Logo

«Նորավանքի» փառահեղ նվաճումը, Արթուր Ավագյանը՝ ամենատարեց գավաթակիրների ցանկում. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:52 / 09.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Վերջնագիծը հատեց VBET Հայաստանի գավաթի 2021/22թթ. մրցաշարը, որն ամենակարճատևն էր պատվավոր մրցանակի 31 խաղարկություններում: Այն նշանավորվեց «Նորավանքի»  ֆուտբոլիստների փառահեղ հաղթանակով:

Եզրափակչի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. VBET Հայաստանի գավաթի 31-րդ խաղարկության հաղթողին որոշելու համար ընդամենը 11 խաղ անցկացվեց: Դաշտի տերերը 5 հաղթանակ տոնեցին, 4 խաղում հաջողությունն ուղեկցեց հյուրերին, 2 խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի:
Անցկացված 11 հանդիպումներում գրանցվել է 27 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ): 

2. Ընդամենը 2 տարվա պատմություն ունեցող «Նորավանքն» առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը՝ դառնալով  պատվավոր մրցանակի 10-րդ դափնեկիրը: Գավաթի մրցաշարերում նվաճած տիտղոսների քանակով  ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 8-ակի գավաթակիր է: 6-ական անգամ գավաթակիր են դարձել «Արարատն» ու «Միկան»:  3 անգամ գավաթով պատվո շրջան է կատարել «Ուրարտուն»: «Ցեմենտն» ու «Շիրակը» կրկնակի գավաթակիրներ են, մեկական անգամ էլ գավաթին տիրել են «Գանձասար-Կապանը», «Ալաշկերտն» ու «Նոան»:

3. Հայաստանի գավաթի խաղարկությունների 31-ամյա պատմության ընթացքում «Նորավանքը» եզրափակչում հանդես եկած 17-րդ թիմն էր, որն առաջին անգամ վճռորոշ խաղում պատվավոր մրցանակը վիճարկեց «Ուրարտուի» հետ: Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում մրցավեճի են բռնվել 23 տարբեր զույգեր: Առավել հաճախ` 4 անգամ գավաթը վիճարկել են «Փյունիկն»  ու «Բանանցը» (1992, 2004, 2009, 2010թթ.): 1992թ. հաջողությունն ուղեկցել է «Բանանցին», մյուս 3 եզրափակիչներում հաղթել է «Փյունիկը»:

4. «Ուրարտուն» 9-րդ անգամ հանդես եկավ գավաթի եզրափակչում՝ 6-րդ անգամ խաղադաշտից հեռանալով առանց մրցանակի: Նոր անվանումով դա «Ուրարտուի» առաջին եզրափակիչն էր: Նախորդ 8 եզրափակիչներում թիմը կրել էր «Բանանց» անվանումը: 

Եզրափակչում առաջին անհաջողությանը «Բանանցը» մատնվել է 2003թ.՝ նվազագույն հաշվով պարտվելով «Միկային»: Հաջորդ տարի թիմը հետխաղյա 11մ հարվածներով (5-6) զիջեց «Փյունիկին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց), որին հետագայում պարտվեց գավաթի ևս երկու վճռորոշ խաղերում (2009թ.՝ 0-1, 2010թ.՝ 0-4): Մինչ այդ էլ 2008թ. «Արարատն» էր 2-1 հաշվով ռևանշի հասել «Բանանցի» նկատմամբ նախորդ տարվա եզրափակչում կրած պարտության դիմաց: Միայն «Փյունիկն» է «Ուրարտուից» ավելի հաճախ՝ 12 անգամ հանդես եկել եզրափակչում:

«Ուրարտուն» գավաթի ավարտված մրցաշարում առաջին պարտությունը կրեց և առաջին գոլերը բաց թողեց: Մինչ այդ անցկացրած 2 հանդիպումներում էլ Ռոբերտ Արզումանյանի սաները հաղթել էին՝ դարպասը պահելով անառիկ:

5. «Նորավանքը» գավաթակիր դարձած 3-րդ թիմն է, որ մրցաշարում անցկացրած բոլոր հանդիպումներում էլ հաղթել է: Հիշեցնենք, որ գավաթի եզրափակչի ճանապարհին Վահե Գևորգյանի սաները պարտության էին մատնել «Շիրակին» (1-0), «Արարատ-Արմենիային» (2-1) և «Արարատին» (2-1):

Նախկինում նման արդյունք գրանցել էին «Ցեմենտը» (1999թ.՝ 7 հաղթանակ) և «Փյունիկը» (2002թ.՝ 7, 2009, 2010թթ.՝ 5-ական հաղթանակ):

«Նորավանքը» գավաթի նվաճման համար ամենակարճ ճանապարհն անցավ՝ անցկացնելով ընդամենը 4 խաղ: Նման դեպք գրանցվել է միայն 2016/17թթ. խաղարկությունում, երբ «Շիրակը» գավաթակիր էր դարձել ևս ընդամենը 4 խաղ անցկացնելով: Պատճառն այն էր, որ քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Կոտայքի» հետ չէր կայացել, քանի որ վերջինս մինչ այդ լուծարվել էր:

Իսկ ահա 1996թ. գավաթակիր «Փյունիկը» պատվավոր մրցանակը նվաճելու համար առավել շատ՝ 9 հանդիպում էր անցկացրել:

6. Գավաթի եզրափակիչ հանդիպումներում 5-րդ անգամ 2-0 հաշիվ գրանցվեց: Առաջին անգամ դա պատահել էր 1992թ. կայացած պատվավոր մրցանակի անդրանիկ խաղարկությունում, որում «Բանանցը» պարտության էր մատնել ՀՄԸՄ-ին: Հետագայում նման հաշվով «Փյունիկը»  հաղթել էր «Զվարթնոցին» (2000թ.), «Միկան»՝ «Կիլիկիային» (2005թ.), «Բանանցը»՝ «Միկային» (2016թ.):

Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում գրանցվել է հաշվի 12 տարբերակ: Առավել հաճախ՝ 8 անգամ գավաթակիրը հաղթել է նվազագույն հաշվով: 3 անգամ գրանցվել է խոշոր հաշիվ: Ամենագոլառատ եզրափակիչը 2020թ. կայացած «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումն էր, որում գրանցվել էր 10 գոլ (5-5): Միայն մեկ անգամ՝ 2004թ. կայացած «Փյունիկ»-«Բանանց» խաղում գոլ չի խփվել: 4 անգամ եզրափակիչ խաղն ավարտվել է ոչ-ոքի և գավաթակիրը որոշվել է հետխաղյա 11մ հարվածներով:

Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ 31 հանդիպումներում 89 գոլ է խփվել (միջինը մեկ խաղում՝ 2,87 գոլ):

7. Գավաթի եզրափակիչ հանդիպումներում 5-րդ անգամ խփված գոլերի հեղինակներ դարձան միայն լեգեոնականները:  Յուրօրինակ ռեկորդը գրանցվել է 2020թ. կայացած «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղում, որում խփված բոլոր 10 գոլերի հեղինակներն էլ լեգեոնականներն էին:  

Թեմուր Մուստաֆինը գավաթի ավարտված խաղարկությունում 2-րդ գոլը խփեց և «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեի, «Վանի» ֆուտբոլիստ Էռնիստ Բատիրկանովի ու փյունիկցի Ուգո Ֆիրմինոյի հետ դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն: Նա գոլերի հաշիվը բացել էր «Արարատ-Արմենիայի» հետ կայացած քառորդ եզրափակիչ խաղում: Մուստաֆինը նաև գավաթի խաղարկություններում «Նորավանքի» լավագույն ռմբարկուն է: Նա ընդգրկվեց գավաթի եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ Արսեն Բեգլարյանի դարպասը գրավելով 27 տարեկան 23 օրականում:

Իսկ ահա Յենե Տենտոնը բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարում: Նա գավաթի եզրափակիչներում գոլ խփած 2-րդ ամենաերիտասարդ լեգեոնականն է (21 տարեկան 305 օրական): Ցանկը գլխավորում է նախկին փյունիկցի Մամադու Դիավարան, որը 2002թ. եզրափակչում «Զվարթնոցի» դարպասը գրավել էր 20 տարեկան 2 օրականում:

8. Դավիթ Մինասյանն ու Հենրի Ավագյանը դարձան Հայաստանի կրկնակի գավաթակիրներ: Եզրափակչին չմասնակցած Մինասյանը նախկինում պատվո շրջան էր կատարել 2013թ. «Փյունիկի» կազմում՝ հանդես գալով «Շիրակի» հետ կայացած հաղթական խաղում (1-0):

Եզրափակչում «Նորավանքի» դարպասն անառիկ պահած Հենրի Ավագյանը 2019թ. գավաթակիր էր դարձել «Ալաշկերտի» կազմում, թեև չէր մասնակցել «Լոռիի» հետ կայացած վճռորոշ հանդիպմանը (1-0):

Սերգեյ Օռլովն (33 տարեկան 18 օրական) ընդգրկվեց գավաթակիր դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Նա ցանկից դուրս թողեց «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Պրուդնիկովին, որը 2019թ. գավաթակիր էր դարձել 30 տարեկան 71 օրականում:

Մոզես Քենդիդուսն էլ (19 տարեկան 301 օրական) ընդգրկվեց գավաթակիր դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: Նա ցանկից դուրս թողեց «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Կոնստանտին Մանդրիչենկոյին, որը 2011թ. գավաթակիր էր դարձել 20 տարեկան 81 օրականում:

9. Արթուր Ավագյանը 25-րդ ավագն էր, որին հանձնվեց  գավաթը: Առավել հաճախ` 4 անգամ (1993-1996թթ.) որպես թիմի ավագ գավաթը հանձնվել է Արամայիս Տոնոյանին: Ավագյանն (34 տարեկան 308 օրական) ընդգրկվեց ամենատարեց գավաթակիրների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Հրայր Մկոյանին, որն անցյալ տարի «Արարատի» կազմում գավաթակիր էր դարձել 34 տարեկան 255 օրականում:

10. Արսեն Բեգլարյանը 3-րդ անգամ հանդես գալով գավաթի եզրափակչում, կրկին չկարողացավ գավաթակրի կոչմանն արժանանալ: Նա իր թիմակիցների հետ եզրափակչում նախկինում անհաջողության էր մատնվել նաև «Գանձասար-Կապանի» (2014թ.՝ «Փյունիկի» հետ) և «Միկայի» (2016թ.՝ «Բանանցի» հետ) կազմերում: 

Բեգլարյանն ընդգրկվեց գավաթի եզրափակչում հանդես եկած ամենատարեց դարպասապահների տասնյակում: Խաղի օրը նա 29 տարեկան 79 օրական էր: Այդ ցանկը գլխավորում է Գևորգ Կասպարովը, որը 2018թ. «Գանձասար-Կապանի» հետ կայացած խաղում «Ալաշկերտի» դարպասը պաշտպանել էր 37 տարեկան 295 օրականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա