Logo

Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
51141352389 39afca22bd o 1 - Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

Հայ ֆուտբոլասերներն արդեն այսօր՝ մայիսի 28-ին, կստանան իրենց հուզող գլխավոր հարցերից մեկի պատասխանը: Ի վերջո ո՞վ կդառնա Հայաստանի չեմպիոն: Մեկ բան ակնհայտ է՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 2 տարվա դադարից հետո նոր հաղթող կունենա, քանի որ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» վայր է դրել լիազորությունները:

Չեմպիոնական պայքարին մինչև վերջերս 4-5 թիմ էր մասնակցում, իսկ հիմա մնացել են երկուսը՝ եռակի չեմպիոն «Ալաշկերտը» և գործող փոխչեմպիոն «Նոան»: «Ալաշկերտը» վերջին տուրում հյուրընկալելու է «Արարատ-Արմենիային», «Նոան»՝ «Վանին»: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմին ոչ-ոքին էլ բավարար կլինի չեմպիոն հռչակվելու համար, քանի որ եթե թիմերն անգամ հավասար քանակի միավորներ ունենան, «Ալաշկերտը» կշրջանցի «Նոային» ընթացիկ առաջնության անձնական խաղերում ունեցած առավելության շնորհիվ:

Ի՞նչ վիճակում են թիմերը մոտենում կարևորագույն հանդիպումներին, ու որո՞նք են նրանց գլխավոր հաղթաթղթերը․ այս և այլ հարցերի մասին՝ ավելի մանրամասն:

26.04.2021 NOAH Alashkert 5 960x640 - Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

4 խաղ, բազմաթիվ հարցականներ, խառնիճաղանջ իրավիճակ․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ վերջին՝ 25-րդ տուրից առաջ

Բագրատ Նավոյանի որոշումը

«Ալաշկերտի» սեփականատերը, որը հայտնի է իր կտրուկ որոշումներով, 2 անընդմեջ պարտություններից հետո (մեկը գավաթի եզրափակիչում էր) Աբրահամ Խաշմանյանին հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից: Որոշումը ոչ միանշանակ էր: «Ալաշկերտը» նախքան այդ ընդամենը 1 անգամ էր պարտվել ամբողջ գարնանային հատվածում, չնայած 4 հաղթանակներն էլ տոնել էր նվազագույն առավելությամբ ու գրանցել նաև 3 գոլազուրկ ոչ-ոքի, որից 2-ը՝ հետնապահ «Շիրակի» դեմ հանդիպումներում: «Ալաշկերտը» թեև արդյունավետ խաղ չէր ցուցադրում, բայց նաև ամուր պաշտպանությամբ էր աչքի ընկնում՝ գարնանային հատվածում բաց թողնելով ընդամենը 3 գոլ: Սակայն «Արարատից» և «Վանից» ընդունած համատեղ 6 գոլերը և 2 պարտությունները փոխեցին ամեն ինչ: Նավոյանը չհավատաց, որ Խաշմանյանը կշտկի իրավիճակը:

Հրավիրվեց Ալեքսանդր Գրիգորյանը, որը մարտին էր հեռացել «Ուրարտուից»: Նա, չնայած ունեցած կարճ ժամանակին, հասցրեց որոշ չափով փոխել խաղաոճը, իսկ թիմը նախ 2-1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային», ապա՝ 1-0 հաշվով «Արարատին»: «Ալաշկերտը» խաղում է 4-4-2 սխեմայով, ցուցադրում ավելի հարձակողական ֆուտբոլ, հաճախ դիմում բարձր պրեսինգի: Խաղացողների՝ նոր մարզչի առջև իրենց հատկանիշները դրսևորելու ցանկությունը մեծ է: «Ալաշկերտը» թեև 2 մրցավեճերում էլ վերջնամասում հաղթանակ կորզեց, բայց 2 դեպքում էլ խաղային առումով գերազանցեց մրցակիցներին: Դա դրսևորվեց հատկապես «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպմանը, երբ Գրիգորյանի թիմն այդքան գոլային պահեր ստեղծելու պայմաններում պարտավոր էր ավելի վաղ, այլ ոչ թե ավելացված 2-րդ րոպեին վճռել մրցավեճի ելքը:

25.05.2021 Ararat Alashkert 20 960x640 - Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

Դմիտրի Գունկոյի որոշումը

«Նոայում» մարզչի փոփոխություն աշնանն էր կայացել, և Դմիտրի Գունկոյին միայն առաջնության վերջնամասում հաջողվեց թիմին ցանկալի մակարդակի բերել (նախքան «Ուրարտուին» վերջին տուրում պարտվելը 6 խաղում 5 անգամ հաղթել էին, գրանցել 1 ոչ-ոքի): Գունկոյի՝ ուշադրության արժանի որոշումը տակտիկական էր: Նա որոշեց թիմ «ներարկել» 4-4-2 սխեման, բայց 2 հարձակվողների դիրքերում տեղակայել կիսապաշտպանների՝ Պետրոս Ավետիսյանին ու Վլադիմիր Ազարովին: «Նոային» այդպես հաջողվում է ավելի լավ դիրքային ֆուտբոլ խաղալ, գրոհների ժամանակ թվային առավելություն ստանալ և՛ կենտրոնում, և՛ հետո՝ եզրափակիչ հատվածում: Ռուս մասնագետը գրեթե չի փոխում հարձակման քառյակը, որտեղ ներգրավված են նաև ձմռանը եկած Պավել Կիրիենկոն ու Ռայմոնդ Անանե-Ջյասին:

Այդ քառյակի անդամները միմյանց գերազանց են հասկանում, և «Նոայի» կոմբինացիաները դառնում են չափազանց վտանգավոր: Նաև այդ խաղաոճի ու ստացած ազատության շնորհիվ կրկին փայլեց Ավետիսյանը, որը գարնանային հատվածում բոլոր մրցաշարերի հաշվարկով 6 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել: Կիրիենկոյի դեպքում այդ վիճակագրությունը 3+1 է, Անանե-Ջյասիի պարագայում՝ 1+2: Եվ դա այն դեպքում, որ «Նոայից» ձմռանը հեռացան առջևի գծի առաջատար խաղացողներ՝ հանձինս Մաքսիմ Մայրովիչի, Արտյոմ Սիմոնյանի, Պավել Դեոբալդի, Դանու Սպատարուի: Գունկոն ամեն ինչ, կարելի է ասել, զրոյից կառուցեց: Իրեն գերազանց է զգում նաև հնաբնակներից Ազարովը՝ մրցաշրջանում 7 գոլով ու 2 «ասիստով»: Պետք է ընդգծել նաև կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանի գերազանց մարզավիճակը:

08.03.2021 Noah 3 1 Lori 21 960x640 - Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

Հայաստանում ամեն ինչ որոշվելու է վերջին տուրում. ինչ կլինի, եթե միավորները հավասար լինեն

Ինչո՞վ է առանձնանում «Ալաշկերտը»

Երևանյան թիմը երկրորդ խաղակեսերում ավելի լավ հանդես գալու հատկանիշ ունի․ գարնանային հատվածում խփած 20 գոլերից 14-ը գրանցվել են երկրորդ խաղակեսերում: Ավելի հնչեղ է այն, որ վերջին 11 գոլերից 9-ն է գրանցվել ընդմիջումից հետո: Մեծ է փոխարինման մտած ֆուտբոլիստների դերակատարությունը: Ֆրանսիացի կիսապաշտպան Վենսան Բեզեկուրը վերջին 2 հանդիպումներում փոխարինման է դուրս եկել և նախ դարձել հաղթական «ասիստի», ապա՝ գոլի հեղինակ: Բայց այդ միտումը նոր չէ: Խաշմանյանի օրոք առաջնությունում «Ուրարտուի» և «Փյունիկի» դեմ մրցավեճերում 1-0 հաշվով հաղթանակներ են պարգևել հենց ընթացքից ներգրավվածները՝ Վանգու Գոմեն ու Բրանկո Միհայլովիչը: «Ալաշկերտը» նաև հաղթել է գարնանային հատվածի այն բոլոր 9 խաղերում, որոնցում առաջինն է հասել հաջողության։

26.04.2021 NOAH Alashkert 21 960x640 - Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

Ինչո՞վ է առանձնանում «Նոան»

Ի տարբերություն «Ալաշկերտի», «Նոայի» հաղթանակները գարնանային հատվածում ավելի համոզիչ հաշիվներով են եղել․ 8-ից միայն 4-ն է գրանցվել նվազագույն առավելությամբ: «Նոան» նույնպես մինչև վերջ պայքարող թիմ է: Այն հոգեբանական մեծ վերելք ապրեց «Արարատի» դեմ խաղից հետո, երբ 0-2 հաշվով զիջելու պայմաններում հաղթեց 3-2 հաշվով: Վերջին վայրկյաններին խփած գոլերի շնորհիվ նվազագույն հաշվով 2 հաղթանակներ գրանցեց «Փյունիկի» նկատմամբ: Խնդիր չէ նաև առաջին կեսերում արդյունավետ ֆուտբոլ խաղալը․ վերջին 6 գոլերից 5-ը հենց առաջին 45 րոպեում են գրանցվել: Գարնանային հատվածում 6 գոլ է խփել 11-մետրանոց հարվածներով: Վերջին 11 գոլերից 7-ը կյանքի են կոչվել դիրքային գրոհների արդյունքում: Խնդրահարույց է այն՝ գարնանը ստանդարտներից արդեն 5 գոլ է բաց թողել, ու միայն 1-ն է եղել 11-մետրանոցից:

08.03.2021 Noah 3 1 Lori 1 960x640 - Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

«Նոայի» փոքր առավելությունը և «Ալաշկերտի» «զենքերը»

«Ալաշկերտը» 10 օրվա ընթացքում 4 խաղ է անցկացրել, «Նոան»՝ ընդամենը 2: Սա շատ կարևոր գործոն է, որովհետև «Ալաշկերտը» բավականին տարեց կազմ ունի, ուստի վերականգնվելու խնդիր կա։ Միաժամանակ թիմը 2 անընդմեջ հաղթանակ է տոնել, իսկ դրական արդյունքներից հետո, հայտնի ճշմարտություն է, վերականգնվելն ավելի դյուրին է: «Նոան» ոչ միայն ավելի քիչ հանդիպումներ է անցկացրել վերջին հատվածում, այլև համեմատաբար երիտասարդ կազմ ունի: Կա ևս մեկ հոգեբանական գործոն: Կխանգարի՞ «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին այն, որ ոչ-ոքին ևս ձեռնտու է չեմպիոն դառնալու համար: Այդպես կստացվի՞ ինչպես հարկն է տրամադրվել խաղին: «Նոայի» գործն այդ առումով ավելի հեշտ է՝ միայն ու միայն հաղթանակ է անհրաժեշտ: Գրիգորյանի՝ նախախաղային խոսքից շատ բան կախված կլինի:

Քանի որ «Նոայից» «հարց լուծող» մի քանի անհատների առանձնացրինք, խոսենք նաև «Ալաշկերտից»: VBET Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Դավիդ Դավիդյանը կրկին իր բարձրության վրա է: Մարզավիճակի փոքր անկումից հետո վերջին 3 հանդիպումներում 1-ական գոլային փոխանցում է կատարել: Ընդհանուր մրցաշրջանում ունի 7 գոլ, 3 գոլային փոխանցում: Նրա դերակատարությունը հարձակման գծում շատ մեծ է: Պատահական չէր նաև ազգային հավաքականից ստացած հրավերը: Արդեն խոսվեց Բեզեկուրի արդյունավետության մասին: Չմոռանանք նաև Ալեքսանդր Գլիշիչին, որը հասցրել է 7 գոլ խփել (3-ը՝ առաջնությունում): Այդ ֆուտբոլիստը, լինելով հարձակվող, շատ է օգնում թիմին նաև գրոհների կառուցման ու պրեսինգի կազմակերպման գործոններում:

17.03.2021 18 round Alashkert Shirak 3 960x640 - Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

Ի՞նչ խնդիրներ են լուծում նրանց մրցակիցները

«Ալաշկերտին» դիմագրավելու է «Արարատ-Արմենիան», որը 3-4-րդ հորիզոնականներն է կիսում «Ուրարտուի» հետ ու պայքարում Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար: Նույնիսկ կարիք չկա բացատրելու՝ ինչ ձախողում կլինի այդ թիմի համար առանց եվրագավաթի ուղեգրի մնալը: Այնպես որ, Անատոլի Բայդաչնիի գլխավորած թիմը գուցե նախահարձակ լինի, ինչն ավելի բարենպաստ սցենար կլինի «Ալաշկերտի» համար: «Արարատ-Արմենիան» ոչ-ոքիի «սիրահար» է՝ խաղաղ արդյունքով ավարտելով իր վերջին 7 հանդիպումներից 4-ը: Եթե ցուցադրած խաղն էլ չստացվի, այդ թիմում կան անհատներ, որոնք անպայման տհաճություններ են պատճառելու մրցակցի ֆուտբոլիստներին:

«Նոայի» մրցակիցը «Վանն» է, որը 6-րդ հորիզոնականից բարձրանալու հնարավորություն չունի: Չարենցավանցիները ծանր մրցակից են առաջատարների համար: Գարնանային հատվածում 2 անգամ արժանիորեն հաղթել են «Արարատ-Արմենիային», վերջին տուրում կազմակերպված խաղի շնորհիվ պարտության մատնել «Ալաշկերտին», նաև 2 անգամ ոչ-ոքի խաղացել «Արարատի» հետ: «Վանը» փորձառու և ամուր կազմ ունի, ու եթե «Նոային» չհաջողվի հնարավորինս արագ բացել հաշիվը, ինչպես դա օգնեց «Շիրակի» հետ խաղում (3-0), ապա այդ մրցակցի դիմադրությունը կոտրելը դառնալու է էլ ավելի դժվար: «Վանը» շատ վտանգավոր է հատկապես հակագրոհների ժամանակ:

19.02.2021 6th round NOAH 4 0 Van 27 960x640 - Ում որոշումը կդառնա չեմպիոնական՝ Նավոյանի՞, թե՞ Գունկոյի․ Ամենաինտրիգային հարցի պատասխանը ստանալու ժամանակն է

25-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են միաժամանակ՝ 17:30-ին: Այս՝ բարդություններով և տարատեսակ փորձություններով լի առաջնության ավարտին հաշված ժամեր են մնացել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա