Logo

153 օր անց ԲԿՄԱ-ն կրկին հաղթեց, Մաիլսոն Լիման կրկնեց Կոբյալկոյի արդյունավետության ռեկորդը. VBET ՀՊԼ-ի 25-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:34 / 09.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

25-րդ տուրում չեմպիոնական մրցավազքի 2 մասնակիցներից միայն «Արարատ-Արմենիան» մրցասպարեզ դուրս եկավ՝ երկու թանկարժեք միավոր կորցնելով «Ուրարտուի» հետ մրցավեճում: Բրոնզե մեդալների համար պայքարում էլ «Ալաշկերտն» «Արարատից» միավորների տարբերությունը հասցրեց 4-ի:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 112 հանդիպումներից 46-ում հաղթել են դաշտի տերերը, 39-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 27-ում գրանցվել է ոչ-ոքի:

4 հանդիպումներում խփվեց 10 գոլ (միջինը՝ 2, 5 գոլ մեկ խաղում): Առաջնության գարնանային հատվածի արդյունավետությունն առայժմ ցածր է. 33 խաղում 61 գոլ է գրանցվել (միջինը՝ 1,8 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 112 հանդիպումներում խփվել է 260 գոլ (միջինը՝ 2,32 գոլ մեկ խաղում):

2. «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց՝ 2-րդ անգամ պարտության մատնելով «Նորավանքին»: Վերջինիս դեռ չի հաջողվել գտնել «Ալաշկերտի» դարպասի բանալին: Մինչ այդ ալաշկերտցիները 4 անպատասխան գնդակ էին ուղարկել «Վանի» դարպասը:

«Նորավանքն» էլ ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր մեկնարկային տուրում «Ուրարտուի» հետ մրցավեճում՝ 0-3:

3. ԲԿՄԱ-ին VBET ՀՊԼ-ի հանդիպումներում վերջապես հաջողվեց հաղթել «Արարատին»: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած առաջնության 3 հանդիպումներն էլ շահել էր «Արարատը»: Այդ հաղթանակով ԲԿՄԱ-ն ընդհատեց ընթացիկ առաջնությունում առանց հաղթանակների 9 խաղերի շարքը, որի ընթացքում ընդամենը 4 միավոր էր վաստակել: Նախորդ հաղթանակը բանակայինները տարել էին անցյալ տարվա նոյեմբերի 4-ին՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Վանին»:

4. «Արարատը» պաշտոնական վերջին 3 հանդիպումներում էլ պարտվել է: Առաջնության գարնանային հատվածում արարատցիներն Էդգար Թորոսյանի գլխավորությամբ 3-րդ պարտությունը կրեցին՝ 7 հանդիպումներում վաստակելով ընդամենը 8 միավոր:

5. «Արարատ-Արմենիան» առաջնության 2-րդ անընդմեջ խաղում չկարողացավ հաղթել՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Առաջնության գարնանային հատվածում Դմիտրի Գունկոյի սաներին միավորները դժվարությամբ են տրվում: Անցկացրած 8 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» ընդամենը 14 միավոր է վաստակել: Համեմատության համար նշենք, որ առաջնության մեկնարկային 8 խաղերում ՀՀ կրկնակի չեմպիոնը 22 միավոր էր վաստակել՝ տոնելով 7 անընդմեջ հաղթանակ:

6. Նարեկ Ալավերդյանը բացեց գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում՝ «Արարատի» դարպասը գրավելով խաղի մեկնարկից 55 վայրկյան անց: Դա ընթացիկ առաջնության ամենաարագ 3-րդ գոլն էր: Ավելի արագ գոլերի հեղինակներ էին դարձել սևանցի Կլաուդիր Մարինին (21-րդ վայրկյանին) «Վանի» հետ մեկնարկային տուրում և «Ուրարտուի» լեգեոնական Ուգոչուկվու Իվուն (45 րդ վայրկյանին) ԲԿՄԱ-ի հետ կայացած 14-րդ տուրի խաղում: Նարեկ Ալավերդյանի խփած գնդակը դարձավ նաև VBET ՀՊԼ-ում «Արարատի» հանդիպումներում գրանցված 2200-րդ գոլը:

7. ԲԿՄԱ-ին հաղթանակ պարգևած Արմեն Նահապետյանն առաջին գոլը խփեց բանակայինների կազմում: Ռոբերտ Հակոբյանն էլ բացեց գոլերի հաշիվն «Արարատում»:

8. Օգնյեն Չանչարևիչը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց՝ դառնալով այդ սահմանագիծը հատած 16-րդ լեգեոնականը: Իսկ այլազգի դարպասապահների մեջ նրա ցուցանիշը 3-րդն է Անատոլի Այվազովից (118 խաղ) և Վսևոլոդ Երմակովից (117) հետո: Չանչարևիչը դարձավ «Ալաշկերտում» VBET ՀՊԼ-ում 100 խաղ անցկացրած առաջին լեգեոնականը:

Նա ընթացիկ առաջնությունում 10-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: «Նորավանքի» հետ մրցավեճում Չանչարևիչը ՀՀ առաջնություններում 40-րդ «չոր» խաղն անցկացրեց: Այդ ցուցանիշով նա այլազգի դարպասապահներից զիջում է միայն Անատոլի Այվազովին (47 խաղ), Վսևոլոդ Երմակովին (42) և Նենադ Ռադաջային (41):

9. Մաիլսոն Լիման ընթացիկ առաջնությունում 15-րդ գոլը խփեց՝ 5-րդ անգամ հստակ իրացնելով 11մ հարվածը: Նա կրկնեց թիմի նախկին հարձակվող Անտոն Կոբյալկոյի արդյունավետության ռեկորդը, որը սահմանվել էր 2019/20թթ. առաջնությունում: Լիման VBET ՀՊԼ-ում 28-րդ գոլը խփեց և կրկին դարձավ «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով գերազանցելով Յուսուֆ Օտուբանջոյին:

10. Առաջնության գարնանային հատվածում առաջին ինքնագոլը գրանցվեց, որի հեղինակը «Նորավանքի» լեգեոնական Թեմուր Մուստաֆինն էր: Ընթացիկ առաջնությունում դա 5-րդ ինքնագոլն էր: Առաջնության աշնանային հատվածում սեփական դարպասը գրավել էին արարատցի Հովհաննես Նազարյանը, «Նորավանքի» ֆուտբոլիստներ Սիմոն Օբոնդեն և Դուշան Չուբրակովիչը, «Ուրարտուի» լեգեոնական Սալոմոն Նիրիսարիկենը:

VBET ՀՊԼ-ում մինչ օրս գրանցվել է 149 ինքնագոլ, որոնց հեղինակներ են դարձել 123 ֆուտբոլիստներ: Յուրօրինակ ռեկորդակիրներն են «Գանձասար-Կապանի» նախկին ավագ Արա Խաչատրյանը, մի շարք թիմերում հանդես եկած Վահագն Մինասյանն ու «Արարատի» ներկայիս ավագ Հրայր Մկոյանը, որոնք 4-ական անգամ գրավել են սեփական դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա