Logo

Բախտորոշ հանդիպումներ մրցանակային տեղերի համար պայքարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:57 / 14.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱՐԱՐԱՏ - ԱՐՄԵՆԻԱ» - «ԱՐԱՐԱՏ» 

15 ապրիլի,  ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

13 խաղ, «Արարատ - Արմենիան»  հաղթել է 9 անգամ, «Արարատը»՝  2,  գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  26-9

1-ին շրջան.  17.10.2021 «Արարատ- Արմենիա»  3-0  «Արարատ»  

Գոլերը՝ 1-0՝ Մաիլսոն Լիմա 61՛, 2-0, 3-0՝ Յուսուֆ Օտուբանջո 66՛, 90+6՛:

2-րդ շրջան.  19.02.2022  «Արարատ»  0-1  «Արարատ- Արմենիա»

Գոլը՝  0-1՝ Մաիլսոն Լիմա 28՛:

«Արարատ- Արմենիա»՝ 2- րդ տեղ (54 միավոր), «Արարատ»՝  3-րդ տեղ (38 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» ազատ էր, ինչը հնարավորություն ընձեռեց  «Փյունիկին»  «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ միավորներով հավասարվելու իր գլխավոր մրցակցին ու գլխավորելու մրցաշարային աղյուսակը: Առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիան» առայժմ այնքան էլ վստահ հանդես չի գալիս՝ 8 հանդիպումներում վաստակելով 14 միավոր: Ընդ որում վերջին երկու խաղերում թիմի օգտին ընդամենը մեկ միավոր է գրանցվել:

2. Առաջնության գարնանային հատվածում «Արարատի» անհաջողությունները շարունակվում են: Արարատցիները 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցին, որի հետևանքով 4-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին» միայն մեկ միավորով են գերազանցում: Եթե այս խաղում էլ արարատցիներին չհաջողվի միավոր վաստակել, չի բացառվում, որ նահանջեն 4-րդ հորիզոնական: Գարնանային հատվածի 8 հանդիպումներում արարատցիները նույնքան միավոր են վաստակել՝ նվազագույն հաշվով հաղթելով «Վանին» և «Նորավանքին»: 

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 3 հանդիպումներից 2-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», մեկն ավարտվել է ոչ-ոքի: Ընդ որում ընթացիկ առաջնության երկու խաղերում էլ «Արարատը» պարտվել է՝ չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ արարատցիները տոնել են անցյալ տարվա փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:

4. «Արարատը» լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում: Դրա վկայությունն է, որ գարնանային հատվածի 8 հանդիպումներում արարատցիներն ընդամենը 6 գոլ են խփել: Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենաարդյունավետը Էդգար Մալաքյանն է, որի հաշվին 5 գոլ է գրանցված:

5. Եթե Մաիլսոն Լիմային հաջողվի այս անգամ էլ գրավել «Արարատի» դարպասը, ապա ընթացիկ առաջնությունում 16-րդ գոլը կխփի և կգերազանցի թիմի նախկին հարձակվող Անտոն Կոբյալկոյի արդյունավետության ռեկորդը, որը սահմանվել էր 2019/20թթ. առաջնությունում: Ի դեպ, առաջին շրջանի խաղում «Արարատի» դարպասը Մաիլսոն Լիմայի խփած գոլը Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 150-րդ գնդակն էր:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Արարատ - Արմենիա»՝  Յուսուֆ Օտուբանջո, Մաիլսոն Լիմա՝  6-ական գոլ:

«Արարատ»՝  Արտյոմ Սիմոնյան՝  2 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված արարատցի Ռոբերտ Դարբինյանը:

«ՓՅՈԻՆԻԿ»  - «ԱԼԱՇԿԵՐՏ» 

15 ապրիլի,  ժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

35 խաղ, «Փյունիկը» հաղթել է 13 անգամ, «Ալաշկերտը»՝ 11,  գրանցվել է 11  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  50-45

1-ին շրջան.  15.10.2021 «Փյունիկ» 1-1 «Ալաշկերտ»

Գոլերը՝ 1-0՝ Էրիկ Վարդանյան 32՛, 11մ, 1-1՝ Տարոն Ոսկանյան 90+2՛:

2-րդ շրջան.  21.02.2022  «Ալաշկերտ»  1-4  «Փյունիկ» 

Գոլերը՝  0-1՝ Սերժ Դեբլե 45+1՛, 1-1՝ Ժոզե Էմբալու 52՛, 1-2, 1-3՝ Սերժ Դեբլե 59՛, 61՛, 1-4՝ Զորան Գայիչ 65՛: 

«Փյունիկ»՝  1-ին տեղ (54 միավոր), «Ալաշկերտ»՝  4-րդ տեղ (37 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատի» նկատմամբ ռևանշի հասնելով, «Փյունիկը» միավորներով հավասարվեց «Արարատ-Արմենիային» և անձնական խաղերի արդյունքներով գերազանցելով ՀՀ կրկնակի չեմպիոնին, ստանձնեց առաջատարի դերը: Առաջնության գարնանային հատվածում «Փյունիկը» պարզապես գերազանց է հանդես գալիս՝ 8 հանդիպումներում վաստակելով 22 միավոր: Միայն «Վանին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում:

Գերազանց ելույթների շնորհիվ փյունիկցիներին հաջողվեց վերացնել «Արարատ-Արմենիայից» 8 միավորի տարբերությունը, որը հաստատվել էր առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո:

2. «Ալաշկերտն» էլ վերջին երկու հանդիպումներում 3-ական գնդակ ուղարկելով «Նորավանքի» (3-0) և ԲԿՄԱ-ի (3-1) դարպասները, կարևոր հաղթանակներ տոնեց և օգտվելով «Արարատի» անհաջողություններից, արարատցիներից միավորների տարբերությունը հասցրեց ընդամենը մեկի: Եվ այժմ «Ալաշկերտը» լավ հնարավորություն է ստացել իրական պայքար մղելու առաջնության բրոնզե մեդալների և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար:

Առաջնության գարնանային հատվածում «Ա;լաշկերտն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած 9 հանդիպումներում 16 միավոր է վաստակել:

3. «Փյունիկն» ընթացիկ առաջնության մասնակից այն երկու թիմերից մեկն է (մյուսն «Արարատ-Արմենիան» է), որին «Ալաշկերտն» այս մրցաշրջանում դեռ չի հաղթել: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ գրանցվել է անցյալ տարվա մայիսի 6-ին: Հանդիպման ելքը վճռել է ալաշկերտցի Բրանկո Միհայլովիչի խփած միակ գոլը: Ի դեպ, դա Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր:

Հետաքրքիր է, որ մինչև երկրորդ շրջանում «Փյունիկից» խոշոր հաշվով պարտվելը, մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 6 հանդիպումներից 2-ում հաղթել էր «Ալաշկերտը», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Ալաշկերտի»  նկատմամբ «Փյունիկը» տոնել էր 2019թ. ապրիլի 27-ին: Հանդիպման ելքը վճռել էր «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի ինքնագոլը: 

4. «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում Եղիշե Մելիքյանին առաջին անգամ հաջողվեց հաղթել իր նախկին սաներին՝ ալաշկերտցիներին: Իսկ մինչ այդ անցկացրած 3 հանդիպումներից 2-ն ավարտվել էր ոչ-ոքի (1-1), մյուսում «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվել էր:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Փյունիկի» ավագ Գևորգ Ղազարյանի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի կունենա: Նա կանցկացնի պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղը: Ղազարյանը կդառնա ֆուտբոլային կարիերայում նման ցուցանիշի հասած ընդամենը 11-րդ հայ ֆուտբոլիստը: Յուրօրինակ ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, որը ֆուտբոլային կարիերայում 783 խաղ է անցկացրել:

Ուրոշ Նենադովիչն էլ խաղադաշտ դուրս գալու դեպքում VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան՝ 4-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 11 գոլ: 

Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը:

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 

16 ապրիլի,  ժ.15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

5 խաղ, «Վանը» հաղթել է 1 անգամ, «Ուրարտուն»՝ 3,  գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց  թողած  գոլերի հարաբերակցությունը՝  5-7

1-ին շրջան.  16.10.2021 «Վան» 1-1 «Ուրարտու» 

Գոլերը՝ 1-0՝ Վլադիմիր Ֆիլիպով 12՛, 1-1՝ Օլեգ Պոլյակով 61՛:

2-րդ շրջան.  20.02.2022  «Ուրարտու» 1-0  «Վան»  

Գոլը՝ 1-0՝ Արթուր Միրանյան 77՛, 11մ:

«Վան»՝  8-րդ տեղ (17 միավոր), «Ուրարտու»՝  6-րդ տեղ (27 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Վանն» անճանաչելի էր դարձել՝ 1-7 հաշվով ջախջախիչ պարտություն կրելով «Նորավանքից»: Դա VBET ՀՊԼ-ում «Վանի» ամենախոշոր հաշվով պարտությունն էր, որով ընդհատվեց անպարտելի 4 խաղերի շարքը: Իսկ մինչ այդ «Վանն» ամենախոշոր հաշվով պարտվել էր «Նոային» (2020/21թթ.) և «Ալաշկերտին» (2021/22թթ.)՝ 4 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Ընթացիկ առաջնությունում «Վանը» խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեց: Բացի «Ալաշկերտից», «Վանը» 0-3 հաշվով զիջել է «Նոային»:

2. «Ուրարտուն» 2-րդ անընդմեջ խաղն ավարտեց ոչ-ոքի: Եթե «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել, ապա «Նոայի» հետ խաղում 4 գոլ գրանցվեց: «Ուրարտուի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը՝ գոլերից մեկը խփելով 11մ հարվածով: Ընթացիկ առաջնությունում նա դիպուկ է իրացրել 11մ 3 հարվածներն էլ: 

Առաջնության գարնանային հատվածում «Ուրարտուի» օգտին նշանակված 11մ 4 հարվածներն էլ ավարտվել են դարպասի գրավմամբ: Հետաքրքիր է, որ գարնանային հատվածի այն 4 խաղերում (բացառությամբ «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման), որոնցում «Ուրարտուն» 11մ հարվածի իրավունք չի ստացել, թիմին այդպես էլ չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 հանդիպումներից 2-ում հաղթել է «Ուրարտուն», մեկում գրանցվել է ոչ-ոքի: Միակ հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Վանը» տոնել է անցյալ տարվա մարտի 6-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 3-1:

4. «Վանի» լավագույն ռմբարկու Զավեն Բադոյանը, որի հաշվին 5 գոլ է գրանցված, հեռացել է թիմից և ելույթները կշարունակի ղազախական «Ակժայիկում»: Հիշեցնենք, որ հենց Բադոյանի խփած հաղթական գոլի շնորհիվ «Վանը» պարտության մատնեց «Արարատ-Արմենիային» (2-1): Իսկ Բադոյանը դարձավ VBET ՀՊԼ-ում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը (32 տարեկան 88 օրական)՝ գերազանցելով Միհրան Մանասյանի ցուցանիշը, որը «Վանում» գոլի հեղինակ էր դարձել 31 տարեկան 318 օրականում:

5. Առաջնության գարնանային հատվածում արդյունավետ խաղ է ցուցադրում  Արթուր Միրանյանը՝ խփելով  5 գնդակ: Վերջին երկու խաղերում թիմի խփած 3 գոլերի հեղինակն էլ Միրանյանն է, որն Օլեգ Պոլյակովի հետ «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն է: Միրանյանը Սերժ Դեբլեի, Ուգո Ֆիրմինոյի և Իբրահիմ Շուեյբուի հետ առաջնության գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝ 

«Ուրարտու»՝  Ջոնել Դեսիրե, Օլեգ Պոլյակով՝ 2-ական գոլ:

ԲԿՄԱ -  «ՆՈՐԱՎԱՆՔ» 

16 ապրիլի,  ժ.18:00,  Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ 

2 խաղ, որոնցից մեկում հաղթել է ԲԿՄԱ-ն, մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց  թողած  գոլերի հարաբերակցությունը՝ 3-1

1-ին շրջան.  17.10.2021 ԲԿՄԱ  2-0  «Նորավանք»

Գոլերը՝ 1-0՝ Դանիել Աղբալյան 14՛, 2-0՝ Սիմոն Օբոնդե 67՛, ինքնագոլ:

2-րդ շրջան.  20.02.2022  «Նորավանք» 1-1 ԲԿՄԱ

Գոլերը՝ 1-0՝ Սերգեյ Օռլով 55՛, 11մ, 1-1՝ Ստյոպա Մկրտչյան 85՛:

ԲԿՄԱ՝  9-րդ տեղ (13 միավոր), «Նորավանք»՝  7-րդ տեղ (17 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ն, որ առաջնության 25-րդ տուրում վերջապես ընդհատել էր  առանց հաղթանակների 9 խաղերի շարքը՝ 3-2 հաշվով պարտության մատնելով «Արարատին», հաջորդ խաղում 1-3 հաշվով զիջեց «Ալաշկերտին»: Դա առաջնության գարնանային հատվածում բանակայինների 3-րդ պարտությունն էր: Մինչ այդ Ռաֆայել Նազարյանի սաները զիջել էին «Փյունիկին» (0-1) և «Ուրարտուին» (1-4):

2. Իսկ ահա «Նորավանքը» հրաշալի տոն պարգևեց իր երկրպագուներին՝ 7-1 հաշվով ջախջախելով «Վանին»: Դա VBET ՀՊԼ-ում «Նորավանքի» խոշոր հաշվով առաջին հաղթանակն էր և ընթացիկ առաջնության մեկնարկային տուրի «Արարատ»-«Նոա» խաղում գրանցված ռեկորդային հաշվի կրկնությունը: Հետաքրքիր է, որ մինչ այդ «Նորավանքի» ֆուտբոլիստներն առաջնության 22 հանդիպումներում ընդամենը 15 գոլ էին խփել:

3. «Վանի» հետ խաղում «Նորավանքի» միանգամից 3 ֆուտբոլիստներ՝ Իբրահիմ Շուեյբուն, Յեննե Տենտոնը և Սերգեյ Օռլովը դուբլի հեղինակներ դարձան: Ընդ որում Օռլովը կարող էր նաև հեթ-տրիկ  ձևակերպել, սակայն չիրացրեց 11մ հարվածը: Հետաքրքիր է, որ նա վրիպել էր նաև «Վանի» հետ դեկտեմբերի 10-ին կայացած խաղում:

4. Իսկ ահա ԲԿՄԱ-ն «Ալաշկերտի» հետ խաղում օգտագործեց գոլ խփելու հնարավորությունը: 11մ հարվածը դիպուկ իրացրեց Արթուր Սերոբյանը՝ խփելով ընթացիկ առաջնությունում իր 2-րդ գոլը:

5. «Նորավանքի» լավագույն ռմբարկուն 6 գոլ խփած  Սերգեյ Օռլովն է: Թիմի նորեկ  Իբրահիմ Շուեյբուն առաջնության գարնանային հատվածում արդեն 5 գոլ է խփել: ԲԿՄԱ-ի կազմում ամենաարդյունավետը Գրենիկ Պետրոսյանն է, որի հաշվին 4 գոլ է գրանցված: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա