Logo

«Նոայի» պատմական հաղթանակը, Դավիթ Յուրչենկոյի տարիքային ռեկորդը. VBET ՀՊԼ-ի 32-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:04 / 12.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ-ի 32-րդ տուր-2022

Առաջնության 32-րդ տուրը կտրուկ փոխեց իրադրությունը չեմպիոնական մրցավազքում: «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Նոայի» տոնած պատմական հաղթանակը «Փյունիկին» գործնականում չեմպիոնի տիտղոսին արժանացրեց: Դմիտրի Գունկոյի սաներին գրեթե անհնար կլինի առաջնության ավարտական 3 խաղերում վերացնելու 5 միավորի տարբերությունն առաջատարից՝ հաշվի առնելով «Փյունիկի» գերազանց ելույթները գարնանային հատվածում: Ընդհակառակը, «Փյունիկը» կարող է ժամկետից շուտ չեմպիոն հռչակվել:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Միակ հաղթանակը հյուրընկալվելիս գրանցվեց «Նոայի» օգտին: Առաջնությունում կայացած 140 հանդիպումներից 58-ում հաղթել են դաշտի տերերը, 47-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 35-ում գրանցվել է ոչ-ոքի: 

4 հանդիպումներում խփվեց 8 գոլ (միջինը՝ 2 գոլ մեկ խաղում): Առաջնության գարնանային հատվածում կայացած 61 խաղում 134 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,19 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 140 հանդիպումներում խփվել է 333 գոլ (միջինը՝ 2,37 գոլ մեկ խաղում): 

VBET ՀՊԼ-ի 32-րդ տուր 1

2. «Նոային» վերջապես հաջողվեց VBET ՀՊԼ-ում հաղթել «Արարատ-Արմենիային»: Այդ հաղթանակն իրոք կարելի է պատմական համարել «Նոայի» համար: Դրա համար «Նոայից» 15 խաղ պահանջվեց: Մինչ այդ 10 խաղում  հաղթել էր «Արարատ-Արմենիան», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունն էլ 29-9-ն էր՝ հօգուտ ՀՀ կրկնակի չեմպիոնի:

Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» 3-րդ հաղթանակը տոնեց: Նրա օրոք անցկացրած 8 հանդիպումներում «Նոան» 13 միավոր է վաստակել:

VBET ՀՊԼ-ի 32-րդ տուր 2

3. «Նոայից» կրած պարտությունը կարող է ճակատագրական լինել «Արարատ-Արմենիայի» համար չեմպիոնական մրցավազքում: Առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիան» 3-րդ պարտությունը կրեց: Գարնանային հատվածի 14 հանդիպումներում Դմիտրի Գունկոյի սաները 25 միավոր են վաստակել:

4. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում իր անպարտելիության ռեկորդային շարքը հասցրեց 14-ի՝ տոնելով այդ ընթացքում 12-րդ հաղթանակը: Հետաքրքիր է, որ այդ շարքը սկսվել էր 5 անընդմեջ հաղթանակով, որն ընդհատվել էր «Վանի» հետ ոչ-ոքիով, այնուհետև փյունիկցիները կրկին 5 անընդմեջ հաղթանակ էին տոնել, որն այս անգամ ընդհատվել էր «Արարատ-Արմենիայի» հետ գրանցված ոչ-ոքիով: Այժմ էլ «Փյունիկը» 2 խաղ շահել է: Վերջին պարտությունը փյունիկցիները կրել են աշնանային հատվածի ավարտական խաղում՝ դեկտեմբերի 11-ին 2-6 հաշվով զիջելով «Արարատին»:

VBET ՀՊԼ-ի 32-րդ տուր 3

5. «Արարատն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց, որն առաջինն էր գարնանային հատվածում: Արարատցիները 3-րդ անգամ մեկ խաղում 4 և ավելի գոլ խփեցին: Մինչ այդ «Արարատը» արդյունավետ խաղ էր ցուցադրել «Նոայի» (7-1) և «Փյունիկի» (6-2) հետ մրցավեճերում:

6. Ուգո Ֆիրմինոն առաջնության գարնանային հատվածում 10-րդ գոլը խփեց: Այդ ցուցանիշով նա առաջնության երկրորդ հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:  Վերջին  6 հանդիպումներից 5-ում նա գոլի հեղինակ է դարձել՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Այդ ընթացքում միայն «Նոային» է հաջողվել դարպասն անառիկ պահել Ֆիրմինոյի հարվածներից:

Ընթացիկ առաջնությունում Ֆիրմինոն 16-րդ գոլը խփեց և եզրափակում է առաջնության լավագույն ռմբարկուների եռյակը՝ առջևում թողնելով Սերժ Դեբլեին (21 գոլ) և Մաիլսոն Լիմային (17 գոլ):

VBET ՀՊԼ-ի 32-րդ տուր 4

7. Էդգար Մալաքյանը վերջին երկու խաղերում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ խփելով 3 գնդակ: Ընթացիկ առաջնությունում Մալաքյանի օգտին 8 գոլ է գրանցված: Այդ ցուցանիշով նա «Արարատի» ներկայիս կազմից ամենաարդյունավետն է: VBET ՀՊԼ-ում Մալաքյանը 28 գոլ է խփել, որից 9-ը՝ «Արարատում»:

8. «Փյունիկի» 36-ամյա դարպասապահ Դավիթ  Յուրչենկոն 7-րդ անգամ անառիկ պահեց թիմի դարպասը՝ գերազանցելով Սլավիկ Սուքիասյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Փյունիկում» 6 խաղում էր դարպասն անառիկ պահել: Յուրչենկոն լավ հնարավորություն ունի մինչև տարեվերջ գերազանցելու այլազգի դարպասապահներից այդ տարիքում լավագույն ցուցանիշն ունեցող Սոսո Գրիշիկաշվիլու (8 «չոր» խաղ), ինչպես նաև ՀՀ առաջնություններում 36 տարեկանում հանդես եկած դարպասապահների մեջ ռեկորդակիր Էդիկ Երիցյանի (11) տարիքային ռեկորդները:

VBET ՀՊԼ-ի 32-րդ տուր 5

9. Հակոբ Հակոբյանը  VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Բոլոր հանդիպումներն էլ նա անցկացրել է հարազատ «Ուրարտուի» մարզաշապիկով: Այդ ցուցանիշով նա թիմի պատմության ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում եզրափակում է լավագույն հնգյակը: Ռեկորդակիրն Արամ Բարեղամյանն է, որը  VBET ՀՊԼ-ում 180 խաղ է անցկացրել «Ուրարտուի» կազմում: Հաջորդ տեղերում են Սամվել Մելքոնյանը (172 խաղ), Արարատ Առաքելյանը (171) և Գագիկ Դաղբաշյանը (163): Հարազատ ակումբում ելույթները շարունակելու դեպքում Հակոբյանը հաջորդ մրցաշրջանում  կարող է գերազանցել Բարեղամյանի ռեկորդային ցուցանիշը:

VBET ՀՊԼ-ի 32-րդ տուր 6

10. Արսեն Բեգլարյանը պաշտոնական մրցումներում 90-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Ընթացիկ առաջնությունում նա 8-րդ «չոր» խաղն անցկացրեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա