Logo

Ով է լինելու «Ռեալի» նոր նավապետը. 5 մարզիչ, որ կարող է փոխարինել Զիդանին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 17.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Possible replacements for zidane Banner - Ով է լինելու «Ռեալի» նոր նավապետը. 5 մարզիչ, որ կարող է փոխարինել Զիդանին

Զիդանը հերքեց, որ «Ռեալի» ֆուտբոլիստներին հայտնել է «Արքայական ակումբը» մրցաշրջանի ավարտից հետո լքելու իր որոշումը: Բայց իսպանական, ավելի կոնկրետ՝ մադրիդյան երկու գլխավոր պարբերականները՝ Marca-ն ու AS-ը երեկ հրապարակեցին ֆրանսիացու՝ «Ռեալից» հեռանալու լուրը, իսկ այս պարբերականների տեղեկությունները հավաստի են՝ հատկապես այն դեպքում, երբ միաժամանակ միևնույն ինֆորմացիան են հաղորդում:

Զիդանը դեռ գլխավորում է «Ռեալն» ու դեռ ունի որոշիչ հանդիպում Լա լիգայի վերջին տուրում, բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ Զիզուն արդեն հեռացել է «Ռեալից» և հասկանանք՝ ինչ տարբերակներ ունի Ֆլորենտինո Պերեսը՝ թիմի գլխավոր մարզչի դերում: Առանձնացրել ենք 5 անուն:

Ռաուլ Գոնսալես

Ըստ Marca-ի՝ «Ռեալի» նոր գլխավոր մարզչի համար մեկ թեկնածուն Ռաուլն է, որը կարող է ակումբի համար դառնալ նոր Զիդանը, քանի որ իրավիճակների նմանությունը շատ է: Ռաուլը նույնպես «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ է, նոր է սկսել մարզչական կարիերան, ունի երիտասարդական թիմերում աշխատելու հաջող փորձ և որ ամենակարևորն է՝ ակումբը հրաշալի ճանաչում է ներսից:

Ռաուլն իր մարզչական առաջին քայլերն արել է Կատարում՝ «Ալ Սադրոմ», բայց գործի անցել է 2018-ից, երբ սկսեց աշխատել «Ռեալի» մանկապատանեկան թիմերում: «Կաստիլյայում» Ռաուլը նշանակալի հաջողություն ունեցավ՝ հաղթելով Youth League-ը (մանկապատանեկան Չեմպիոնների լիգան) ակումբի պատմության մեջ առաջին անգամ: «Կաստիլյայի» ղեկին իր երկրորդ մրցաշրջանում Ռաուլի թիմը պայքարում է Սեգունդա բարձրանալու համար:

UEFA Youth League on Twitter: "Raúl 🙌🙌🙌 #UYL… "

Ռաուլը վայելում է «Արքայական ակումբի» երկրպագուների և ֆուտբոլիստների սերն ու հարգանքը, իսկ նրա աշխատանքային մեկնարկը շատ հուսադրող է: Նա թիմի հանդերձարանի հետ էլ շատ արագ լեզու կգտնի: Ռաուլն առաջարկներ ունի նաև Գերմանիայից, մասնավորապես՝ «Այնտրախտից», բայց, ինչպես երևում է, սպասում է «Ռեալի» հիմնական թիմի հրավերին: Ի դեպ՝ նմանատիպ նշանակում կարող է լինել, եթե Պերեսը հրավիրի Խաբի Ալոնսոյին՝ «Ռեալի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստի, որն էլ այժմ գլխավորում է «Ռեալ Սոսյեդադի» երիտասարդական թիմը:

Յոահիմ Լյով

Յոահիմ Լյովն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ թողնելու է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ԵՎՐՈ 2020-ից հետո: Նրա անունը վերջին տարիներին շատ էին կապում «Ռեալի» հետ, ու հիմա, փաստորեն, թե՛ «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի աթոռն է ազատ մնում, թե՛ Լյովն է դառնում ազատ գործակալ:

Լյովը ֆանտաստիկ հաջողություններ գրանցեց Գերմանիայի հավաքականի հետ: Երկար տարիների ընթացքում՝ 2008-ից սկսած նա սկսեց «Մանշաֆթի» կառուցողական աշխատանքները, այս թիմին հասցրեց երկինք՝ խաղով ու արդյունքներով: ԵՎՐՈ 2008-ին Գերմանիայի ընտրանին հասավ մինչև եզրափակիչ, ԱԱ 2010-ին դարձավ «բրոնզե» մեդալակիր՝ շատերի կարծիքով ցուցադրելով ամենագրավիչ ֆուտբոլն այդ մրցաշարում, ԵՎՐՈ 2012-ին հասավ կիսաեզրափակիչ, Մունդիալ 2014-ին դարձավ Աշխարհի չեմպիոն: Գերմանիայում տեղի ունեցավ սերնդափոխություն, հավաքականի կյանքում անհաջող էտապ սկսեց, բայց դա միայն Լյովի մեղքը չէ: Նա, անշուշտ, Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն մարզիչներից է:

Bundesliga | Joachim Löw: 10 things on Germany's World Cup-winning coach

«Ռեալի» համար Լյովը կարող է ապահովել լավ խաղ՝ մի բան, որի կարիքը մադրիդցիները շատ ունեն: Նրա համար էլ ակումբային կարիերայում մեծ հաջողություն ունենալու մոտիվացիան կարող է լավ շարժառիթ հանդիսանալ՝ մադրիդյան ակումբը գլխավորելու համար:

Մաքս Ալեգրի

Ըստ AS-ի՝ Զիդանին փոխարինելու գլխավոր թեկնածուն ոչ թե Ռաուլն է, այլ՝ Մասիմիլիանո Ալեգրին: Մարզչական շուկայում առկա տարբերակներից լավագույնը, գուցե, հենց իտալացի մասնագետն է: Պարբերականի փոխանցմամբ՝ 2 տարվա արձակուրդ անցկացնելուց հետո Ալեգրին պատրաստակամություն է հայտնել գլխավորել «Ռեալը»՝ չնայած ունի նաև այլ առաջարկներ եվրոպական գրանդներից:

Մաքս Ալեգրին իր ռեզյումեում ունի բազմաթիվ տիտղոսներ՝ «Միլանի» ու «Յուվենտուսի» հետ միասին 6 անգամ նվաճելով Սկուդետոն: 53-ամյա մասնագետն ամուր թիմեր ու անառիկ պաշտպանություն ստեղծելու վարպետ է, ինչը, ի դեպ, «Ռեալի» ուժեղ կողմն է վերջին 2 մրցաշրջանում: Իտալացի ստրատեգը լավ փորձ ունի նաև Չեմպիոնների լիգայում՝ 2 անգամ այս մրցաշարում հասնելով մինչև եզրափակիչ՝ չնայած, որ պարտվել է 2 խաղերում էլ: Նրա «Յուվենտուսը» 2016/17 մրցաշրջանում վերջին տասնամյակի ամենակայուն ու հզոր պաշտպանություն ունեցող թիմերից էր:

Allegri: “Winning is extraordinary, not inevitable” - Juventus

Միակ խնդիրը, որ կարող է լինել՝ Պերեսի ճաշակն է ու «Ռեալի» խաղային փիլիսոփայությունը: Գուցե Ալեգրին ապահովի արդյունքներ, բայց արագ, դինամիկ ու հարձակվողական խաղ նրանից սպասել պետք չէ:

Անտոնիո Կոնտե

Անտոնիո Կոնտեի ապագան «Ինտերում», չնայած Սկուդետոյին, անորոշ է: Ըստ վերջին տեղեկությունների՝ «ներաձուրիները» ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն և չեն կարող վճարել Կոնտեի աշխատավարձը, իսկ բացի դա՝ ակումբի ղեկավարների համար այնքան էլ համոզիչ չէ իտալացի մասնագետի՝ ապագայի տեսլականն ու նախագծի շարունակության ծրագիրը:

Կոնտեն, անկասկած, լավագույն մարզիչներից է աշխարհում, որի տարբերակը նույնպես կդիտարկի «Ռեալը», եթե նա գործազուրկ մնա: Կոնտեն այս պահին «Ռեալի» համար նախընտրելի տարբերակ է այնքանով, որ հենց վերակառուցման կամ նոր թիմ կառուցելու մասնագետ է: Ալեգրիի «Յուվենտուսի» հիմքը դրել է հենց Կոնտեն՝ սկսելով թուրինյան ակումբի չեմպիոնական արշավանքը: Այդ «Յուվեի» խաղային մոդելը օգտագործվեց մինչև 2019 թվականը: Հետո Կոնտեն գլխավորեց Իտալիայի հավաքականը ու նոր շունչ տվեց «Սկուադրա աձուրային». ԱԱ 2014-ի ձախողումից հետո՝ ԵՎՐՈ 2016-ի 1/4 եզրափակիչում Իտալիան հաղթեց այդ ժամանակ գործող չեմպիոն՝ Իսպանիայի ընտրանուն ու միայն հետխաղյա 11-մետրանոցներում զիջեց Գերմանիայի հավաքականին:

Այդ մրցաշարի ավարտից հետո Կոնտեն գլխավորեց «Չելսին», ու լոնդոնցիները մեծ առավելությամբ հենց առաջին իսկ մրցաշրջանում նվաճեցին Պրեմիեր լիգան: Կոնտեի վերջին հաջողությունն էլ «Ինտերն» էր, որտեղ գալով, նա իր 2-րդ մրցաշրջանում միլանցիների համար 10 տարվա դադարից հետո նվաճեց Սկուդետոն՝ վերջ դնելով «Յուվենտուսի»՝ Ա սերիայում հաստատած իշխանությանը, որի հեղինակը, ինչպես նշվեց, հենց ինքն էր:

Conte earns Barclays Manager of the Season award

Ստացվում է, որ Կոնտեն աշխարհի ամենաարագ արդյունք ապահովող մարզիչն է, և դա այն է՝ ինչ պետք է «Ռեալին»: Հեղափոխության փուլում գտնվող թիմին պետք է մեկը, որ կգա ու շատ արագ հաղթանակը կդնի հաղթական անիվների վրա: Հետո արդեն կարելի է նրա կառուցածի վրա ավելացնել՝ թեկուզ այլ գլխավոր մարզչի միջոցով, ինչպես եղավ «Յուվեում»: Կոնտեի սխեման նաև շատ նման է «Ռեալի»՝ ընթացիկ մրցաշրջանում շատ հաճախ կիրառած՝ 3 կենտրոնական պաշտպանով սխեմային:

Կոնտեի միակ ու գլխավոր խնդիրը, որ նա ունենում է իր բոլոր աշխատատեղերում՝ կոնֆլիկտային ու ծանր բնավորությունն է, ընդ որում՝ թե՛ ֆուտբոլիստների և թե՛ իր ղեկավարների հետ:

Մեր ընտրանին

Կառլո Անչելոտի

Ամենաքիչ հավանական, բայց «Ռեալի» երկրպագուների համար բավական ցանկալի տարբերակ է թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հավանական վերադարձը:

Իտալացին այժմ գլխավորում է «Էվերթոնը», որտեղ նրա աշխատանքն առաջին մրցաշրջանում վատը չէ: Անչելոտին «Ռեալը» գլխավորել է 2013-ից 2015 թվականներին և շատ ջերմ հիշողություններ է թողել Մադրիդում: Այն ժամանակ, երբ Ժոզե Մոուրինյոյից հետո թիմը հոգեբանորեն վատ վիճակում էր ու անցկացրել էր «չոր»՝ առանց տիտղոսների մրցաշրջան, Անչելոտին եկավ, շատ արագ վերակառուցեց թիմն ու հենց առաջին մրցաշրջանում հաղթեց «Լա Դեսիման»՝ «Ռեալի» 10-րդ ՉԼ գավաթը, որին մադրիդցիները շատ երկար էին սպասել: 2014/15 մրցաշրջանում Անչելոտիի «Ռեալը» նույնպես շատ լավն էր, հատկապես՝ մրցաշրջանի առաջին հատվածում, երբ թիմը հաղթեց Կլասիկոն, ակումբային ռեկորդ սահմանեց՝ տանելով 22 անընդմեջ հաղթանակ բոլոր մրցաշարերում, նվաճեց Եվրոպայի Սուպերգավաթն ու Աշխարհի ակումբային գավաթը․ «Ռեալի» հարձակվողական ու կոմբինացիոն ֆուտբոլից էլ բոլորը գոհ էին: Այդ մրցաշրջանի երկրորդ հատվածում, սակայն, թիմի հոգնածությունն ու վնասվածքները ջուրը գցեցին այդ ամբողջ աշխատանքը. «Ռեալը» ձախողեց Լա լիգայում, Իսպանիայի գավաթում ու Չեմպիոնների լիգայում, և անցկացրեց ևս մեկ մրցաշրջան՝ առանց տիտղոս նվաճելու:

Ancelotti: Ramos has experience, talent and titles to his name | MARCA English

Ֆլորենտինո Պերեսը, չնայած երկրպագուների զայրույթին ու թիմի ցուցադրած գեղեցիկ ֆուտբոլին, չներեց Անչելոտիին ու հեռացրեց նրան, բայց, ինչպես իսպանական մամուլն է պնդում, «Կառլետոյի» հետ նրա հարաբերությունները շարունակում են լավ մնալ: «Ռեալի» հիմնական կազմի կորիզն էլ, որ մինչև այժմ թիմի մեկնարկային կազմի մեծ մասն է կազմում, շատ լավ հիշողություններ ունի իտալացի մասնագետից: Իսկ ինչո՞ւ չփորձել կրկին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա