Logo

Երևանյան 4 հանդիպում, որոնցից գլխավորները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մասնակցությամբ մրցավեճերն են

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:45 / 22.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր

Մեկնարկում է VBET ՀՊԼ-ի 29-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱԼԱՇԿԵՐՏ»  - «ՆՈԱ» 

23 ապրիլի, ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

14 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 6 անգամ, «Նոան»՝ 5,  գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  14-8

2-րդ շրջան. 27.10.2021 «Ալաշկերտ»  0-0  «Նոա»

3-րդ շրջան.  01.03.2022  «Նոա»  0-1  «Ալաշկերտ»  

Գոլը՝ 0-1՝ Արտակ Եդիգարյան 66՛:

1-ին շրջան.  02.04.2022  «Նոա»  1-0  «Ալաշկերտ»  

Գոլը՝ 1-0՝ Չարլզ Մարկ Իկեչուկվու 90+3:

«Ալաշկերտ»՝  4-րդ տեղ (38 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (30 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր

1. Նախորդ երկու տուրերում  «Ալաշկերտը» լուրջ փորձության ենթարկվեց չեմպիոնական մրցավազքի մասնակիցների հետ մրցավեճում: Եթե «Փյունիկից» ալաշկերտցիները 0-3 խոշոր հաշվով պարտություն կրեցին, ապա «Արարատ-Արմենիայի» հետ խաղի վերջում Դավիթ Խուրցիձեի խփած գոլի շնորհիվ խուսափեցին պարտությունից: Ի դեպ, դա ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում «Ալաշկերտի» վաստակած առաջին միավորն էր:    

2. «Նոան» էլ «Արարատի» հետ կայացած խաղն ավարտեց ոչ-ոքի, ընդ որում դարպասներն անառիկ մնացին: Դա առաջնությունում թիմի հաշվին գրանցված 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր («Վան»՝ 0-0, «Ուրարտու»՝ 2-2):

3. Հետաքրքիր է, որ «Նոայի»  գլխավոր մարզչի պաշտոնում Իգոր Պիկուշչակի վերադարձը տեղի էր ունեցել հենց «Ալաշկերտի» հետ ապրիլի 2-ին կայացած 2-րդ տուրից հետաձգված խաղում: Ավելացված ժամանակում Չարլզ Մարկ Իկեչուկվուի խփած միակ գոլի շնորհիվ «Նոան» հաղթել էր: Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» առայժմ անպարտելի է՝ 4 խաղում վաստակելով 6 միավոր: Իսկ մինչ այդ թիմը 3 անընդմեջ պարտություն էր կրել:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր 2

4. «Ալաշկերտի» համար «Նոայի» հետ հանդիպումը հոբելյանական՝ 250-րդն է VBET ՀՊԼ-ում: Ալաշկերտցիները 114 հաղթանակ են տոնել, 60 խաղ ավարտել են ոչ-ոքի, 75-ում պարտվել են, խփել են 353 գոլ, բաց են թողել 282 գնդակ:

5. Թեև Պավել Կիրիենկոն առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո հեռացել է թիմից, սակայն մինչ օրս նա 5 գոլով «Նոայի» լավագույն ռմբարկուն է: Իսկ ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ են գործել 3-ական գոլի հեղինակ դարձած Գեղամ Հարությունյանն ու Ալեշանդրե դե Օլիվեյրան:

«Ալաշկերտի» կազմում 5 գնդակով ամենաարդյունավետը Ժոզե Էմբալուն է: Նրանից մեկ գոլ պակաս է խփել Դավիթ Խուրցիձեն:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝  Արտակ Եդիգարյան՝  4 գոլ:

«Նոա»՝ Կիրիլ Բոռ՝  2 գոլ:

«ԱՐԱՐԱՏ» - «ՎԱՆ»

23 ապրիլի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

6 խաղ, որից  4-ում  հաղթել է «Արարատը», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  5-1

1-ին շրջան. 08.08.2021 «Վան»  0-1 «Արարատ»

Գոլը՝  0-1՝ Սերժ Դեբլե 51՛:

2-րդ շրջան. 26.10.2021 «Արարատ» 1-0  «Վան»  

Գոլը՝ 1-0՝ Սերժ Դեբլե 54՛:

3-րդ շրջան.  01.03.2022  «Վան»  0-1 «Արարատ»

Գոլը՝  0-1՝ Էդգար Մալաքյան 17՛:

«Արարատ»՝  3-րդ տեղ (39 միավոր), «Վան»՝  8-րդ տեղ (17 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 4 անընդմեջ պարտությունների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը «Նոայի» հետ, որը հոբելյանական էր՝ 750-րդը VBET ՀՊԼ-ում: Այդ խաղերից  322-ում արարատցիները հաղթել են, 146-ն ավարտել են ոչ-ոքի, 282-ում պարտվել են, խփել են 1257 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 954 գոլ: Ավելի շատ հանդիպումներ անցկացրել են միայն «Շիրակն» (791) ու «Փյունիկը» (765):

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր 3

2. «Վանը» նախորդ տուրում ազատ էր, ուստի թիմի ֆուտբոլիստներն ավելի շատ ժամանակ են ունեցել ուժերը վերականգնելու և «Արարատի» հետ մրցավեճին նախապատրաստվելու համար: Առաջնության վերջին երկու հանդիպումները շատ անհաջող դասավորվեցին «Վանի» համար, որը խոշոր հաշվով զիջեց «Նորավանքին» (1-7) և «Ուրարտուին» (0-3): Առաջնության գարնանային հատվածի 9 հանդիպումներում «Վանն» ընդամենը 6 միավոր է վաստակել:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր 4

3. Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել  2020թ. դեկտեմբերի 10-ին Չարենցավանում: Հանդիպման ելքը վճռել էր արարատցի Ուրոշ Նենադովիչի խփած միակ գոլը: «Վանի» հետ հաջորդ երկու հանդիպումներում «Արարատը»  4 թանկարժեք միավոր կորցրեց (0-0, 1-1), ինչը բացասաբար անդրադարձավ թիմի վրա չեմպիոնական մրցավազքում:

4. «Արարատը» միակ թիմն է, որի հետ ընթացիկ առաջնության հանդիպումներում «Վանը» ոչ միայն միավոր չի վաստակել, այլև չի գտել մրցակցի դարպասի բանալին: Իսկ ընդհանրապես «Արարատը» միակ թիմն է, որին «Վանը» VBET ՀՊԼ-ում դեռ չի հաղթել:

5. Մարտի 1-ին մրցակիցների միջև կայացած խաղում «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն էր անցկացրել: Նա դարձել էր այդ սահմանագիծը հատած ընդամենը 10-րդ հայ ֆուտբոլիստը: Վերջերս էլ նման ցուցանիշ էր գրանցել «Փյունիկի» ավագ Գևորգ Ղազարյանը: Ընթացիկ առաջնությունում Մկոյանին ևս մեկ հաճելի հոբելյան է սպասում՝ 300-րդ խաղը VBET ՀՊԼ-ում: Ներկայումս Մկոյանը Բարձրագույն խմբում 294 խաղ է անցկացրել:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր 5

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝  

«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ, Սերժ Դեբլե՝  2-ական գոլ:

«Վանի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված Բենիկ Հովհաննիսյանը:

ԲԿՄԱ -  «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»   

25 ապրիլի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

3 խաղ, որոնցից 2-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-6

1-ին շրջան. 06.08.2021 «Արարատ-Արմենիա»  3-2  ԲԿՄԱ

Գոլերը՝ 1-0՝ Մաիլսոն Լիմա 22՛, 11մ, 2-0՝ Արտյոմ Ավանեսյան 27՛, 3-0՝ Մաիլսոն Լիմա 46, 3-1՝ Գրենիկ Պետրոսյան 53՛, 3-2՝ Միքայել Միրզոյան 87՛:

2-րդ շրջան. 27.10.2021 ԲԿՄԱ 2-3 «Արարատ-Արմենիա»  

Գոլերը՝ 0-1՝ Մաիլսոն Լիմա 11՛, 11մ, 1-1՝ Մարտին Գրիգորյան 27՛, 2-1՝ Միքայել Միրզոյան 58՛, 2-2, 3-2՝ Յուսուֆ Օտուբանջո 62՛, 76՛:

3-րդ շրջան.  02.03.2022  «Արարատ-Արմենիա»  0-0  ԲԿՄԱ

ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (13 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (58 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր 6

1. Նախորդ տուրը կրկին անհաջող էր ԲԿՄԱ-ի համար, որը նվազագույն հաշվով զիջեց «Փյունիկին»՝ կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը: Մինչ այդ բանակայինները պարտվել էին  «Ալաշկերտին» (1-3) և «Նորավանքին» (0-1):

2. «Արարատ-Արմենիան» «Ալաշկերտի» հետ մրցավեճում վերջին րոպեներին ձեռքից բաց թողեց հաղթանակը, որի հետևանքով «Փյունիկին» հաջողվեց երկու միավորով առաջ անցնել ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2 թանկարժեք միավորի կորուստը կարող է ճակատագրական լինել ՀՀ կրկնակի չեմպիոնի համար ոսկե մեդալների համար մղվող պայքարում: Առանց այն էլ, առաջնության գարնանային հատվածում Դմիտրի Գունկոյի սաները 12 միավորի կորուստ են ունեցել:

3. «Արարատ-Արմենիայի» ամենաարդյունավետ երկու ֆուտբոլիստների՝ Մաիլսոն Լիմայի և Յուսուֆ Օտուբանջոյի միջև բավական հետաքրքիր պայքար է ծավալվել թիմի պատմության լավագույն ռմբարկուի տիտղոսի համար: Առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո նրանց հաշվին VBET ՀՊԼ-ում 25-ական գոլ էր գրանցված: Գարնանային հատվածում առայժմ ավելի արդյունավետ է գործում Մաիլսոն Լիման՝ խփելով 4 գնդակ: Օտուբանջոն աչքի է ընկել 2 անգամ: Այնպես որ Լիման 29 գնդակով ներկայումս «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն է:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր 7

4. Մարտի 2-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում Վալերիո Վիմերկատին դարպասն անառիկ պահելով, ընդգրկվել էր դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբի» կազմում՝ ընդհանուր առմամբ գոլ բաց չթողնելով 582 րոպե շարունակ: ԲԿՄԱ-ի հետ նոր դիմակայությունը կլինի VBET ՀՊԼ-ում Վիմերկատիի անընդմեջ անցկացրած 41-րդ խաղը: Այդ ցուցանիշով նա կհավասարվի «Շիրակի» նախկին դարպասապահ Արթուր Հարությունյանին: 

Առջևում միայն Վսևոլոդ Երմակովն է, որն առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել է առաջնության 50 հանդիպման: Երմակովի այդ շարքն ընդհատվել էր նախորդ առաջնության վերջին խաղում: Այնպես որ Վիմերկատին հաջորդ առաջնության մեկնարկում կարող է դառնալ ռեկորդակիր:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արտյոմ Ավանեսյանը VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» կազմում 41-րդ խաղը կանցկացնի ու կընդգրկվի թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝  

ԲԿՄԱ` Միքայել Միրզոյան` 2 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա՝  3 գոլ:

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՆՈՐԱՎԱՆՔ»  

25 ապրիլի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

3 խաղ, «Փյունիկը» հաղթել է 2 անգամ, «Նորավանքը»՝ 1, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-3

1-ին շրջան. 06.08.2021 «Նորավանք»  2-1 «Փյունիկ»

Գոլերը՝ 1-0՝ Բենյամին Տեչիե 25՛, 1-1՝ Հովհաննես Հարությունյան 45+8՛, 2-1՝ Սիմոն Օբոնդե 90+2՛:

2-րդ շրջան. 27.10.2021  «Փյունիկ» 2-0  «Նորավանք»  

Գոլերը՝ 1-0՝ Դուշան Չուբրակովիչ 12՛, ինքնագոլ, 2-0՝ Ուգո Ֆիրմինո 60՛:

3-րդ շրջան.  02.03.2022  «Նորավանք»  1-2  «Փյունիկ»

Գոլերը՝ 0-1՝  Ուգո Ֆիրմինո 33՛, 1-1՝ Եվգենի Կոբզար 60՛, 11մ, 1-2՝ Ուգո Ֆիրմինո 89՛:

«Փյունիկ»՝  1-ին տեղ (60 միավոր), «Նորավանք»՝  7-րդ տեղ (23 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր 8

1. «Փյունիկը» շարունակում է վստահ ելույթներն առաջնությունում՝ նվազագույն հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին: Դա արդեն 4-րդ անընդմեջ հաղթանակն էր, որի շնորհիվ ընթացիկ առաջնությունում առաջին անգամ «Փյունիկը» միավորներով գերազանցեց իր գլխավոր հակառակորդին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 

Եղիշե Մելիքյանի սաները գերազանց են հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 10 հանդիպումներում վաստակելով 28 միավոր: Միայն «Վանին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում:

2. «Նորավանքն» էլ վերելքով է հանդես գալիս վերջին հանդիպումներում՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը VBET ՀՊԼ-ում թիմի համար ռեկորդային ցուցանիշ է: Ընդ որոմ «Ուրարտուի» նկատմամբ «Նորավանքը» կամային հաղթանակ տոնեց՝ VBET ՀՊԼ-ում առաջին անգամ պարտության մատնելով մրցակցին:

Վերջին 5 հանդիպումներում Բարձրագույն խմբի նորեկը 4 հաղթանակ է տոնել՝ ընդհանուր առմամբ մրցակիցների դարպասը խփելով 14 գոլ: Մինչդեռ մինչ այդ անցկացրած 20 հանդիպումներում Վահե Գևորգյանի սաներն ընդամենը 2 հաղթանակ էին տոնել («Փյունիկ»՝ 2-1, «Վան»՝ 1-0) և ընդամենը 12 անգամ էին գրավել մրցակիցների դարպասները:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր 9

3. «Փյունիկի» կազմում բոլորից արդյունավետ է գործում Ուգո Ֆիրմինոն, որը 13 գոլի հեղինակ է դարձել: Այդ գոլերից 7-ը 34-ամյա պորտուգալացին խփել է առաջնության գարնանային հատվածում՝ գերազանցելով «Փյունիկի» նախկին հարձակվող Արսեն Ավետիսյանի արդյունավետության տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում թիմում խաղացած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 6 գնդակ էր խփել:

«Նորավանքում» լավագույնը 6 գոլի հեղինակ դարձած Սերգեյ Օռլովն է: Նրան մեկ գնդակով է զիջում առաջնության գարնանային հատվածում թիմում նորամուտը նշած Իբրահիմ Շուեյբուն:

4. Եթե 33-ամյա Սերժ Դեբլեին հաջողվի գրավել «Նորավանքի» դարպասը, ապա «Փյունիկի» կազմում 7-րդ գոլը կխփի և կգերազանցի իր թիմակից Ուգո Ֆիրմինոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 6 գոլ էր խփել:

5. 36-ամյա Դավիթ  Յուրչենկոն էլ կարող է միանգամից տարիքային երկու ռեկորդ սահմանել: Եթե նրան հաջողվի «Նորավանքի» հետ խաղում դարպասն առնվազն 76 րոպե անառիկ պահել, ապա կգերազանցի «Միկայի» նախկին դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլու տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում հանդես եկած այլազգի դարպասապահներից առավել երկար՝ 293 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր 10

Իսկ եթե Յուրչենկոն ողջ հանդիպման ժամանակ դարպասն անառկ պահի, ապա «Փյունիկում» 7-րդ «չոր» խաղը կանցկացնի ու կգերազանցի թիմի նախկին դարպասապահ Սլավիկ Սուքիասյանի տարիքային ռեկորդը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Փյունիկ»՝ Ուգո Ֆիրմինո՝ 3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա