Logo

«Ողորմի». ինչու և ինչպես մահվան խումբը մահացավ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 30.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
as5as5d - «Ողորմի». ինչու և ինչպես մահվան խումբը մահացավ

ԵՎՐՈ 2020-ը շարունակում է իր սրընթաց ուղին, ու արդեն հասել ենք 1/4 եզրափակիչի կանգառ: 1/8 եզրափակիչը բավական տպավորիչ, անակնկալներով, գոլերով, հույզերով ու անկանխատեսելիությամբ հարուստ փուլ ստացվեց:

Ոչ ոք չէր հավատա, եթե խմբային փուլից առաջ ասեին, որ 1/4 եզրափակիչում չեն լինելու Նիդերլանդները, Ֆրանսիան, Պորտուգալիան ու Գերմանիան: Աչք է զարնում, հատկապես, վերջին 3 հավաքականների ձախողումները, որոնք ընդգրկված էին միևնույն՝ F խմբում: Ստացվում է՝ «մահվան խմբի» 3 թիմերը՝ թղթի վրայի ֆավորիտները, չեն շարունակի հետագա պայքարը փլեյ-օֆֆի հենց առաջին փուլից:

VNews-ն ամփոփում է այս թիմերի անցկացրած մրցաշարը և վերլուծում նրանց ձախողման պատճառները, որոնցից որոշներն ընդհանուր են 3-ի համար էլ:

Ֆրանսիա

Ֆրանսիայի, Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքականների ընդհանուր համախտանիշը հետևյալն է՝ նրանք ունեն ֆանտաստիկ կազմ ու թոփ ֆուտբոլիստներ՝ բոլոր գոտիներում, որոնց անուններին նայելիս բոլորը վախենում են, բայց նրանք թույլ էին որպես թիմ: Այս հարցում արդեն պատճառները տարբեր են:

Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ բոլորը չեմպիոն էին համարում Ֆրանսիայի հավաքականին, հատկապես՝ Բենզեմայի վերադարձից հետո: Եթե մի փոքր էլ հետաձգվեր առաջնությունը, տպավորություն կար, որ այն պարզապես կչեղարկեին ու գավաթը կհանձնեին ֆրանսիացիներին: Բայց ևս մեկ անգամ ապացուցվեց, որ անունները, լավ կազմը դեռ բավարար չէ՝ չեմպիոն դառնալու համար: Սա համակարգչային խաղ չէ:

Դեշամի ուշացումն ու կազմի մսխումը

Իրականությունն այն է, որ Ֆրանսիայի հավաքականի խաղային խնդիրները սկսում էին երևալ վերջին ամիսներին՝ Ազգերի լիգայում, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների նախընտրական փուլերում: Ֆրանսիայի հավաքականը պարտվեց Թուրքիայի ընտրանուն, ԱԱ ընտրական փուլում չկարողացավ հաղթել Ուկրաինային, իսկ տարած հաղթանակները շատ դեպքերում համոզիչ չէին ու նվաճվում էին անհատական վարպետության շնորհիվ:

Այդքան հզոր հարձակում ունենալով՝ ֆրանսիացիները գոլ խփելու և պահեր ստեղծելու խնդիրներ ունեին: Դեշամը սպասեց, համբերեց մինչև մայիս, երբ արդեն պետք է հրապարակեր թիմի հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար, ու միայն մայիսին հասկացավ, որ ռիսկի դիմելու հնարավորություն չունի, որ հնարավոր ֆիասկոյի պարագայում իրեն մեղադրելու են՝ անձնական պատճառներով Բենզեմային չհրավիրելու համար, և գնաց այդ փոխզիջմանն ու հրավիրեց «Ռեալի» հարձակվողին: Ինչ խոսք՝ պատասխանատու պահին մի կողմ դնել անձնական սկզբունքներն ու թիմ հրավիրել վերջին մրցաշրջանւոմ 30 գոլ խփած հարձակվողին, բայց մի՞թե դա ուշացած որոշում չէր: Բնականաբար՝ Բենզեման այն եզակի ֆուտբոլիստներից է, որ իր գործը շատ լավ կատարեց այս ԵՎՐՈ-ում, բայց նա դա արեց միայն անհատական որակների ու վարպետության շնորհիվ:

Euro 2020 | France: Deschamps on Benzema's return: To talk about forgiveness is a big word | Marca

Ցանկացած թիմ, կոլեկտիվ ու հարձակման գիծ իր ամբողջ ներուժը կարող է ցույց տալ միայն խաղակցվածության շնորհիվ, որ ձեռք է բերվում ժամանակի ընթացքում: Բենզեման ու Մբապեն լավ էին համագործակցում, բայց թիմը շատ ավելի լավ հարձակման գիծ կունենար, եթե «Ռեալի» հարձակվողը հրավիրվեր գոնե 3 ամիս առաջ ու 4-5 խաղ անցկացներ թիմում: Եվ առհասարակ, Դեշամը ձեռքի տակ ունենալով աշխարհի ամենաստեղծագործ, տաղանդավոր ու կրեատիվ ֆուտբոլիստներից 4-ին՝ հավատարիմ մնաց իր պրագմատիզմին, և եթե աշխարհի առաջնությունում ստացվեց պրագմատիկ ֆուտբոլով արդյունքի հասնել, ապա այս դեպքում մրցակիցները շատ ավելի ուժեղ էին (ու դեռ ավելի էին ուժեղանալու հետագայում): Ֆրանսիան 1 գոլ խփեց Գերմանիայի դարպասն ու սկսեց խաղալ 2-րդ համարով, չկարողացավ հաղթել Հունգարիային, չկարողացավ հաղթել Պորտուգալիային, ու խաղով տպավորեց միայն շվեյցարացիների դեմ խաղի երկրորդ խաղակեսում: Ֆրանսիացիներից բոլորը սպասում էին շոուի, ինչը Դեշամը չտվեց ու պատժվեց ֆուտբոլի կողմից:

Մեր ընտրանին

Մբապեի ֆիասկոն

Մբապեն, ակնհայտորեն, իր վատագույն մրցաշարն անցկացրեց, և խոսքը, բնականաբար, չիրացրած 11-մետրանոցի մասին չէ: Այդ 11-մետրանոցը պարզապես հրաշալի էր արտացոլեց նրա անցկացրած 4 խաղերը: Կիլիանը շատ դեպքերում սխալ դիրք էր ընտրում խաղադաշտում ու Բենզեմայի հետ հայտնվում նույն եզրում, չէր կարողանում անկանխատեսելի գործողություններով անակնկալի բերել մրցակիցներին ու որ ամենազարմանալին է՝ կաղում էր պահերն իրացնելու հարցում: Միայն շվեյցարացիների դեմ նա 3-4 իրական պահ ունեցավ, բայց չկարողացավ տարբերություն ստեղծել:

Euro 2020: Adrien Rabiot's mother kicks off with Pogba and Mbappe families in the stands | GiveMeSport

Պորտուգալիա

Պորտուգալիայի հավաքականին Եվրոպայի այս առաջնությանը նույնպես շատերն էին հավատում: Նրանք գործող չեմպիոններն էին, և այդ չեմպիոնությունը նվաճել էին Նանիներով, Կուարեժմաներով, Էդերներով ու Ժոաու Մարիոներով: Այժմ նրանք շատ ավելի ուժեղ կազմ ունեին, և կարող էին կրկնել հաջողությունն ու դա անել ավելի գեղեցիկ ոճով, բայց ավելի հնչեղ անունները ոչինչ չտվեցին նրանց:

Խաղային մոդելի բացակայություն

Պորտուգալիայի հավաքականն, իսկապես, մրցաշարին ներկայացել էր կազմով, որն ըստ էության չուներ թույլ կողմեր: Դարպասապահը լավն էր, պաշտպանությունում Դիաշ-Պեպե զույգն էր՝ մեկը փորձառու, մյուսը՝ կարիերայի լավագույն մրցաշրջանն էր անցկացրել, դե իսկ կիսապաշտպանության ու հարձակման գծում գրեթե բոլորն աստղեր էին՝ առանց բացառությունների: Բերնարդու Սիլվա, Բրունու Ֆերնանդեշ, Դիեգո Ժոտա, Կրիշտիանու Ռոնալդու, պահեստայիններին էլ՝ Ժոաու Ֆելիշ ու Անդրե Սիլվա: Այս կազմից կարող էինք ու պետք է պահանջեինք լավ խաղ ու լավ արդյունքներ:

Բայց որքան էլ այս ֆուտբոլիստները տաղանդավոր լինեն և ունենան տրանսֆերային բարձր արժեք, նրանք չեն կարող խաղալ՝ առանց խաղային մոդելի: Տպավորություն էր, որ Ֆերնանդու Սանտուշը պարզապես մեկնարկային կազմ էր ընտրում, խաղադաշտ դուրս բերում ու գնում քնելու: Չկար հստակ խաղային մոդել ու խաղային ձեռագիր: Այդպես էլ չհասկացանք՝ հակագրոհայի՞ն ֆուտբոլ է խաղում Պորտուգալիան, թե՞ փորձում է ինքը դոմինանտել ու տիրել գնդակին: «Հաղթում է նա, ով ամենից շատն է վստահ նրանում՝ ինչ անում է», – ասում էր Դիեգո Սիմեոնեն: Իսկ ի՞նչ էր անում Սանտուշը, ի՞նչ էր ուզում նա կյանքից առհասարակ:

Euro 2020: Belgium have weaknesses we can explore, says Fernando Santos | AAZ KA NEWS

Հունգարիայի դեմ խաղում դժվարությամբ, բայց վստահ հաղթանակ, գերմանացիների դեմ տապալված հակագրոհային ֆուտբոլ, ֆրանսիացիների դեմ հավասար պայքար, բելգիացիների հետ հարձակում միայն խաղավարտին: Թիմ, որի մասին տպավորություն չկա:

Ֆերնանդեշը ոչինչ չտվեց թիմին

Բավական երկար ժամանակ իր տրամադրության տակ ունենալով՝ Սանտուշին չհաջողվեց գոնե խաղակցված հարձակման գիծ ունենալ ու օգտագործել անհատների կարողությունները: Նույնիսկ Բրունու Ֆերնանդեշը, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ժամանելուց հետո առաջին օրվանից հարմարվեց թիմին, այս մրցաշրջանում էլ 28 գոլ էր խփել ու 17 ասիստ արել, չկարողացավ իր տեղը գնտել Պորտուգալիայի հավաքականում: Նա անդադար տեղաշարժվում էր եզրեր, նահանջում կենտրոն, բայց Ռոնալդուին գտնել ու հաջող կոմբինացիաներ ձեռնարկել չէր ստացվում: Մյուս ֆուտբոլիստներից՝ Բերնարդու Սիլվայից, Ֆելիշից ու Անդրե Սիլվայից էլ առավելագույնը քաղել չհաջողվեց:

Պորտուգալիան որոշեց, որ հաղթանակած տակտիկան չի կարելի փոխել, ու նորից կարելի է հաղթել՝ ոչ-ոքիներ քարշ տալով ու ոչ մի բանի մասին ֆուտբոլով: Նման մոտեցումը դատապարտված էր ձախողման:

Keane slams Bruno Fernandes body language after omission Portugal at Euro 2020 / Qlur

Գերմանիա

Գերմանիայի հավաքականը նույնպես ֆավորիտի կարգավիճակ ստացավ հատկապես ավարտված մրցաշրջանից հետո: «Բավարիան» կրկին լավ տարի էր անցկացրել, «Չելսիի» գերմանական համայնքը Տուխելի հետ նվաճել էր Չեմպիոնների լիգան, վետերաններն էլ լավ մարզավիճակում էին: Յոահիմ Լյովի վերջին մրցաշարն էր ու կար ակնկալիք, որ նա որևէ նվաճման կհասնի ու բարձր նոտայի վրա կլքի «Մանշաֆթը»: Բայց ԵՎՐՈ 2020-ը կարծես ԱԱ 2018-ի շարունակությունը լիներ. տպավորիչ խաղ միայն դրվագներով, որով շատ հեռուն հնարավոր չէ գնալ:

Լյովն ու նրա չստացված աշխատանքը նոր սերնդի հետ

Մի պահ նայում էիր Գերմանիայի կազմին ու հասկանում, որ այն գրեթե ոչնչով էլ չէր զիջում Ֆրանսիայի ընտրանուն: Գերմանացիների միայն կիսապաշտպանության գիծը, գուցե, լավագույնն է աշխարհում. Կրոս, Գյունդողան, Կիմիխ, Գորեցկա: Հարձակման գծում՝ Հավերց, Գնաբրի, Սանե, Վերներ, Մյուլեր: Բայց այս բաղադրիչներից Լյովը չկարողացավ համեղ աղցան ստանալ:

Ֆրանսիայի հավաքականի դեմ առաջին խաղում Գերմանիան արդեն ցույց տվեց իր խոցելի կողմերը պաշտպանությունում: Երբ ֆրանսիացիները որոշում էին արագություններ զարգացնել, գերմանացիները մեծ տարածություններ էին թողնում ու դժվարությամբ էին հասցնում մրցակցի հետևից: 3 կենտրոնականներով համակարգն արդեն խնդրահարույց էր: Բայց աշխարհի չեմպիոնների հետ խաղից հետո Գերմանիան շարունակեց ֆավորիտ մնալ՝ հաշվի առնելով համառ պայքարն ու սրությունը հարձակման գծում:

Nothing to fear' - Pundits back England to progress after Germany struggle against Hungary - Eurosport

Այն, ինչ չհաջողվեց անել ֆրանսիացիների դեմ, հաջողվեց անել պորտուգալացիների դեմ, այսինքն՝ պահերը վերածել նյութականի և հաղթել: Գերմանական մեքենան սկսեց աշխատել եզրերով ու ռմբակոծել Պորտուգալիայի պաշտպանությունը բոլոր անկյուններից: Թվում էր՝ Հունգարիայի դեմ հերթական հոլոքոստն է սպասվում, բայց հենց հունգարացիների դեմ խաղում պարզ դարձավ, որ մեքենայի ժամանակավոր միացումն իներցիայի ուժով էր միայն: Տարօրինակ է հնչում, բայց Գերմանիա, որպես թիմ, չկար:

Հավերցների, Կիմիխների ու Գորեցկաների սերունդը Լյովի համար չէր: Լյովը ֆանտաստիկ աշխատանք էր կատարել իր կառուցած կազմով, երբ 2014-ին դարձավ աշխարհի չեմպիոն, բայց նա մնաց այդ հաջողության «տակ» ու չկարողացավ տակտիկական ճկունությամբ ամուր թիմ ստեղծել նոր սերնդից: Հասկանալով դա՝ նա նույնիսկ կրկին հավաքական հրավիրեց հին գվարդիայից Մյուլերին ու Հյումելսին, բայց նրանք էլ չփրկեցին թիմին: Թարմություն, նոր գաղափարներ, տակտիկական նոր լուծումներ են պետք այս սերնդին, որը չէր կարող տալ Լյովը: Նա հեռանում է ճիշտ ժամանակին, և գուցե Ֆլիկի հետ այլ Գերմանիա տեսնենք 2022-ի աշխարհի առաջնությանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա