Logo
ՍՊՈՐՏ / Լրահոս
Հեղինակ

Դինա Սամվելյան

12:10 / 27.06.2022Լրահոս
Խաբի Լեյմ

Ձեռքի հայտնի շարժումով տղան՝ Խաբի Լեյմն աշխարհի ամենահայտնի Tiktoker-ն է՝ 144 միլիոն հետևորդով

22-ամյա իտալացի Tiktoker Խաբի Լեյմը հունիսի 23-ի գիշերը դարձել է սոցիալական հարթակի ամենահայտնի բլոգերը։ Նրա TikTok-յան հաշիվը (@khaby.lame) այդ պահին ուներ 143.9 միլիոն հետևորդ՝ 1.2 միլիոնով ավելի, քան 18-ամյա պարող Չառլի Դամելիոն (@charlidamelio), որը 2020 թվականից ի վեր ամենաշատ հետևորդներ ունեցողն էր համարվում հարթակում: Այս մասին հայտնում է meduza-ն` հղում անելով Livecounts-ի տվյալներին:

The Verge-ը Խաբի Լեյմի վերելքն ու Չառլի Դամելիոյի երկրորդ հորիզոնականում հայտնվելը խորհրդանշական է անվանում: Չառլի Դամելիոն և նրա 20-ամյա քույր Դիքսին համարվում էին Tiktok-ի գլխավոր աստղերը։ 2020 թվականի դեկտեմբերին Չառլին դարձավ առաջինը, որն այս սոցիալական ցանցում ունեցավ 100 միլիոն հետևորդ։ Դամելիո քույրերը հայտնի դարձան կարճ պարային տեսահոլովակների շնորհիվ։ Forbes-ի գնահատմամբ՝ քույրերը 2021 թվականին վաստակել են 27.5 միլիոն դոլար:

Խաբի Լեյմը Սենեգալից է, մեկ տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Իտալիա: 2020 թվականի մարտին, կորոնավիրուսային համավարակի առաջին օրերին, նա կորցրեց Թուրին նահանգում գտնվող գործարաններից մեկում աշխատանքը։ Չնայած հոր՝  նոր աշխատանք գտնելու կոչերին, նա սկսեց կարճ հոլովակներ տեսաձայնագրել:

Սկզբում Լեյմը տեսանյութեր էր հրապարակում իտալերենով։ Դրանք մեծ ժողովրդականություն չունեին։ Այնուհետև եղան տեսանյութեր, որոնցում Լեյմը ծաղրում և բացահայտում էր վիրուսային և հաճախ անհեթեթ լայֆհաքները: Այժմ նա հիմնականում հրապարակում է կատակերգական համր տեսահոլովակներ։

«Իմ կոնտենտի ամենազվարճալի մասը լռությունն է: Լուռ կատակերգությունը խոսում է մի լեզվով, որն աշխարհում բոլորը կարող են հասկանալ»,- ասել է Լեյմը Vogue-ին։

Լրահոս