Logo

«Փյունիկն» առաջատարին շրջանցելու հնարավորություն է ստացել. Կկայանա՞ ռևանշն «Արարատի» նկատմամբ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:35 / 11.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ 26-րդ տուր

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱԼԱՇԿԵՐՏ» - ԲԿՄԱ 

11 ապրիլի,  ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ  

2 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  4-1

1-ին շրջան.  27.09.2021   «Ալաշկերտ»   2-1  ԲԿՄԱ

Գոլերը՝ 1-0՝ Դավիթ Խուրցիձե 36՛, 1-1՝ Արթուր Սերոբյան 77՛, 2-1՝ Ֆոֆանա Բեկո 82՛:

2-րդ շրջան.  12.12.2021.  ԲԿՄԱ  0-2  «Ալաշկերտ»   

Գոլերը՝ 0-1՝ Դավիթ Խուրցիձե 19,՛ 0-2՝ Ժոզե Էմբալու 82՛:

«Ալաշկերտ»՝  4-րդ տեղ (34 միավոր), ԲԿՄԱ՝  9-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության բրոնզե մեդալների և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ալաշկերտը» նախորդ տուրում վերջապես աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Նորավանքի» դարպասը: Դա ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտի» տոնած խոշոր հաշվով 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր «Վանի» նկատմամբ՝ 4-0: 

VBET ՀՊԼ 26-րդ տուր 1

Առաջնության գարնանային հատվածի 8 հանդիպումներում Հայաստանի գործող չեմպիոնն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ 13 միավոր է վաստակել: Այդ խաղերից  5-ում «Ալաշկերտի»  դարպասն անառիկ է մնացել:

2. Նախորդ տուրը հաղթական էր նաև ԲԿՄԱ-ի համար, որը երկարատև դադարից հետո վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը՝ 3-2 հաշվով պարտության մատնելով «Արարատին»: Դա վերջինիս նկատմամբ ԲԿՄԱ-ի առաջին հաղթանակն էր VBET ՀՊԼ-ի հանդիպումներում: Հաղթանակի համար բանակայիններից 153 օր պահանջվեց: Նախորդ հաղթանակը Ռաֆայել Նազարյանի սաները տոնել էին անցյալ տարվա նոյեմբերի 4-ին՝  նվազագույն հաշվով պարտության մատնելով «Վանին»: Առաջնության գարնանային հատվածում ԲԿՄԱ-ն բավական լավ է հանդես գալիս՝ 7 խաղում վաստակելով նույնքան միավոր: 

VBET ՀՊԼ 26-րդ տուր 2

3. Եթե «Ալաշկերտին» հաջողվի գրավել ԲԿՄԱ-ի դարպասը, ապա կնշի VBET ՀՊԼ-ում 350-րդ գոլի հոբելյանը: Ընթացիկ առաջնությունում ալաշկերտցիներից ամենաարդյունավետը Ժոզե Էմբալուն է, որի հաշվին 5  գոլ է գրանցված: 

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը հայկական ակումբներում և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 400-րդ խաղը կանցկացնի:

VBET ՀՊԼ 26-րդ տուր 3

5. Անդրանիկ Ոսկանյանն էլ խաղադաշտ դուրս գալու դեպքում թիմի կազմում 69-րդ խաղը կանցկացնի VBET ՀՊԼ-ում և կընդգրկվի «Ալաշկերտի» ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է Արտակ Գրիգորյանը, որն «Ալաշկերտում» Բարձրագույն խմբում 164 խաղ է անցկացրել: 

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Ալաշկերտ»՝ Դավիթ Խուրցիձե՝ 2  գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ալաշկերտցի Վանգու Գոմեն:

«ԱՐԱՐԱՏ» - «ՓՅՈՒՆԻԿ» 

11 ապրիլի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ  

86 խաղ, «Արարատը» հաղթել է 22 անգամ, «Փյունիկը»՝  44, գրանցվել է 20  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  83-145

1-ին շրջան.  27.09.2021  «Արարատ»  0-1 «Փյունիկ»

Գոլը՝ 0-1՝ Խոսե Կառաբալլո 26՛:

2-րդ շրջան.  11.12.2021  «Փյունիկ»  2-6  «Արարատ»  

Գոլերը՝ 0-1-0-3՝ Սերժ Դեբլե 11՛, 14՛, 22՛, 1-3՝ Ուգո Ֆիրմինո 33՛, 1-4՝ Դմիտրիե Պոբուլիչ 47՛, 1-5՝ Ալիկ Առաքելյան 65՛, 1-6՝ Դմիտրիե Պոբուլիչ 70՛, 2-6՝ Ուգո Ֆիրմինո 88՛, 11մ:

«Արարատ»՝  3-րդ տեղ (38 միավոր), «Փյունիկ»՝  2-րդ տեղ (51 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատն» առաջնությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ ավելացված ժամանակում 2-3 հաշվով զիջելով ԲԿՄԱ-ին, որի հետ հանդիպումներում դեռ միավոր չէր կորցրել: Պաշտոնական վերջին 3 հանդիպումներն արարատցիներն անհաջող անցկացրին՝ դուրս մնալով նաև ՀՀ գավաթի խաղարկությունից: 

VBET ՀՊԼ 26-րդ տուր 4

Վերջին անհաջողությունների պատճառով արարատցիները կորցրին «Ալաշկերտի» նկատմամբ ունեցած միավորների զգալի առավելությունը և այժմ նրանց դժվարին պայքար է սպասվում բրոնզե մեդալների և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար:

2. Միջազգային դադարի հետևանքով և խաղացանկի քմահաճույքով «Փյունիկը» 21 օր մնացել էր առանց պաշտոնական հանդիպման: Վերջին խաղը փյունիկցիներն անցկացրել են մարտի 20-ին՝ ավելացված ժամանակում Ժունինյոյի խփած միակ գոլի շնորհիվ կորզելով հաղթանակն «Ուրարտուի» հետ կայացած մրցավեճում: Դրանից հետո «Փյունիկն» ընդամենը մեկ ընկերական հանդիպում է անցկացրել՝ մարտի 30-ին 4-0 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին: Այդ խաղում գոլերի հեղինակներ են դարձել Բրունո Նասիմենտոն, Սերժ Դեբլեն, Արտակ Դաշյանը և Հիգոր Լեյտեն։

VBET ՀՊԼ 26-րդ տուր 5

3. Չեմպիոնական մրցավազքում «Փյունիկի» մրցակից «Արարատ-Արմենիան» այս տուրում ազատ է, ուստի փյունիկցիներին հիանալի հնարավորություն է ընձեռվել միավորներով հավասարվելու առաջատարին և նրա հետ անձնական հանդիպումների արդյունքների շնորհիվ շրջանցելու «Արարատ-Արմենիային»: 

Անկասկած, Եղիշե Մելիքյանի սաները ջանք ու եռանդ չեն խնայի կատարելու իրենց առջև դրված խնդիրը: Բացի այդ էլ, «Փյունիկը» ձգտելու է ռևանշի հասնել մրցակիցների նախորդ մրցավեճում «Արարատից» 2-6 անսովոր հաշվով կրած պարտության դիմաց: Այդ պարտությամբ ընդհատվել էր «Փյունիկի» 6 անընդմեջ հաղթանակների և անպարտելի 12 խաղերի տպավորիչ շարքը:

4. Առաջնության գարնանային հատվածում «Փյունիկը» պարզապես գերազանց է հանդես գալիս՝ 7 հանդիպումներում վաստակելով 19 միավոր: Միայն «Վանին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում: Ճիշտ է, այդ խաղում «Փյունիկը» խուսափեց պարտությունից ավելացված ժամանակում Ուգո Ֆիրմինոյի խփած գոլի շնորհիվ: 

Վերջինս դարձել է գարնանային հատվածում «Փյունիկի» հաղթանակների հիմնական կերտողը: Պատահական չէ, որ Ֆիրմինոն ճանաչվել է մարտի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Եղիշե Մելիքյանն էլ արդեն 4-րդ անգամ է արժանանում ամսվա լավագույն մարզչի մրցանակին:

VBET ՀՊԼ 26-րդ տուր 6

5. Առաջնության լավագույն ռմբարկու Սերժ Դեբլեն առաջին անգամ է խաղադաշտ դուրս գալու իր նախկին թիմակիցների դեմ: Ի դեպ, հենց Դեբլեի հեթ-տրիկը վճռորոշ եղավ «Արարատի» համար «Փյունիկին» հաղթելու գործում: Արարատցիների կազմում Դեբլեն 14  գոլի հեղինակ է դարձել և կդառնա թիմի լավագույն ռմբարկուն ընթացիկ առաջնությունում: 

Իսկ «Փյունիկում» նա արդեն հասցրել է 4 գոլ խփել, որից 3-ը՝ «Ալաշկերտի» դարպասը: «Փյունիկում» ամենաարդյունավետը Ուգո Ֆիրմինոն է, որի հաշվին 11 գոլ է գրանցված: Դրանցից  5-ը նա խփել է առաջնության գարնանային հատվածում:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝  Կարեն Բարսեղյան՝  5 գոլ:

«Փյունիկ»՝  Արսեն Ավետիսյան՝  9 գոլ:

«ՆՈՐԱՎԱՆՔ» - «ՎԱՆ» 

12 ապրիլի, ժ.14:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ  

2 խաղ, «Նորավանքը» հաղթել է 1 անգամ, «Վանը»՝ 1, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  1-2

1-ին շրջան.  28.09.2021  «Նորավանք»  1-0  «Վան»

Գոլը՝ 1-0` Սերգեյ Օռլով 23՛:

2-րդ շրջան.  10.12.2021  «Վան»  2-0  «Նորավանք»  

Գոլերը՝ 1-0-2-0` Ջոսուե Գաբա 78՛, 80՛:

«Նորավանք»՝  8-րդ տեղ (14 միավոր), «Վան»՝  7-րդ տեղ (17 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ 26-րդ տուր 7

1. VBET Հայաստանի գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո «Նորավանքին» չհաջողվեց առաջնության հերթական խաղում լուրջ դիմադրություն ցույց տալ «Ալաշկերտին»՝ պարտվելով 0-3 հաշվով: Իսկ մինչ այդ «Նորավանքն» առաջնությունում երկար ընդմիջումից հետո վերջապես վայելել էր հաղթանակի բերկրանքը՝ 3-1 հաշվով պարտության մատնելով «Նոային», որով ընդհատել էր առանց հաղթանակների 14 խաղերի շարքը:

2. Իսկ ահա «Վանը» դուրս մնալով Հայաստանի գավաթի մրցաշարից, առաջնության նախորդ տուրում կարողացավ միավոր վաստակել՝ «Նոայի» հետ մրցավեճն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնության վերջին 4 հանդիպումներում Սևադա Արզումանյանի սաներն անպարտելի են՝ վաստակելով 6 միավոր, հաղթելով «Արարատ-Արմենիային»: 

VBET ՀՊԼ 26-րդ տուր 8

3. Մինչև «Նորավանքի» հետ կայացած 2-րդ շրջանի հանդիպումը «Վանի»  ֆուտբոլիստները նախորդ 7 հանդիպումներում չէին գտել մրցակիցների դարպասի բանալին: Եվ ահա «Նորավանքի» հետ խաղում Ջոսուե Գաբան վերջապես գրավեց դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ և ընդհատելով 785 րոպե տևած գոլային երաշտը: Դա ինչպես ընթացիկ առաջնության, այնպես էլ «Վանի»  պատմության մեջ գրանցած վատագույն արդյունքն էր: 
Իսկ մինչև VBET ՀՊԼ-ում մրցավեճի բռնվելը, մրցակիցները մրցել էին ՀՀ գավաթի նախորդ խաղարկությունում: 2020թ. աշնանը Չարենցավանում կայացած 1/8 եզրափակիչ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով (0-0, 2-0) առավելության էր հասել «Վանը»:

4. Այս խաղում մրցելու են առաջնությունում ամենացածր արդյունավետություն ունեցող թիմերը: «Վանը» 22 խաղում ընդամենը 13 գոլ է խփել («Սևանի» դարպասը խփած 2 գոլերը չեղարկվել են): Թիմում ամենաարդյունավետը Զավեն Բադոյանն է, որի խփած 5 գոլերից մեկը չեղարկվել է:

VBET ՀՊԼ 26-րդ տուր 9

«Նորավանքի» խփած 16 գոլերից 4-ը բաժին է ընկնում Սերգեյ Օռլովին: Հետաքրքիր է, որ նա Բարձրագույն խմբում իր գոլերի հաշիվը բացել էր հենց «Վանի» հետ կայացած առաջին շրջանի խաղում:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Նորավանքի» հարձակվող Անդրանիկ Քոչարյանը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝  150-րդ խաղը կանցկացնի: Առաջնության գարնանային հատվածում նա կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում և առայժմ ընդամենը 3 անգամ է փոխարինման մտել: Մինչդեռ առաջնության աշնանային հատվածում Քոչարյանը միայն մեկ խաղ էր բաց թողել՝ մասնակցելով 16 հանդիպման:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Վան»՝ Ջոսուե Գաբա՝ 2 գոլ:

«ՈՒՐԱՐՏՈՒ»  - «ՆՈԱ» 

12 ապրիլի, ժ.17:00, Երևան, «Ուրարտու-1»  մարզադաշտ

11 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 3 անգամ, «Նոան»՝ 4, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  9-11

1-ին շրջան.  29.09.2021  «Ուրարտու»  0-1 «Նոա»

Գոլը՝ 0-1՝ Վադիմ Պայռելի 90՛:

52-րդ րոպեին Լիվիո Միլթսը («Ուրարտու») չիրացրեց 11մ հարվածը (Գրիգորի Մաթևոսյանը հետ մղեց գնդակը):

2-րդ շրջան.  10.12.2021  «Նոա»  1-1  «Ուրարտու»  

Գոլերը՝ 0-1՝ Օլեգ Պոլյակով 73՛, 1-1՝ Յարոսլավ Մատվիենկո 85՛:

«Ուրարտու»՝  6-րդ տեղ (26 միավոր), «Նոա»՝  5-րդ տեղ (28 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ 26-րդ տուր 10

1. «Ուրարտուն» հաջողությամբ լուծելով գավաթի եզրափակիչ մտնելու խնդիրը, իսկական ճակատամարտ տվեց  «Արարատ-Արմենիային»՝ խաղն ավարտելով մարտական ոչ-ոքիով: Առաջնության վերջին 9 հանդիպումներում «Ուրարտուն» ընդամենը մեկ պարտություն է կրել՝ նվազագույն հաշվով զիջելով «Փյունիկին»: Այդ խաղերում «Ուրարտուն» 11 միավոր է վաստակել:

2. Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» առաջնությունում 2-րդ հանդիպումն անցկացրեց՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Վանի» հետ: Իսկ նախորդ խաղում Պիկուշչակն իր վերադարձը թիմ նշանավորել էր «Ալաշկերտի» նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակով:

VBET ՀՊԼ 26-րդ տուր 11

3. Վարդան Շահատունու նորամուտը «Նոայում» շատ հաջող ստացվեց: «Ալաշկերտի» և «Վանի» հետ անցկացրած երկու խաղերում էլ նա դարպասն անառիկ պահեց: Հետաքրքիր է,  որ մինչ «Նոա» տեղափոխվելը VBET ՀՊԼ-ում վերջին խաղը Շահատունին անցկացրել էր 2020թ. հունիսի 20-ին իր ներկայիս թիմի հետ խաղում՝ պաշտպանելով «Լոռիի» դարպասը: Այդ խաղում նրա դարպասը գրավել էին Դանու Սպատառուն և Ռոկաս Կրուշնաուսկասը:

4. «Ուրարտուի» կազմում 5 գնդակով լավագույն ռմբարկուն Օլեգ Պոլյակովն է: Ընդ որում գոլերից 2-ը նա խփել է «Սևանի» հետ չեղարկված խաղում: Առաջնության գարնանային հատվածում նա դեռ աչքի չի ընկել: Այս հատվածում առավել արդյունավետ է գործում Արթուր Միրանյանը, որն արդեն 3 գոլ է խփել, որից երկուսը՝ 11մ հարվածով: 

VBET ՀՊԼ 26-րդ տուր 12

«Նոայի» լավագույն ռմբարկուն թիմից հեռացած Պավել Կիրիենկոն է, որը 5 գոլի հեղինակ է դարձել: Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենաարդյունավետը 3 գոլ խփած Գեղամ Հարությունյանն է: Նա ընթացիկ առաջնության մասնակիցներից VBET ՀՊԼ-ում բոլորից շատ՝ 56 գոլ է խփել:

5. Եթե Արսեն Բեգլարյանին հաջողվի անառիկ պահել դարպասը, ապա VBET ՀՊԼ-ում 70-րդ «չոր» խաղը կանցկացնի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Ուրարտու»՝  Ալեքսանդր Գլիշիչ,  Եվգենի Կոբզար՝  2-ական գոլ:

«Նոա»՝  Սանա Գոմեշ, Մաքսիմ Մայրովիչ՝  2-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա