Logo

Ստուգարք՝ գավաթի եզրափակիչում սպասվող լուրջ քննությունից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:47 / 02.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
ՀՊԼ 31-րդ տուր

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 

3 մայիսի,  ժ.16:00, Երևան, «Նաիրի»  մարզադաշտ

35 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 16 անգամ, «Ուրարտուն»՝ 9,  գրանցվել է 10 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  55-46

2-րդ շրջան.  08.11.2021 «Ալաշկերտ»  2-1  «Ուրարտու»

Գոլերը՝ 1-0՝ Մարկո Միլինկովիչ  29՛, 2-0՝ Դեու Դոսա Օլատունջի 45՛, 2-1՝ Օլեգ Պոլյակով 54՛:  

3-րդ շրջան. 09.03.2022  «Ուրարտու» 0-0 «Ալաշկերտ»  

«Ալաշկերտ»՝  4-րդ տեղ (41 միավոր), «Ուրարտու»՝  6-րդ տեղ (30 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ 31-րդ տուր 1

1. «Ալաշկերտին» լավ հնարավորություն է ընձեռնվել շրջանցելու «Արարատին», որն այս տուրում ազատ է: Դրա համար ալաշկերտցիներին հաղթանակ է անհրաժեշտ: Նախորդ տուրը հաջող էր «Ալաշկերտի» համար, որը Ֆոֆանա Բեկոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Վանին»> Դա առաջնության վերջին 4 հանդիպումներում ալաշկերտցիների տոնած միակ հաղթանակն էր: Նախորդ 3 խաղերում գործող չեմպիոնն ընդամենը մեկ միավոր էր վաստակել:

2. «Ուրարտուի» համար այս հանդիպումը «Նորավանքի» հետ կայանալիք գավաթի եզրափակիչ մրցախաղից առաջ վերջին փորձամրցումն է: Առաջնության վերջին երկու խաղերն «Ուրարտուն» անհաջող անցկացրեց: Նախ, Ռոբերտ Արզումանյանի սաները 2-3 հաշվով պարտվեցին «Նորավանքին», ապա զիջեցին «Արարատին» (1-2):

ՀՊԼ 31-րդ տուր 2

3. Ընթացիկ առաջնությունում «Ուրարտուին» դեռ չի հաջողվել հաղթել «Ալաշկերտին»: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 խաղերից  3-ն ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով, մեկում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է  2020թ. սեպտեմբերի 13-ին կայացած խաղում (2-1): Այդ խաղում «Ուրարտուն» գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը: 

4. Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտում» մարզչական հերթական փոփոխությունը տեղի ունեցավ: Առաջնության գարնանային հատվածում թիմի ղեկը ստանձնած Արամ Ոսկանյանը հրաժարական տվեց: «Վանի» հետ խաղում ալաշկերտցիների գործողությունները ղեկավարում էր Արմեն Պետրոսյանը: Մեկնարկային 4 խաղերում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն Ալեքսանդր Գրիգորյանն էր, հաջորդ երկու տուրերում թիմի գործողությունները ղեկավարել էր Սերգեյ Էրզրումյանը, որից հետո գլխավոր մարզչի պաշտոնը մինչև աշնանային հատվածի ավարտը ստանձնել էր Միլան Միլանովիչը:

Արամ Ոսկանյանը 3-րդ անգամ էր գլխավորել «Ալաշկերտը»: 2016/17թթ. առաջնությունում նա ընդամենը 3 խաղ գլխավորեց թիմը, որը հաղթանակներ տոնեց, և տեղափոխվեց «Բանանց»: 2018/19թթ. առաջնությունում Ոսկանյանը թիմի գլխավոր մարզիչն էր 9-23-րդ տուրերում (8 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն): Ընթացիկ առաջնությունում Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած 12 հանդիպումներում «Ալաշկերտը» 5 հաղթանակ է տոնել, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն:

ՀՊԼ 31-րդ տուր 3

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Անդրանիկ Ոսկանյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 300-րդ խաղը կանցկացնի:

Կարեն Մելքոնյանն էլ կարող է նշել VBET ՀՊԼ-ում 100-րդ խաղի հոբելյանը, եթե խաղադաշտ դուրս գա:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝  Արտակ Եդիգարյան, Միհրան Մանասյան՝  9-ական գոլ: 

«Ուրարտու»՝  Վահագն Այվազյան՝  4 գոլ:

«Ուրարտուի» կազմում կբացակայի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Էդգար Գրիգորյանը:

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՆՈՐԱՎԱՆՔ»  

3 մայիսի,  ժ.19:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

3 խաղ, որոնցում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  6-1

1-ին շրջան. 20.08.2021  «Նորավանք»  0-2 «Արարատ-Արմենիա»

Գոլերը՝ 0-1, 0-2՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 23՛, 52՛:

2-րդ շրջան.  06.11.2021  «Արարատ-Արմենիա» 2-1 «Նորավանք»  

Գոլերը՝ 1-0՝ Արտյոմ Ավանեսյան 24՛, 1-1՝ Սերգեյ Օռլով 48,՛ 2-1՝  Ուիլֆրեդ Կուասի Էզա 55՛:

3-րդ շրջան. 10.03.2022  «Նորավանք»  0-2 «Արարատ-Արմենիա»

Գոլերը՝ 0-1՝ Զաքարիա Սանոգո 19՛, 0-2՝ Յուսուֆ Օտուբանջո 28՛, 11մ:

«Արարատ-Արմենիա»՝  2-րդ տեղ (62 միավոր), «Նորավանք»՝  7-րդ տեղ (23 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ 31-րդ տուր 4

1. «Արարատ-Արմենիան» նախորդ տուրում ծանր մրցախաղ անցկացրեց չեմպիոնի տիտղոսի համար պայքարում իր գլխավոր մրցակցի՝ «Փյունիկի» հետ: Այդ խաղում գրանցված ոչ-ոքին պահպանեց ինտրիգը չեմպիոնական մրցավազքում: «Արարատ-Արմենիան» առաջնության մնացած 5 հանդիպումները  պետք է ձգտի առանց միավորների կորստի անցկացնել: Յուրաքանչյուր խաղ այժմ ՀՀ կրկնակի չեմպիոնի համար հավասարազոր է եզրափակչի, որում միայն հաղթանակ է անհրաժեշտ:

2. «Նորավանքի» համար այս խաղը կարելի է դիտարկել որպես ստուգարք գավաթի եզրափակչում սպասվող լուրջ քննությունից առաջ: Նախորդ խաղում էլ Բարձրագույն խմբի նորեկը լուրջ փորձության էր ենթարկվել «Փյունիկի» հետ մրցավեճում՝ համառ պայքարում մրցակցին զիջելով 2-3 հաշվով:  

ՀՊԼ 31-րդ տուր 5

3. «Արարատ-Արմենիան» «Նորավանքի» ամենաանհարմար մրցակիցն է, որի հետ առաջնության հանդիպումներում  Վահե Գևորգյանի սաներին դեռ չի հաջողվել միավոր վաստակել:

4. «Արարատ-Արմենիայի» հարձակողական եռյակն ընթացիկ առաջնությունում ամենաարդյունավետն է: Մաիլսոն Լիման 16 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում 2-րդ հորիզոնականում է: Յուսուֆ Օտուբանջոյի հաշվին 10 գոլ է գրանցված, իսկ Ուիլֆրեդ Կուասի Էզան 8 գոլ է խփել:

«Նորավանքի» լավագույն ռմբարկուն 6 գոլ խփած Սերգեյ Օռլովն է:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Սոլոմոն Իմե Ուդոն VBET ՀՊԼ-ում 150-րդ խաղի հոբելյանը կնշի: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած ընդամենը 5-րդ այլազգի ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, որը 230 խաղ է անցկացրել:

ՀՊԼ 31-րդ տուր 6

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Արարատ-Արմենիա»՝  Ուիլֆրեդ Կուասի Էզա՝ 3 գոլ:

ԲԿՄԱ - «ՎԱՆ»  

5 մայիսի,  ժ.16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

3 խաղ, «Վանը» հաղթել է 1 անգամ, ԲԿՄԱ-ն ՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  2-2

1-ին շրջան. 19.08.2021  «Վան» 1-0  ԲԿՄԱ

Գոլը՝ 1-0՝ Էմանուել Միրեկու Ատտահ 89՛:

2-րդ շրջան.  04.11.2021 ԲԿՄԱ 1-0 «Վան»  

Գոլը՝ 1-0՝ Միքայել Միրզոյան 78՛:

3-րդ շրջան. 11.03.2022  «Վան» 1-1  ԲԿՄԱ

Գոլերը՝  0-1՝ Էդգար Մովսեսյան 47՛, 1-1՝ Էրիկ Ազիզյան 90+1՛:

ԲԿՄԱ՝  9-րդ տեղ (14 միավոր), «Վան»՝  8-րդ տեղ (18 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն վերջապես ընդհատեց  4 անընդմեջ պարտությունների շարքը՝ «Նոայի» հետ անցկացրած 2-րդ խաղն էլ ավարտելով միևնույն 1-1 հաշվով: Իսկ մինչ այդ բանակայինները 1-3 հաշվով պարտվել էին «Ալաշկերտին», այնուհետև նվազագույն հաշվով զիջել էին «Նորավանքին», «Փյունիկին» և «Արարատ-Արմենիային»:

ՀՊԼ 31-րդ տուր 7

2. «Նոայի» հետ խաղում Էդգար Մովսեսյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ ընդհատվեց նաև 396 րոպե տևած ԲԿՄԱ-ի գոլային երաշտը: Հետաքրքիր է, որ նախորդ գոլն էլ ԲԿՄԱ-ն խփել էր 11մ հարվածով: Աչքի էր ընկել Արթուր Սերոբյանը՝ խոցելով Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Ընթացիկ առաջնությունում Մովսեսյանը գրավել է իր նախկին 3 թիմերի՝ «Վանի», «Ուրարտուի» և ԲԿՄԱ-ի դարպասները:

3. «Վանն» առաջնության վերջին հանդիպումներում անհաջող է հանդես գալիս: Նախորդ տուրում էլ Սևադա Արզումանյանի սաները նվազագույն հաշվով պարտվեցին «Ալաշկերտին»: Արդեն 5 խաղ «Վանը» հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակը «Վանը» տոնել է մարտի 20-ին՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Արարատ-Արմենիային»:

ՀՊԼ 31-րդ տուր 8

4. ԲԿՄԱ-ում առավել արդյունավետ է գործել Գրենիկ Պետրոսյանը՝ խփելով 4 գոլ: 3-ական գոլի հեղինակ են դարձել Միքայել Միրզոյանն ու Էդգար Մովսեսյանը:

5. «Վանի» լավագույն ռմբարկուն թիմից հեռացած Զավեն Բադոյանն է, որի հաշվին 5 գոլ է գրանցված: Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենաարդյունավետը 3-ական գոլ խփած Ջոսուե Գաբան և Վլադիմիր Ֆիլիպովն են:

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՆՈԱ»  

5 մայիսի,  ժ.19:30, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

12 խաղ, «Փյունիկը» հաղթել է 7 անգամ, «Նոան» ՝ 4, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  14-9

1-ին շրջան. 20.08.2021  «Նոա»  1-2  «Փյունիկ»

Գոլերը՝ 0-1՝ Խոսե Կառաբալլո 23՛, 1-1՝ Ալեքսանդր Կարապետյան 34՛, 1-2՝ Հովհաննես Հարությունյան 83՛:

2-րդ շրջան.  05.11.2021 «Փյունիկ» 1-0  «Նոա»  

Գոլը՝ 1-0՝ Ուգո Ֆիրմինո 53՛, 11մ: 

3-րդ շրջան. 10.03.2022  «Նոա»  0-1  «Փյունիկ»

Գոլը՝ 0-1՝ Սերժ Դեբլե 27՛:

«Փյունիկ»՝  1-ին տեղ (64 միավոր), «Նոա»՝  5-րդ տեղ (34 միավոր): 

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

ՀՊԼ 31-րդ տուր 9

1. Նախորդ տուրում «Արարատ-Արմենիայի» հետ կայացած գերկարևոր մրցավեճում «Փյունիկի» 5 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Առաջնության գարնանային հատվածում փյունիկցիները 2-րդ անգամ չկարողացան հաղթել մրցակցին՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Մինչ այդ միայն «Վանին» էր հաջողվել մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ խաղում: «Փյունիկը» միակ թիմն է, որն առաջնության գարնանային հատվածում անպարտելի է՝ 12 խաղում վաստակելով 32 միավոր: «Փյունիկը» կրկնեց առաջնության աշնանային հատվածում անպարտելի խաղերի իր ռեկորդային շարքը, որն ընդհատվել էր դեկտեմբերի 11-ին «Արարատից» 2-6 հաշվով կրած պարտությամբ:

2. Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» շարունակում է անպարտելի խաղերի շարքը: ԲԿՄԱ-ի հետ խաղում «Նոան» մոտ էր հաղթանակին, սակայն ձեռքից բաց թողեց 3 միավոր վաստակելու հիանալի հնարավորությունը: Պիկուշչակի օրոք «Նոան» երկու անգամ հաղթել է «Ալաշկերտին», 4 խաղ ավարտել է ոչ-ոքի: Խաղերից 4-ում Վարդան Շահատունին դարպասն անառիկ է պահել:

ՀՊԼ 31-րդ տուր 10

3. «Փյունիկն» ընթացիկ առաջնության մասնակից երկու թիմերից մեկն է (մյուսն «Արարատ-Արմենիան» է), որի հետ հանդիպումներում «Նոան» դեռ միավոր չի վաստակել: Մինչդեռ նախորդ մրցաշրջանում առավելությունը «Նոայի» կողմն էր, որը Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ տոնել էր 2 հաղթանակ, մեկ խաղում պարտվել էր: 

4. 15 գնդակով «Փյունիկի» լավագույն ռմբարկու Ուգո Ֆիրմինոն առաջնության վերջին 4 հանդիպումներում խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Ֆիրմինոյի արդյունքը վերջին 7 մրցաշրջաններում լավագույնն է «Փյունիկի» ֆուտբոլիստներից: Մինչ այդ 2014/15թթ. առաջնությունում մեքսիկացի Սեսար Ռոմերոն 21 գնդակով դարձել էր «Փյունիկի» լավագույն ռմբարկուն: Իսկ մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Փյունիկի» պատմության լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանին (154 գոլ), որը 1994թ. 39 գոլի հեղինակ էր դարձել:

ՀՊԼ 31-րդ տուր 11

5. Եթե «Փյունիկին» հաջողվի երկու անգամ գրավել «Նոայի» դարպասը, ապա կնշի VBET ՀՊԼ-ում խփած 1700-րդ գոլի հոբելյանը:
36-ամյա Դավիթ  Յուրչենկոն էլ դարպասն անառիկ պահելու դեպքում «Փյունիկում» 7-րդ «չոր» խաղը կանցկացնի ու կգերազանցի թիմի նախկին դարպասապահ Սլավիկ Սուքիասյանի տարիքային ռեկորդը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝  Մոհամեդ Կոնատե, Արաս Օզբիլիս՝  2-ական գոլ:

«Նոա»՝  Վլադիմիր Ազարով՝  3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա