Logo

Տարբերակները շատ են, ընտրությունը՝ մեկը. որտե՞ղ կշարունակի կարիերան Դիբալան

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
02:50 / 24.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Մրցաշրջանի ամենաթեժ հատվածում, երբ թիմերը մտածում են միայն իրենց խաղերի ու մրցաշարերի մասին, Ֆաբրիցիո Ռոմանոն սանձազերծեց առաջին տրանսֆերային ռումբը. «Յուվենտուսը» չի երկարաձգի պայմանագիրը Պաուլո Դիբալայի հետ: Չկա համաձայնություն, և «բիանկոներիները» որոշել են այլևս ոչ մի նոր առաջարկ չներկայացնել, ինչն արդեն հաստատել է ակումբի մարզական տնօրեն Արիվաբենեն:

Այսպիսով՝ Թուրինում 7 տարի անցկացնելուց հետո արգենտինացի «ադամանդը» փոխելու է ակումբը: Ու այս պահից սկսած՝ արդեն առաջ են գալիս Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կարիերայի շարունակության տարբերակները:

«Ինտեր» 

Դիբալայի տաղանդի մեծագույն երկրպագուներից մեկն «Ինտերի» ներկայիս ու «Յուվենտուսի» նախկին գործադիր տնօրեն Բեպե Մարոտան է: Հենց նա տարիներ առաջ 40 մլն եվրո վճարեց «Պալերմոյին»՝ Դիբալային ձեռք բերելու համար: Շաբաթներ առաջ արդեն իտալական մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ «Ինտերը» դեմ չէր լինի պայմանագիր կնքել արգենտինացու հետ: Հիմա արդեն Պաուլոն ազատ է:

Դիբալայի համար «Ինտերում» կարիերան շարունակելը բավական լավ տարբերակ է: Նախ՝ այսպես Դիբալան չի հեռանա Ա Սերիայից: Նա արդեն իր հինգ մատի պես գիտի իտալական ֆուտբոլը: Դրանից բացի, «Ինտերը» բավական զորեղ թիմ է դարձել վերջին 2-3 մրցաշրջաններում ու Սկուդետոյի մշտական թեկնածու է: Դիբալան շատ լավ կտեղավորվեր Սիմոնե Ինձագիի՝ երկու հարձակվողով սխեմայում: Էդին Ջեկոն արդեն տարեց է և ուշ թե շուտ հեռանալու է, և Դիբալան կարող է հզոր հարձակման գիծ կազմել իր հայրենակից Լաուտարո Մարտինեսի հետ: Եվ, առհասարակ, արգենտինացիները պատմականորեն շատ հաջող են հանդես եկել «Ինտերում»:

Dybala to Inter: Marotta, shot "to Calhanoglu". Counterattack to Juventus -  Pledge Times

Բայց, իհարկե, կա մեկ խնդիր այս տրանսֆերի վերաբերյալ. «Ինտերի» ու «Յուվեի» միջև սկզբունքային մրցակցությունը: Դիբալան կդառնա «Յուվեի» երկրպագուների «աչքի գրողը», եթե դառնա «ներաձուրի»:

«Ատլետիկո» 

Մադրիդի «Ատլետիկոն» այն ակումբներից է, որի անունն ամենից շատն է առնչվել Դիբալայի հետ նախորդ տարիներին: 

Դիբալայի՝ «Ատլետիկո» տեղափոխության գլխավոր դերակատարը, իհարկե, լինելու է ֆուտբոլիստի մեկ այլ հայրենակից՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: «Էլ Չոլոն» բարձր է գնահատում Դիբալայի խաղը, իսկ նրա ենթակայությամբ 28-ամյա ֆուտբոլիստը կարող է իրեն բացահայտել նորովի, գուցե կարողանա իրացնել ներուժը, որը մինչև վերջ անել չկարողացավ «Յուվեում»:

Լուիս Սուարեսն այս մրցաշրջանում հիասթափեցնում է. անցկացրած 37 խաղում նա 11 գոլ է խփել ու հայտնվել է պահեստայինների նստարանին: Սիմեոնեն կարող է լրացնել ուրուգվայցու բացը Դիբալայի միջոցով ու անվճար: Դիբալա-Ֆելիշ-Գրիզման եռյակը բավական հզոր ու բազմակողմանի հարձակման գիծ կլիներ:

LaLiga - Atletico Madrid: Simeone dines alone with Dybala in Madrid | MARCA  in English

Դիբալային շատ ջերմ կընդունեն «Ատլետիկոյի» հանդերձարանում. Ռոդրիգո դե Պաուլն ու Անխել Կորեան նրա լավագույն ընկերներից են: Այս ամենին է գումարվում նաև այն, որ Դիբալան Իսպանիայում կլիմայի ու լեզվական խնդիրներ չի ունենա:

«Բարսելոնա»

Մեկ այլ իսպանական ակումբ՝ «Բարսելոնան», կառուցում է ու շարունակելու է կառուցել իր թիմն «էկոնոմ ռեժիմով»: «Կապտանռնագույնները» մտադիր են անվճար պայմանագիր կնքել Սեզար Ասպիլիկուետայի, Ֆրանկ Կեսիեի ու Անդրեաս Քրիստենսենի հետ: Ու հիմա առաջ է գալիս նաև հարձակման գիծն անվճար ուժեղացնելու լավ տարբերակ՝ Պաուլո Դիբալա:

Դիբալան «Բարսայում» կարող է տարբերվող «10 համար» լինել: Պեդրին ու Դե Յոնգը կատարում են խաղարկողի պարտականություններ, բայց նրանք ստեղծագործում են խորքից, մինչդեռ Դիբալան շատ ավելի հաճախ ու ավելի արդյունավետ կարող է հայտնվել մրցակցի տուգանային հրապարակում ու ոչ միայն ստեղծել գոլային պահեր, այլ նաև բազմաթիվ գոլեր խփել: Դիբալայի գալով հնարավոր կլինի նաև փոխել թիմի սխեման՝ 4-3-3-ից՝ ըստ իրավիճակի կամ անհրաժեշտության անցում կատարելով 4-3-1-2-ի: 

Չավիի զարգացող թիմում խաղալը Դիբալայի համար վատ տարբերակ չէր լինի: 

«Արսենալ»

Տեղափոխվենք Պրեմիեր լիգա: Այստեղ առաջին թիմը, որտեղ Դիբալան կարող է հրաշալի հարմարվել, «Արսենալն» է:

Լոնդոնյան թիմը փնտրում է հարձակման գծում տարբերություն ստեղծող ֆուտբոլիստ: Իսկ «Արսենալում» խաղալն այս պահին բավական գրավիչ գաղափար է. Միկել Արտետայի գլխավորությամբ «զինագործները» ճախրում են, ու Դիբալան շատ լավ համալրում կլինի ու իր փորձը և որակները կփոխանցի Բուկայո Սակայի, Էմիլ Սմիթ-Ռոուի, Մարտին Էդեգորի ու Գաբրիել Մարտինելիի պես ֆուտբոլիստներին: «Արսենալը» խաղում է գեղեցիկ, հարձակողական ֆուտբոլ, ցույց է տալիս կայուն արդյունքներ ու Չեմպոնների լիգայի գոտի մտնելու գլխավոր ֆավորիտներից է: 

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն արդեն հեռացել է, Ալեքսանդր Լակազետի պայմանագրի ժամկետն էլ ավարտվում է: Այնպես որ, հավանական այս գործարքը փոխշահավետ կլիներ:

«Տոտենհեմ»

«Թաքնված» տարբերակ, որը կարող է աշխատել տարբեր գործոններով:

Անտոնիո Կոնտեն եկել է «Տոտենհեմ», ու այդ հանգամանքը շատ բան է փոխում: Իտալացին փնտրում է հզոր հարձակման գիծ, և Դիբալան հրաշալի դիրիժոր կլիներ Սոնի և Հարի Քեյնի թիկունքում: Կոնտեն Դիբալային իր թիմում ցանկանում էր տեսնել դեռ այն ժամանակ, երբ «Ինտերում» էր:

Juventus sporting director reveals stance on United-linked Dybala

«Յուվենտուսի» նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին, որն այժմ «Տոտենհեմում» է աշխատում, նույնպես ցանկանում է ձեռք բերել Դիբալային, ինչպես արեց Կուլուշևսկիի և Բենտանկուրի դեպքում:

Մանչեսթերյան թիմեր

Չհեռանալով Անգլիայից՝ հիշենք ևս 2 տարբերակի՝ մանչեսթերյան թիմերի մասին:

Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» փլեյմեյքերների իսկական դարբնոց է՝ Կևին դե Բրույնե, Բերնարդու Սիլվա, Ֆիլ Ֆոդեն, Ջեք Գրիլիշ... Նրանց կարող է միանալ նաև Պաուլո Դիբալան: Իհարկե, այսպիսի ֆուտբոլիստների առկայության պայմաններում մրցակցությունն անհավանական կլինի, բայց Գվարդիոլան Դիբալայի խաղաոճի ֆուտբոլիստներից անհավանական արդյունք է ստանում, անվերջանալի ռոտացիայի միջոցով կարողանում է կայուն խաղաժամանակ հատկացնել բոլորին՝ առանց բացառության, իսկ գումարն ընդհանրապես խնդիր չէ:

«Սիթիի» հարևան «Յունայթեդը» նույնպես տարբերակ է Դիբալայի համար: Այստեղ քաոսային իրավիճակ է, և հենց սպասվող կադրային ջարդի ու հեղափոխության հետևանքով Դիբալայի համար կարող է տեղ «բացվել» «Յունայթեդում»: Պոգբան ու Կավանին կարծես չեն երկարաձգելու պայմանագիրը, Ռեշֆորդի հեռանալու մասին նույնպես խոսակցություններ կան: Բրունու Ֆերնանդեշի համար Դիբալան հարմար խաղընկեր կլիներ: Դիբալան նաև Ռոնալդուի հետ վերամիավորվելու շանս կունենա (Մաուրիցիո Սարիի ժամանակաշրջանում նրանց համագործակցությունը բավական լավն էր):

Paulo Dybala Denies That He Struggles to Play With 'Phenomenons' Lionel  Messi & Cristiano Ronaldo | ht_media

ՊՍԺ

Տրանսֆերային ցանկացած խոսակցության ժամանակ ՊՍԺ-ին բացառելը սխալ կլինի, ինչը մենք թույլ չենք տա:

Փարիզցիներն, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ են տալու Կիլիան Մբապեին: Կան շշուկներ, որ ցանկանում է հեռանալ նաև Նեյմարը: Այս դեպքում Մեսիին պետք է արժանի խաղընկեր, և էլ ո՞վ, եթե ոչ Դիբալան, որի հետ Լեոն ցանկանում էր խաղալ դեռ «Բարսելոնայում» անցկացրած ժամանակաշրջանում: Երկուսն էլ արգենտինացի են, երկուսն էլ՝ ստեղծագործ ու տաղանդավոր: Աշխատավարձի վերաբերյալ էլ Դիբալան մտածելու ոչինչ չի ունենա: 

Բայց, իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ Դիբալայի ու Մեսիի խաղն Արգենտինայի հավաքականում չի ստացվել:

Paulo Dybala Admits it is Not Easy to Play With Messi | 90min

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա