Logo

Երազի՛ր այնպես, կարծես ապրելու ես հավերժ, ապրի՛ր այնպես, կարծես վաղը մեռնելու ես. Վիկտոր Ցոյ

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 21.06.2022Երաժիշտներ
Վիկտոր Ցոյ

1990 թվականի օգոստոսի 15-ին Լատվիայի Սլոկա-Թալսի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին «Մոսկվիչ 2141»-ը բախվել է «Իկարուս 250» մակնիշի երթուղային ավտոբուսին։ Վթարի հետևանքով զոհվել է «Կինո» խմբի առաջատար Վիկտոր Ցոյը՝ խորհրդային ռոքի իրական գերաստղը. հենց նա էր վարում «Մոսկվիչը» և, ըստ պաշտոնական վարկածի, քնել է ղեկին, չնայած այն հանգամանքին, որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ ժամը 12:28-ին։

Ի պատիվ մեծ երաժշտի մահվան 32-րդ տարելիցի, VNews Culture-ը հավաքել է պատմություններ այն մարդկանցից, որոնք լավ էին ճանաչում Ցոյին, ինչպես նաև մտորումներ անձամբ երաժշտից՝

Ցոյը վախենում էր արյունից 

Վիկտոր Ցոյ 2

1983-ին Վիկտորը պետք է զորակոչվեր բանակ, չցանկանալով ծառայել՝ որոշեց ազատվել հոգեբուժարանի օգնությամբ: Ընկերների հետ պայմանավորվեցին հետևյալ սխեմայի շուրջ՝ Ցոյը ածելիով կտրում է երակները, ընկերները շտապօգնություն են կանչում, իսկ երաժշտին ինքնասպանության փորձով տեղափոխում են Սանկտ Պետերբուրգի հոգեբուժական կլինիկա։

«Պետք էր մանիակալ-դեպրեսիվ փսիխոզի ախտորոշում։ Կտրել երակները և այլն․․․»,- հիշում է «Կինոյի» կիթառահար Յուրի Կասպարյանը, - «Իսկ Ցոյը տանել չէր կարողանում արյուն։ Մատ ծակելն արդեն իսկ խնդիր էր, մանավանդ որ մարդը կիթառ էր նվագում։ Իսկ մեզ պետք էր երակները կտրել... Շտապօգնություն կանչեցին, բժիշկներ եկան, իսկ Ցոյը՝ նստած՝ ձեռքերին մի քանի աննշան քերծվածքով։ Դե, ամեն դեպքում տարան»։

Արդյունքում, գլխավոր բժիշկը, այնուամենայնիվ, հասկացավ, որ սիմուլյացիա է, և Վիկտորին 2 շաբաթվա փոխարեն մեկուկես ամիս պահեց կլինիկայում, որից հետո Ցոյը գրեթե պատրաստ էր իսկական հիվանդ դառնալուն․․․ Սակայն տառապանքը զուր չէր՝ անհրաժեշտ ախտորոշումը չուշացավ, և Ցոյն ընդմիշտ ազատվեց բանակից։

Ցոյը պաշտում էր իր կուռքերին

Վիկտոր Ցոյ 1

Բրյուս Լիի մասնակցությամբ «Վիշապի մուտքը» ֆիլմը դիտելուց հետո Ցոյը հետաքրքրվեց մարտարվեստով և նույնիսկ սկսեց դերասանությամբ զբաղվել, որն իր մոտ բավականին լավ էր ստացվում՝ շնորհիվ իր արևելյան արտաքինի: Վիկտորը կրկնօրինակում էր իր կուռքի շարժումները, կերպարն ու դեմքի արտահայտությունները: Լեգենդար ձայնային ռեժիսոր Անդրեյ Տրոպիլլոյի հիշողությունների համաձայն՝ Ցոյը կարող էր հեշտությամբ սկսել «ոտքերը թափահարել» հենց ստուդիայում և վիրավորվում էր, երբ մյուս երաժիշտները ծիծաղում էին իր վրա:

««Գիշերը» կամ «Կամչատկայի ղեկավարը» ձայնագրելիս գժանոց կարծես լիներ: Կատարողի հետ աշխատում ես, իսկ այդ պահին Ցոյն ու Կասպարյանն անընդհատ շարժվում են, թռչկոտում, կարատեի հնարքներ ցուցադրում՝ ոտքով հարված ծնոտին կամ նման մի բան: Ու բավականին տհաճ է, երբ գլխիդ վրա ինչ որ մեկն անդադար ոտք ու ձեռք է թափահարում» - հիշում է Անդրեյ Տրոպիլլոն:

Ի դեպ, մինչ այդ Ցոյի կուռքը Միխայիլ Բոյարսկին էր, որին «Կինոյի» լիդերը կրկնօրինակել է հագուստով, սանրվածքով և նույնիսկ երգելու ոճով։ Զավեշտալի է, որ ապագայում, երբ «Կինոն» քիչ թե շատ հայտնի դարձավ, Բոյարսկին փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ նրանք իր երգերը հրապարակային կատարելու պաշտոնական թույլտվություն են ստացել:

Ցոյը գնել է իր առաջին մեքենան՝ առանց վարել իմանալու

Վիկտոր Ցոյ 3

1989 թվականին «Կինոն» ձեռք բերեց այնպիսի ժողովրդականություն, որ Վիկտորը հեշտությամբ կարող էր իրեն թույլ տալ մեքենա գնել։ Նույն թվականի հոկտեմբերին Ցոյը վարորդական իրավունք ստացավ՝ մեքենաներից գլուխ չհանելով հանդերձ: Օգնության հասավ Իոսիֆ Պրիգոժինը, որն այդ ժամանակ աշխատում էր «Կինո»-ի պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ։

Ավելի ուշ Ցոյը մեկ այլ մեքենա է գնել իր ծնողների համար։ Խորհրդային տարիներին մեքենա գնելը գրեթե անհնար էր՝ պետք էր հերթ կանգնել ու սպասել հնարավորության, երբեմն՝ մի քանի տարի։ Ցոյի ծնողների համար սպասելը ձգվեց 14 տարի, և միայն 1990 թվականի ապրիլին նրանց առաջարկեցին մեքենա գնել «հենց հիմա», բայց 9000 ռուբլով (համեմատության համար նշենք, որ ինժեների սովորականի աշխատավարձն այդ տարիներին 120-150 ռուբլի էր): Իհարկե, Վիկտորի ծնողները նման գումար չունեին, և օգնության հասավ որդին՝ վճարելով պակասող գումարը:

Սա նրանց վերջին հանդիպումն էր։

Ցոյը ոսկե ձեռքեր ուներ 

Վիկտոր Ցոյ 4

Բացի իր երաժշտա-բանաստեղծական տաղանդներից, Վիկտորը հիանալի փայտագործ էր. նա առաջին անգամ երևացել է հեռուստատեսությամբ հենց իր աշխատանքների շնորհիվ. ապագա ռոքի կուռքը ճապոնական ավանդական ֆիգուրներ էր (Netsuke) փորագրել փայտից, որոնք մինչ օրս պահվում են Ցոյի շատ ընկերների մոտ: Բացի այդ, Վիկտորը լավ էր նկարում՝ նախընտրելով գրոտեսկային պատկերներով անիմացիոն ոճը, և ժամանակին լավ գումար էր վաստակում՝ նկարելով արտասահմանյան ռոք աստղերի դիմանկարներն ու վաճառելով դրանք երաժշտասերներին։

Վիկտոր Ցոյն՝ իր մասին 

Վիկտոր Ցոյ 5

Բոլորն ասում են, որ ես պետք է դառնամ ինչ որ մեկը։ Իսկ ես կուզեի մնալ անպիսին, ինչպիսին կամ:

Ես հրաժարվում եմ կերպարանափոխվել:

Իմ հոգին իմ երգերի մեջ է։ Եվ ես ապրում եմ ավելի լավ ժամանակի հույսով:

Մի կողմից ուրախ եմ, որ երգերս հավանում են։ Բայց, մյուս կողմից, ուրախ չեմ, երբ ինձ ընկալում են որպես կյանքի ուսուցիչ։

Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Ես միշտ պատասխանատու եմ իմ արարքների համար։ Ինձ համար կարևոր է, որ ինձ հետաքրքիր լինի ապրելը: Մնացած ամեն ինչ ինձ չի հետաքրքրում։

Ինձ մա՛րդն է հետաքրքրում, այլ ոչ թե նրա խնդիրները՝ թե ով է ավելի լավ ուտում, ով՝ ապրում, ով լավ բնակարան ունի, ով՝ ավելի շատ գումար: Ինձ դրանք չենք հետաքրքրում, ինձ հետաքրքիր է, թե նա ինչպիսի մարդ է։

Ինձ վերաբերում է այն, ինչ կա մեր կյանքում, և ես արտահայտում եմ իմ վերաբերմունքն այդ երևույթի հանդեպ: Բայց դա չի նշանակում, որ ես պատրաստվում եմ անմիջական մասնակցություն ունենալ ինչ-որ քաղաքական գործողությունների կամ դառնալ մարգարե, քարոզիչ կամ մեկ այլ բան։ Ես նկատում եմ փաստերը, մարդկանց, երևույթներն ու մարդկային փոխհարաբերություններն ու երգում դրանց մասին։

Քաղաքականությունը ռոք երաժշտի գործունեության ոլորտը չէ։

Ցոյը՝ կյանքի էթիկայի մասին

Վիկտոր Ցոյ 6

Յուրաքանչյուրը պետք է անի այնպիսի մի բան, որը կտարբերի նրան մյուսներից: 

Երազի՛ր այնպես, կարծես ապրելու ես հավերժ: Ապրի՛ր այնպես, կարծես վաղը մեռնելու ես:

Ես հաստատում եմ՝ բարին միշտ հաղթում է չարին, և համբերությունն ավելի ուժեղ է, քան սամուրայի սուրը:

Դուք պետք է ուժեղ լինեք, հակառակ դեպքում կարիք չկա լինելու:

Ես չեմ սիրում, երբ ինձ ստում են, բայց ճշմարտությունից ես նույնպես հոգնել եմ: 

Ես չեմ սիրում այն ​​մարդկանց, որոնք կարծում են՝ իրենք մարգարեներ են և կարող են սովորեցնել ուրիշներին, թե ինչպես ապրել:

Եթե ​​գրպանումդ ծխախոտի տուփ կա, նշանակում է, որ այսօր ամեն ինչ այնքան էլ վատ չէ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա