Logo

Դմիտրի Գունկոն ընդդեմ իր նախկին թիմի, որին դեռ չի հաջողվել VBET ՀՊԼ-ում հաղթել «Արարատ-Արմենիային»

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:28 / 09.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրը:  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՎԱՆ» 

9 մայիսի,  ժ.16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ 

6 խաղ, «Փյունիկը» հաղթել  է 2 անգամ, «Վանը»՝ 1,  գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-3

1-ին շրջան.  24.08.2021  «Փյունիկ»  1-1 «Վան» 

Գոլերը՝ 0-1՝ Զավեն Բադոյան 10՛, 1-1՝ Էրիկ Վարդանյան 17՛:

2-րդ շրջան.  19.11.2021  «Վան»  0-2  «Փյունիկ» 

Գոլերը՝ 0-1՝ Ուգո Ֆիրմինո 6՛, 0-2՝ Խոսե Կառաբալյո 32՛:

6-րդ րոպեին Ֆիրմինոն չիրացրեց 11մ հարվածը (Արման Մելիքսեթյանը հետ մղեց գնդակը, որը Ֆիրմինոն ուղարկեց դարպասը):

3-րդ շրջան.  16.03.2022  «Վան»  1-1  «Փյունիկ» 

Գոլերը՝ 1-0՝ Ջոսուե Գաբա 68՛, 1-1՝ Ուգո Ֆիրմինո 90+3:՛

«Փյունիկ»՝  1-ին տեղ (67 միավոր),  «Վան»՝ 8-րդ տեղ (19 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 4-րդ անգամ հաղթեց  «Նոային»՝ տոնելով առաջնության գարնանային հատվածում 11-րդ հաղթանակը: «Փյունիկը» միակ թիմն է, որն առաջնության գարնանային հատվածում անպարտելի է: Փյունիկցիներն ընթացիկ առաջնությունում նոր ռեկորդ սահմանեցին՝ անպարտելի խաղերի շարքը հասցնելով 13-ի: Առայժմ միայն «Վանին» և «Արարատ-Արմենիային» է հաջողվել առաջնության գարնանային հատվածում մեկական միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում:

2. «Վանի» հետ խաղում «Փյունիկը» նաև VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 1700-րդ գոլը խփեց, որի հեղինակը Խոսե Կառաբալյոն էր: Այդ գոլը հաղթական էր «Փյունիկի» համար, որը ՀՀ առաջնությունների պատմության ամենաարդյունավետ թիմն է: Հետաքրքիր է, որ 2-րդ ցուցանիշն ունեցող «Շիրակը», որը «Փյունիկից» մեկ առաջնությունով ավելի է մասնակցել, ընդամենը 1388 գոլ է խփել: Ամենաարդյունավետ թիմերի եռյակը եզրափակում է «Արարատը»՝ 1260 գոլ:

3. «Վանին» հաջողվեց ԲԿՄԱ-ի հետ հանդիպման վերջին վայրկյաններին Ստյոպա Մկրտչյանի ինքնագոլի շնորհիվ խուսափել պարտությունից: Ճիշտ է, վաստակած միավորը ոչնչով չազդեց թիմի մրցաշարային վիճակի վրա: Ընթացիկ առաջնությունը «Վանի» համար վաղուց կարելի է ավարտված համարել, քանի որ առանձնապես խնդիր չկա լուծելու: Արդեն 6 խաղ Սևադա Արզումանյանի սաները չեն հաղթել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր:

4. «Փյունիկի» ներկայիս արդյունքը 6 միավորով գերազանցում է 2014/15թթ. առաջնությունում թիմի գրանցած վերջնական ցուցանիշը: Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանում «Փյունիկը» Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ առայժմ վերջին անգամ էր չեմպիոն հռչակվել՝ անցկացրած 28 հանդիպումներում վաստակելով 61 միավոր (+19=4-5, 58-26): Ճիշտ է, այն ժամանակ փյունիկցիների արդյունավետությունն ավելի բարձր էր՝ 11 գոլով գերազանցելով ներկայիս ցուցանիշը: Լավագույն ռմբարկու Սեսար Ռոմերոն էլ 21 գոլ էր խփել Ուգո Ֆիրմինոյի օգտին գրանցված 15 գնդակի համեմատ:

5. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 5-րդ անգամ են մրցելու: Եթե առաջնության 3 հանդիպումներում «Փյունիկը» 5 միավոր է վաստակել «Վանի» հետ դիմակայությունում, ապա ՀՀ գավաթի խաղարկությունում հաջողության է հասել «Վանը»: Անցյալ տարվա նոյեմբերի 23-ին կայացած գավաթի քառորդ եզրափակիչ խաղում «Վանը» հաղթել էր հետխաղյա 11մ հարվածաշարում (4-2): Խաղի հիմնական ժամանակում դարպասները մնացել էին անառիկ, ընդ որում առաջին խաղակեսին Գևորգ Ղազարյանը չէր իրացրել 11մ հարվածը: Լրացուցիչ ժամանակում աչքի էր ընկել «Վանի» լեգեոնական Ալեքսանդր Ստեպանովը, որը նախ ինքնագոլի հեղինակ էր դարձել, ապա գրավել էր «Փյունիկի» դարպասը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Խոսե Կառաբալյո, Ուգո Ֆիրմինո՝ 2-ական գոլ:

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՆՈԱ» 

9 մայիսի, ժ.19:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

14 խաղ, որոնցից  10-ում  հաղթել է «Արարատ-Արմենիան», 4-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  29-9

1-ին շրջան.  25.08.2021  «Արարատ-Արմենիա»  5-2  «Նոա»

Գոլերը՝ 0-1՝ Ալեքսանդր Կարապետյան 10՛, 1-1՝ Մաիլսոն Լիմա 17՛, 1-2՝ Ռայմոնդ Անանե-Ջյասի 41՛, 2-2՝ Մաիլսոն Լիմա 49՝, 11մ, 3-2՝ Յուսուֆ Օտուբանջո 59՛, 4-2՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 84՝, 5-2՝ Ժիրայր Շաղոյան 88՛:

2-րդ շրջան.  19.11.2021  «Նոա» 0-1 «Արարատ-Արմենիա»

Գոլը՝  0-1՝ Մաիլսոն Լիմա 68՛:

3-րդ շրջան.  14.03.2022  «Նոա»  0-3  «Արարատ-Արմենիա»

Գոլերը՝ 0-1՝ Ջոնաթան Դուարտե 42՛,  0-2՝ Մաիլսոն Լիմա 58՛, 0-3՝ Զաքարիա Սանոգո 75՛:

«Արարատ-Արմենիա»՝  2- րդ տեղ (65 միավոր), «Նոա»՝  5-րդ տեղ (34 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում 2-0 հաշվով հաղթելով «Նորավանքին», «Արարատ-Արմենիան» խաղացանկի քմահաճույքով ընդամենը 2 օր գլխավորեց մրցաշարային աղյուսակը, որից հետո «Փյունիկը» կրկին հաստատեց ստատուս քվոն՝ վերականգնելով 2 միավորի առավելությունը: Այնպես է ստացվել, որ առաջնության վերջնագծում «Արարատ-Արմենիան» հաջորդաբար մրցելու է այն թիմերի հետ, որոնք նախորդ տուրում ուժերն էին չափել «Փյունիկի» հետ:

2. Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» առաջնությունում առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ՝ ընդհատելով անպարտելի 6 խաղերի շարքը, որում 10 միավոր էր վաստակել: Ընթացիկ առաջնությունում «Նոային» այդպես էլ չհաջողվեց  «Փյունիկից» գեթ մեկ միավոր կորզել՝ պարտվելով բոլոր 4 խաղերում էլ: 

3. Որքան էլ որ զարմանալի է, սակայն «Արարատ-Արմենիան»  Բարձրագույն խմբի միակ թիմն է, որին «Նոան» առաջնության հանդիպումներում դեռ չի հաղթել: Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1, հաջորդ 5 խաղերում հաղթել էր «Արարատ-Արմենիան»:  Եվ միայն 2019/20թթ. առաջնության 3-րդ շրջանում էր «Նոային» վերջապես հաջողվել ընդհատել 5 անընդմեջ պարտությունների շարքն ու խաղն ավարտել ոչ-ոքի (1-1): 

Ընթացիկ առաջնության բոլոր 3 խաղերում էլ «Նոան» պարտվել է ՀՀ կրկնակի չեմպիոնին՝ սեփական դարպասը բաց թողնելով 9 գոլ: Այդ գոլերից 4-ի հեղինակը Մաիլսոն Լիման է:

Իսկ ահա պաշտոնական մրցումներում «Նոային» երկու անգամ հաջողվել է առավելության հասնել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ու տիտղոսներ նվաճել:  2020թ. ՀՀ գավաթի խաղարկությունում «Նոան» գերարդյունավետ եզրափակչում (5-5) հետխաղյա 11մ հարվածներով 7-6 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճել է պատվավոր մրցանակը: 

Մրցակիցների միջև կայացած Սուպերգավաթի մրցավեճում էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», որը լրացուցիչ ժամանակում հաղթել է 2-1 հաշվով:

4. Հանդիպմանը մեծ ինտրիգ է հաղորդում նաև այն, որ Դմիտրի Գունկոն իր նոր սաների հետ մրցավեճի է բռնվելու նախկին թիմի հետ: Ի դեպ, Գունկոն հենց «Արարատ-Արմենիայի»  հետ 2020թ. նոյեմբերի 8-ին կայացած առաջնության խաղում էր նորամուտը նշել «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել: Նրա օրոք «Արարատ-Արմենիայի»  հետ կայացած հաջորդ երկու խաղերից մեկում «Նոան» պարտվել էր 1-3 հաշվով, մյուսում դարպասներն անառիկ էին մնացել:

Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում «Նոայի»  հետ կայացած առաջնության 3 խաղերում էլ Գունկոն իր նոր սաների հետ հաղթել է:

5. Վերջին 3 խաղերում Մաքսիմ Մայրովիչը խաղադաշտից առանց գոլի չի հեռանում՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Նա 6 գնդակով գլխավորեց «Նոայի» լավագույն ռմբարկուների ցանկը՝ շրջանցելով թիմից հեռացած Պավել Կիրիենկոյին: Մայրովիչը 19 գնդակով VBET ՀՊԼ-ում «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն է:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝  Մաիլսոն Լիմա ՝  5 գոլ:

«Նոա»՝  Մաքսիմ Մայրովիչ՝  2 գոլ:

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ 

11 մայիսի,  ժ.19:30, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

3 խաղ, որոնցում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-2

1-ին շրջան.  23.08.2021  ԲԿՄԱ  1-2  «Ուրարտու»

Գոլերը՝ 1-0՝ Գրենիկ Պետրոսյան 44՛, 1-1՝ Նարեկ Գրիգորյան 74՛, 1-2՝ Կարեն Մելքոնյան 80՛:

2-րդ շրջան.  17.11.2021  «Ուրարտու»  5-0  ԲԿՄԱ

Գոլերը՝ 1-0՝ Ուգոչուկվու Իվու 1՛, 2-0-4-0՝ Ջոնել Դեսիրե 52՛, 58՛, 74՛, 5-0՝ Գոռ Լուլուկյան 90՛:

3-րդ շրջան.  16.03.2022  ԲԿՄԱ  1-4  «Ուրարտու»

Գոլերը՝ 0-1՝ Դմիտրո Խլյոբաս 21՛, 1-1՝     էդգար Մովսեսյան 45՛, 1-2՝ Արթուր Միրանյան 49՛, 11մ, 1-3՝  Դմիտրո Խլյոբաս 51՛, 1-4՝ Սերգեյ Մկրտչյան 85՛:

«Ուրարտու»՝  6-րդ տեղ (31 միավոր), ԲԿՄԱ՝  9-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը ներկայանում է գավաթի եզրափակչում ունեցած դժվարին մրցախաղից հետո, որում պատվավոր մրցանակը զիջեց «Նորավանքին»: Դժվար չէ պատկերացնել, թե հոգեբանական ինչպիսի իրավիճակում են «Ուրարտուի» ֆուտբոլիստները, որոնց գլխավոր նպատակն այս մրցաշրջանում գավաթի խաղարկությունում հաջողության հասնելն էր, ինչը նրանց եվրագավաթների մասնակցության իրավունք կտար:

Այժմ «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար պետք է անչափ դժվարին պայքար մղի առաջնությունում, որի վերջին 3 հանդիպումներում անհաջող հանդես եկավ՝ «Նորավանքի» (2-3), «Արարատի» (1-2) և «Ալաշկերտի» (1-1) հետ խաղերում վաստակելով ընդամենը մեկ միավոր:

2. «Վանի» հետ նախորդ տուրի մրցավեճում ԲԿՄԱ-ն շատ մոտ էր երկար սպասված հաղթանակին, սակայն հանդիպման վերջին վայրկյաններին Ստյոպա Մկրտչյանի ինքնագոլի պատճառով ձեռքից բաց թողեց 3 միավոր վաստակելու հիանալի հնարավորությունը: 2-րդ անընդմեջ խաղը ԲԿՄԱ-ն ավարտեց միևնույն 1-1 հաշվով: Ընդ որում «Նոայի» հետ մրցավեճում էլ արդեն ԲԿՄԱ-ն էր փրկվել պարտությունից 88-րդ րոպեին Էդգար Մովսեսյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

Արդեն 6 խաղ բանակայինները հաղթանակ չեն տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակը ԲԿՄԱ-ի օգտին գրանցվել է ապրիլի 6-ին «Արարատի» հետ կայացած խաղում՝ 3-2:

3. «Ալաշկերտի» հետ կայացած նախորդ տուրի խաղում ընդհատվեց Արթուր Միրանյանի արդյունավետ 5 խաղերի շարքը, որում 7 գոլի հեղինակ էր դարձել: Միրանյանն այդ խաղում խաղադաշտ էր դուրս եկել 78-րդ րոպեին: Նա 9 գոլով «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն է:

4. ԲԿՄԱ-ի կազմում բոլորից արդյունավետը Գրենիկ Պետրոսյանն է, որի հաշվին 4 գոլ է գրանցված: 3-ական անգամ մրցակիցների դարպասները գրավել են Միքայել Միրզոյանը, Էդգար Մովսեսյանն ու Դանիել Աղբալյանը:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ուրարտուի» երկու ֆուտբոլիստներ հոբելյաններ կնշեն: Հակոբ Հակոբյանի համար դա կլինի  VBET ՀՊԼ-ում 150-րդ խաղը, իսկ Ուգոչուկվու Իվուն 100-րդ խաղի հոբելյանը կնշի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Ուրարտու»՝ Ջոնել Դեսիրե՝  3 գոլ:

«ԱՐԱՐԱՏ» - «ՆՈՐԱՎԱՆՔ» 

11 մայիսի, ժ.19:30,  Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

3 խաղ, որոնցից 2-ում հաղթել է «Արարատը», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-3

1-ին շրջան.  24.08.2021  «Արարատ»  3-2  «Նորավանք»

Գոլերը՝ 1-0՝ Ալիկ Առաքելյան 3՛, 2-0՝ Սերժ Դեբլե 32՛, 2-1՝ Էբերտ Կարդոսո դա Սիլվա 52՛, 3-1՝ Սերժ Դեբլե 84՛, 3-2՝ Արման Մկրտչյան 90՛:

2-րդ շրջան.  18.11.2021  «Նորավանք»  1-1  «Արարատ»  

Գոլերը՝ 0-1՝ Սերժ Դեբլե 11՛, 1-1՝ Թեմուր Մուստաֆին 67՛:

3-րդ շրջան.  15.03.2022  «Նորավանք»  0-1  «Արարատ»  

Գոլը՝ 0-1՝ Ռուդիկ Մկրտչյան 33՛:

«Արարատ»՝  3-րդ տեղ (43 միավոր), «Նորավանք»՝  7-րդ տեղ (23 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատն» այս խաղին նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է ունեցել, քանի որ նախորդ տուրում ազատ էր: Վերջին հանդիպումն արարատցիներն անցկացրել են ապրիլի 28-ին՝ 2-1 հաշվով հաղթելով «Ուրարտուին»: Դրանով արարատցիներն ընդհատել էին առանց հաղթանակների 6 խաղերի շարքը: Ի դեպ, նախորդ հաղթանակն «Արարատը» տոնել էր հենց «Նորավանքի» նկատմամբ՝ Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնելով մրցակցին: 

2. «Նորավանքի» ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ կներկայանան հանդիպմանը, քանի որ «Արարատի» հետ մրցավեճից 3 օր առաջ դարձան Հայաստանի գավաթակիրներ՝ վճռորոշ խաղում հաղթելով «Ուրարտուին»:

Իսկ առաջնության նախորդ երկու խաղերում «Նորավանքը» պարտվեց չեմպիոնի տիտղոսի երկու հավակնորդներին՝ «Փյունիկին» (2-3) և «Արարատ-Արմենիային» (0-2):

3. «Արարատը» լավ հնարավորություն է ստացել մեծացնելու միավորների տարբերությունն իրեն հետապնդող «Ալաշկերտից», որն այս տուրում ազատ է: Ի դեպ, նախորդ տուրում էլ «Ալաշկերտն» էր հնարավորություն ստացել շրջանցելու «Արարատին», սակայն չկարողացավ հաղթել «Ուրարտուին»՝ բավարարվելով ոչ-ոքիով:

Հաշվի առնելով ընթացիկ առաջնությունում «Նորավանքի» հետ գրանցած արդյունքները, արարատցիները կարող են ամրապնդել դիրքերը 3-րդ հորիզոնականում: «Արարատի» հետ անցկացրած 3 հանդիպումներում «Նորավանքն» ընդամենը մեկ միավոր է վաստակել:

4. Առաջնության գարնանային հատվածում «Արարատի» կազմում ամենաարդյունավետն Էդգար Մալաքյանն է, որը 3 գոլ է խփել: Ընթացիկ առաջնությունում նրա հաշվին 6 գոլ է գրանցված: Թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստների մեջ դա լավագույն արդյունքն է: Իսկ «Արարատի» ռմբարկուն Սերժ Դեբլեն է, որն առաջնության աշնանային հատվածում թիմի կազմում 14 գոլ է խփել, որից մեկը՝ «Սևանի» հետ չեղարկված խաղում:

«Նորավանքի» լավագույն ռմբարկուն 6 գոլ խփած Սերգեյ Օռլովն է:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Նորավանքի» ավագ Արթուր Ավագյանը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի: 

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Արարատ»՝  Սերժ  Դեբլե՝  3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա