Logo

Գոլային հրավառություն, 4-ական դուբլ և 11մ հարված. VBET ՀՊԼ-ի 26-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:41 / 13.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

26-րդ տուրի հանդիպումներից հետո մրցանակային տեղերի համար պայքարը չափազանց սրվեց՝ հասնելով գագաթնակետին: «Արարատի» նկատմամբ ռևանշի հասնելով, «Փյունիկը» միավորներով հավասարվեց «Արարատ-Արմենիային» և անձնական խաղերի արդյունքներով գերազանցելով ՀՀ կրկնակի չեմպիոնին, ստանձնեց առաջատարի դերը: «Ալաշկերտն» էլ օգտվելով «Արարատի» հերթական անհաջողությունից, միավորների տարբերությունը հասցրեց նվազագույնի:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 116 հանդիպումներից 48-ում հաղթել են դաշտի տերերը, 40-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 28-ում գրանցվել է ոչ-ոքի: 

26-րդ տուրն ամենաարդյունավետն էր առաջնության գարնանային հատվածում: 4 հանդիպումներում խփվեց 19 գոլ (միջինը՝ 4, 75 գոլ մեկ խաղում): Ավելի շատ գոլեր (25) խփվել էին միայն առաջնության մեկնարկային տուրի 5 հանդիպումներում: Ընդ որում այդ գոլերից 7-ը գրանցվել էր «Սևան»-«Վան» խաղում, որի արդյունքը հետագայում չեղարկվել էր: Ուստի եթե այդ գոլերը չհաշվենք, ապա ստացվում է, որ 26-րդ տուրն ամենաարդյունավետն էր նաև ողջ առաջնությունում:

Առաջնության գարնանային հատվածի արդյունավետությունը զգալիորեն աճեց. 37 խաղում 80 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,16 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 116 հանդիպումներում խփվել է 279 գոլ (միջինը՝ 2,4 գոլ մեկ խաղում): 

2. «Փյունիկը» ռևանշի հասավ «Արարատի» նկատմամբ 2-րդ շրջանում խոշոր հաշվով (2-6) կրած պարտության դիմաց՝ ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ հաղթելով արարատցիներին: Այդ խաղում Խոսե Կառաբալլոյի խփած գոլը դարձավ  VBET ՀՊԼ-ում «Արարատի» բաց թողած 950-րդ գնդակը:

Առաջնության գարնանային հատվածում «Փյունիկը» պարզապես գերազանց է հանդես գալիս՝ 8 հանդիպումներում վաստակելով 22 միավոր: Միայն «Վանին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում:

3. «Արարատն» առաջնությունում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Պաշտոնական վերջին 4 հանդիպումներում արարատցիները պարտվել են: Առաջնության գարնանային հատվածի 8 հանդիպումներում արարատցիները նույնքան միավոր են վաստակել:

4. «Նորավանքը» VBET ՀՊԼ-ում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց՝ 7-1 հաշվով ջախջախելով «Վանին»: Դա ընթացիկ առաջնության մեկնարկային տուրի «Արարատ»-«Նոա» խաղում գրանցված ամենախոշոր հաշվով հաղթանակի (7-1) կրկնությունն է: Ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ մեկ խաղում 8 գոլ խփվեց:  Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել առաջնության աշնանային հատվածի ավարտական տուրի «Փյունիկ»-«Արարատ» մրցավեճում (2-6):

5. «Վանի» անպարտելի 4 խաղերի շարքն ընդհատվեց: VBET ՀՊԼ-ում «Վանն» իր ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց: Մինչ այդ «Վանն» ամենախոշոր հաշվով պարտվել էր «Նոային» (2020/21թթ.) և «Ալաշկերտին» (2021/22թթ.)՝ 4 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Ընթացիկ առաջնությունում «Վանը» խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեց: Բացի «Ալաշկերտից», «Վանը» 0-3 հաշվով զիջել է «Նոային»:

6. Տուրում նշանակված 11մ 4 հարվածներից դիպուկ իրացվեց 3-ը: Դիպուկությամբ աչքի ընկան ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, «Նոայի» ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը և «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը: Վերջինս ընթացիկ առաջնությունում հաջող է իրացրել 11մ 3 հարվածներն էլ: Առաջնության գարնանային հատվածում «Ուրարտուի» օգտին նշանակված 11մ 4 հարվածներն էլ ավարտվել են դարպասի գրավմամբ: Հետաքրքիր է, որ գարնանային հատվածի այն 4 խաղերում, որոնցում «Ուրարտուն» 11մ հարվածի իրավունք չի ստացել, թիմին այդպես էլ չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին:

7. Սերժ Դեբլեն առաջնությունում 19-րդ գոլը խփեց: Դրանցից 5-ն առաջնության լավագույն ռմբարկուն խփել է «Փյունիկում» գարնանային հատվածում: Այդ ցուցանիշով Դեբլեն իր թիմակից Ուգո Ֆիրմինոյի, «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանի և նորավանքցի Իբրահիմ Շուեյբուի հետ առաջնության գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: VBET ՀՊԼ-ում իվուարցի ֆուտբոլիստը 34 գոլի հեղինակ է դարձել՝ եզրափակելով ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոնականների հնգյակը:

8. Սերգեյ Օռլովը կարող էր հեթ-տրիկի հեղինակ դառնալ, սակայն մինչև «Վանի» դարպասը երկու անգամ գրավելը, չկարողացավ հստակ իրացնել 11մ հարվածը, որը հետ մղեց VBET ՀՊԼ-ում նորամուտը նշող Դավիթ Պապիկյանը: Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնությունում Օռլովը ևս մեկ անգամ անհաջող էր իրացրել 11մ հարվածը ու կրկին «Վանի» հետ մրցախաղում: Դեկտեմբերի 10-ին կայացած այդ խաղում Օռլովի հարվածը հետ էր մղել Արման Մելիքսեթյանը:

Ռուս ֆուտբոլիստը 6 գնդակով շարունակում է գլխավորել «Նորավանքի» լավագույն ռմբարկուների ցանկը: Նա ընդգրկվեց ՀՀ առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում: 5 գոլով այդ ցանկում ընդգրկվեց նաև «Նորավանքի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Իբրահիմ Շուեյբուն, իսկ նրա թիմակից Յեննե Տենտոնը բացեց գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում՝ դառնալով դուբլի հեղինակ: Արամ Քոչարյանն էլ առաջին գոլը խփեց «Նորավանքում»:

9. Խամես Սանթոսը բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում՝ դառնալով VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 350-րդ գոլի հեղինակը: Իր առաջին գոլը խփեց նաև «Վանի» լեգեոնական Ջեյսոն Քլիֆորդը:

10. Անդրանիկ Ոսկանյանը VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտի» կազմում 69-րդ խաղն  անցկացրեց և ընդգրկվեց թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է Արտակ Գրիգորյանը, որն «Ալաշկերտում» Բարձրագույն խմբում 165 խաղ է անցկացրել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա