Արմենիա»  2-0  «Վան»  

Գոլերը՝ 1-0-2-0՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 85՛, 90+2՛:

3-րդ շրջան.  20.03.2022  «Վան»  2-1  «Արարատ-Արմենիա»

Գոլերը՝ 0-1՝ Ջոնաթան Դուարտե 17՛, 1-1՝ Վլադիմիր Ֆիլիպով 71՛, 2-1՝ Զավեն Բադոյան 75՛:

«Արարատ-Արմենիա»՝  2-րդ տեղ (65 միավոր), «Վան»՝  8-րդ տեղ (19 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ 32-րդ տուր 77

1. Նախորդ տուրում «Նոայից» կրած պարտությունը կարող է ճակատագրական լինել «Արարատ-Արմենիայի» համար չեմպիոնական մրցավազքում: Դմիտրի Գունկոյի սաներին գրեթե անհնար կլինի առաջնության ավարտական 3 խաղերում վերացնելու 5 միավորի տարբերությունն առաջատարից՝ հաշվի առնելով «Փյունիկի» գերազանց ելույթները գարնանային հատվածում: 

Դրա համար «Արարատ-Արմենիան» պետք է անպայման հաղթի 3 խաղերում էլ և հուսա, որ «Փյունիկը» վերջնագծում 3 միավորից ավելին չի վաստակի, ինչն իրատեսական չէ: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է փաստել, որ չեմպիոնության համար պայքարի ելքն արդեն վճռված է: Նույնիսկ այս տուրում չեմպիոնը կարող է որոշվել, եթե «Փյունիկը» հերթական 3 միավորը վաստակի, իսկ «Արարատ-Արմենիան» չհաղթի:

Առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիան» 3-րդ պարտությունը կրեց: Գարնանային հատվածի 14 հանդիպումներում Դմիտրի Գունկոյի սաները 25 միավոր են վաստակել:

2. «Վանն» առաջնության մասնակից երկու թիմերից մեկն է (մյուսն «Արարատ-Արմենիան» է), որ գարնանային հատվածում մեկ միավոր էր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում: Նախորդ տուրում այդ արդյունքը կրկնել «Վանին» չհաջողվեց: «Փյունիկն» առանց մեծ ջանքեր գործադրելու հեշտությամբ հաղթեց մրցակցին:

Մրցաշարային աղյուսակի տեսակետից «Վանն» առանձնակի խնդիրներ չունի լուծելու: Նվազագույնը «Վանը» պետք է ձգտի չեզրափակել աղյուսակը, իսկ առավելագույնը՝ շրջանցել «Նորավանքին» ու զբաղեցնել 7-րդ հորիզոնականը: Արդեն 7 խաղ «Վանը» չի հաղթել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Վերջին հաղթանակը «Վանը» տարել է մարտի 20-ին՝  2-1 հաշվով պարտության մատնելով հենց «Արարատ-Արմենիային»:

VBET ՀՊԼ 32-րդ տուր 88

3. Եթե «Արարատ-Արմենիայի» 27-ամյա դարպասապահ Վալերիո Վիմերկատիին հաջողվի անառիկ պահել դարպասը, ապա առաջնության գարնանային հատվածում 8-րդ «չոր» խաղը կանցկացնի և կգերազանցի «Բանանցի» նախկին դարպասապահ Եվգենի Մատյուգինի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած դարպասապահներից  2008թ. բոլորից հաճախ՝ 7 անգամ էր դարպասն անառիկ պահել:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Վբեյմար Անգուլոն VBET ՀՊԼ-ում 166-րդ խաղը կանցկացնի ու կշրջանցի Գագա Թբիլաշվիլուն, որը «Գանձասար-Կապանի, «Ուլիսի, «Դինամո-Զենիթի» և «Իմպուլսի»  կազմերում ընդհանուր առմամբ 165 խաղի է մասնակցել: Վբեյմարից ավելի շատ հանդիպումներ անցկացրել է միայն «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան՝ 230:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Մաիլսոն Լիման «Արարատ-Արմենիայում» պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Արմեն Համբարձումյանից հետո նա կդառնա նման ցուցանիշ գրանցած 2-րդ ֆուտբոլիստը: Ի դեպ, Լիման VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի քանակով (80) գերազանցել է Համբարձումյանի արդյունքը (78 խաղ) և հանդիսանում է «Արարատ-Արմենիայի» ռեկորդակիրը:

Եթե Լիմային հաջողվի նաև գրավել «Վանի» դարպասը, ապա VBET ՀՊԼ-ում խփած գոլերի ընդհանուր թիվը կհասցնի 31-ի և կընդգրկվի ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

VBET ՀՊԼ 32-րդ տուր 99

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Արարատ-Արմենիա»՝  Յուսուֆ Օտուբանջո՝  3 գոլ:

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ԱՐԱՐԱՏ»    

15 մայիսի, ժ.16:00,  Երևան, «Նաիրի» մարզադաշտ

38 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 22 անգամ, «Արարատը»՝  9,  գրանցվել է  7  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  60-41

1-ին շրջան.  11.09.2021 «Արարատ»  3-2  «Ալաշկերտ»

Գոլերը՝ 0-1՝ Ալեքսանդր Գլիշիչ 29՛, 1-1, 2-1՝ Սերժ Դեբլե 31՛, 44՛, 3-1՝ Դոնիմանի Յակուբա Սիլուե 76՛, 3-2՝ Ժոզե Էմբալու 90+5, 11մ:

2-րդ շրջան.  30.11.2021 «Ալաշկերտ»  1-0  «Արարատ»  

Գոլը՝ 1-0՝ Ֆոֆանա Բեկո 5՛:

47-րդ րոպեին Սերժ դեբլեն չիրացրեց 11մ հարվածը (Օգնյեն Չանչարևիչը հետ մղեց գնդակը):

3-րդ շրջան.  19.03.2022  «Արարատ»  0-1  «Ալաշկերտ»

Գոլը՝ 0-1՝ Ժոզե Էմբալու 48՛:

«Ալաշկերտ»՝  4-րդ տեղ (42 միավոր), «Արարատ»՝  3-րդ տեղ (46 միավոր): 

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Տուրի կենտրոնական հանդիպումն անչափ մեծ նշանակություն ունի մրցող թիմերի համար, որում հաղթանակը 6 միավորի արժեք կունենա: Մրցակիցները պայքարում են բրոնզե մեդալների համար և հանդիպման ելքը կարող է շատ բան վճռել: Ճիշտ է, կարող է այնպես ստացվել, որ 4-րդ տեղը զբաղեցրած ակումբն էլ Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր ստանա, եթե ՈՒԵՖԱ-ն «Նորավանքին» եվրագավաթների մասնակցության արտոնագիր չտրամադրի: Այդ դեպքում «Արարատի» և «Ալաշկերտի» համար եվրոպական ասպարեզի ճանապարհը բաց կլինի:

2. «Ալաշկերտը» խաղին նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է ունեցել, քանի որ նախորդ տուրում ազատ էր: Վերջին հանդիպումն ալաշկերտցիներն անցկացրել են մայիսի 3-ին՝ ոչ-ոքի (1-1) ավարտելով «Ուրարտուի» հետ մրցավեճը: Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Ալաշկերտը» միավորների զգալի կորուստներ ունեցավ՝ վաստակելով ընդամենը 5  միավոր: 

VBET ՀՊԼ 32-րդ տուր 11

3. Նախորդ տուրում «Արարատին» հաջողվեց 4-0 հաշվով հաղթել նորընծա գավաթակիր «Նորավանքին» և «Ալաշկերտից» միավորների տարբերությունը հասցնել 4-ի: Ճիշտ է, «Ալաշկերտը» մեկ խաղ պակաս է անցկացրել: Այդ խաղը կայանալու է մայիսի 18-ին «Ուրարտուի» մարզադաշտում:

Արարատցիների համար շատ կարևոր է իր հիմնական մրցակցին չպարտվելը, իսկ հաղթելու դեպքում բրոնզե մրցանակակիր դառնալու հնարավորությունները զգալիորեն կաճեն: Իսկ «Ալաշկերտի» հաղթելու դեպքում 3-րդ տեղի համար պայքարն անչափ կսրվի: Վերջին 4 խաղերում «Արարատն» անպարտելի է՝ վաստակելով 8 միավոր:

VBET ՀՊԼ 32-րդ տուր 223

4. Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած 2-րդ շրջանի խաղում Ֆոֆանա Բեկոյի խփած գոլը թիմերի դիմակայությունում գրանցված հոբելյանական՝ 100-րդ գնդակն էր: 

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Մարկո Պրլևիչն «Արարատի» կազմում 40-րդ խաղը կանցկացնի և կընդգրկվի թիմում հանդես եկած ամենափորձառու լեգեոնականների տասնյակում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝  Միհրան Մանասյան՝  17 գոլ:

«Արարատ»՝  Ալեքսանդր Ռակիչ՝  6 գոլ:

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 

15 մայիսի, ժ.19:00,Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

90 խաղ, «Փյունիկը» հաղթել է  47 անգամ, «Ուրարտուն»՝  21, գրանցվել է 22  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  155-93

1-ին շրջան.  13.09.2021  «Ուրարտու»  0-2  «Փյունիկ»

Գոլերը՝ 0-1՝ Էրիկ Վարդանյան 42՛, 0-2՝ Ուգո Ֆիրմինո 52՛:

2-րդ շրջան.  28.11.2021  «Փյունիկ»  2-0  «Ուրարտու»  

Գոլերը՝ 1-0՝ Նիկիտա Բառանով 15՝, 2-0՝ Գևորգ Ղազարյան 68՛:

3-րդ շրջան.  20.03.2022  «Ուրարտու»  0-1  «Փյունիկ»

Գոլը՝ 0-1՝ Ժունինյո  90+4՛:

«Փյունիկ»՝  1-ին տեղ (70 միավոր), «Ուրարտու»՝  6-րդ տեղ (34 միավոր):  

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ 32-րդ տուր 22

1. Նախորդ տուրում «Փյունիկն» առանց մեծ ջանքեր ներդնելու 2-0 հաշվով հաղթեց  «Վանին»՝ անպարտելիության ռեկորդային շարքը հասցնելով 14-ի: «Փյունիկը» շատ մոտ է 6-ամյա ընդմիջումից հետո կրկին՝ արդեն 15-րդ անգամ նվաճելու Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Դա կարող է տեղի ունենալ նույնիսկ այս տուրում, եթե «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղա «Վանի» հետ, իսկ «Փյունիկը» պարտության մատնի «Ուրարտուին»: Իսկ «Արարատ-Արմենիայի» պարտվելու դեպքում «Փյունիկին» ոչ-ոքին էլ բավարար կլինի ժամկետից շուտ չեմպիոն հռչակվելու համար:

2. Հայաստանի գավաթի եզրափակչում «Նորավանքին» պարտվելուց հետո «Ուրարտուն» գործնականում զրկվեց եվրագավաթների ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Ճիշտ է, տեսականորեն «Ուրարտուն» դեռ կարող է հավակնել նույնիսկ մրցանակային 3-րդ տեղին, սակայն գործնականում լավագույն դեպքում կարող է եզրափակել հնգյակը:

Հարկ է հաշվի առնել նաև, որ առաջնության մնացած 5 հանդիպումներից 4-ն »Ուրարտուն» անցկացնելու է մրցաշարային աղյուսակում իրենից բարձր տեղեր զբաղեցնող թիմերի հետ, որոնց ընթացիկ առաջնությունում դեռ չի կարողացել հաղթել: Նախորդ տուրում էլ Ռոբերտ Արզումանյանի սաները մեծ դժվարությամբ, խաղավերջում Կարեն Մելքոնյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին հետնապահ ԲԿՄԱ-ին:

VBET ՀՊԼ 32-րդ տուր 33

3. «Փյունիկը» միակ թիմն է, որի հետ ընթացիկ առաջնության հանդիպումներում «Ուրարտուն» ոչ միայն միավոր չի վաստակել, այլև գոլ չի խփել: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է  անցյալ տարվա մայիսի 28-ին կայացած նախորդ առաջնության ավարտական տուրի խաղում Արթուր Միրանյանի խփած միակ գոլի շնորհիվ:

4. Նախորդ տուրում «Փյունիկի» ռմբարկու Ուգո Ֆիրմինոն առաջնության գարնանային հատվածում 10-րդ գոլը խփեց: Այդ ցուցանիշով նա առաջնության երկրորդ հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:  Վերջին  6 հանդիպումներից 5-ում նա գոլի հեղինակ է դարձել՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Այդ ընթացքում միայն «Նոային» է հաջողվել դարպասն անառիկ պահել Ֆիրմինոյի հարվածներից:

VBET ՀՊԼ 32-րդ տուր 44

Ֆիրմինոն 16 գնդակով եզրափակում է առաջնության լավագույն ռմբարկուների եռյակը՝ առջևում թողնելով Սերժ Դեբլեին (21 գոլ) և Մաիլսոն Լիմային (17 գոլ):

«Ուրարտուի» լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանն էլ իր բոլոր 9 գոլերը խփել է առաջնության գարնանային հատվածում:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ուրարտուի» ֆուտբոլիստ  Ուգոչուկվու Իվուն VBET ՀՊԼ-ում 100-րդ խաղի հոբելյանը կնշի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝  Գևորգ  Ղազարյան՝  9 գոլ:

«Ուրարտու»՝  Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան՝  6-ական գոլ:

 «ՆՈԱ»  - «ՆՈՐԱՎԱՆՔ»    

16 մայիսի, ժ.16:00, Արմավիր, Քաղաքային  մարզադաշտ

3 խաղ, «Նոան» հաղթել է 1 անգամ, «Նորավանքը»՝ 1,  գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  4-5

1-ին շրջան.  11.09.2021 «Նորավանք»  1-1 «Նոա»  

Գոլերը՝ 1-0՝ Դավիթ Մինասյան 15՛, 1-1՝ Մաքսիմ Մայրովիչ 90+3՛:

2-րդ շրջան.  01.12.2021  «Նոա»  2-1 «Նորավանք»

Գոլերը՝ 0-1՝ Սերգեյ Օռլով 9՛, 11մ, 1-1՝ Պավել Կիրիենկո 32՛, 2-1՝ Պետրոս Ավետիսյան 70՛, 11մ:

3-րդ շրջան.  19.03.2022  «Նորավանք»  3-1 «Նոա»  

Գոլերը՝ 0-1՝ Գեղամ Հարությունյան 4՛, 1-1-3-1՝ Իբրահիմ Շուեյբու 9՛, 27՛, 57՛:

«Նոա»՝  5-րդ տեղ (37 միավոր), «Նորավանք»՝  7-րդ տեղ (23 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Նոային» վերջապես հաջողվեց VBET ՀՊԼ-ում հաղթել «Արարատ-Արմենիային»: Այդ հաղթանակն իրոք կարելի է պատմական համարել «Նոայի» համար: Դրա համար «Նոայից» 15 խաղ պահանջվեց: Մինչ այդ 10 խաղում  հաղթել էր «Արարատ-Արմենիան», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունն էլ 29-9-ն էր՝ հօգուտ ՀՀ կրկնակի չեմպիոնի:

VBET ՀՊԼ 32-րդ տուր 123

Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» 3-րդ հաղթանակը տոնեց: Նրա օրոք անցկացրած 8 հանդիպումներում «Նոան» 13 միավոր է վաստակել: «Նոան» դեռ տեսական հնարավորություններ ունի զբաղեցնելու 4-րդ հորիզոնականը և պայքարելու Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար, եթե ՈՒԵՖԱ-ն եվրագավաթների մասնակցությոն արտոնագիր չտրամադրի «Նորավանքին»: Ճիշտ է, «Նոայի» հաջողությանը կարող են նպաստել միայն «Ալաշկերտի» անհաջող ելույթները վերջնագծում: Ամեն դեպքում, «Նոան» պետք է ձգտի ավարտական 3 խաղերում էլ հաղթանակներ տոնել:

2. Հայաստանի գավաթը նվաճելուց հետո «Նորավանքն» «Արարատի» հետ հանդիպմանը ներկայացել էր ոչ հիմնական կազմով: Դրան գումարվեց նաև առաջին խաղակեսում Սերգեյ Օռլովի հեռացումը խաղադաշտից: Այս ամենի արդյունքում թիմի կազմում նորամուտը նշած Վլադիսլավ Յարուկովը 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: «Նորավանքն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեց: Առաջնության մնացած 4 խաղերում «Նորավանքը» կձգտի պահպանել ներկայիս տեղը 7-րդ հորիզոնականում:

VBET ՀՊԼ 32-րդ տուր 789

3. «Նոայի» լավագույն ռմբարկուն Մաքսիմ Մայրովիչն է, որի հաշվին 6 գոլ է գրանցված: Այդ գոլերից 4-ը նա խփել է առաջնության գարնանային հատվածում: Եթե նրան հաջողվի գրավել «Նորավանքի» դարպասը, ապա կխփի VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝  20-րդ գոլը:

4. «Նորավանքի» կազմում ամենաարդյունավետը 6 գոլ խփած Սերգեյ Օռլովն է: Նրան ընդամենը մեկ գնդակով է զիջում Իբրահիմ Շուեյբուն, որը «Նոայի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Նորավանքի» ավագ Արթուր Ավագյանը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն

«Նորավանք»՝  Իբրահիմ Շուեյբու՝ 3  գոլ:

Հանդիպումը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Նորավանքի» հարձակվող Սերգեյ Օռլովը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա