Logo

Վճռորոշ երկու հանդիպումներ, որոնք կարող են որոշել առաջնության բոլոր մրցանակակիրներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:31 / 24.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ 35-րդ տուր

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՓՅՈՒՆԻԿ» - «ԱՐԱՐԱՏ» 

24 մայիսի, ժ.19:15, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ  

87 խաղ, «Փյունիկը» հաղթել է 45 անգամ, «Արարատը»՝  22, գրանցվել է 20  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  147-84

1-ին շրջան.  27.09.2021  «Արարատ»  0-1 «Փյունիկ»

Գոլը՝ 0-1՝ Խոսե Կառաբալյո 26՛:

2-րդ շրջան.  11.12.2021  «Փյունիկ»  2-6  «Արարատ»  

Գոլերը՝ 0-1-0-3՝ Սերժ Դեբլե 11՛, 14՛, 22՛, 1-3՝ Ուգո Ֆիրմինո 33՛, 1-4՝ Դմիտրիե Պոբուլիչ 47՛, 1-5՝ Ալիկ Առաքելյան 65՛, 1-6՝ Դմիտրիե Պոբուլիչ 70՛, 2-6՝ Ուգո Ֆիրմինո 88՛, 11մ:

3-րդ շրջան.  11.04.2022  «Արարատ»  1-2  «Փյունիկ»

Գոլերը՝ 0-1՝ Խոսե Կառաբալյո 12՛, 1-1՝ Իսահ Ալիյու 52՛, 1-2՝ Սերժ Դեբլե 73՛:

«Փյունիկ»՝  1-ին տեղ (71 միավոր), «Արարատ»՝  4-րդ տեղ (46 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ 35-րդ տուր 1

1. «Փյունիկն» այս խաղում կարող է վերջ դնել չեմպիոնական մրցավազքին: Դրա համար փյունիկցիներին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Կասկածից վեր է, որ փյունիկցիներն ամեն ջանք կգործադրեն հաղթանակի հասնելու և առաջնության ավարտից մեկ տուր առաջ չեմպիոնի տիտղոսը 15-րդ անգամ նվաճելու համար: Հիւշեցնենք, որ վերջին անգամ «Փյունիկը» չեմպիոն է հռչակվել 7 տարի առաջ՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ ուժեղագույնը ճանաչվելով 2014/15թթ. առաջնությունում:

Նախորդ տուրում «Փյունիկն» ազատ էր, ինչը հնարավորություն էր տվել «Արարատ-Արմենիային» միավորներով հավասարվելու առաջատարին: Իսկ վերջին խաղն առաջնությունում «Փյունիկն» անցկացրել է մայիսի 15-ին՝ «Ուրարտուի» հետ մրցավեճն ավարտելով ոչ-ոքի (1-1):

2. «Արարատն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց ԲԿՄԱ-ից՝ զիջելով 1-2 հաշվով: Այդ պարտությունը կարող է ճակատագրական լինել արարատցիների համար մրցանակային 3-րդ տեղի և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար մղվող պայքարում: Դեռ լավ է, որ «Ալաշկերտին» չհաջողվեց հաղթել «Նորավանքին»՝ «Արարատից» առաջ անցնելով ընդամենը մեկ միավորով: Պարտության դեպքում «Արարատը» կարող է վերջնականապես զրկվել բրոնզե մեդալներից, եթե «Ալաշկերտը» հաղթի ԲԿՄԱ-ին:

VBET ՀՊԼ 35-րդ տուր 2

3. «Փյունիկի» լավագույն ռմբարկուն Ուգո Ֆիրմինոն է, որի հաշվին 16 գոլ է գրանցված: Այդ գոլերից 10-ը նա խփել է առաջնության գարնանային հատվածում՝ ցույց տալով լավագույն արդյունքը: 

«Արարատի» լավագույն ռմբարկուն Սերժ Դեբլեն է, որը մինչև «Փյունիկ» տեղափոխվելը 14 գոլի հեղինակ էր դարձել: Հետաքրքիր է, որ նա երկու թիմերի կազմում էլ աչքի է ընկել մրցակիցների դիմակայությունում: «Արարատում» խաղալիս նա «Փյունիկի» հետ մրցավեճում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: «Փյունիկի» կազմում էլ 3-րդ շրջանի խաղում Դեբլեն գրավել է «Արարատի» դարպասը: «Փյունիկում» նա արդեն հասցրել է 7 գոլ խփել և 21 գնդակով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

4. Էդգար Մալաքյանի համար «Փյունիկի» հետ մրցավեճը պատմական կլինի: Նա իր ֆուտբոլային հարուստ կարիերայում պաշտոնական 400-րդ հանդիպումը կանցկացնի: Հատկանշական է, որ Մալաքյանը ֆուտբոլային կարիերան սկսել է հենց «Փյունիկում»՝ նորամուտը նշելով 2007թ.:

VBET ՀՊԼ 35-րդ տուր 3

5. Մարկո Պրլևիչը, որը ԲԿՄԱ-ի հետ խաղում  բացել էր գոլերի հաշիվն «Արարատում» ու դարձել էր VBET ՀՊԼ-ում թիմում գոլ խփած ամենատարեց լեգեոնականը, հանդիպմանը մասնակցելու դեպքում նոր ուշագրավ ցուցանիշ կգրանցի: Նա VBET ՀՊԼ-ում 114-րդ խաղը կանցկացնի ու կդառնա ՀՀ առաջնություններում առավել շատ հանդիպումների մասնակցած սերբ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Գորան Օբրադովիչի արդյունքը (113 խաղ):

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝  Արսեն Ավետիսյան՝  9 գոլ:

«Արարատ»՝  Կարեն Բարսեղյան՝  5 գոլ:

«ՎԱՆ»  - «ՆՈՐԱՎԱՆՔ» 

25 մայիսի, ժ.14:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ  

3 խաղ, «Վանը» հաղթել է 1 անգամ, «Նորավանքը» ՝ 2, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  3-8

1-ին շրջան.  28.09.2021  «Նորավանք»  1-0  «Վան»

Գոլը՝ 1-0` Սերգեյ Օռլով 23՛:

2-րդ շրջան.  10.12.2021  «Վան»  2-0  «Նորավանք»  

Գոլերը՝ 1-0-2-0` Ջոսուե Գաբա 78՛, 80՛:

3-րդ շրջան.  12.04.2022  «Նորավանք»  7-1  «Վան»

Գոլերը՝ 1-0՝ Իբրահիմ Շուեյբու 2՛, 2-0՝ Արամ Քոչարյան 7՛, 3-0՝ Յենե Տենտոն 24՛, 4-0՝ Իբրահիմ Շուեյբու 44՛, 4-1՝ Ջեյսոն Քլիֆորդ 67՛,  5-1, 6-1՝ Սերգեյ Օռլով 77՛, 80՛, 7-1՝ Յենե Տենտոն 90+2՛: 70-րդ րոպեին Սերգեյ Օռլովը չիրացրեց 11մ հարվածը (Դավիթ Պապիկյանը հետ մղեց գնդակը):

«Վան»՝  8-րդ տեղ (22 միավոր), «Նորավանք»՝  7-րդ տեղ (25 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Երկու թիմերն էլ պայքարում են առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցնելու համար: «Նորավանքը» կարող է առաջնության ավարտից մեկ տուր առաջ լուծել այդ խնդիրը: Վահե Գևորգյանի սաներին ոչ-ոքին էլ բավարար է 7-րդ տեղը զբաղեցնելու համար, քանի որ նույնիսկ հավասար միավորների դեպքում «Վանին» կգերազանցեն անձնական հանդիպումների արդյունքներով:

Իսկ ահա «Վանին» միայն հաղթանակը հնարավորություն կտա պայքարելու 7-րդ տեղի համար: Նշենք, որ ավարտական տուրում «Նորավանքը» մրցելու է ԲԿՄԱ-ի հետ, իսկ «Վանի» մրցակիցը լինելու է «Ուրարտուն»:

VBET ՀՊԼ 35-րդ տուր 4

2. «Վանին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 8 խաղերի շարքը, որում ընդամենը 3 միավոր էր վաստակել: Նախորդ տուրում «Վանը» նվազագույն հաշվով հաղթեց «Նոային»: Մինչ այդ, վերջին հաղթանակը «Վանը» տոնել էր մարտի 20-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղում:

3. «Նորավանքը» 2-րդ անընդմեջ խաղն ավարտեց ոչ-ոքի արդյունքով (1-1)՝ «Ալաշկերտի» հետ մրցավեճում պարտությունից խուսափելով խաղավերջում: Արդեն 5 խաղ է, ինչ «Նորավանքը» հաղթանակ չի տոնել: Վերջին անգամ հաղթանակի բերկրանքը նորավանքցիները վայելել են ապրիլի 20-ին՝ 3-2 հաշվով պարտության մատնելով «Ուրարտուին»:

VBET ՀՊԼ 35-րդ տուր 5

4. Մրցակիցների միջև 3-րդ շրջանի խաղում «Նորավանքը» 7-1 հաշվով ջախջախել էր «Վանին»: Դա  VBET ՀՊԼ-ում «Նորավանքի» տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն է: «Վանն» էլ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց:

5. Իբրահիմ Շուեյբուն գրավելով «Ալաշկերտի» դարպասը, ընթացիկ առաջնությունում 7-րդ գնդակը խփեց ու գերազանցելով Սերգեյ Օռլովի ցուցանիշը, դարձավ «Նորավանքի» լավագույն ռմբարկուն: Իսկ «Վանում» առայժմ ամենաարդյունավետը թիմից հեռացած Զավեն Բադոյանն է, որը 5 գոլ է խփել: Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ են գործել Վլադիմիր Ֆիլիպովն ու Ջոսուե Գաբան, որոնք 3-ական գոլ են խփել:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Վան»՝ Ջոսուե Գաբա՝ 2 գոլ:

«Նորավանք»՝ Սերգեյ Օռլով՝ 3 գոլ:

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»  

25 մայիսի, ժ.16:00, Արմավիր, Քաղաքային  մարզադաշտ

12 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Ուրարտուն» ՝ 3, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  13-11

1-ին շրջան.  29.09.2021  «Ուրարտու»  0-1 «Նոա»

Գոլը՝ 0-1՝ Վադիմ Պայռելի 90՛:

52-րդ րոպեին Լիվիո Միլթսը («Ուրարտու») չիրացրեց 11մ հարվածը (Գրիգորի Մաթևոսյանը հետ մղեց գնդակը):

2-րդ շրջան.  10.12.2021  «Նոա»  1-1  «Ուրարտու»  

Գոլերը՝ 0-1՝ Օլեգ Պոլյակով 73՛, 1-1՝ Յարոսլավ Մատվիենկո 85՛:

3-րդ շրջան.  12.04.2022  «Ուրարտու»  2-2  «Նոա»

Գոլերը՝ 0-1՝ Մաքսիմ Մայրովիչ 31՛, 11մ, 1-1՝ Արթուր Միրանյան 37՛, 11մ, 1-2՝ Ալեշանդրե դե Օլիվեյրա 38՛,  2-2՝ Արթուր Միրանյան 52՛:

«Նոա»՝  5-րդ տեղ (38 միավոր), «Ուրարտու»՝  6-րդ տեղ (36 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Այս հանդիպումը վճռորոշ նշանակություն ունի 5-րդ տեղի համար մղվող պայքարում: Հաղթանակի դեպքում «Նոան» կեզրափակի լավագույն հնգյակը: «Ուրարտուին» ևս հաղթանակը հնարավորություն կտա առաջնությունն ավարտել 5-րդ տեղում: Ոչ-ոքի արդյունքի դեպքում 5-րդ տեղի հարցը կվճռվի ավարտական տուրում կայանալիք «Ուրարտու»-«Վան» խաղում, որում Ռոբերտ Արզումանյանի սաներին կրկին միայն հաղթանակ անհրաժեշտ կլինի:

2. Այս հանդիպումով «Նոան» մասնակից թիմերից առաջինը կավարտի առաջնությունը: Նախորդ տուրում «Նոան» Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց՝ նվազագույն հաշվով զիջելով «Վանին»: Մինչ այդ մայիսի 5-ին «Նոան» 1-2 հաշվով պարտվել էր «Փյունիկին»: Պիկուշչակի օրոք անցկացրած 10 հանդիպումներում «Նոան» 14 միավոր է վաստակել:

VBET ՀՊԼ 35-րդ տուր 6

3. «Ուրարտուն» նախորդ տուրում 1-2 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», որին ընթացիկ առաջնությունում այդպես էլ չկարողացավ հաղթել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Այդ խաղում «Ուրարտուի» կազմում աչքի ընկավ 19-ամյա Սամվել Հակոբյանը՝ բացելով գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում:

4. «Նոայի» լավագույն ռմբարկուն Մաքսիմ Մայրովիչն է, որը 8 գոլ է խփել: «Վանի» հետ խաղում նա «Նոայում» 62-րդ խաղն անցկացրեց և դարձավ թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով Բենիկ Հովհաննիսյանի ցուցանիշը:

«Ուրարտուի» կազմում 9 գնդակով լավագույն ռմբարկուն Արթուր Միրանյանն է, որն իր բոլոր գոլերն էլ խփել է առաջնության գարնանային հատվածում: 

VBET ՀՊԼ 35-րդ տուր 7

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Նոայի» հարձակվող Գեղամ Հարությունյանը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ՝  3 գոլ:

«Ուրարտու»՝  Ալեքսանդր Գլիշիչ, Եվգենի Կոբզար, Արթուր Միրանյան՝  2-ական գոլ:

ԲԿՄԱ - «ԱԼԱՇԿԵՐՏ» 

25 մայիսի, ժ.17:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ  

3 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  2-7

1-ին շրջան.  27.09.2021   «Ալաշկերտ»   2-1  ԲԿՄԱ

Գոլերը՝ 1-0՝ Դավիթ Խուրցիձե 36՛, 1-1՝ Արթուր Սերոբյան 77՛, 2-1՝ Ֆոֆանա Բեկո 82՛:

2-րդ շրջան.  12.12.2021.  ԲԿՄԱ  0-2  «Ալաշկերտ»   

Գոլերը՝ 0-1՝ Դավիթ Խուրցիձե 19,՛ 0-2՝ Ժոզե Էմբալու 82՛:

3-րդ շրջան.  11.04.2022  «Ալաշկերտ»   3-1  ԲԿՄԱ

Գոլերը՝ 1-0՝ Խամես Սանթոս 2՛, 1-1՝ Արթուր Սերոբյան 51՛, 2-1՝ Մարկո Միլինկովիչ 79՛, 3-1՝  Նիկիտա Տանկով 90+4՛:  

ԲԿՄԱ՝  9-րդ տեղ (18 միավոր), «Ալաշկերտ»՝  3-րդ տեղ (47 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն տհաճ անակնկալ մատուցեց «Արարատի» երկրպագուներին՝ ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ պարտության մատնելով արարատցիներին: Բանակայիններն ընդհատեցին առանց հաղթանակների 7 խաղերի շարքը, որում ընդամենը 2 միավոր էին վաստակել: 

VBET ՀՊԼ 35-րդ տուր 8

Հետաքրքիր է, որ նախորդ հաղթանակն էլ ԲԿՄԱ-ն տոնել էր հենց «Արարատի» նկատմամբ՝ ապրիլի 6-ին կայացած խաղում մրցակցին պարտության մատնելով 3-2 հաշվով: ԲԿՄԱ-ն  դեռևս հնարավորություն ունի խուսափելու մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից: Ավարտական տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելու է «Նորավանքին»:

2. Չնայած վերջին երկու հանդիպումներում միավորների զգալի կորստին, «Ալաշկերտը» շատ մոտ է բրոնզե մրցանակակիր դառնալուն և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճելուն: Եթե «Ալաշկերտին» հաջողվի պարտության մատնել ԲԿՄԱ-ին, իսկ «Արարատը» չհաղթի «Փյունիկին», ապա ժամկետից շուտ ալաշկերտցիները կկատարեն իրենց առջև դրված առաջադրանքը: Իսկ «Ալաշկերտի» պարտության դեպքում վճռորոշ կլինի ավարտական տուրում «Փյունիկի» հետ կայանալիք հանդիպումը:

3. Առաջնության վերջնագծում «Ալաշկերտին» միավորները դժվարությամբ են տրվում: Ճիշտ է, Արմեն Պետրոսյանի օրոք «Ալաշկերտն» անպարտելի է, սակայն 5 հանդիպումներում 9 միավոր է վաստակել: Նախորդ տուրում էլ «Նորավանքի» հետ խաղում ալաշկերտցիները ձեռքից բաց թողեցին հաղթանակը:

VBET ՀՊԼ 35-րդ տուր 9

4. Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» ԲԿՄԱ-ի համար 3 ամենաանհարմար մրցակիցներից մեկն է (մյուս երկուսը «Փյունիկը» և «Ուրարտուն» են), որի հետ հանդիպումներում բանակայիններին դեռ չի հաջողվել միավոր վաստակել:

5. ԲԿՄԱ-ի կազմում 4-ական գնդակով լավագույն ռմբարկուները Գրենիկ Պետրոսյանն ու Էդգար Մովսեսյանն են: «Ալաշկերտում» ամենաարդյունավետը Ժոզե Էմբալուն է, որի հաշվին 6 գոլ է գրանցված:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան՝ 2  գոլ:

«Ալաշկերտ»՝ Դավիթ Խուրցիձե՝ 2  գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա