Logo

Միրանյանը շարունակեց արդյունավետ խաղերի շարքը, Ֆիրմինոն տարիքային ռեկորդ սահմանեց. VBET ՀՊԼ-ի 28-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:21 / 21.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ-ի 28-րդ տուր

28-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝ 30-րդ առաջնության ավարտական՝ 4-րդ շրջանը:  Չեմպիոնական մրցավազքի երկու մասնակիցներից մեկը՝ «Արարատ-Արմենիան» «Ալաշկերտի» հետ մրցավեճում ձեռքից բաց թողեց հաղթանակը, իսկ «Փյունիկը» պարտության մատնելով ԲԿՄԱ-ին, ընթացիկ առաջնությունում առաջին անգամ միավորներով գերազանցեց իր գլխավոր հակառակորդին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին  2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 124 հանդիպումներից 52-ում հաղթել են դաշտի տերերը, 42-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 30-ում գրանցվել է ոչ-ոքի: 

VBET ՀՊԼ-ի 28-րդ տուր 1

4 հանդիպումներում խփվեց 8 գոլ (միջինը՝ 2 գոլ մեկ խաղում): Առաջնության գարնանային հատվածում կայացած 45 խաղում 99 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,2 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 124 հանդիպումներում խփվել է 298 գոլ (միջինը՝ 2,4 գոլ մեկ խաղում): 

2. «Փյունիկը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Ընթացիկ առաջնությունում փյունիկցիները բոլոր 4 հանդիպումներում էլ հաղթել են ԲԿՄԱ-ին, որին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Եղիշե Մելիքյանի սաները գերազանց են հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 10 հանդիպումներում վաստակելով 28 միավոր: Միայն «Վանին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում:

VBET ՀՊԼ-ի 28-րդ տուր 2

3. Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում: Դմիտրի Գունկոյի սաները վերջին 3 հանդիպումներում 4 միավորի կորուստ ունեցան, որը կարող է ճակատագրական լինել չեմպիոնության համար մրցապայքարում:

4. «Արարատն» ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը: «Նոայի» հետ հանդիպումը հոբելյանական էր՝ 750-րդը VBET ՀՊԼ-ում: Այդ խաղերից  322-ում արարատցիները հաղթել են, 146-ն ավարտել են ոչ-ոքի, 282-ում պարտվել են, խփել են 1257 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 954 գոլ: Ավելի շատ հանդիպումներ անցկացրել են միայն «Շիրակն» (791) ու «Փյունիկը» (765):

5. «Նորավանքն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ VBET ՀՊԼ-ում առաջին անգամ պարտության մատնելով «Ուրարտուին»: Այդ հանդիպումներում «Նորավանքի» ֆուտբոլիստները 11 գոլ են խփել: Վերջին 5 հանդիպումներում Բարձրագույն խմբի նորեկը 4 հաղթանակ է տոնել՝ ընդհանուր առմամբ մրցակիցների դարպասը խփելով 14 գոլ: Մինչդեռ մինչ այդ անցկացրած 20 հանդիպումներում Վահե Գևորգյանի սաներն ընդամենը 2 հաղթանակ էին տոնել («Փյունիկ»՝ 2-1, «Վան»՝ 1-0) և ընդամենը 12 անգամ էին գրավել մրցակիցների դարպասները:

6. Արթուր Միրանյանը շարունակեց արդյունավետ խաղերի շարքը՝ առաջնության վերջին 4 հանդիպումներում խաղադաշտից չհեռանալով առանց գոլի, ընդհանուր առմամբ 6 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Միրանյանը 8 գոլով «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն է: Ընդ որում բոլոր գոլերն էլ նա խփել է գարնանային հատվածում՝ դառնալով ամենաարդյունավետն առաջնության մասնակիցների մեջ: «Ուրարտուի» կազմում 2-րդ մրցաշրջանն անցկացնող Միրանյանը թիմում ընդհանուր առմամբ 11 գոլ է խփել, իսկ VBET ՀՊԼ-ում նրա հաշվին 23 գոլ է գրանցված:

7. Բաբու Չամը բացեց գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում՝ դառնալով դուբլի հեղինակ ու նպաստելով «Նորավանքի» հաղթանակին: Նա ընդգրկվեց թիմի լավագույն ռմբարկուների տասնյակում, ինչպես նաև «Նորավանքի» կազմում VBET ՀՊԼ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցանկում՝ «Ուրարտուի» դարպասը գրավելով 23 տարեկան 48 օրականում:

8. 34-ամյա Ուգո Ֆիրմինոն առաջնության գարնանային հատվածում 7-րդ գոլը խփեց և գերազանցեց «Փյունիկի» նախկին հարձակվող Արսեն Ավետիսյանի արդյունավետության տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում թիմում խաղացած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 6 գնդակ էր խփել: Ֆիրմինոն 2 գնդակով դարձավ VBET ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ի հետ դիմակայությունում «Փյունիկի» լավագույն ռմբարկուն: Հետաքրքիր է, որ ԲԿՄԱ-ի հետ 3-րդ շրջանի խաղում էլ «Փյունիկին» հաղթանակ էր պարգևել Ֆիրմինոյի խփած միակ գոլը:

9. 36-ամյա Դավիթ  Յուրչենկոն «Փյունիկի» դարպասն առաջնությունում 6-րդ անգամ անառիկ պահեց ու կրկնեց թիմի նախկին դարպասապահ Սլավիկ Սուքիասյանի տարիքային ռեկորդը:

10. Անդրանիկ Քոչարյանը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա