Logo

Առաջնության ամենավճռորոշ մրցավեճը չեմպիոնական մրցավազքում. Մելիքյանի և Գունկոյի մարզչական 7-րդ դիմակայությունը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:28 / 28.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր

Մեկնարկում է VBET ՀՊԼ-ի 30-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՎԱՆ»  - «ԱԼԱՇԿԵՐՏ»  

28 ապրիլի, ժ.15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

6 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Ալաշկերտը» ՝ 4, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-10

1-ին շրջան. 15.08.2021 «Ալաշկերտ» 0-2 «Վան»

Գոլերը՝ 0-1՝ Վլադիմիր Ֆիլիպով 51՛, 0-2՝ Զավեն Բադոյան 59՛:

2-րդ շրջան.  31.10.2021  «Վան»  0-4  «Ալաշկերտ»

Գոլերը՝ 0-1՝ Դավիթ Խուրցիձե 23՛, 0-2՝ Միհայլո Յովանովիչ 43՛, 0-3՝ Մարկո Միլինկովիչ 81՛, 0-4՝ Նիկիտա Տանկով 88՛:

3-րդ շրջան.  05.03.2022  «Ալաշկերտ» 2-0 «Վան»

Գոլերը՝ 1-0՝ Արտակ Եդիգարյան 33՛, 11մ,  2-0՝ Վահագն Այվազյան 64՛:

«Վան» ՝  8-րդ տեղ (18 միավոր), «Ալաշկերտ»՝  4-րդ տեղ (38 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Վանին» վերջապես հաջողվեց ընթացիկ առաջնությունում ոչ միայն գտնել «Արարատի» դարպասի բանալին, այլև մրցակցի հետ հանդիպումներում առաջին միավորը վաստակել: Ճիշտ է, «Վանին» VBET ՀՊԼ-ում դեռ չի հաջողվել հաղթել «Արարատին»: Մրցակիցների միջև կայացած 7 հանդիպումներից 4-ում հաղթել են արարատցիները, 3-ում գրանցվել է ոչ-ոքի: 

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 1

2. Ապրիլին «Նոայի» հետ անցկացրած առաջնության 2-րդ հանդիպումն էլ անհաջող դասավորվեց «Ալաշկերտի» համար, որը կրկին խաղադաշտից պարտված հեռացավ: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած 2-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» հաղթել էր ավելացված ժամանակում Չարլզ Մարկ Իկեչուկվուի խփած միակ գոլի շնորհիվ:
Առաջնության վերջին 3 խաղերում «Ալաշկերտն» ընդամենը մեկ միավոր է վաստակել: Առաջնության գարնանային հատվածում «Ալաշկերտն» արդեն 5 պարտություն է կրել:

3. «Ալաշկերտի» համար «Նոայի» հետ հանդիպումը հոբելյանական՝ 250-րդն էր VBET ՀՊԼ-ում: Ալաշկերտցիները 76-րդ պարտությունը կրեցին: Մնացած հանդիպումներից 114-ում «Ալաշկերտը»  հաղթել է, 60-ում գրանցվել է ոչ-ոքի: Ալաշկերտցիները խփել են 353 գոլ, բաց են թողել 284 գնդակ:

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 2

4. «Վանն» առաջնության վերջին 4 հանդիպումներում հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակը Սևադա Արզումանյանի սաները տոնել են մարտի 20-ին՝  2-1 հաշվով առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում 350-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա: 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Վան»՝  Ուիլֆրեդ Կուասի Էզա՝   2 գոլ:

«Ալաշկերտ»՝  Դավիդ Դավիդյան՝  2 գոլ:

«ՈՒՐԱՐՏՈՒ»  - «ԱՐԱՐԱՏ» 

28 ապրիլի, ժ.19:30, Երևան, «Ուրարտու-1»  մարզադաշտ

76 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 37 անգամ, «Արարատը»՝ 17, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 112-74

1-ին շրջան. 15.08.2021 «Արարատ»  2-0  «Ուրարտու»

Գոլերը՝ 1-0՝ Դոնիմանի Յակուբա Սիլուե 72՛, 2-0՝ Իգոր Ստանոևիչ 88՛:

2-րդ շրջան.  30.10.2021  «Ուրարտու»  1-1  «Արարատ»  

Գոլերը՝ 0-1՝ Էդգար Մալաքյան 46՛, 1-1՝ Սերգեյ Մկրտչյան 90+3՛:

3-րդ շրջան.  05.03.2022  «Արարատ»  0-0  «Ուրարտու»

«Ուրարտու»՝ 6-րդ տեղ (30 միավոր), «Արարատ»՝ 3-րդ տեղ (40 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» այս հանդիպմանը նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է ունեցել, քանի որ նախորդ տուրում ազատ էր: Վերջին խաղը թիմն անցկացրել է ապրիլի 20-ին՝ հյուրընկալվելիս 2-3 հաշվով զիջելով «Նորավանքին», որի հետ վիճարկելու է Հայաստանի գավաթը: Այդ անհաջողությամբ ընդհատվեց «Ուրարտուի» անպարտելի 3 խաղերի շարքը: Առաջնության գարնանային հատվածի 10 հանդիպումներում Ռոբերտ Արզումանյանի սաները 14 միավոր են վաստակել:

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 3

2. Նախորդ տուրում «Արարատին» լավ հնարավորություն էր ընձեռվել զգալիորեն մեծացնելու միավորների տարբերությունն «Ալաշկերտից», որը պարտվել էր «Նոային»: Մանավանդ որ մրցակիցը «Վանն» էր, որի հետ կայացած նախորդ 3 խաղերում էլ արարատցիները նվազագույն հաշվով հաղթանակներ էին տոնել: Այս անգամ էլ «Արարատը» գրավեց «Վանի» դարպասը, սակայն հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց: Իսկ թանկարժեք 2 միավորի կորուստն «Արարատի» համար կարող է ճակատագրական լինել 3-րդ տեղի համար պայքարում:

Արդեն 6 խաղ է, ինչ «Արարատը» չի հաղթել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակն արարատցիները տոնել են մարտի 15-ին՝ Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասնելով «Նորավանքի» նկատմամբ:

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 4

3. Հետաքրքիր է, որ Ռոբերտ Արզումանյանը հենց մրցակիցների միջև նախորդ տարվա ապրիլի 7-ին կայացած խաղից է սկսել ղեկավարել «Ուրարտուի»  ֆուտբոլիստների գործողությունները: Նա նորամուտը հաղթանակով նշեց: Հանդիպման ելքը վճռել էր Ջոնել Դեսիրեի խփած միակ գոլը: Նախորդ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած երկրորդ խաղում էլ «Ուրարտուն» հաղթեց՝ այս անգամ արդեն 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: 

Իսկ ահա ընթացիկ առաջնությունում «Ուրարտուին» դեռ չի հաջողվել հաղթել «Արարատին»: Ի դեպ, առաջնությունում տոնած 7 հաղթանակները «Ուրարտուն» գրանցել է ընդամենը 3 թիմի՝ «Նորավանքի», ԲԿՄԱ-ի և «Վանի» նկատմամբ:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Արարատի» 2  ֆուտբոլիստներ հաճելի հոբելյաններ կնշեն: Դավիթ Մանոյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում 300-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա և կընդգրկվի «300-ի ակումբում»: Իսկ Ռազմիկ Հակոբյանը VBET ՀՊԼ-ում 100-րդ խաղը կանցկացնի:

5. Եթե Արսեն Բեգլարյանին հաջողվի դարպասն անառիկ պահել, ապա պաշտոնական մրցումներում 90-րդ »չոր» խաղը կանցկացնի:

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 5

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Ուրարտու»՝  Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան՝  5-ական գոլ:

«Արարատ»՝  Վահե  Յաղմուրյան՝  5 գոլ:

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»  - «ՓՅՈՒՆԻԿ» 

29 ապրիլի, ժ.20:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

12 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 6 անգամ, «Փյունիկը»՝ 4, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 18-12

1-ին շրջան. 15.08.2021 «Փյունիկ»  0-3  «Արարատ-Արմենիա»

Գոլերը՝ 0-1, 0-2՝ Յուսուֆ Օտուբանջո 22՛, 45՛, 0-3՝ Ալվին Թերա 71:

2-րդ շրջան.  01.11.2021  «Արարատ-Արմենիա»  1-2 «Փյունիկ»  

Գոլերը՝ 0-1՝ Խոսե Կառաբալլո 19՛, 0-2՝ Հովհաննես Հարությունյան 57՛, 1-2՝ Մաիլսոն Լիմա 90+7՛:

3-րդ շրջան.  06.03.2022  «Փյունիկ»  1-0  «Արարատ-Արմենիա»

Գոլը՝ 1-0՝  Ուգո Ֆիրմինո  51՛:

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (61 միավոր), «Փյունիկ»՝ 1-ին տեղ (63 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Չեմպիոնի տիտղոսի հավակնորդների միջև կայանալիք տուրի կենտրոնական հանդիպումն ընթացիկ առաջնության ամենավճռորոշ մրցավեճն է: Կարելի է ասել, որ հաղթանակն այս խաղում ոչ թե 3, այլ 6 միավորի արժեք ունի:

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 6

Պարտությունն «Արարատ-Արմենիայի» համար կարող է ճակատագրական լինել՝ զրկելով ոսկե մեդալներից, քանի որ «Փյունիկը» 5 միավորի առավելություն կստանա, ինչն ավարտական 6 խաղերում վերացնելը գրեթե անհնար կլինի՝ հաշվի առնելով փյունիկցիների գերազանց ելույթներն առաջնության գարնանային հատվածում: 

Հաղթանակը Դմիտրի Գունկոյի սաների համար անչափ կարևոր է երկու առումով: Նախ, դա հնարավորություն կտա մեկ միավորով գերազանցելու «Փյունիկին» և կրկին գլխավորելու մրցաշարային աղյուսակը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ եթե երկու թիմերն էլ առաջնությունն ավարտեն հավասար միավորներով, այդ դեպքում չեմպիոնի տիտղոսին կարժանանա «Արարատ-Արմենիան»: Ինչպես հայտնի է, նոր մրցակարգով նման դեպքում «ոսկե» խաղ չի անցկացվելու, այլ հաշվի են առնվելու հավակնորդ թիմերի միջև կայացած հանդիպումների արդյունքները: Քանի որ երկու թիմերն էլ 2-ական հաղթանակ տոնած կլինեն, «Արարատ-Արմենիան» առավելություն կստանա «Փյունիկի» դարպասն ավելի շատ գոլ խփելու շնորհիվ: Ահա թե ինչու է անչափ կարևոր հաղթանակն «Արարատ-Արմենիայի» համար:

2. Առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիային» միավորները դժվարությամբ են տրվում: ԲԿՄԱ-ին էլ նախորդ տուրում ՀՀ կրկնակի չեմպիոնը դժվարությամբ հաղթեց: Դմիտրի Գունկոյի սաները գարնանային հատվածում 12 միավորի կորուստ են ունեցել՝ 11 հանդիպումներում վաստակելով 21 միավոր:

Իսկ «Փյունիկը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Ընդ որում առաջին խաղակեսից հետո առաջատարը նվազագույն հաշվով զիջում էր «Նորավանքին», սակայն ի վերջո կամային հաղթանակ տոնեց: Փյունիկցիները գերազանց են հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 11 հանդիպումներում վաստակելով 31 միավոր: Միայն «Վանին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում:

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 7

3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում «Արարատ-Արմենիայի» առավելությունն ակնհայտ էր, որը հաղթել էր առաջին երկու հանդիպումներում (1-0, 2-1): Եվ միայն 3-րդ շրջանի խաղում էր «Փյունիկին» հաջողվել առաջին միավորը վաստակել գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ: Մինչ այդ «Արարատ-Արմենիան» առաջնության մասնակից միակ թիմն էր, որի հետ հանդիպումներում «Փյունիկը»  դեռ միավոր չէր վաստակել: 

Ընթացիկ առաջնությունում առավելությունն առայժմ «Փյունիկի» կողմն է, որը 2 հաղթանակ է տոնել, կրել է մեկ պարտություն: Ընդ որում անցյալ տարվա նոյեմբերի 1-ին մրցակիցների 2-րդ շրջանի խաղում «Փյունիկի» տոնած հաղթանակն առաջինն էր թիմերի միջև կայացած առաջնության վերջին 7 հանդիպումներում: Մինչ այդ խաղերից 5-ն ավարտվել էր «Արարատ-Արմենիայի» հաղթանակով, մեկում գրանցվել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Փյունիկը» տարել էր 2019թ. մայիսի 1-ին կայացած խաղում: Այդ օրը փյունիկցիներն Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ 4-1 հաշվով պարտության էին մատնել Վարդան Մինասյանի սաներին:

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 8

4. Հանրապետության ամենատիտղոսակիր թիմին՝ 14 անգամ (1992, 1995/96, 1996/97, 2001-2010, 2014/15թթ.) չեմպիոն հռչակված «Փյունիկին» վերջին 6 տարիներին ոչ մի կերպ չի հաջողվել կրկին վայելել ոսկե մեդալների նվաճման բերկրանքը: Դա թիմի պատմության մեջ առանց չեմպիոնության ամենաերկարատև ժամանակաշրջանն է: 

Վեջին անգամ «Փյունիկն» ուժեղագույնն է ճանաչվել 2014/15թթ. առաջնությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ անցկացրած 28 հանդիպումներում վաստակելով 61 միավոր: Փյունիկցիները 11 միավորով գերազանցել էին 2-րդ տեղը զբաղեցրած «Ուլիսին», որն առաջնության մեկնարկից մինչև 16-րդ տուրը ներառյալ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ նախորդ առաջնությունում «Փյունիկը» զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը:

Հարկ է նշել, որ «Փյունիկի» ներկայիս արդյունքը 2 միավորով արդեն գերազանցում է 2014/15թթ. առաջնությունում թիմի գրանցած վերջնական ցուցանիշին: Եվս մեկ հետաքրքիր փաստ: 2014/15թթ. առաջնությունում չեմպիոն հռչակված ֆուտբոլիստներից ոչ մեկը ներկայումս «Փյունիկում» չէ: Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանն ու Զավեն Բադոյանը հանդես են գալիս արտերկրում, Տարոն Ոսկանյանն «Ալաշկերտում» է, Արթուր Քարտաշյանը՝ «Նոայում», Վասպուրակ Մինասյանը՝ «Վանում», Ռոբերտ և Ռազմիկ Հակոբյաններն ու Դավիթ Մանոյանը հանդես են գալիս «Արարատում», Անատոլի Այվազովը «Ուրարտուի» դարպասապահն է:

«Փյունիկի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրը թիմի ավագ Գևորգ Ղազարյանն է, որը Հայաստանի հնգակի չեմպիոն է (2005, 2006, 2008-2010թթ.): Նրա մեդալների հավաքածուում կարող էր չեմպիոնի 6 ոսկե մեդալ լինել, եթե երիտասարդական հավաքականի շահերից ելնելով 2007թ. առաջնության 2-րդ հատվածում նա չտեղափոխվեր «Բանանց», որի կազմում արծաթե մեդալի էր արժանացել:

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 9

5. Հետաքրքիր է, որ Եղիշե Մելիքյանը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել էր հենց «Արարատ-Արմենիայի» հետ անցյալ տարվա փետրվարի 21-ին կայացած առաջնության խաղում, որում 2-1 հաշվով հաղթել էին Դավիդ Կամպանյայի սաները: 

Առաջիկա խաղում ականատես կլինենք Եղիշե Մելիքյանի և Դմիտրի Գունկոյի մարզչական 7-րդ դիմակայությանը: Առայժմ հավասարակշռություն է: Նրանց գլխավորած թիմերի առաջին հանդիպումը կայացել է 2021թ. մարտի 16-ին, որում փյունիկցիները նվազագույն հաշվով հաղթել են Գունկոյի գլխավորած «Նոային»: Հաջորդ երկու խաղերում արդեն «Նոան» է նույնպիսի արդյունքով հաղթել «Փյունիկին»: Իսկ «Արարատ-Արմենիայի» ղեկին Գունկոն մեկ անգամ է հաղթել Մելիքյանի սաներին՝  կրելով 2 պարտություն:

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 10

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝  Անտոն Կոբյալկո,  Յուսուֆ Օտուբանջո, Մաիլսոն Լիմա՝  3-ական գոլ:

«ՆՈԱ» - ԲԿՄԱ 

30 ապրիլի, ժ.15:00, Արմավիր, Քաղաքային մարզադաշտ

3 խաղ, որոնցից 2-ում հաղթել է «Նոան», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-2

1-ին շրջան. 13.08.2021  ԲԿՄԱ  1-2  «Նոա»

Գոլերը՝  0-1, 0-2՝ Գեղամ Հարությունյան՝ 16՛, 29՛, 1-2՝ Գրենիկ Պետրոսյան 78՛:

2-րդ շրջան.  31.10.2021 «Նոա»  5-0  ԲԿՄԱ

Գոլերը՝ 1-0՝ Ալեքսանդր Կարապետյան 4՛, 2-0՝ Վադիմ Պայռելի 22՛, 3-0՝ Պետրոս Ավետիսյան 26՛, 11մ, 4-0՝ Մաքսիմ Մայրովիչ 73՛, 5-0՝ Պավել Կիրիենկո 86՛, 11մ:

3-րդ շրջան.  06.03.2022  ԲԿՄԱ  1-1  «Նոա»

Գոլերը՝ 0-1՝ Ալեշանդրե դե Օլիվեյրա 5՛, 1-1՝ Արսեն Գալստյան 49՛:

12-րդ րոպեին Միքայել Միրզոյանը չիրացրեց 11մ հարվածը (Գրիգորի Մաթևոսյանը հետ մղեց գնդակը):

«Նոա»՝ 5-րդ տեղ (33 միավոր), ԲԿՄԱ՝  9-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 11

1. Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» զգալիորեն կարգավորել է խաղը և արդյունքներն իրենց սպասեցնել չեն տալիս: Նրա օրոք «Նոան» 2-րդ անգամ պարտության մատնեց «Ալաշկերտին»: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած 2-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» հաղթել էր ավելացված ժամանակում Չարլզ Մարկ Իկեչուկվուի խփած միակ գոլի շնորհիվ: Եվ հենց այդ խաղում էր Պիկուշչակը կրկին ստանձնել «Նոայի» ղեկը: Նրա օրոք «Նոան» անպարտելի է՝ 5 հանդիպումներում վաստակելով 9 միավոր:

2. Առաջնության գարնանային հատվածի մեկնարկում ԲԿՄԱ-ն բավական լավ տպավորություն էր թողնում: Սակայն վերջին 4 հանդիպումներում բանակայիններին չի հաջողվել գեթ մեկ միավոր վաստակել: Ճիշտ է, «Նորավանքին», «Փյունիկին» և «Արարատ-Արմենիային» ԲԿՄԱ-ն պարտվել է նվազագույն հաշվով: 

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 12

3. Թեև Պավել Կիրիենկոն առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո հեռացել է թիմից, սակայն մինչ օրս նա 5 գոլով «Նոայի» լավագույն ռմբարկուն է: Իսկ ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ է գործել թիմի պատմության լավագույն ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը, որը 4 գոլի հեղինակ է դարձել:

ԲԿՄԱ-ի կազմում ամենաարդյունավետը 4 գոլ խփած Գրենիկ Պետրոսյանն է:

4. Նախորդ տուրում «Նոայի» երկու ֆուտբոլիստներ հոբելյանական գոլերի հեղինակներ դարձան: «Ալաշկերտի» դարպասը Մաքսիմ Մայրովիչի խփած գնդակն առաջնության գարնանային հատվածում գրանցված հոբելյանական՝ 100-րդ գոլն էր: Իսկ Եվգենի Օանչան դարձավ ընթացիկ առաջնությունում խփված հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի հետ կայացած առաջին շրջանի խաղում էլ  Գեղամ Հարությունյանի խփած 2-րդ գնդակը դարձել էր Բարձրագույն խմբում «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 200-րդ գոլը: 

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուր 13

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում ԲԿՄԱ-ի ավագ Հայկ Իշխանյանը հայկական ակումբներում և Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած պաշտոնական մրցումներում 300-րդ խաղի հոբելյանը կնշի ու կընդգրկվի «300-ի ակումբում»:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Նոա»՝  Գեղամ Հարությունյան՝ 2 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա