Logo

«Խենթ» լինելու ճամփան՝ «Կայծերի» լույսով․ գաղափարի՛ վիպասանը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:18 / 25.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Րաֆֆի

«Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է: Նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ աճում է նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքում՝  համաշխարհային դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ, նա չափազանց տոկուն է»:
Րաֆֆի, «Խենթը»

13 զավակներից մեկը

Գրող, վիպասան, հրապարակախոս, հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծնվել է 1835թ.-ին՝ Պարսկաստանի Սալմաստի գավառի Փայաջուկ գուղում՝ հարուստ ազնվականների ընտանիքում, որը 13 զավակ ուներ: Րաֆֆու գրչին են պատկանում «Սամվել», «Դավիթ Բեկ», «Սալբի», «Ջալալեդին», «Խենթը», «Կայծեր» «Խաչագողի հիշատակարանը» և այլ արժեքավոր գործեր:

Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847 թվականին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիա։ 1857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհի տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։

գրող Րաֆֆի 3

1879 թվականին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ» լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։

Ասորի կինը՝  հայ ամուսնու արխիվի պահապան

Րաֆֆու անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում: Գրողի ամբողջական արխիվը պահպանվել է կնոջ՝ Աննա Րաֆֆու շնորհիվ, որն ամուսնու մահից հետո Թիֆլիսից մեկնել է Անգլիա և իր հետ տարել ամբողջ արխիվն ու նյութերը:

Աննա Րաֆֆի (Լոնդոն, 1898թ.)

գրող Րաֆֆի 2

Հայտնի է, որ հայ մեծ վիպասանի կինը՝ Աննան, որդիները՝ Արամը եւ Արշակը, իրենց կյանքի վերջին տարիներն անց են կացրել Լոնդոնում: Տիկին Աննան ազգությամբ ասորի էր: Նա Րաֆֆու հետ ծանոթացել է Սալմաստում (Իրան): Այնտեղ էլ նրանք ամուսնացել են, ունեցել երեք զավակ՝ մեկ աղջիկ և երկու տղա: Աղջիկը՝ Եսթերը, վաղաժամ մահացել է: Որդիները՝ Արամը և Արշակը, հայրենասեր և տաղանդավոր տղաներ են եղել։

Րաֆֆու կինն ու որդիները

գրող Րաֆֆի

Րաֆֆիների լավագույն բարեկամներից մեկը՝ Վերածինը, «Հայրենիք» ամսագրում հրապարակած «Րաֆֆիի եւ նրա ընտանիքի շուրջը (յիշողութիւններ եւ խորհրդածութիւններ)» հոդվածում այսպես է նկարագրում Րաֆֆու այրուն. «Տիկին Րաֆֆին միջահասակ, նուրբ եւ կանոնաւոր դիմագծերով կին մըն էր, շատ բարեկիրթ, ուսեալ եւ շատ հիւրասէր: Ուսած էր Ուրմիայի միսիոնական աղջկանց վարժարանը: Ծագումով ասորի էր եւ լսած եմ, որ ան դուստրն էր ասորի մելիքի մը: Իր աղջկական անունը եղած էր օր. Աննա Հուրմուզ Հիւրմուզ: Տիկին Աննա կը խօսէր եւ կը գրէր շատ սահուն հայերէն եւ ասորերէն: Գիտէր նաեւ Ատրպատականի թուրքերէն, ռուսերէն եւ վրացերէն: Կը խօսէր, կը կարդար եւ կը գրէր անգլերէն»:

Հետաքրքիր փաստեր

  • Րաֆֆին հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։
  • Երևանում կա Րաֆֆու անվան փողոց, դպրոց։

Քաղվածքներ Րաֆֆու երկերից

«Խենթը», 1881 թվական

► Համբերությունը մահ է… Գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել:
► Հիմա աշխարհի կարգն այդպես է, և միշտ այդպես է եղել, ով որ զենք գործածել չգիտե, ով արյուն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են՝ դու ազատ լինելու իրավունք չունես: Ուրեմն, եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել, պետք է ցույց տան, թե իրենք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրենք ևս սպանել գիտեն: Եվ այժմ ամենահարմար ժամանակն է:
► Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա:
► Խենթը մի քար գլորեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել:
► Ինչ վիճակ է այդ…Ինչու համար ենք ապրում…Ինչու գետինը չի պատռվում և մեզ կուլ չէ տալիս…Ինչու երկինքը փուլ չի գալիս…այդ ինչ կյանք է…Տեսնել իր աչքի առջև անպատվությունը և լուռ մնալ…Էլ ում համար է պատրաստել դժոխքի կրակը…Էլ ում համար են երկնքի կայծակները…Ինչու չեն պատժում անզգամին…
► Մի չարագործի ձեռք եթե չես կարող կտրել, պետք է համբուրես և գլխիդ վրա դնես:
► Գողը իր համար տուն չի կարող շինել, բայց տուն ունեցողի տունը կքանդի:

«Ինքնախաբեություն (Հրապարակախոսական և գրական քննադատական հոդվածներ)», 1883 թվական:

►Ինքնախաբեությու՜ն… դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երևակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից: Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի, և նա ամեն բան լավ կողմից է տեսնում: Նրա մյուս աչքը կույր է՝ տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. իրան ամեն բանով լիացած է համարում: Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են…

«Ջալալեդդին», 1878 թվական
► Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գաւաթը խմում եմ, բայց առանց նուիրելու Ձեր ոսկորներին: Եթէ դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինէիք, եթէ դուք սուրբ խաչերի և անօթների փոխարէն, որ սպառեցին ձեր հարստութիւնը, զէնքեր գնէիք, եթէ դուք ձեր անուշահոտութեանց տեղ, որ խնկւում են մեր տաճարներում, վառոդ ծխէիք, այժմ մեր երկիրը բախտաւոր կլինէր:

Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին յափշտակի… Վանքերի՛ց ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջութիւնը, նրա՛նք ձգեցին մեզ ստրկութեան մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իւր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտաւ Մանիա այրը՝ ճգնելու… Ո՜վ Հայոց հին աստուածներ, ո՜վ Անահիտ, ո՜վ Վահագն, ո՜վ Հայկ, նուիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ յիշատակին, դուք փրկեցէք մեզ…


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա