Logo

Ավարտական տուրում միակ հուզող հարցը. Ո՞ր թիմը կեզրափակի լավագույն հնգյակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:45 / 27.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտական՝ 36-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱԼԱՇԿԵՐՏ»  - «ՓՅՈԻՆԻԿ»

28 մայիսի,  ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

36 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 11 անգամ, «Փյունիկը»՝ 14,  գրանցվել է 11  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 45-53

1-ին շրջան.  15.10.2021 «Փյունիկ» 1-1 «Ալաշկերտ»

Գոլերը՝ 1-0՝ Էրիկ Վարդանյան 32՛, 11մ, 1-1՝ Տարոն Ոսկանյան 90+2՛:

2-րդ շրջան.  21.02.2022  «Ալաշկերտ»  1-4  «Փյունիկ» 

Գոլերը՝  0-1՝ Սերժ Դեբլե 45+1՛, 1-1՝ Ժոզե Էմբալու 52՛, 1-2, 1-3՝ Սերժ Դեբլե 59՛, 61՛, 1-4՝ Զորան Գայիչ 65՛: 

3-րդ շրջան.  15.04.2022  «Փյունիկ» 3-0  «Ալաշկերտ»

Գոլերը՝ 1-0՝ Ուգո Ֆիրմինո 35՛, 2-0՝ Գևորգ Ղազարյան 56՛, 3-0՝ Սերժ Դեբլե 65՛:

«Ալաշկերտ»՝  3-րդ տեղ (50 միավոր), «Փյունիկ»՝  1-ին տեղ (74 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ալաշկերտը» նախորդ տուրում հաջողությամբ լուծեց բրոնզե մեդալները նվաճելու և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր ստանալու իր առջև դրված խնդիրը՝  3 անպատասխան գնդակ ուղարկելով ԲԿՄԱ-ի դարպասը: Այդ պայքարում ալաշկերտցիները գերազանցեցին «Արարատին», որը 3 անընդմեջ պարտություն կրելով, առաջնության վերջնագծում չկարողացավ մրցակցել «Ալաշկերտի» հետ: 

2. «Փյունիկն» էլ կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Նվազագույն հաշվով հաղթելով «Արարատին», «Փյունիկը» 7-ամյա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, որը 15-րդն էր թիմի 30-ամյա պատմության ընթացքում: Վերջին անգամ «Փյունիկը» չեմպիոն էր հռչակվել 2014/15թթ. մրցաշրջանում Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: 

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկն» անպարտելի խաղերի ռեկորդային շարքը հասցրեց 16-ի: Նորընծա չեմպիոնը միակն է, որ առաջնության գարնանային հատվածում պարտություն չի կրել՝ 16 հանդիպումներում վաստակելով 42 միավոր: Միայն 3 թիմի՝ «Վանին», «Արարատ-Արմենիային» և «Ուրարտուին» է հաջողվել «Փյունիկի» հետ մրցավեճում մեկական միավոր վաստակել:

3. «Փյունիկն» ընթացիկ առաջնության մասնակից այն երկու թիմերից մեկն է (մյուսն «Արարատ-Արմենիան» է), որին «Ալաշկերտն» այս մրցաշրջանում դեռ չի հաղթել: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ գրանցվել է անցյալ տարվա մայիսի 6-ին: Հանդիպման ելքը վճռել է ալաշկերտցի Բրանկո Միհայլովիչի խփած միակ գոլը: Ի դեպ, դա Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր:

Հետաքրքիր է, որ մինչև երկրորդ շրջանում «Փյունիկից» խոշոր հաշվով պարտվելը, մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 6 հանդիպումներից 2-ում հաղթել էր «Ալաշկերտը», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Ալաշկերտի»  նկատմամբ «Փյունիկը» տոնել էր 2019թ. ապրիլի 27-ին: Հանդիպման ելքը վճռել էր «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի ինքնագոլը: 

4. «Ալաշկերտում» բոլորից արդյունավետ է գործում Ժոզե Էմբալուն, որը ԲԿՄԱ-ի հետ նախորդ տուրի խաղում 7-րդ գոլը խփեց:  Հետաքրքիր է, որ նախորդ առաջնությունում չեմպիոն հռչակված «Ալաշկերտի» լավագույն ռմբարկու Դավիդ Դավիդյանի օգտին 5 գոլ էր գրանցվել: Ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ «Ալաշկերտն» ընդամենը 23 խաղ էր անցկացրել:

«Փյունիկի» լավագույն ռմբարկուն 16 գոլ խփած Ուգո Ֆիրմինոն է, որը եզրափակում է առաջնության լավագույն ռմբարկուների եռյակը: Նախորդ առաջնությունում «Փյունիկի» արդյունավետությունը շատ ցածր էր (19 գոլ 24 խաղում), իսկ լավագույն ռմբարկուն 3 գոլ խփած Խոսե Կառաբալյոն էր, որը «Փյունիկում» ելույթները սկսել էր գարնանային հատվածում՝ մասնակցելով 12 խաղի:

5. Եթե 36-ամյա Դավիթ  Յուրչենկոյին հաջողվի անառիկ պահել սեփական դարպասը, ապա առաջնության գարնանային հատվածում 9-րդ «չոր» խաղը կանցկացնի ու կգերազանցի «Միկայի» նախկին դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլու տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում այլազգի դարպասապահներից առավել հաճախ էր դարպասն անառիկ պահել՝ 2009թ. առաջնությունում 8 խաղում գոլ բաց չթողնելով:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 11 գոլ: 

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե՝  4-ական գոլ:

 «ՆՈՐԱՎԱՆՔ» - ԲԿՄԱ  

28 մայիսի, ժ.14:00,  Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ 

3 խաղ, «Նորավանքը» հաղթել է 1 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց  թողած  գոլերի հարաբերակցությունը՝ 2-3

1-ին շրջան.  17.10.2021 ԲԿՄԱ  2-0  «Նորավանք»

Գոլերը՝ 1-0՝ Դանիել Աղբալյան 14՛, 2-0՝ Սիմոն Օբոնդե 67՛, ինքնագոլ:

2-րդ շրջան.  20.02.2022  «Նորավանք» 1-1 ԲԿՄԱ

Գոլերը՝ 1-0՝ Սերգեյ Օռլով 55՛, 11մ, 1-1՝ Ստյոպա Մկրտչյան 85՛:

3-րդ շրջան.  16.04.2022  ԲԿՄԱ  0-1 «Նորավանք»

Գոլը՝ 0-1՝ Տիմուր Ռուդոսելսկի 10՛:

«Նորավանք»՝  7-րդ տեղ (25 միավոր), ԲԿՄԱ՝  9-րդ տեղ (18 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Մարզական առումով հանդիպման արդյունքը կարևոր է միայն «Նորավանքի» համար, որը ձգտելու է պահպանել տեղը 7-րդ հորիզոնականում: Այդ տեղին է հավակնում նաև «Վանը», որը «Նորավանքի» հետ հավասար միավորներ է վաստակել, սակայն վերջինիս զիջում է անձնական հանդիպումներում խփած գոլերի ընդհանուր քանակով: «Նորավանքն» առաջինն է ավարտելու առաջնությունը, ուստի որպեսզի «Վանի» մասնակցությամբ հանդիպման արդյունքից կախված չլինի թիմի զբաղեցրած տեղը, անհրաժեշտ է ավարտական խաղում անպայման հաղթել ԲԿՄԱ-ին:

2. ԲԿՄԱ-ն առաջնությունը կավարտի վերջին տեղում: Բարձրագույն խմբի նորեկն ավելի հաջող ելույթներ ունեցավ առաջնության գարնանային հատվածում՝ վաստակելով 12 միավոր: Նախորդ տուրն անհաջող էր բանակայինների համար, որոնք ընթացիկ առաջնությունում այդպես էլ չկարողացան գեթ մեկ միավոր վաստակել «Ալակերտի» հետ անցկացրած 4 խաղերում՝ այս անգամ պարտվելով 0-3 հաշվով: 

3. Նախորդ տուրում «Նորավանքը» հենց «Վանի» հետ էր մրցում և եթե չպարտվեր 1-2 հաշվով, ապա արդեն ապահոված կլիներ 7-րդ հորիզոնականը: Արդեն 6 խաղ է, ինչ «Նորավանքը» հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին անգամ հաղթանակի բերկրանքը նորավանքցիները վայելել են ապրիլի 20-ին՝ 3-2 հաշվով պարտության մատնելով «Ուրարտուին»:

4. «Նոայի», «Ալաշկերտի» և «Վանի» հետ անցկացրած վերջին 3 խաղերում մեկական գնդակ խփելով,  Իբրահիմ Շուեյբուն 8 գնդակով գլխավորեց «Նորավանքի» լավագույն ռմբարկուների ցանկը՝ գերազանցելով իր օգտին 6 գոլ գրանցած Սերգեյ Օռլովին: 

5. ԲԿՄԱ-ի կազմում 4-ական գնդակով լավագույն ռմբարկուները Գրենիկ Պետրոսյանն ու Էդգար Մովսեսյանն են: Վերջինս ընթացիկ առաջնությունում 5 գոլի հեղինակ է դարձել, որից մեկը խփել է աշնանային հատվածի մեկնարկային տուրում՝  «Փյունիկի» կազմում խոցելով հենց ԲԿՄԱ-ի դարպասը:

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ»

28 մայիսի, ժ.17:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

6 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 4 անգամ, «Վանը»՝ 1,  գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց  թողած  գոլերի հարաբերակցությունը՝  10-5

1-ին շրջան.  16.10.2021 «Վան» 1-1 «Ուրարտու» 

Գոլերը՝ 1-0՝ Վլադիմիր Ֆիլիպով 12՛, 1-1՝ Օլեգ Պոլյակով 61՛:

2-րդ շրջան.  20.02.2022  «Ուրարտու» 1-0  «Վան»  

Գոլը՝ 1-0՝ Արթուր Միրանյան 77՛, 11մ:

3-րդ շրջան.  16.04.2022  «Վան» 0-3  «Ուրարտու»

Գոլերը՝ 0-1, 0-2՝ Արթուր Միրանյան 49՛, 52՛,  0-3՝ Նարեկ Աղասարյան 81՛:

«Ուրարտու»՝  6-րդ տեղ (37 միավոր), «Վան»՝  8-րդ տեղ (25 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» ձգտելու է առաջնությունում եզրափակել լավագույն հնգյակը: Դրա համար այս խաղում թիմին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Ռոբերտ Արզումանյանի սաներն այդ հարցը կարող էին լուծել դեռևս նախորդ տուրում, եթե պարտության մատնեին «Նոային»: Սակայն խաղն ավարտվեց ոչ-ոքի: Եվ այժմ միայն հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» կարող է շրջանցել «Նոային»:

2. Նախորդ երկու խաղերում «Վանն» ուրախացրեց իր երկրպագուներին՝ հաղթելով «Նոային» (1-0) և «Նորավանքին» (2-1): «Վանն» առաջնությունը կարող է ավարտել 7-րդ տեղում, եթե «Նորավանքը» չկարողանա հաղթել ԲԿՄԱ-ին: Այդ դեպքում «Վանին» հաղթանակ է անհրաժեշտ: Իսկ «Նորավանքի» պարտության դեպքում «Վանին» կբավարարի նույնիսկ ոչ-ոքին:

.

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 հանդիպումներից 3-ում հաղթել է «Ուրարտուն», մեկում գրանցվել է ոչ-ոքի: Միակ հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Վանը» տոնել է անցյալ տարվա մարտի 6-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 3-1:

4. «Ուրարտուի» կազմում 9 գնդակով լավագույն ռմբարկուն Արթուր Միրանյանն է, որն իր բոլոր գոլերն էլ խփել է առաջնության գարնանային հատվածում: Նախորդ առաջնությունում թիմի լավագույն ռմբարկուն 8 գոլի հեղինակ դարձած Ջոնել Դեսիրեն էր, որն այս մրցաշրջանում ընդամենը 4 գոլ է խփել:

5. Նախորդ երկու խաղերում «Վանի» կազմում գոլերի հաշիվը բացեցին Սիլվիո Գուտիերեսն ու Կախա Կախաբրիշվիլին: «Վանի» լավագույն ռմբարկուն 5 գոլով թիմից հեռացած Զավեն Բադոյանն է: Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ են գործել Վլադիմիր Ֆիլիպովն ու Ջոսուե Գաբան, որոնք 3-ական գոլ են խփել: Նշենք, որ նախորդ առաջնությունում «Վանում» բոլորից արդյունավետ էր գործել Ուիլֆրեդ Կուասի Էզան՝ խփելով 8 գոլ: Նա նաև թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝ 

«Ուրարտու»՝  Արթուր Միրանյան՝ 3 գոլ:

«ԱՐԱՐԱՏ» - «ԱՐԱՐԱՏ - ԱՐՄԵՆԻԱ» 

28 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

14 խաղ, «Արարատը» հաղթել է 2 անգամ, «Արարատ - Արմենիան»՝ 10, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  10-29

1-ին շրջան.  17.10.2021 «Արարատ- Արմենիա»  3-0  «Արարատ»  

Գոլերը՝ 1-0՝ Մաիլսոն Լիմա 61՛, 2-0, 3-0՝ Յուսուֆ Օտուբանջո 66՛, 90+6՛:

2-րդ շրջան.  19.02.2022  «Արարատ»  0-1  «Արարատ- Արմենիա»

Գոլը՝  0-1՝ Մաիլսոն Լիմա 28՛:

3-րդ շրջան.  15.04.2022 «Արարատ- Արմենիա»  3-1  «Արարատ»  

Գոլերը՝ 1-0՝ Ալեմաո 27՛, 1-1՝ Ռազմիկ Հակոբյան 42՛,  2-1՝ Մաիլսոն Լիմա 51՛, 3-1՝ Ֆուրջել Նարսինգ 69:

25-րդ րոպեին Մաիլսոն Լիման չիրացրեց 11մ հարվածը (Վսևոլոդ Երմակովը հետ մղեց գնդակը):

«Արարատ»՝  4-րդ տեղ (46 միավոր), «Արարատ- Արմենիա»՝ 2- րդ տեղ (71 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատը» 2-րդ տարին անընդմեջ չկարողացավ մրցանակակիր դառնալ՝ բավարարվելով 4-րդ տեղով: Նախորդ տուրում արարատցիները 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ նվազագույն հաշվով զիջելով «Փյունիկին», որը ժամկետից շուտ չեմպիոն հռչակվեց:

Արդեն 13 մրցաշրջան արարատցիները մնացել են առանց առաջնության մեդալների: «Արարատը» վերջին անգամ մրցանակակիր է դարձել 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ դառնալով արծաթե մեդալակիր: 

Այդ առաջնությունում արարատցիներն արժանի էին չեմպիոնի տիտղոսին, սակայն «Փյունիկի» հետ կայացած լրացուցիչ խաղում Արարատ Ճաղարյանի բացահայտ կողմնակալ մրցավարության պատճառով 1-2 հաշվով պարտություն կրեցին: Տարիներ անց «Փյունիկի» նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը չեմպիոնական գավաթի կրկնօրինակը հանձնեց «Արարատին», ընդունելով, որ այդ մրցաշրջանում արարատցիներն իրոք ուժեղագույնն էին:

2. Մինչ նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» ազատ էր,  «Փյունիկը» վճռեց չեմպիոնության հարցը: «Արարատ-Արմենիան» ստիպված է բավարարվել արծաթե մեդալներով: ՀՀ կրկնակի չեմպիոնը մեկամյա ընդմիջումից հետո կրկին դարձավ առաջնության մրցանակակիր: Նախորդ առաջնությունում «Արարատ-Արմենիան» եզրափակել էր լավագույն հնգյակը:

Առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիան» այնքան էլ վստահ հանդես չի գալիս՝ 16 հանդիպումներում վաստակելով 31 միավոր: Առաջնության նախորդ խաղում Դմիտրի Գունկոյի սաները մայիսի 22-ին 2-1 հաշվով հաղթել էին «Ուրարտուին»:

3. Արարատյան հերթական դերբիի արդյունքը թեև այլևս չի կարող ազդել թիմերի մրցաշարային վիճակի վրա, սակայն մրցակիցները որոշակի շարժառիթներ դեռ ունեն պայքարելու  հաղթանակի համար: «Արարատ-Արմենիան» հաղթելու դեպքում հնարավոր է միավորներով հավասարվի «Փյունիկին», եթե վերջինս պարտվի «Ալաշկերտին»:

Ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» միակն է, որի հետ հանդիպումներում «Արարատին» դեռ չի հաջողվել միավոր վաստակել: Ավելին, միայն 3-րդ շրջանի խաղում արարատցիներին վերջապես հաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 հանդիպումներից 3-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», մեկն ավարտվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ արարատցիները տոնել են անցյալ տարվա փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:

4. «Արարատն» արդյունավետությամբ 3-րդն է մասնակից թիմերի մեջ՝ 31 հանդիպումներում խփելով 47 գոլ: Դրանցից 13-ի հեղինակը թիմի լավագույն ռմբարկու Սերժ Դեբլեն է (մեկ գոլ էլ նա խփել է «Սևանի» հետ չեղարկված խաղում): Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնությունում թիմի ռմբարկուներ Մորի Կոնեն և Ուրոշ Նենադովիչը 7-ական գոլ էին խփել: 
Դեբլեի ցուցանիշը լավագույնն է «Արարատի» ռմբարկուների մեջ վերջին 13 առաջնություններում, որոնցից միայն երկուսում են նրանք հատել 10 գոլի սահմանագիծը (2013/14թթ.՝ Գևորգ Նռանյան, Ալեքսանդր Ռակիչ՝ 10-ական գոլ, 2014/15թթ.՝ Ալեքսանդր Ռակիչ՝ 10 գոլ): Իսկ ավելի բարձր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 2008թ. առաջնությունում, որում արարատցի Մարկոս Պիզելին 17 գոլով ճանաչվել էր մրցաշարի լավագույն ռմբարկու: Նշենք նաև, որ մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդն «Արարատում» պատկանում է Վահե Յաղմուրյանին, որը 1992թ. կայացած Հայաստանի անդրանիկ առաջնությունում 38 գոլի հեղինակ էր դարձել:

Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 300-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա 300-րդ խաղի սահմանագիծը հատած ընդամենը 15-րդ ֆուտբոլիստը:

5. «Արարատ-Արմենիան» առաջնության ամենաարդյունավետ թիմն է, որը 31 խաղում 55 գոլ է խփել: Դրանցից 18-ի հեղինակը Մաիլսոն Լիման է: Ի դեպ, հենց «Արարատի» հետ 3-րդ շրջանի խաղում գրավելով Վսևոլոդ Երմակովի դարպասը, Լիման 16-րդ գոլն էր խփել և գերազանցել էր թիմի նախկին հարձակվող Անտոն Կոբյալկոյի արդյունավետության ռեկորդը, որը սահմանվել էր 2018/19թթ. առաջնությունում: Գոլերից 6-ը Լիման խփել է 11մ հարվածներով: 

«Ուրարտուի» հետ կայացած նախորդ խաղում «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն VBET ՀՊԼ-ում 31-րդ գոլն էր խփել և ընդգրկվել էր ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում: Այդ գոլերից 7-ը նա խփել է «Արարատի» դարպասը՝ դառնալով արարատյան դերբիի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝  Արտյոմ Սիմոնյան՝  2 գոլ:

«Արարատ - Արմենիա»՝  Մաիլսոն Լիմա՝  7 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա