Logo

VBET ՀՊԼ. «Արարատ» - «Վան» խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:11 / 27.08.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Արարատ» - «Վան»

Օգոստոսի 27, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

7 խաղ, որից 4-ում հաղթել է «Արարատը», 3-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  6-2

«Արարատ»՝ 7-րդ տեղ (4 միավոր), «Վան»՝ 2-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ մրցաշրջանի համեմատ «Արարատն» անհաջող է սկսել ընթացիկ առաջնությունը՝ մեկնարկային 4 հանդիպումներում վաստակելով նույնքան միավոր: Մեկնարկային խաղում «Փյունիկի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակն առայժմ միակն է արարատցիների համար: Դրանից հետո «Արարատը» միևնույն 0-2 հաշվով պարտվել է «Ալաշկերտին» և «Արարատ-Արմենիային» ու գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Շիրակի» հետ: Արարատցիների մոտ 289 րոպե տևողությամբ գոլային երաշտ է սկսվել: Միակ գոլն Արամ Ոսկանյանի թիմը խփել է «Փյունիկի» դարպասը մեկնարկային խաղի 71-րդ րոպեին: Աչքի էր ընկել Ռազմիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության մեկնարկային 4 հանդիպումներում «Արարատը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ 9 միավոր էր վաստակել՝ տանելով 3 անընդմեջ հաղթանակ:

2. Իսկ ահա «Վանը» շատ հաջող է մեկնարկել՝ 4 հանդիպումներում վաստակելով 10 միավոր: Այս արդյունքը ռեկորդային է VBET ՀՊԼ-ում «Վանի» պատմության մեջ ու գերազանցում է 2020-21թթ. մեկնարկային 4 հանդիպումներում թիմի ցույց տված ցուցանիշը: Այդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում նորամուտը նշած «Վանը» Սևադա Արզումանյանի գլխավորությամբ մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ էր տարել («Գանձասար-Կապան»՝ 2-1, «Փյունիկ»՝ 1-0, «Լոռի»՝ 1-0), իսկ 4-րդ տուրում նվազագույն հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»:

Նախորդ տուրում «Վանն» ընթացիկ առաջնությունում 3-րդ հաղթանակը տարավ՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ: Նույնպիսի արդյունք էր գրանցվել նաև «Լեռնային Արցախի» և «Ուրարտուի» հետ մրցախաղերում: Առայժմ միայն ԲԿՄԱ-ին է հաջողվել «Վանի» հետ մրցավեճում միավոր վաստակել՝ խաղն ավարտելով ոչ-ոքի (2-2):

3. «Արարատը» միակ թիմն է, որին «Վանը» VBET ՀՊԼ-ում դեռ չի հաղթել: Նախորդ առաջնության միայն 4-րդ շրջանի խաղում էր «Վանին» վերջապես հաջողվել գրավել «Արարատի» դարպասը՝ խաղն ավարտելով ոչ-ոքի (1-1): Իսկ մինչև այդ արարատցիները 3 խաղերում էլ հաղթել էին նվազագույն հաշվով:

Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել  2020թ. դեկտեմբերի 10-ին Չարենցավանում: Հանդիպման ելքը վճռել էր արարատցի Ուրոշ Նենադովիչի խփած միակ գոլը: «Վանի» հետ հաջորդ երկու հանդիպումներում «Արարատը» 4 թանկարժեք միավոր կորցրեց (0-0, 1-1), ինչը բացասաբար անդրադարձավ թիմի վրա չեմպիոնական մրցավազքում:

4. Առաջնության մեկնարկում «Վանի» կազմում արդյունավետությամբ աչքի է ընկնում թիմ վերադարձած Էդգար Մովսեսյանը, որն արդեն 3 գոլի հեղինակ է դարձել: «Փյունիկի» հետ մրցավեճում «Վանին» հաղթանակ պարգևած Պավել Գորելովն էլ ուշագրավ ցուցանիշ գրանցեց՝ դառնալով VBET ՀՊԼ-ում թիմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա «Փյունիկի» դարպասը գրավեց 19 տարեկան, 211 օրականում՝ գերազանցելով Ջոսուե Գաբայի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 19 տարեկան, 332 օրականում:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Հրայր Մկոյանը VBET ՀՊԼ-ում «Արարատի» կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Բարձրագույն խմբի առաջնություններում «Արարատի» ավագը 305-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա և կընդգրկվի 21-րդ դարում առավել շատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների հնգյակում՝ շրջանցելով «Ուրարտուի» նախկին խաղացող Արամ Բարեղամյանին: Այդ ցանկը գլխավորում է «Շիրակի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը, որը 21-րդ դարում Բարձրագույն խմբի առաջնություններում 355 խաղ է անցկացրել:

Ի դեպ, Մկոյանի համար հիշարժան էր «Վանի» հետ այս տարվա մարտի 1-ին Չարենցավանում կայացած հանդիպումը, որը նրա ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն էր: Գյումրեցի պաշտպանը դարձել էր այդ սահմանագիծը հատած ընդամենը 10-րդ հայ ֆուտբոլիստը: 

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝  

«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ, Սերժ Դեբլե - 2-ական գոլ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա