Logo

«Ոսկե գնդակ»․ ում շանսերը մեծացան և ում շանսերը նվազեցին ԵՎՐՈ-ից ու Կոպայից հետո

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
lionel messi copaamerica 071021 getty ftrjpg sn8yghdz5h1m1800259d4ofba - «Ոսկե գնդակ»․ ում շանսերը մեծացան և ում շանսերը նվազեցին ԵՎՐՈ-ից ու Կոպայից հետո

Խոշոր մրցաշարերը միշտ էլ փոխում են ուժերի հարաբերակցությունը անհատական մրցանակների համար պայքարում։ Այդպես եղավ նաև այս տարի։ ԵՎՐՈ-2020-ի ու Կոպա Ամերիկայի արդյունքները զգալիորեն փոխեցին «Ոսկե գնդակի» համար պայքարող ֆուտբոլիստների շանսերը։ Հիմա կա ընդգծված ու ակնհայտ ֆավորիտ, որի հաղթանակը, կարծես, կասկած չի հարուցում։ Մինչդեռ ակումբային մրցաշրջանի ավարտից հետո ուժերի հարաբերակցությունը բոլորովին այլ էր։

Եկեք հասկանանք՝ ինչ փոխեցին խոշոր մրցաշարերն ու ովքեր են «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդները հիմա։

Գլխավոր ֆավորիտը

Գլխավոր ու ընդգծված ֆավորիտը Լիոնել Մեսին է: 34-ամյա արգենտինացին կարիերայի ընթացքում առաջին միջազգային տիտղոսը նվաճեց՝ Արգենտինայի հավաքականի հետ դառնալով Կոպա Ամերիկայի հաղթող։ «Բարսելոնայի» ավագը անուրանալի դերակատարում ունեցավ Արգենտինայի հավաքականի հաղթանակում։ Նա մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց։ Մեսին բոլորից շատ գոլ էր խփել (4) ու բոլորից շատ գոլային փոխանցում կատարել (5) այս մրցաշարում։ Նա իր խաղով զգալիորեն բարձրացրեց «Ոսկե գնդակը» տանելու իր շանսերը։

Messi downs ghosts and hosts | Sports News,The Indian Express

Մեսին ակումբային մակարդակում ևս տպավորիչ մրցաշրջան անցկացրեց։ «Բարսելոնայի» հետ անցած ամառ հեռանալու հայտնի դրամաներից հետո արգենտինացին կարողացավ իսկական պրոֆեսիոնալի պես այդ ամենը թողնել անցյալում ու կենտրոնանալ խաղի վրա։ Արդյունքում, Մեսին հերթական անգամ դարձավ Լա լիգայի լավագույն ռմբարկու՝ խփելով 30 գոլ ու 9 անգամ օգնելով խաղընկերներին։ «Բարսելոնան» Լա լիգան ավարտեց երրորդ տեղով, սակայն առանց տիտղոս չմնաց։ Մեսին ու ընկերները հաղթեցին Իսպանիայի արքայական գավաթում։ Հաղթանակի դեպքում արգենտինացու կարիերայում դա 7-րդ «Ոսկե գնդակը» կլինի:

Ովքե՞ր կարող են խանգարել

Մեսին տպավորիչ մրցաշրջան է անցկացրել, բայց սա չի նշանակում, որ չկան այլ տարբերակներ։ Կան խաղացողներ, որոնք կարող են խանգարել Մեսիին կարիերայի 7-րդ «Ոսկե գնդակի» նվաճման հարցում։

1․ Ժորժինյո

Իտալիայի հավաքականի ու «Չելսիի» կիսապաշտպանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ Նա մեկ տարում հաղթեց Չեմպիոնների լիգայում ու Եվրոպայի առաջնությունում։ Թե՛ Իտալիայի հավաքականում, թե՛ «Չելսիում», Ժորժինյոյի դերը բացառիկ էր հաղթանակների հասնելու հարցում։ 2016 թվականին France Football-ի վարկածով լավագույն խաղացողի կոչումը տրվեց ֆուտբոլիստի, որը հաղթել էր այդ տարի Չեմպիոնների լիգայում ու Եվրոպայի առաջնությունում։ Խոսքը Կրիշտիանու Ռոնալդուի մասին է։ Սակայն համեմատել նրան ու Ժորժինյոյին տեղին չէ, դաշտում նրանք տարբեր գործառույթներ են կատարում։

jorginho e1626074693766 960x698 - «Ոսկե գնդակ»․ ում շանսերը մեծացան և ում շանսերը նվազեցին ԵՎՐՈ-ից ու Կոպայից հետո

Երկրպագուների մոտ Ժորժինյոյի՝ «Ոսկե գնդակ» ստանալը ծիծաղ է առաջացնում: Բայց նաև բացառված չէ, որ ֆուտբոլային հանրությունը արժանիորեն գնահատի նաև Ժորժինյոյի խաղն ու նրան անհատական մրցանակ շնորհի։ Իտալական մամուլն առհասարակ գրում էր, որ եթե Իտալիան չեմպիոն դառնա Ժորժինյոն կտանի «Ոսկե գնդակը»։ Իտալիան արդեն չեմպիոն է, իսկ Ժորժինյոն «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում է, ուզեք, թե ոչ։

2․ Ռոբերտ Լևանդովսկի

Լևանդովսկիից անցած տարի ուղղակի խլեցին «Ոսկե գնդակը»։ Նա ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն խաղացող, իսկ France Football-ը որոշեց չհանձնել մրցանակը կորոնատարվա արտասովոր մրցաշրջանից հետո։ Լևանդովսկին միանշանակ հաղթելու էր «Ոսկե գնդակը», քանի որ «Բավարիայի» հետ նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթն ու Բունդեսլիգան՝ այդ ամենում ունենալով մեծ դերակատարում։

Այս տարի Լևանդովսկիի շանսերն ավելի քիչ են։ Նախ Լեհաստանի հավաքականը տապալեց ԵՎՐՈ-2020-ը։ Միակ լուսավոր կետը հենց Լևանդովսկին էր, որը երեք գոլ խփեց ու մինչև վերջին պահը ստիպեց հավատալ լեհերին, որ նրանք կարող են փլեյ-օֆֆ դուրս գալ։ Սակայն մի ծաղկով գարուն չեկավ։ Ակումբային մակարդակում Լևանդովսկին նորից խելահեղ ցուցանիշների մրցաշրջան անցկացրեց։ «Բավարիան» դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն 9-րդ անգամ անընդմեջ։ Լևանդովսկին 41 գոլ խփեց Գերմանիայի առաջնությունում ու գերազանցեց Գերդ Մյուլերի՝ հավերժ թվացող ռեկորդը։

obrrt lewandowski 960x540 - «Ոսկե գնդակ»․ ում շանսերը մեծացան և ում շանսերը նվազեցին ԵՎՐՈ-ից ու Կոպայից հետո

Չեմպիոնների լիգայում «Բավարիան» պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակիչում՝ զիջելով ՊՍԺ-ին։ Լևանդովսկին երկու խաղերում էլ չօգնեց իր թիմին վնասվածքի պատճառով։ Մրցաշրջանն իսկապես հիշարժան էր Լևանդովսկիի համար։ Գուցե անցած տարվա «գողությունը» փոխհատուցվի այս տարի, ու Լևան հաղթի «Ոսկե գնդակը»։ Սակայն հասկանում ենք, որ շանսերը մեծ չեն։

3․ Կրիշտիանու Ռոնալդու

Առանց Ռոնալդուի ու Մեսիի այս թեմայի շուրջ խոսել հնարավոր չէ։ Ռոնալդուն անհատապես լավ մրցաշրջան անցկացրեց, սակայն ձախողվեցին թե՛ «Յուվենտուսը», թե՛ Պորտուգալիան։ Ռոնալդուն անհատապես շարունակում է պատմական ռեկորդներ թարմացնել։ Նա այս մրցաշրջանում դարձավ ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով լեգենդար Պելեին։ Նա նաև հավասարվեց Ալի Դաեիին ազգային հավաքականում խփած գոլերի քանակով։ Պարզից էլ պարզ է, որ այս ռեկորդի գերազանցումն ուղղակի ժամանակի հարց է։

Portugal`s Cristiano Ronaldo wins Euro 2020 Golden Boot - My Droll

Ռոնալդուն փայլեց նաև ԵՎՐՈ-ում։ Հինգ գոլ, մրցաշարի լավագույն ռմբարկու։ Նա դարձավ ԵՎՐՈ-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Միշել Պլատինիին։ Ակումբային մակարդակում էլ նորից լավագույնն էր Ա սերիայում, սակայն «Յուվենտուսի» անփառունակ մրցաշրջանը ստվերում է Ռոնալդուի ակումբային հաջողությունները։ Նա այս ցանկում կա, սակայն բոլորն էլ հասկանում են, որ պորտուգալացի սուպերաստղի համար «Ոսկե գնդակն» այս տարի հաղթելը չափազանց բարդ խնդիր կլինի։

4․ Ն’գոլո Կանտե

Թեպետ ԵՎՐՈ-ում Կանտեն չառանձնացավ, այնուամենայնիվ նրա մրցաշրջանը յուրահատուկ էր։ Նրան հաշիվներից վերջնական հանել պետք չէ։ Կանտեն «Չելսիի» կազմում ուղղակի անկասելի էր։ Նա ծածկում էր ամեն ինչ։ Դաշտի միջին հատվածում նրա անհավանական խաղը «Չելսիին» շատ օգնեց Չեմպիոնների լիգան հաղթելու ճանապարհին։ Լոնդոնյան թիմում անցկացրած ֆանտաստիկ մրցաշրջանից հետո Կանտեից սպասելիքները շատ էին նաև ԵՎՐՈ-ում։ Սակայն «եռագույնները» ձախողեցին մրցաշարը։

Champions League final Player of the Match: N'Golo Kanté | UEFA Champions League | UEFA.com

Կանտեն կլիներ «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր ֆավորիտը, եթե Ֆրանսիան չեմպիոն դառնար։ Սակայն հիմա Կանտեի շանսերը զգալիորեն նվազեցին։ Թեպետ նա շարունակում է մնալ գլխավոր հավակնորդներից մեկը։ Գուցե հենց նրա յուրահատուկ խաղի գնահատականը խանգարի Մեսիին 7-րդ անգամ հաղթել «Ոսկե գնդակը»։ Կանտեն բացի գերազանց ֆուտբոլիստ լինելուց հետաքրքիր կերպար է, ում բոլորը շատ են սիրում։

5․ Լեոնարդո Բոնուչի

Գուցե առաջին հայացքից այս տարբերակը շոկային թվա, բայց Լեոնարդո Բոնուչին ֆանտաստիկ մրցաշար անցկացրեց ԵՎՐՈ-ում, թեպետ ակումբային մակարդակում նա այն նույն անփառունակ «Յուվենտուսում» էր, ինչ Ռոնալդուն։ Բոնուչին Իտալիայի հավաքականի պաշտպանության առաջատարն էր Ջորջիո Կիելինիի հետ։ Նույն հաջողությամբ այս ցանկում կարող էր լինել նաև Ջորջիո Կիելինին, սակայն «Սկուադրա աձուրայի» ավագը ակումբային մրցաշրջանի ընթացքում գրեթե դաշտ դուրս չէր եկել, քանի որ վնասվածք ուներ։

Leonardo Bonucci: 'Football's coming home' chant motivated Italy to win Euro 2020 | Football News | Sky Sports

Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպաններին ոչ մի ֆուտբոլիստ չի կարողացել շրջանցել ԵՎՐՈ-ի ժամանակ։ Բոնուչին բացի պաշտպանության առաջատարներից մեկը լինելուց, նաև տանում էր իր թիմին հոգեբանական տեսանկյունից։ Երկու հետխաղյա հարվածաշարերում նա կարևորագույն գոլեր խփեց, եզրափակիչում հավասարեցրեց հաշիվը։ Իտալացի պաշտպանի «Ոսկե գնդակը» տալու նախադեպ պատմության մեջ կա։ 2006 թվականին այն ստացավ Ֆաբիո Կանավարոն։

Մեր ընտրանին

Ովքե՞ր դուրս մնացին պայքարից

1․ Կիլիան Մբապե

Մբապեն տապալեց ԵՎՐՈ-ն։ Նրա չիրացրած հարվածի պատճառով Ֆրանսիան դուրս մնաց պայքարից, նրա չիրացրած պահերի պատճառով Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Մբապեն ակումբային մակարդակում նույնիսկ Լիգա 1-ում հաղթանակի չէր հասել ՊՍԺ-ի հետ։ Չեմպիոնների լիգայում հասել էր մինչև կիսաեզրափակիչ։ Մբապեն դեռևս կունենա մրցաշրջաններ, որի արդյունքում կդառնա «Ոսկե գնդակը» ստանալու գլխավոր հավակնորդներից մեկը, սակայն այս տարին հաստատ այդպիսին չէ։

World of football comes to Kylian Mbappe's rescue as France exit Euro 2020 on penalties against Switzerland | Sambad English

2․ Ռոմելու Լուկակու

Լուկակուն գերազանց մրցաշրջան անցկացրեց «Ինտերի» կազմում։ Բելգիացի հարձակվողը դարձավ Ա սերիայի չեմպիոն։ Նա Անտոնիո Կոնտեի թիմի իսկական առաջատարն էր։ Սակայն ԵՎՐՈ-ում Բելգիան դարձյալ հիասթափեցրեց։ Լուկակուի շանսերը նույնիսկ շատ փոքր են «Ոսկե գնդակը» ստանալու համար։

3․ Կևին դե Բրույնե

Դե Բրույնեն ակումբային մակարդակում հիանալի մրցաշրջան անցկացրեց։ «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի չեմպիոն դարձավ ու հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Դե Բրույնեն անկասկած աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է այս պահին։ ԵՎՐՈ-ում նա շատ չխաղաց, քանի որ վնասվածք ուներ, սակայն երբ խաղում էր, գերազանց տպավորություն էր թողնում։ Իտալիայի հետ քառորդ եզրափակիչը բացառություն է։ Դե Բրույնեն խաղում էր վնասվածքով ու չկարողացավ ցույց տալ իր լավագույն որակները։

De Bruyne hobbles out of Belgium's last-16 match

4․ Կարիմ Բենզեմա

«Ռեալի» ֆրանսիացի հարձակվողը գերազանց մրցաշրջան անցկացրեց ու անակնկալ կերպով վերադարձավ Ֆրանսիայի հավաքական։ Բենզեման փայլում էր նաև ԵՎՐՈ-ում, սակայն Ֆրանսիան շատ շուտ դուրս մնաց պայքարից։ Եթե «եռագույնները» մեծ նվաճման հասնեին այս մրցաշարում, ապա Բենզեման կարող էր «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում լինել, սակայն հիմա նա շանս չունի: Նա այս տարի ոչ մի տիտղոս չի նվաճել, թեպետ անհատական տեսանկյունից իր լավագույն մրցաշրջաններից է անցկացրել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա