Logo

«Նորավանքի» աննախադեպ հաջողությունը, 6 տարի անց «Ուրարտուն» կրկին եզրափակիչում է. VBET ՀԳ-ի կիսաեզրափակիչ հանդիպումները՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:09 / 04.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

VBET Հայաստանի գավաթի 31-րդ խաղարկության կիսաեզրափակիչ 2 հանդիպումներից հետո հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: Պատվավոր մրցանակը կվիճարկեն «Նորավանքն»  ու եռակի գավաթակիր «Ուրարտուն»:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 10 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 4-ական հաղթանակ են տոնել, 2 խաղում ոչ-ոքի է գրանցվել, խփվել է 25 գոլ:

2. VBET Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության 3-րդ խաղում էլ հաղթանակ տոնելով, «Նորավանքն» իր պատմության մեջ առաջին անգամ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Բարձրագույն խմբի նորեկը նման նվաճման հասավ ընդամենը 2-րդ փորձից: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նորամուտը նշելով գավաթի մրցաշարում, «Նորավանքը» 1/8 եզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջել էր «Վանին» (0-0, 0-2):

3. «Արարատը» վայր դրեց գավաթակրի իր լիազորությունները: 11-րդ անգամ հանդես գալով գավաթի կիսաեզրափակչում, արարատցիներին 3-րդ անգամ չհաջողվեց հաղթահարել այդ փուլի արգելքը: Նախկինում դա տեղի էր ունեցել 1996 («Փյունիկ»՝ 0-2, 1-4) և 2000թթ. («Միկա»՝ 1-1, 3-4):
Պաշտոնական մրցումներում «Արարատն» առաջին անգամ պարտվեց «Նորավանքին»: Մինչ այդ VBET ՀՊԼ-ում մրցակիցների միջև անցկացված 3 հանդիպումներից 2-ում հաղթել էր «Արարատը», մեկում գրանցվել էր ոչ-ոքի: 

4. «Ուրարտուն» 6-ամյա ընդմիջումից հետո կրկին հանդես կգա VBET Հայաստանի գավաթի եզրափակչում: Իր համար հոբելյանական՝ 25-րդ խաղարկությունում 20-րդ անգամ հանդես գալով գավաթի կիսաեզրափակչում,  «Ուրարտուն» 9-րդ անգամ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Նախորդ անգամ «Ուրարտուն» պատվավոր մրցանակի եզրափակչում հանդես էր եկել 2016թ. և Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ նվաճել էր գավաթը՝ վճռորոշ խաղում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

5. Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Վանն» առաջին անգամ զիջեց մրցակցին՝ կրելով պատվավոր մրցանակի խաղարկություններում իր ամենախոշոր հաշվով պարտությունը: Ընդհատվեց գավաթի մրցաշարերում թիմի անպարտելի 3 խաղերի շարքը: Նախորդ պարտությունը «Վանը» կրել էր գավաթի 2020/21թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում՝ նվազագույն հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»: Սևադա Արզումանյանի սաներն առաջին անգամ հանդես եկան գավաթի կիսաեզրափակչում, որի արգելքը հաղթահարել չկարողացան:

6. «Նորավանքը» 17-րդ ակումբն է, որը հանդես կգա VBET Հայաստանի գավաթի եզրափակչում: Ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 12 անգամ է եզրափակչում վիճարկել պատվավոր մրցանակը: VBET Հայաստանի գավաթի 31 խաղարկություններում 7-րդ անգամ եզրափակչի մասնակից թիմերից մեկն առաջին անգամ հանդես կգա վճռորոշ խաղում:

7. Ռոբերտ Արզումանյանն ու Վահե Գևորգյանը մարզչական կարիերայում առաջին անգամ իրենց սաներին գավաթի եզրափակչի ուղեգիր պարգևեցին: Ֆուտբոլիստի կարիերայում Արզումանյանը մեկ անգամ է հանդես եկել գավաթի եզրափակչում՝ «Փյունիկի» կազմում մասնակցելով 2006թ. «Միկայի» հետ կայացած վճռորոշ հանդիպմանը (0-1): Իսկ 2004թ. փյունիկցիների կազմում նա դարձել է Հայաստանի գավաթակիր, թեև չի մասնակցել «Բանանցի» հետ կայացած եզրափակիչ խաղին (0-0, 6-5՝ 11մ):

8. Ջոնել Դեսիրեն թիմի անցկացրած գավաթային 2-րդ խաղում էլ դաշտից չհեռացավ առանց գոլի: Նա աչքի էր ընկել նաև «Ալաշկերտի» հետ կայացած գավաթի քառորդ եզրափակիչ խաղում: Դեսիրեն 2 գնդակով փյունիկցի Ուգո Ֆիրմինոյի և «Վանի» լեգեոնական Էռնիստ Բատիրկանովի հետ գլխավորեց գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը: 

Գավաթի մրցաշարերում Դեսիրեի հաշվին 3 գոլ է գրանցված, իսկ պաշտոնական մրցումներում նա 44-րդ գոլը խփեց՝ շրջանցելով «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքս Էնրիկե դա Սիլվային: Հայաստանում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստներից միայն բրազիլացի Մարկոս Պիզելին է ավելի արդյունավետ խաղ ցուցադրել՝ ակումբային մակարդակով պաշտոնական մրցումներում խփելով 86 գոլ:

9. «Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկության մասնակից 12 թիմերից միակն է, որ դեռ գոլ բաց չի թողել: Թիմի անցկացրած 2 խաղում էլ «Ուրարտուի» դարպասը պաշտպանել է Արսեն Բեգլարյանը: Պաշտոնական մրցումներում Բեգլարյանը 88 անգամ դարպասն անառիկ է պահել:

10. «Նորավանքի» ֆուտբոլիստներ Տիմուր Ռուդոսելսկին ու Միխայիլ Բաշիլովը, արարատցի Քրիստիան Լեգբոն և «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը բացեցին գոլերի հաշիվը գավաթի մրցաշարում: Իկեչուկվու Իվուն գավաթի մրցաշարում առաջին գոլը խփեց «Ուրարտուի» կազմում: Ընդհանուր առմամբ նա գավաթի մրցաշարերում 4 գոլի հեղինակ է դարձել, որից 3-ը խփել է «Լոռիի» կազմում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա