VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկն այնքան բուռն էր և հարուստ տարբեր իրադարձություններով, որ ստվերում թողեց մեկ այլ ոչ պակաս ուշագրավ փաստ: Սովորաբար յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկում նշում ենք առաջնության ամենատարեց ֆուտբոլիստին:
Եվ այսպես, ո՞վ է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը: Ֆուտբոլասերներից շատերը հավանաբար կնշեն «Ալաշկերտի» 35-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին, մյուսներն էլ կհիշատակեն 35-ամյա մեկ այլ ֆուտբոլիստի՝ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Յոան Գուֆրանի ազգանունը:
Միանգամից ասենք, որ դա հարցի ճիշտ պատասխանը չէ: Գուցե շատերի համար անակնկալ լինի, երբ տեղեկանան, որ ամենատարեց ֆուտբոլիստը «Վանի» 37-ամյա դարպասապահ Նիկոլայ Ցիգանն է, որի ծննդյան տարեդարձը օգոստոսի 9-ին է:
Ուկրաինացի դարպասապահը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում նորամուտը նշել էր օգոստոսի 2-ին «Սևանի» հետ կայացած խաղում, որում բաց թողած 5 գոլերում մեղքի իր բաժինն ուներ: «Արարատի» հետ կայացած հանդիպումն էլ անհաջող դասավորվեց: Բաց թողած գոլի դրվագում Ցիգանն ուսի վնասվածք ստացավ ու լքեց խաղադաշտը:
«Արարատի» հետ խաղում Նիկոլայ Ցիգանը մի քանի ուշագրավ ցուցանիշ գրանցեց: Նախ, նա դարձավ «Վանի» կազմում Բարձրագույն խմբում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան 364 օրական)՝ գերացանցելով Միհրան Մանասյանի արդյունքը, որն իր վերջին խաղը թիմի կազմում անցկացրել էր 31 տարեկան 332 օրականում:
Նիկոլայ Ցիգանը նաև ընդգրկվեց ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց լեգեոնականների ցանկում՝ եզրափակելով լավագույն հնգյակը: Հիշեցնենք, որ ցանկը գլխավորում է «Միկայի» նախկին պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչը, որը թիմում ելույթ էր ունեցել 40 տարեկան 168 օրականում:
Եվ վերջապես 3-րդ՝ ամենահետաքրքիր ցուցանիշն այն է, որ Ցիգանը նաև ընդգրկվեց ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց դարպասապահների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Էդիկ Երիցյանին (36 տարեկան 213 օրական):
Մեր ընտրանին.
-
Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ
-
Չանչարևիչը գերազանցեց Կասպարովի ռեկորդը, առաջին չիրացված 11-մետրանոցը
-
Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում
Ինչպես հայտնի է, անցյալ տարվա նոյեմբերի 22-ին «Ուրարտուի» հետ խաղում «Շիրակի» դարպասը պաշտպանած Գևորգ Կասպարովը հերթական պատմական նվաճմանն էր հասել՝ դառնալով Հայաստանի առաջնություններում հանդես եկած ամենատարեց դարպասապահը: Այդ օրն անկախության շրջանի հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը 40 տարեկան 120 օրական էր: Գևորգ Կասպարովը գերազանցել էր Երևանի «Կանազի» նախկին դարպասապահ Ռոբերտ Պալյանի ռեկորդային ցուցանիշը, որը 1992թ. նոյեմբերի 4-ին ՀՄՄ-ՖԻՄԱ-ի հետ անցկացրած առաջնության իր վերջին խաղում 40 տարեկան 94 օրական էր:
Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում Կասպարովն իր վերջին խաղն էր անցկացրել ֆուտբոլային հարուստ կարիերայում՝ ռեկորդային վերջնական ցուցանիշը հասցնելով 40 տարեկան 140 օրականի:
VNews.am-ն առաջարկում է ծանոթանալ Բարձրագույն խմբում հանդես եկած ամենատարեց դարպասապահների թարմացված ցանկին:
Դարպասապահներ | Վերջին ակումբը | Տարիքը | Վերջին խաղը |
1. Գևորգ Կասպարով | «Շիրակ» | 40 տ. 120օր. | 22.11.2020 «Ուրարտու»՝ 0-3 |
2. Ռոբերտ Պալյան | «Կանազ» | 40 տ. 94 օր. | 04.11.1992 ՀՄՄ-ՖԻՄԱ՝ 2-1 |
3. Սլավա Սուքիասյան | «Լեռնագործ» Երևան | 40 տ. 38 օր. | 15.09.2005 «Շիրակ»՝ 1-0 |
4. Աշոտ Ստեփանյան | «Նիգ» | 40 տ. 22 օր. | 29.10.1992 «Դեբեդ»՝ 4-2 |
5. Արմեն Մանուկյան | «Շենգավիթ» | 37 տ. 246 օր. | 03.11.1992 «Զորավան»՝ 4-4 |
6. Ռայմոնդ Զադուրյան | «Շիրակ» | 37 տ. 106 օր. | 31.08.2008«Արարատ»՝ 1-2 |
7. Արմեն Ավագյան | «Էրեբունի» | 37 տ. 25 օր. | 02.07.1999«Ցեմենտ»՝ 0-3 |
8. Նիկոլայ Ցիգան | «Վան» | 36տ. 364օր. | 08.08.2021«Արարատ»՝ 0-1 |
9. Վահան Շմավոնյան | «Ուլիս» | 36 տ. 268 օր. | 09.11.2006 «Բանանց»՝ 0-7 |
10. Սեյրան Ղուլիջանյան | «Ազնավուր» | 36 տ. 231 օր. | 13.10.1992 «Լոռի»՝ 6-1 |