Logo

«Գալուստդ բարի՜». Հավաքականներ, որոնք ԱԱ 2022-ում կարող են նշել իրենց նորամուտը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
04:09 / 27.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

ԱԱ 2022-ն ընդունող Կատարն իր պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Մունդիալին: Սակայն կան նաև այլ հավաքականներ, որոնք շարունակում են պայքարը՝ իրենց պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության հիմնական մրցաշարին մասնակցելու ուղեգիր նվաճելու համար:

VNews-ը ներկայացնում է այն հավաքականներին, որոնք ԱԱ 2022-ում կարող են իրենց նորամուտը նշել աշխարհի առաջնություններում:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱ

Իտալիայի հավաքականի նկատմամբ փլեյ-օֆֆում տոնած սենսացիոն հաղթանակից հետո Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կփորձի զարգացնել իր պատմության մեծագույն հաջողությունը՝ ԵՎՐՈ 2020-ին մասնակցելուց հետո Մունդիալի ուղեգիր նվաճելով: Սակայն ճանապարհը հարթ չէ, քանի որ մրցակիցը Պորտուգալիայի հավաքականն է: Ամեն դեպքում խմբային փուլում Գերմանիայի հավաքականին, իսկ փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում իտալացիներին հաղթելուց հետո հյուսիսմակեդոնացիներն անպայման պայքար կմղեն հերթական սխրանքի համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ինչպես Իտալիային, այնպես էլ Պորտուգալիային ընտրական մրցաշարի այս ցիկլում «հետևողական» ֆուտբոլ ցուցադրող չես համարի:

Դրանից բացի, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին կարող է օգնել նաև պատմությունը. 1986 թվականից հետո կայացած աշխարհի բոլոր առաջնություններում եվրոպական գոտու նվազագույնը 1 ներկայացուցիչ նորամուտ է նշել.

Դանիա(1986), Իռլանդիա(1990), Հունաստան ու Ռուսաստան(1994), Խորվաթիա(1998), Սլովենիա(2002), Չեխիա ու Ուկրաինա(2006), Սլովակիա ու Սերբիա(2010), Բոսնիա և Հերցեգովինա(2014), Իսլանդիա(2018):

Պորտուգալիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղը կկայանա մարտի 29-ին «Պորտուի» «Դրագան» ստադիոնում, մեկնարկը՝ 22:45-ին:

ՄԱԼԻ

Չնայած նրան, որ Մալիի ֆուտբոլի ֆեդերացիան գրանցում է ստացել դեռ 1962 թվականին, հավաքականը ոչ միայն ոչ մի անգամ մասնակցություն չի ունեցել աշխարհի առաջնության հիմնական մրցաշարին, այլև միայն 2000 թվականից է սկսել մասնակցել ընտրական էտապներին:

Աֆրիկյան գոտում «արծիվները» որակավորման վերջին՝ 3-րդ էտապում են: Մալիի հավաքականն ԱԱ 2022-ի ուղեգիրը վիճարկում է Թունիսի ընտրանու հետ: Թիմերի միջև առաջին խաղում, որը կայացել է Մալիի հարկի տակ, Թունիսն առավելության հասել նվազագույն հաշվով: 

Թունիս – Մալի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 29-ին, մեկնարկը՝ 23:30-ին:

ԹԱԻԹԻ, ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ

Օվկիանիայի գոտում շուտով հարցերին պատասխաններ կտրվեն: Այստեղ երեք հավաքական՝ Թաիթին, Սողոմոնյան կղզիները և Պապուա Նոր Գվինեան, անցումային խաղերի նախավերջին էտապի կիսաեզրափակիչում են:

Այս հավաքականներից լավագույն դեպքում միայն մեկը կարող է իր նորամուտը նշել ԱԱ 2022-ում, ընդ որում՝ հնարավորությունը կպահպանվի միայն այն դեպքում, եթե պայքարից դուրս մնա Նոր Զելանդիայի ընտրանին: Ինչու՞ լավագույն դեպքում, քանի որ այս գոտուն բաժին է հասնում 0,5 ուղեգիր: Որակավորման երկրորդ էտապի եզրափակիչում կմրցեն Սողոմոնյան կղզիներ – Պապուա Նոր Գվինեա և Նոր Զելանդիա – Թաիթի զույգերի հաղթողները, իսկ եզրափակիչի հաղթողն ԱԱ-ի ուղեգրի համար կհանդիպի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ներկայացուցիչ հավաքականներից մեկին:

Սողոմոնյան կղզիներ – Պապուա Նոր Գվինեա՝ մարտի 27, 18:00

Նոր Զելանդիա – Թաիթի՝ մարտի 27, 21:30

Այս զույգերի հաղթողները երկրորդ էտապի եզրափակիչը կանցկացնեն մարտի 30-ին՝ 21:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա