Logo

Մրցանակակիրները որոշվեցին, նշանակալի իրադարձություն Էդգար Մալաքյանի ֆուտբոլային կարիերայում. VBET ՀՊԼ-ի 35-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:22 / 26.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ-ի 35-րդ տուր-2022

Առաջնության նախավերջին տուրի հանդիպումներից հետո տրվեցին գլխավոր հարցերի պատասխանները: Հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները: 

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 153 հանդիպումներից 63-ում հաղթել են դաշտի տերերը, 50-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 40-ում գրանցվել է ոչ-ոքի: 

4 հանդիպումներում խփվեց 9 գոլ (միջինը՝ 2,25 գոլ մեկ խաղում): Առաջնության գարնանային հատվածում կայացած 74 խաղում 164 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,21 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 153 հանդիպումներում խփվել է 363 գոլ (միջինը՝ 2,37 գոլ մեկ խաղում): 

2. Նվազագույն հաշվով հաղթելով «Արարատին», «Փյունիկը» 7-ամյա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, որը 15-րդն էր թիմի 30-ամյա պատմության ընթացքում: Վերջին անգամ «Փյունիկը» չեմպիոն էր հռչակվել 2014/15թթ. մրցաշրջանում Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Նախորդ 6 մրցաշրջաններում միայն երկու թիմի՝ «Ալաշկերտին» (2015/16-2017/18, 2020/21թթ.) և «Արարատ-Արմենիային» էր (2018/19-2019/20թթ.)  հաջողվել նվաճել չեմպիոնական գավաթը:

ՀՊԼ-ի 35-րդ տուր 1

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկն» անպարտելի խաղերի ռեկորդային շարքը հասցրեց 16-ի: Նորընծա չեմպիոնը միակն է, որ առաջնության գարնանային հատվածում պարտություն չի կրել՝ 16 հանդիպումներում վաստակելով 42 միավոր: Միայն 3 թիմի՝ «Վանին», «Արարատ-Արմենիային» և «Ուրարտուին» է հաջողվել «Փյունիկի» հետ մրցավեճում մեկական միավոր վաստակել:

3. Տոնելով խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը, «Ալաշկերտն» իր պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր: Առաջին նման արդյունքը թիմը գրանցել էր 2019/20թթ. առաջնությունում Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ, որն «Ալաշկերտի» ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարել էր ավարտական 3 հանդիպումներում: «Ալաշկերտը» 10-րդ անգամ մրցանակի արժանացավ: Թիմը 4 անգամ չեմպիոն է հռչակվել, մեկ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, 3 անգամ էլ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Վերջին 7 առաջնություններից միայն մեկում (2018/19թթ.) «Ալաշկերտը» մրցանակակիր չի դարձել:

ՀՊԼ-ի 35-րդ տուր 2

Ընթացիկ առաջնությունում ալաշկերտցիների ամենահարմար մրցակիցը ԲԿՄԱ-ն էր, որի հետ անցկացրած բոլոր 4 հանդիպումներում էլ «Ալաշկերտը» հաղթեց ընդհանուր 10-2 հաշվով: Առավել արդյունավետ գործեց Դավիթ Խուրցիձեն՝ 3 անգամ գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը:  

4. «Ուրարտուին» այդպես էլ չհաջողվեց ընթացիկ առաջնությունում հաղթել «Նոային»՝ կրելով մեկ պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է անցյալ տարվա մայիսի 19-ին կայացած խաղում Ուգոչուկվու Իվուի խփած միակ գոլի շնորհիվ: Առաջնության վերջին 4 խաղերում  Ռոբերտ Արզումանյանի սաները չեն հաղթել՝ վաստակելով 3 միավոր:

ՀՊԼ-ի 35-րդ տուր 3

5. «Արարատը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ վերջնականապես զրկվելով 3-րդ տեղը զբաղեցնելու հնարավորությունից: 2-րդ տարին անընդմեջ «Արարատն» առաջնությունը կավարտի 4-րդ հորիզոնականում: «Արարատը» վերջին անգամ մրցանակակիր է դարձել 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ դառնալով արծաթե մեդալակիր:

6. Սերժ Դեբլեն ընթացիկ առաջնությունում 22-րդ գոլը խփեց և կրկնեց 2007թ. «Արարատում» Մարկոս Պիզելիի ցույց տված արդյունքը: Այլազգի ֆուտբոլիստներից մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Մորի Կոնեին, որը 2019/20թթ. առաջնությունում «Շիրակի» կազմում խփած 23 գոլով ճանաչվել էր մրցաշարի լավագույն ռմբարկու: Հիշեցնենք, որ Դեբլեն գոլերից մեկը խփել է «Սևանի» հետ չեղարկված խաղում:

7. Կախա Կախաբրիշվիլին բացեց գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում՝ դառնալով դուբլի հեղինակ: Նա «Վանի» կազմում գոլ խփած 2-րդ ամենատարեց լեգեոնականն է՝ Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավելով 28 տարեկան 321 օրականում: Ամենատարեցը նախորդ տուրում աչքի ընկած Սիլվիո Գուտիերեսն է, որը «Նոայի» դարպասը գրավել էր 29 տարեկան 82 օրականում:

ՀՊԼ-ի 35-րդ տուր 4

8. Մաքսիմ Մայրովիչն ընթացիկ առաջնությունում 3-րդ 11մ հարվածն էլ դիպուկ իրացրեց՝ խփելով 9-րդ գոլը: Մայրովիչը 2-րդ անգամ ճանաչվեց «Նոայի» լավագույն ռմբարկու: Առաջին անգամ նա այդ տիտղոսին արժանացել էր 2019/20թթ. առաջնությունում՝ 27 հանդիպումներում խփելով 11 գնդակ: Մայրովիչը VBET ՀՊԼ-ում թիմի պատմության լավագույն ռմբարկուն (22) և անցկացրած խաղերի քանակով (63) ռեկորդակիրն է:

9. VBET ՀՊԼ-ում իր առաջին գոլը խփեց նաև ալաշկերտցի Ալբերտ Մնացականյանը: Նա ընդգրկվեց թիմի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ ԲԿՄԱ-ի դարպասը գրավելով 22 տարեկան 258 օրականում: Հետաքրքիր է, որ Մնացականյանը VBET ՀՊԼ-ում նորամուտը նշել էր հենց «Ալաշկերտի» հետ 2020թ. հունիսի 21-ին կայացած խաղում՝ «Արարատի» կազմում 76-րդ րոպեին փոխարինման մտնելով:

ՀՊԼ-ի 35-րդ տուր 5

10. Արարատցի Էդգար Մալաքյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝  400-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 216-ը նա անցկացրել է VBET ՀՊԼ-ում, 29-ը՝ ՀՀ գավաթի, 1-ը՝ Սուպերգավաթի, 14-ը՝ եվրագավաթների խաղարկություններում, 20 անգամ հանդես է եկել ՀՀ ազգային, 14 անգամ՝ երիտասարդական հավաքականներում, 106 խաղ էլ անցկացրել է արտերկրում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա