Logo
ՍՊՈՐՏ / Ռեժիսորներ
Հեղինակ

Դինա Սամվելյան

16:15 / 17.06.2022Ռեժիսորներ
Ոսկե ծիրան-19-րդ

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Փառատոնին ընդառաջ հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպչական թիմը ներկայացրեց փառատոնային ժյուրիի կազմը, բացման և փակման ֆիլմերը, պատվավոր հյուրերին, ինչպես նաև այլ փառատոնային մանրամասներ։

Մասնավորապես, փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր ամենատարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից:

Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։

Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից  են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։ Թերի Ջորջից բացի,  լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմում ընդգրկված են Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի (IDFA) տնօրեն Օրվա Նիրաբիան, օպերատոր, Կաննի կինոփառատոնի օպերատորական մրցանակի դափնեկիր Վլադիսլավ Օպելյանցը, իսպանացի ռեժիսոր, Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր Իսակի Լակուեստան, Կաննի կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը։

Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն մի շարք պատվավոր հյուրեր, մասնավորապես՝ իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջառար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին և այլք։

Փառատոնը հարգանքի տուրք կմատուցի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։  Փառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում, այս անգամ՝ հուլիսի 17-ին։

Փառատոնը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն է։

Լրահոս