Logo

«Ոսկե տրանսֆեր VS. փողերը քամուն տալ». Ճի՞շտ էր Ֆերան Տորեսի տեղափոխությունը «Բարսելոնա», թե՞ ոչ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 30.12.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Screenshot 1 49 - «Ոսկե տրանսֆեր VS. փողերը քամուն տալ». Ճի՞շտ էր Ֆերան Տորեսի տեղափոխությունը «Բարսելոնա», թե՞ ոչ

Խառը ժամանակներ են «Բարսելոնայում»։ Ընդ որում՝ արդեն մի քանի տարի է, որ այդպես է, այլապես ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել Գրիզմանին, Դեմբելեին ու Կոուտինյոյին ընդհանուր 300+ մլն եվրոյով գնելը։ Ակումբի ֆինանսական խնդիրները հասան այն կետին, որ արտաքին պարտքը հասավ 1,5 մլրդ եվրոյի։ Դեպքերի հաջորդականությունը հանգեցրեց աններելի հետևանքների. Լեո Մեսին հեռացավ Կատալոնիայից ու հայտնվեց Փարիզում։ Թվում էր՝ դեռ երկար ժամանակ «Բարսան» չի կարողանա ուշքի գալ, սակայն օրերս ակումբի երկրպագուներն ստացան Ամանորի հրաշալի նվեր. իսպանական թոփ ակումբի շարքերը համալրեց իսպանացի երիտասարդ հարձակվող Ֆերան Տորեսը։ Գործարքի արժեքը 55+10 մլն եվրո է։

Հիմա փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս «Բարսելոնային» հաջողվեց իրականացնել նման գործարք՝ ունենալով 1,5 մլրդ եվրոյի պարտք։ Եվ առհասարակ՝ պե՞տք է արդյոք Ֆերան Տորեսն այս պահին «Բարսելոնային»։ Գուցե, այո՛, պետք է։ Բայց հաշվի առնելով կազմի ու հատկապես հարձակման գծի հետ կապված խնդիրները՝ կարելի՞ էր ձեռք բերել այլ ֆուտբոլիստի, թե՞ ոչ։

Նախ՝ ինչպե՞ս «Բարսան» ձեռք բերեց Ֆերան Տորեսին

170841 960x640 - «Ոսկե տրանսֆեր VS. փողերը քամուն տալ». Ճի՞շտ էր Ֆերան Տորեսի տեղափոխությունը «Բարսելոնա», թե՞ ոչ

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բացահայտվեց «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրների ամբողջ համալիրը։ Ակումբը, ինչպես և յուրաքանչյուր մինչմրցաշրջանի ընթացքում, ձեռք բերեց մի շարք աստղային նորեկների, սակայն հանդիպեց Լա լիգայի արգելքներին։ Եվրոյի ընթացքում հայտարարվեց Մեմֆիս Դեպայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ժամանակի ընթացքում «Բարսայի» կազմը համալրեցին նաև Սերխիո Ագուերոն ու ևս մի քանի ֆուտբոլիստ։ Սակայն քչերին էր հասկանալի՝ ինչու այս ֆուտբոլիստները չէին հայտավորվում խաղերին։ Ու այդ թեմաներին էլ զուգահեռ՝ ամպրոպ անամպ երկնքում. շրջանառվեց Մեսիի հեռանալու մասին լուրը…

Աստղերին հայտավորելու ու գոյացած գումարը մարելու համար կատալոնական ակումբն ստիպված եղավ գնալ նոր՝ տարաժամկետ վարկ վերցնելու։ 525 մլն եվրոյի ու ևս մի քանի խաղացողի վաճառքից ստացված գումարի միջոցով հնարավոր եղավ մի փոքր շտկել իրավիճակը, սակայն խնդիրներն այնքան շատ էին, որ էլ ասելու չէր։ Օրինակ՝ Մեսիին թիմում պահելու համար անհրաժեշտ էր, որ արգենտինացին գնա աշխատավարձի 90 տոկոս կրճատման։ Որքան էլ որ Լեոն իրեն պատռի, որ պատրաստ էր անվճար խաղալ թիմում, նախ՝ իրավաբանորեն դա անել հնարավոր չէր լինի, հետո՝ Մեսին չէր պատրաստվում բարեգործություն անել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նրան նախորդ տարի խաբել ու բաց չէին թողել: Այդպես, Լեոն իրերն առավ ու գնաց, բայց ոչ թե «Սիթի», որտեղ նրան սպասում էին, այլ ՊՍԺ։

Կատալոնական ակումբի ամենամեծ խնդիրն աշխատավարձն է։ 2019/2020 մրցաշրջանում, ըստ պաշտոնական հաշվետվության, «Բարսան» վճարել է 671 մլն եվրո «ռոճիկ»: Նման ցուցանիշով Իսպանիայում նույնիսկ «Ռեալն» ու «Ատլետիկոն» չեն «պարծենում»։ Միայն աշխատավարձ վճարելու համար «Բարսան» վատնել է իրական եկամուտի 103% տոկոսը, ինչը, ըստ Լա Լիգայի արդար խաղի կանոնների ու ՖԻՖԱ-ի օրենքների, արգելված է։ Այս տարվա ամռանն իրականացրած մեծ առք ու վաճառքի արդյունքում «Բարսայի» վիճակը շտկվեց։ Էմերսոն Ռոյալի (25 մլն), Ժինիոր Ֆիրպոյի (15 մլն), Ժան-Կլեր Տոդիբոյի (8,5 մլն), Կառլես Ալենյայի (5 մլն) տրանսֆերային իրավունքները վաճառելուց հետո թիմն ազատեց ևս 40 մլն եվրո։ Դրան գումարում ենք Գրիզմանի, Պյանիչի ու Տրինկանի վարձավճարներն ու ստանում բարվոք պատկեր(Գրիզմանը տարեկան վաստակում էր ավելի քան 30 մլն եվրո)։

barcelona forward antoine griezmann 289dgr1z3bdv14xviauhza8nr 960x540 - «Ոսկե տրանսֆեր VS. փողերը քամուն տալ». Ճի՞շտ էր Ֆերան Տորեսի տեղափոխությունը «Բարսելոնա», թե՞ ոչ
Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» իրավունք ունի վատնելու X գումար, սակայն գումարը վատնելուց բացի, հարկավոր էր ազատել տեղ՝ նոր գրանցված ֆուտբոլիստների աշխատավարձի համար։ Այդտեղ թիմին «օգնեց» Սերխիո Ագուերոյի դժբախտությունը։ 12 մլն եվրո աշխատավարձ գրանցած խաղացողը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Կարծես ամեն ինչ պատրաստ էր Տորեսի հետ պայմանագիր կնքելու համար։ Սակայն ֆինանսական բարդ վիճակը դա անել դեռ թույլ չէր տալիս։
Օգնեց ևս մի ֆուտբոլիստի «դժբախտություն». «կապտանռնագույնները» գնացել են ոչ ծափերի արժանի քայլի. այս մրցաշրջանում ու գուցե նաև հետագայում չի խաղա Յուսուֆ Դեմիրը։ «Ռապիդից» վարձավճարով տեղափոխված երիտասարդ խաղացողն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել արդեն 9 անգամ։ Հաջորդ մուտքն ասպարեզ կլինի 10-րդը, ինչն ակումբի ղեկավարությանը կստիպի 10 մլն եվրոյով ակտիվացնել տրանսֆերն իրականացնելու պայմանագրային դրույթը։ Ֆինանսական հավելյալ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար Յուսուֆ Դեմիրը պետք է վերադառնա Ավստրիա։ Բացի դրանից, «Բարսան» ձմռանը ծրագրում է ազատվել ևս 5-6 ֆուտբոլիստից։

Մեր ընտրանին

Հաղորդվում է՝ Տորեսին ձեռք բերելու տակտիկան միայն ֆուտբոլիստների վաճառքը չէ։ Ձեռք բերման գաղտնիքներից մեկն իսպանացի հարձակվողի աշխատավարձն է։ Քանի որ նա «Մանչեսթեր Սիթիում» վաստակում էր տարեկան ընդամենը 3 մլն եվրո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Տորեսն առաջին կես տարվա ընթացքում ստանալու է «կոպեկներ»։ Այդ ամենը հարկավոր է՝ Լա լիգայի ֆինանսական արդար խաղի կանոնների սահմաններում մնալու համար։ Առայժմ հայտնի չէ՝ գումարն ինչպես է փոխանցվելու, բայց ամենայն հավանականությամբ, միլիոնները նստելու են մի քանի տրանշով։

Որքա՞ն է անհրաժեշտ Ֆերան Տորեսը «Բարսելոնային»

manchester city v rb leipzig group a uefa champions league 1 960x581 - «Ոսկե տրանսֆեր VS. փողերը քամուն տալ». Ճի՞շտ էր Ֆերան Տորեսի տեղափոխությունը «Բարսելոնա», թե՞ ոչ

Չավիի թիմի առջևի գիծն ամենաթույլերից է ակումբի պատմության մեջ։ Երբեք այսքան անօգնական հարձակման ներուժ «Բարսան» չի ունեցել։ Գործնականում թիմի միակ գոլ խփողը Մեմֆիս Դեպայն է։ Լյուկ դե Յոնգը լուրջ չէ, Մարտին Բրեյթվեյթին դուք սովորական պայմաններում կհամարեիք չափազանց թույլ հարձակվող, սակայն Չավիի մանկապարտեզի հետ համեմատած՝ դանիացին իսկական լեգենդ է։ Նման պարագայում Ֆերան Տորեսը կլինի ակումբի փրկությունը։

Այս ժամանակահատվածում «Բարսելոնայի» նորանշանակ մարզիչն օգտագործել է իր միակ մաքուր հարձակվող Լյուկ դե Յոնգին հաշված դեպքերում։ Մնացած բոլոր պարագաներում Աբդե Էզալզուլին, Ֆերան Յուտգլան ու մյուսները գործում են կեղծ «9» համարի դիրքում։ Նրանց էլ գումարում ենք վնասվածքից ապաքինված Անսու Ֆատիին, խելքը գլուխը հավաքած Ուսման Դեմբելեին ու Ֆերան Տորեսին, ստացվում է այնպես ոչինչ ներուժ ունեցող հարձակման գիծ։

3 կենտրոնական պաշտպանով սխեմայի դեպքում Տորեսը կարող է գործել հարձակման ամբողջ երկայնքով, տեղափոխվել եզրեր, խորանալ այնտեղից կենտրոն, իր վրա հավաքել պաշտպաններին ու անել այն, ինչը, օրինակ, Չավի-ֆուտբոլիստի ժամանակահատվածում անում էր Դավիդ Վիլյան։ Իհարկե, համեմատության եզրերը քիչ են, բայց Տորեսը կարող է մասամբ «Բարսային» տալ այն, ինչ անվանի հարձակվողը։ Պեպի սխեմայում Տորեսն իրեն գերազանց էր զգում նաև հարձակման կրակագծում ու օգտագործում էր իր մյուս առավելությունները։

Բայց մի՞թե Ֆերան Տորեսի ոճի հարձակվող էր պետք

GettyImages 1232966821 960x695 - «Ոսկե տրանսֆեր VS. փողերը քամուն տալ». Ճի՞շտ էր Ֆերան Տորեսի տեղափոխությունը «Բարսելոնա», թե՞ ոչ

Ֆերան Տորեսը, այո՛, լավ ձեռքբերում է. նա գիտի՝ ինչպես գոլ խփել։ Սակայն հիմա Տորեսի ոճի(ոչ թե կարգի) հարձակվող թիմում կա։ Մեկի տեղն էլ՝ մի քանիսը։ Չավիի սիրելի «կեղծ 9 համարի» դիրքի ֆուտբոլիստները միանշանակ կարող են օգուտ տալ։ Քանիցս տեսել ենք, որ այդ կարգի հարձակվողներն իրենց թիմերին հասրցել են ամենաբարձր նվաճումներին։ Սակայն նրանց կողքին պետք է լինի գոնե 1 մաքուր հարձակվող, որից կարելի է սովորել կրակագծում գործելու նրբությունները։ Լյուկ դե Յոնգից ու Բրեյթվեյթից սովորելը դեռ ոչինչ չի երաշխավորում։

Լուիս Սուարեսի անհավանական հրաժեշտից հետո այդ խնդիրը կա։ Սակայն եթե առաջին մրցաշրջանում Մեսին այլմոլորակայինի իր մեջքի վրա քարշ էր տալիս թիմին, հիմա Մեսին էլ չկա. Լեոն իր հետ տարավ ոչ միայն իր մոգական ուժը, այլև ակումբի գոլերի ավելի քան 50 տոկոսը։ Նման խնդիրների առկայությամբ Ֆերան Տորե՞սն է այն ֆուտբոլիստը, որ պետք է տուփերով գոլեր խփի ու հաղթանակներ պարգևի «Բարսային»։ Ամենանվիրական երկրպագուները գուցե հավատում են դրան, բայց պետք է լինել իրատես ու դրան վերաբերվել առնվազն կասկածով, եթե չասենք ավելին։

Այս ամսվա ընթացքում հայտնի դարձավ, որ «Բարսան» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիին։ «Կարմիր սատանաների» ուրուգվայցի գոլահարն այս մրցաշրջանում կորցրել է տեղը հիմնական կազմում մի քանի պատճառներով. նախ՝ «տուն» վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն պետք է լիներ թիմի հարձակվողը, հետո՝ «Էլ Մատադորին» խժռեցին տարատեսակ վնասվածքները։ Կասկած կար, որ Կավանին ցանկանում է ավարտել կարիերան, սակայն նրա աշխատասիրությունն ու մրցակցի դարպասին մշտապես միտված լինելու ձգտումը դեռ կարող են օգուտ բերել յուրաքանչյուր թիմի, այդ թվում՝ «Ման. Յունայթեդին» («Նյուքասլի» հետ վերջին խաղը՝ վառ օրինակ)։

16384446135134 960x540 - «Ոսկե տրանսֆեր VS. փողերը քամուն տալ». Ճի՞շտ էր Ֆերան Տորեսի տեղափոխությունը «Բարսելոնա», թե՞ ոչ

Կավանին ու «Բարսան» այս պահին միմյանց համար են. ուրուգվայցին տենչում է տեղափոխվել թիմ, որտեղ իրեն կգնահատեն ու տեղ կհատկացնեն հիմնական կազմում, իսկ «Բարսային» օդի ու ջրի նման հարկավոր է «կիլլեր» հարձակվող։ Կավանին Իտալիայում ու Ֆրանսիայում արդեն ցույց է տվել գոլահարի իր ունակությունները։ Իսպանական ֆուտբոլը, ի տարբերություն անգլիականի, պակաս ուժային ու ինտենսիվ է, և ուրուգվայցին հեշտությամբ կարող է հարմար տեղավորվել։

Կավանիի տեղափոխությունը դեռ կարող է տեղի ունենալ։ Միակ խնդիրն աշխատավարձն է, բայց եթե «Բարսան» կարող է մի քանի տրանշով վճարել Տորեսի տրանսֆերային գումարը, ուրեմն՝ կարող է անվճար տեղափոխվող ֆուտբոլիստի աշխատավարձի հարցը նույնպես լուծել։ Կստացվի, որ «Բարսան» կոպեկներով ձեռք է բերում թոփ հարձակվող, որի հետ Լա լիգայում կարող են համեմատվել միայն Կարիմ Բենզեման ու Լուիս Սուարեսը։ Ո՞ր թիմը կարող է հույսը կապել ոչ-ոքիի հետ, եթե իր կազմում ունենա Կավանիի նման հրեշ։ «Մատադորի» շնորհիվ «Բարսան» կվերադարձնի նաև հաղթողի հոգեբանությունը, որը Մեսին իր 6 «Ոսկե գնդակների» հետ գցել է ճամպրուկի մեջ ու տարել Փարիզ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա