Logo

«Փյունիկի» անպարտելիության ռեկորդային շարքը, «Ալաշկերտի» ամենաանհարմար մրցակիցները. VBET ՀՊԼ-ի 36-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:36 / 29.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

36-րդ տուրի հանդիպումներով վերջնագիծը հատեց VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝ 30-րդ առաջնությունը: Մրցաշարը մեկնարկեց 10 թիմով, սակայն 13-րդ տուրից հետո «Սևանը» հրաժարվեց մասնակցությունից: 5-րդ անգամ էր առաջնությունն անցկացվում 10 թիմով: Ցավոք, առայժմ միայն մեկ անգամ՝ 1997թ. են առաջնության մասնակից բոլոր 10 թիմերը երկու շրջանով անցկացված մրցաշարի վերջնագիծ հասել:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 157 հանդիպումներից 65-ում հաղթել են դաշտի տերերը, 51-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 41-ում գրանցվել է ոչ-ոքի: 157 հանդիպումներից 13-ը «Սևանի» մասնակցությամբ խաղերն էին, որոնցում գրանցված արդյունքները չեղարկվեցին:

4 հանդիպումներում խփվեց 10 գոլ (միջինը՝ 2,5 գոլ մեկ խաղում): Առաջնության գարնանային հատվածում կայացած 78 խաղում 174 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,23 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 157 հանդիպումներում խփվել է 373 գոլ (միջինը՝ 2,37 գոլ մեկ խաղում): Գոլերից 25-ը գրանցվել են «Սևանի» մասնակցությամբ անցկացված 13 հանդիպումներում, որոնք չեղարկվել են:

Ավարտված առաջնության վերջին գոլի հեղինակը Ժիրայր Շաղոյանն էր, որը գրավեց Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը: Հոբելյանական առաջնության անդրանիկ գոլը գրանցվել էր փյունիկցի Էդգար Մովսեսյանի հաշվին, որն անցյալ տարվա հուլիսի 30-ին գրավել էր ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը:

2. Ավարտված առաջնությունում «Փյունիկն» անպարտելի խաղերի ռեկորդային շարքը հասցրեց 17-ի: Նորընծա չեմպիոնը միակն է, որ առաջնության գարնանային հատվածում պարտություն չի կրել՝ 17 հանդիպումներում վաստակելով 43 միավոր:

Վերջին պարտությունը «Փյունիկը» կրել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին «Արարատից» (2-6): Հետաքրքիր է, որ մինչ այդ էլ փյունիկցիները 12 հանդիպումներում չէին պարտվել:

«Ալաշկերտը» դարձավ 4-րդ թիմը, որին հաջողվեց առաջնության գարնանային հատվածում «Փյունիկի» հետ մրցավեճում մեկ միավոր վաստակել: Մինչ այդ դա հաջողվել էր «Վանին», «Արարատ-Արմենիային» և «Ուրարտուին»:

3. «Արարատն» անհաջող անցկացրեց առաջնության վերջնագիծը՝ կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը: Առաջնության գարնանային հատվածի 17 հանդիպումներում արարատցիներն ընդամենը 16 միավոր վաստակեցին: Մինչդեռ աշնանային հատվածում «Արարատը» Վարդան Բիչախչյանի օրոք 15 խաղում 30 միավոր էր իր օգտին գրանցել:

4. «Ալաշկերտին» ավարտված առաջնությունում այդպես էլ չհաջողվեց հաղթել «Փյունիկին»՝ 4 խաղում վաստակելով ընդամենը 2 միավոր: Բացի փյունիկցիներից, ալաշկերտցիները չկարողացան հաղթել նաև «Արարատ-Արմենիային»՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր:

5. «Նորավանքին» վերջապես հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ ընդհատելով առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որի ընթացքում ընդամենը 2 միավոր էր վաստակել: Նախորդ հաղթանակը «Նորավանքը» տոնել էր ապրիլի 20-ին՝ 3-2 հաշվով պարտության մատնելով «Ուրարտուին»:

6. Ուրոշ Նենադովիչը 3-րդ գոլը խփեց «Փյունիկում», որը հոբելյանական՝ 30-րդն էր VBET ՀՊԼ-ում: Այդ գոլերից 18-ը նա խփել է «Ալաշկերտում», որի ամենաարդյունավետ լեգեոնականն է: Նենադովիչը ՀՀ առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում 7-8-րդ տեղերն է բաժանում Մորի Կոնեի հետ: 28-ամյա սերբ ֆուտբոլիստն արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց: Նա գերազանցեց «Փյունիկի» ֆուտբոլիստներ Խոսե Բիլիբիոյի, Մաքսիմ Ժեստոկովի և Հիգոր Լեյտեի ցուցանիշը, որոնք այդ տարիքում 2-ական գոլ էին խփել:

7. Ալաշկերտցի Կարապետ Մանուկյանը և ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արթուր Ստեփանյանը բացեցին գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում:

8. Արթուր Միրանյանն ավարտված առաջնությունում իր 10-րդ գոլը խփեց՝ դառնալով «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն: Այդ գոլը նրա համար հոբելյանական՝ 25-րդն էր VBET ՀՊԼ-ում, որից 13-ը նրա օգտին է գրանցվել «Ուրարտուի» կազմում: Ավարտված առաջնությունում գոլերից 5-ը Միրանյանը խփել է 11մ հարվածով:

9. Ստանիսլավ Բուչնևն առաջնության գարնանային հատվածում առաջին անգամ պաշտպանեց «Փյունիկի» դարպասը: Մինչդեռ աշնանային հատվածում նա 15 խաղի էր մասնակցել՝ որակազրկման պատճառով միայն մեկ խաղում դարպասում տեղը զիջելով Գրիգոր Մելիքսեթյանին: 32-ամյա Բուչնևը VBET ՀՊԼ-ում 35-րդ խաղն անցկացրեց և գերազանցեց նախկին փյունիկցի Դենիս Դորոժկինի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում հանդես եկած լեգեոնականներից «Փյունիկում» բոլորից շատ՝ 18 խաղ է անցկացրել:

10. Իբրահիմ Շուեյբուն դուբլ ձևակերպելով, 10 գոլով դարձավ «Նորավանքի» լավագույն ռմբարկուն: Վերջին 4 խաղում նա դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 5 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Շուեյբուն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենաարդյունավետ նիգերիացի ֆուտբոլիստների տասնյակում: Այդ ցանկը 27 գոլով գլխավորում է Յուսուֆ Օտուբանջոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա