Logo

Ըմբշամարտ՝ Ջուլֆալակյանների ընտանիքի անբաժան անդամը

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 14.08.2016Ըմբշամարտ
vmag - Ըմբշամարտ՝ Ջուլֆալակյանների ընտանիքի անբաժան անդամը

VMag ամսագիրը հունվարին զրուցել էր Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների հետ: 

Ըմբշամարտ՝ Ջուլֆալակյանների ընտանիքի անբաժան անդամը

Ո՞րն է ըմբշամարտին հատուկ կիրքը, որ մանուկներին տանում է դեպի այդ մարզաձևը:

Արսեն. Այսօր թիմակիցներից հետ զրույցում պատահաբար հիշեցի, որ 2009 թվականից առ այսօր չի եղել մեկ տարի, որ Հայաստանի լավագույն մարզիկների եռյակում չլինի ըմբիշ, շատ հաճախ առաջինը հենց մենք ենք: Դա արդեն խոսուն փաստ է, որովհետև ում պետք է մանուկները փորձեն նմանվել, եթե ոչ չեմպիոններին: Եթե տեսնում են, որ մի գործը հաջողակ է և դրանով կարող ես մեծ բարձունքների հասնել, կտրվել այս շարքային մակարդակից և դուրս գալ միջազգային ասպարեզ, լինել լավագույնը աշխարհում, մարդկանց՝ ծնողների ու երեխաների մոտ դա մեծ ցանկություն, ինչ-որ տեղ նաև գայթակղություն է առաջացնում: Իսկ հետո, արդեն մեծ հասակում, ավելի սթափ են գիտակցում և արդեն սկսում արդյունքների հետևից գնալ:

Լևոն. Ըմշամարտը իրոք տղամարդու մարզաձև է, և ապահովում է բազմակողմանի զարգացում, այն չի սահմանափակվում միայն գոտեմարտով: Դրան գումարած՝ երբ կան հաջողություններ, պատանիները ոգևորվում են և ձգտում են նմանվել չեմպիոններին, գալ մարզադպրոց, մարզվել և հասնել նման ձեռքբերումների: Այսօր շատերն են զբաղվում ըմբշամարտով: Կարևոր է նաև մարզչական մոտեցումը, քանզի ինչքան էլ տաղանդավոր լինեն պատանիները, եթե ճիշտ աշխատանք չտարվի մարզիկների հետ, ոչ մի հաջողություն էլ չի լինի: Կարծում եմ՝ նման հաջողությունների պատճառը նաև մեր լավ աշխատանքն է:

Որո՞նք են այն 3 հատկանիշները, որ ըմբշամարտիկը չի կարող չունենալ:

Արսեն. Առաջին տեղում աշխատասիրությունն է, ես դա միշտ նշել եմ: Նաև համբերություն հաստատ պետք է ունենաս, որովհետև միշտ չէ որ հեշտ է տրվում հաղթնակաը, և եթե 1-ին, 2-րդ, 3-րդ փորձից որոշես զենքերդ վայր դնել, բնականաբար շատ լուրջ նվաճումներ, որոնք սպասում էին քեզ, բաց կթողնես, որովհետև դու ժամանակից շուտ հուսահատվեցիր և հիասթափվեցիր: Աշխատասիրություն, համբերություն, կամքի ուժ ու համառություն, դրանք են կարևորագույնները, իսկ հետո արդեն ֆիզիկական ուժ, տեխնիկա, տաղանդ, սակայն դրանք լրացնող են, իսկ առաջին երեքը դրանք են:

Լևոն. Ոչ միայն ըմբշամարտում, այլ սպորտում ընդհանրապես, շատ կարևոր են աշխատասիրությունը, կամային հատկանիշներն ու ձգտումը:

Levon Julfalakyan

Ի՞նչն է Արսենին փոխանցվել Լևոն Ջուլֆալակյանից, և ի՞նչն է նա ձեռք բերել ինքնուրույն:

Արսեն. Գեներով շատ բան է փոխանցվել, երբ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ գենը շատ հզոր մի բան է, որը երբ կա, դու արդեն 20-30 տոկոսով առաջ ես քո շարքային մրցակիցներից, որովհետև դու ունես այդ տաղանդը բնատուր, ի ծնե: Փառք Աստծո, ունեմ, ծնողիցս ժառանգած: Շատերն են ասում, որ կան հնարքներ, որոնք ուղղակիորեն նման են Լևոն Ջուլֆալակյանի կատարած հնարքներին, օրինակ «սուզում» կամ «գլորումը»: Կդժվարանամ ասել թե ինչն է իմը, կարծում եմ՝ երկուսիս մոտ ել գերակշիռ է եղել թե՛ աշխատասիրությունը, թե՛ կամքի ուժը, թե՛ համառությունը:

Լևոն. Իրոք, գենետիկորեն շատ ընդհանուր բաներ ունենք Արսենի հետ՝ թե՛ բնավորությամբ, թե՛ կամային հատկանիշներով: Ինքն էլ պայքարում է մինչև վերջ, չի հուսահատվում, չի հանձնվում, չի կանգնում երբեք, միշտ ձգտում է լինել առաջինը, դրանք եղել են իմ մոտ, և նույնը տեսնում եմ Արսենի մոտ: Շատ մարզիկներ կան, որ տաղանդավոր են ու լավ տվյալներ ունեն, բայց հոգեբանորեն ավելի նուրբ ու բարի են: Մենք երկուսս էլ կյանքում բարի ենք, բայց պայքարի ժամանակ շատ անզիջում ենք, ու շատ պահանջկոտ մեր նկատմամբ: Որպես տարբերություն՝ կարող եմ նշել, որ իմ մոտ տաղանդը համեմատաբար շատ էր, ես այս մարզաձևի համար անսահմանափակ տաղանդավոր էի, իսկ Արսենի մոտ առավել է աշխատասիրությունը: Եթե իմ մոտ որևէ բան ավելի հեշտ էր տրվում, Արսենի մոտ այդ ամենը ձեռք է բերվում աշխատանքով:

Լևոն, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը հավաքականի մարզչի ղեկին, երբ Արսենն արդեն թողած լինի ըմբշամարտը:

Բոլորն էլ իմ որդիներն են, ճիշտ է՝ արյունակից են իմ երկու որդիները, բայց մարզումների ժամանակ ինձ համար տարբերություն չկա: Ես այս հավաքականը գլխավորել եմ 1998 թվականից, մինչև Արսենի մուտքը սպորտ, ու այդ ժամանակահատվածում էլ մեծ հաջողություններ ենք ունեցել, հետո նա էլ է միացել: Բնականաբար, ժամանակը ընթանում է, Արսենն էլ կարող է հեռանալ, նրան էլ փոխարինողներ կգան:

2016՝ Օլիմպիական խաղերին ընդառաջ

Ո՞րն է Ռիո տանող ճանապարհը:

Արսեն. Դեռ 3 վարկանիշային մրցաշարեր կան՝ մարտին՝ Ռիգայում, ապրիլին՝ Մոնղոլիայում և մայիսին՝ Ստամբուլում, որոնցից գոնե մեկում պետք է եզրափակիչ հասնեմ, որպեսզի վարկանիշ ունենամ:

Ո՞րն է ուղեգրերի այն քանակը, որ կբավարարի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչին:

Լևոն. Բնականաբար, վատ չի լինի, եթե կարողանանք 6 քաշային կարգերում էլ ուղեգրեր ունենալ, սակայն ինձ առաջնահերթ մտահոգում է որակը: 2 քաշային կարգերում արդեն ուղեգրեր ունենք, մյուս 4-ում էլ պայքարելու ենք, ժամանակից առաջ ընկնել պետք չէ: 102 պետությունից այժմ միայն 26-ը վարկանիշ ունի: Պետք է մինչև մայիս ամիս ապահովենք հնարավորինս շատ ուղեգիրներ:

Ո՞րն է օլիմպիադային նախապատրաստության լավագույն բանաձևը:

Լևոն. Բանաձևը՝ ճիշտ մարզվելն է, ճիշտ հանգստանալը, ճիշտ վերականգնվելը, շատ-շատ հարցեր կան: Պետք է մարզիկին իդեալական պայմաններ ապահովել ճիշտ մարզվելու և հանգստանալու համար: Ամեն ինչ հնարավորինս ապահովված է, ֆեդերացիան հնարավորություն է ստեղծում տարբեր երկրներում ուսումնամարզական հավաքներ անցկացնել՝ Ղրիմում, Բելառուսում և այլն:

Արսեն. Շատ համալիր է, չես կարող կոնկրետ մի բան նշել: Փուլ առ փուլ մոտենում ենք, մայիսի վերջից սկսելու ենք պատրաստվել խաղերին: Շատ լավ է, երբ գորգային աշխատանքներն ենք սկսում, հատկապես միջազգային հավաքների ժամանակ, երբ տարբեր թիմերի հետ ենք մրցում և զանազան կարգի հակառակորդների ենք հանդիպում, և կարող ես խորացնել ու հղկել տեխնիկան ու տակտիկան:

arsen-julfalayan

Ինչո՞վ է տարբերվում օլիմպիական գորգը:

Արսեն. Երբ ինչ-որ մի բան ավելի հազվադեպ է լինում, բնական է, դա ավելի պատասխանատու է դարձնում քեզ, ավելի մեծ լարվածություն է առաջացնում: Պատկերացրեք՝ 4 տարին մեկ, դրանով ամեն ինչ ասված է: Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունները ամեն տարի կան, և դու մեկ անգամ ձախողելու դեպքում կարող ես 11-12 ամիս անց նորից փորձել: Իսկ օլիմպիական խաղերի դեպքում ընդմիջումը չորս տարի է, և ոչ մեկ չգիտի՝ 4 տարի առաջ փայլուն մարզավիճակում գտնվող մարզիկը ինչ վիճակում կլինի այդ ժամանակ, հնարավոր է՝ նույնիսկ չլինի ակտիվ սպորտում: Այնքան հանգամանքներ կան՝ վնասվածքներ, առողջական, ֆիզիկական կամ հոգեբանական խնդիրներ, մի խոսքով՝ շատ-շատ: Դրանով պատասխանատվությունը օլիմպիական խաղերին անչափ մեծ է, որովհետև այդ չորս տարին անցել ու եկել, մոտեցել ես, ու շատ հնարավոր է՝ հաջորդ հնարավորությունը չունենաս: Ուստի պետք է առաջնորդվել «Այսօր, այստեղ և հիմա» կարգախոսով, մյուս անգամը կարող է երբեք այլևս չլինի՝ թեկուզ երիտասարդ ես ու ներուժ ունես:

Կան Օլիմպիադայից բացի այլ նպատակներ 2016թ.-ին:

Լևոն. Ժամանակից առաջ պետք չէ ընկնել, իհարկե, նպատակներ կան, նախ պետք է օլիմպիական վարկանիշներ ձեռք բերել, ու բոլորիս երազանքն է, որ շատ ոսկիներով վերադառնանք Օլիմպիադայից: Եթե դա կատարվեց, ուրեմն սպորտային ասպարեզում ամեն ինչ գերազանց է: Իսկ ընդհանրապես, ամենակարևորը` մեր երկիրը խաղաղ լինի, մեր ժողովուրդը լավ ապրի, որովհետև ամեն ինչ սերտորեն կապված է իրար հետ: Ինչքան ուզում է մեր ընտանիքում ամեն ինչ լավ լինի, եթե քո երկրում ժողովուրդը նեղված է, լավ չի ապրում, կամ պատերազմական վիճակ է, չի կարող մեկը մյուսի վրա չազդել: Շատ կարևոր է, որ բոլորի ընտանիքներում լինի սեր, հաջողություն, առողջություն:

Արսեն. Չկա դրանից կարևոր իրադարձություն ինձ համար: Բնականաբար, , բայց կարևոր է նաև թեզիս պաշտպանությունը, սակայն Օլիմպիադայի հետ երբեք չեմ համեմատի, որովհետև դա կարող եմ նաև մեկ տարի անց պաշտպանել: Համար 1-ը օլիմպիական խաղերն են:

Արսեն Ջուլֆալակյան. Կարիերա, ընկերներ, հետաքրքրություններ

Իսկ ո՞րն է հանգստի նախընտրելի տարբերակը:

Ծով, ջուր, արև, ավազ… Լավագույն վերականգնիչն ինձ համար ջուրն է: Փոքրուց էլ սովոր եմ եղել, որ պետք է տարին 1-2 անգամ ինչ-որ ծովափնյա երկիր այցելենք, իսկ հիմա բառացիորեն հնարավորությունը բաց չեմ թողում, նույնիսկ մեկ շաբաթ ազատ լինելու դեպքում մեկնում եմ որևէ տաք երկիր, ձմռանը ամառային երկիր եմ գնում, ամառն արդեն մեր մոտ է տաք: Աշխատում եմ հնարավորինս շատ ամառ ստեղծել ինձ համար:

Ի՞նչ տվեցին ելույթները Գերմանիայում:

Կյանքի շատ մեծ փորձ: Շատ լավ հասկացա Գերմանիան ու գերմանացուն, արմատապես այլ մտածելակերպ, բնավորության գծեր: Իսկ զուտ մարզական առումով՝ այլ դպրոց, ոչ լավ կամ վատ, բայց տարբեր, մարզումների այլ համակարգ, որը կարող է ավելացվել հայկականին: Նորությունը երբեք չի խանգարի, հատկապես որ տեսնում ես՝ այնտեղ էլ կան մեծ մարզիկներ, աշխարհի և օլիմպիական չեմպիոններ: Բնականաբար՝ ֆինանսական կողմն էլ կար: Մարզավիճակը ևս, որովհետև երբ սեպտեմբերից հունվար-փետրվար ազգային հավաքականում ոչ մի մրցաշար չունես, այդ 4 ամիսը մարզիկի համար շատ մեծ ընդմիջում է, իսկ Բունդեսլիգան թույլ է տալիս, որ դու շաբաթական 1-2 գոտեմարտով ուղղակի միջին մարզավիճակ պահես և հետո անհրաժեշտության դեպքում ավելացնես: Դրան գումարած՝ կապեր, ծանոթություններ, ճանաչում, այդ ամենը բնականաբար դրական է ազդում պրոֆեսիոնալ մարզիկի և անձի զարգացմանը:

Ի՞նչ հիշողություններ են մնացել Հայաստանում տեղի ունեցած մրցաշարից:

2010թ. Աշխարհի գավաթը Հայաստանում էր, հիասքանչ մրցաշար էր, մի բանի համար եմ ցավում, որ առաջինը չեղա կողմնապահության պատճառով: Զարմանալի է, բայց նույնիսկ Հայաստանում դատավորները իրենց իրավունք վերապահեցին նման բան անել: Մեր թիմն իրոք շատ հզոր էր և կարող էր թիմով աշխարհի գավաթակիր դառնալ: Արդյունքում՝ ես միայն անձնական հաշվարկով հաղթեցի բոլոր 4 գոտեմարտերը և հռչակվեցի աշխարհի գավաթակիր: Ուղղակի աննկարագրելի էր, մինչ այդ ես չէի հասկանում տան պատերի զորությունը, որովհետև նման փորձ չունեի, բայց 2010թ. հնարավոր եղավ Մարզահամերգային համալիրի հսկա դահլիճում եզրափակչում մրցել ռուս ըմբիշի հետ՝ բավական լուրջ հակառակորդի: Եթե չեմ սխալվում՝ 10 000 հանդիսատես կար, և մեկ մարդու նման, առնվազն գոնե 95 տոկոսը ինձ էր երկրպագում (ծիծաղում է՝ խմբ.): Այդ պահին շատ բան ինձանից էր կախված, որովհետև իմ գոտեմարտից հետո կիմանային՝ ինչպիսին կլիներ հաշիվը՝ կհաղթեի՞նք Ռուսաստանին, թե՞ ոչ: Մենք հաղթեցինք, ինչը բացառիկ բան էր, հազվադեպ է Ռուսաստանի հավաքականը պարտվում: Աննկարագրելի էր, հիասքանչ, եթե ինձ հարցնեն՝ բացի օլիմպիական մեդալից, աշխարհի ու օլիմպիական չեմպիոններից ո՞րն է եղել ամենահիշարժան պահը իմ կարիերայում, հաստատ կնշեմ Երևանի աշխարհի գավաթի եզրափակիչը, որովհետև 10 000 հայրենակից գոռում, բղավում է քո համար, աննկարագրելի էր, և շատ շնորհակալ եմ դրա համար մեր երկրպագուներին:

Որպես հայտնի մարզիկ ու աշխարհի չեմպիոն, Դուք կուտակած մեծ հեղինակություն ունեք Հայաստանում, համաձա՞յն եք, որ դա իր հետ մեծ պատասխանատվություն է բերում:

Բնականաբար, չի կարող ճանաչված մարդու վրա պատասխանատվություն չավելանալ: Եթե դու նույնիսկ ունես 100 հոգանոց երկրպագուների բանակ, իսկ իմ պարագայում դա շատ ավելի շատ է, ապա պատասխանատվությունն անխուսափելի է: Շատ են երիտասարդները, որոնք հետևում են քեզ ու ուզում են նմանվել, հատկապես պատանիները, և՛ առօրյայով, և՛ սպորտային հաջողություններով: Իսկ դա, և՛ հաճելի է, և՛ անչափ պարտավորեցնող, այսինքն դու պետք է ձգտես լինել անթերի, որ կարողանաս ճիշտ օրինակ լինել երիտասարդ ու պատանի սերնդի համար: Նրանք 12-13 տարեկան երեխաներ են, ու մեկ հոգի չէ, 10 հոգի չեն, շատ շատ են: Պետք է աշխատես ոչ թե ինչ-որ դեր խաղալ, դերը ժամանակավոր է, այլ պետք է աշխատես ինքդ քո վրա, պետք է լինես հասարակության համար միայն դրական օրինակ, պետք է լինես դաստիարակված ու կրթված, պետք է երբեք քեզ անշնորհք չպահես: Տարրական բաներ եմ ասում, բայց շատ կարևոր են դրանք: Կարծում եմ՝ այսօր մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, հենց այս տարրական բաներն են բացակայում: Մեզ այսօր պետք է տարրական դաստիարակություն ստացած ՀՀ քաղաքացի, որպեսզի մարդիկ իրար նկատմամբ հանդուրժող ու սիրով լինեն, չլինի ագրեսիա և դաժանություն: Այդ ամենը ես փորձում եմ բացատրել ու տալ իմ մարզադահլիճի երեխաներին, որոնք մեծ ուրախությամբ հանդիպում են ինձ հետ, եթե 5-10 հոգու վրա էլ կարողանամ ազդել, բացարձակ երջանիկ կլինեմ, որ այդ 10 րոպեանոց զրույցս կարողացավ 50 հոգու փոխել, փողոցից կտրեց, դարձրեց քաղաքակիրթ, ՀՀ-ին պիտանի քաղաքացի:

Արսեն Ջուլֆալակյան

Դուք նշել էիք, որ Օլիմպիադայից հետո նոր որոշումներ կկայացնեք ապագայի շուրջ, իսկ որո՞նք են տարբերակները:

Տարբերակները շատ են ու բազմազան: Բնականաբար, առաջին հերթին սպորտն է, որովհետև տարիքս ըմբշամարտի համար մեծ չի համարվում՝ ևս 4 տարի շարունակելու համար: Ընտանիքիս ու մարզիչներիս, բնականաբար նաև սպորտային ղեկավարության հետ պետք է քննարկենք, եթե զգանք, որ նպատակահարմար է, եթե իմ մոտ ցանկություն ու ուժ լինի, ևս 4 տարի կմնամ սպորտում: Բայց միայն բարձր մակարդակով, եթե տեսնեմ, որ միջին եմ լինելու, չեմ մնա, որովհետև եթե դու եղել ես բարձրակարգ, եղել ես լավագույնը, ու հետո շարունակես որպես միջին, դա իմը չէ: Հաստատ միջինի համար չեմ շարունակի:

Մյուս տարբերակը, հիմա ասպիրանտուրայում եմ սովորում և ճիշտն ասած 2016թ. պլաններիս մեջ է մտնում ավարտական ատենախոսությունս պաշտպանելը և արդեն կլինեմ գիտությունների թեկնածու: Դրանից հետո կարող եմ նաև դասավանդել, գիտելիքը կա, կարծում եմ՝ պահանջարկը ևս կլինի, այսինքն գիտական ուղղությունը, որը երբեք չի խանգարի, եթե ապագայում ցանկանամ մասնագիտությունս խորացնել, միջազգային հարաբերություններում, դիվանագիտության մեջ, ապա ԵՊՀ-ում դասավանդումը երբեք չի խանգարի, այլ նույնիսկ կնպաստի, ընդհակառակը, փորձ է, որ այս տարիքում հատկապես պետք է:

Մեկ այլ տարբերակ է և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում և միջազգային օլիմպիական կոմիտեում աշխատանքն է, կապերը կան ու շատ պինդ են, այսօր էլ համագործակցում եմ ու ստանում տարբեր հրավերներ, բայց ժամանակի սղության պատճառով ուղղակի չեմ հասցնում ներկա գտնվել տարբեր միջոցառումների ու կոնֆերանսների: Բնականաբար, եթե կարիերաս ավարտելու որոշում կայացնեմ, շատ հնարավոր է որ այդ կառույցներում փորձեմ աշխատել: Տարբերակները բազմազան են, բայց քանի դեռ գործող մարզիկ եմ, 100 տոկոսով կենտրոնացած եմ այստեղ, ու երբեմն միայն մտքի ծայրով մտածում եմ տարբերակների մասին:

Փաստորեն իրարից շատ տարբեր թվացող սպորտն ու դիվանագիտությունը այսօր Ձեզ համար միավորվել են:

Այո, ստացվի մուտք գործել այդ կառույցներ, կստացվի որ համատեղում եմ: Դա իրոք շատ պետք կգա և ինձ համար էլ կլինի լավագույն ընտրությունը, քանի որ ժամանակի հետ սառնասիրտ ես դառնում ու սառն ես նայում, հասկանում ես որ քաղաքականությունը, շատ քաղաքական գործիչներ ասել են որ ամենաշատ կեղտն այստեղ է, ու գնալով համոզվում ես որ այո, քղքակնությնը սկոլզկի է, չեմ պատկերացնում՝ արդյոք կարելի է մուտք գործել ու չդավաճանել քո սկզբունքներին, ուստի շատ հաճելի կլինի հենց այս համատեղումը՝ սպորտ և դիվանագիտություն:

Պետք են Հայաստանի ներկայացուցիչներ այդ մարմիններում:

Բնականաբար, ես դա միշտ եմ նշում, նույնիսկ մեր այսօրվա սպորտային պաշտոնյաների հետ խոսելիս, առաջարկում և խորհուրդ եմ տալիս, որ ոչ մի լուրջ միջազգային մարմնում մենք ներկայացուցիչ չունես, իսկ եթե դու չունես ներկ, բնականաբար դու արդեն թիկունք չունես, կաղում ես, և անհրաժեշտության դեպքում ոչ մի հակահարված տալ չես կարող: Կոնկրետ ըմբշամարտում գերտերույթունները՝ Ռուսը, Թուրքիան ու Ադրբեջանը մեծ թվով անդամներ ունեն միջազգային կառույցներում, և այդտեղից էլ արդեն ազդեցություն է գալիս արդյունքի վրա: Եթե կարողանանք այդ բացը լրացնել, դրանով կարծում եմ շատ ավելի մեծ օգուտ կտամ ՀՀ-ին և սպորտին, քան թե որպես շարքային մարզիչ կամ շարքային չինովնիկ, այնպես որ ձգտումը ավելի այնտեղ է:

Իսկ կցանկանաք շարունակեն Ձեր ճանապարհը:

Ինչու ոչ: Տա Աստված որդիներ ունենամ, ու իրենք էլ որոշեն ընտրել այդ մարզաձևը, ու մինչ այդ էլ իմ երկրում ըմբշամարտի մեջ արմատական փոփոխություններ չլինեն, այսինքն այն պահանջված լինի: Ես գտնում եմ, որ պետք է անես մի գործ, որը պահանջված է, պետք է խուսափես անիմաստ, ձրի աշխատանքից, ինչքան էլ քեզ սիրեն, ազգի պարծանքը լինես, բայց եթե տանը ֆինանսական կամ այլ խնդիրներ ունես, արդեն այդ ամենը երկրորդ պլան է մղվում: Այնպես որ եթե ժամանակը գա, և տեսնեմ, որ իմ արած գործը այդ ժամանակ ևս մեծ հարգանք, պատիվ ու պահանջարկ է վայելում, ապա 10-20 տարի անց, եթե իմ երեխաներն էլ ուզեն, իմ ու ընտանիքի փորձը սիրով կփոխանցեմ, չնայած գեներով էլ կփոխանցած կլինեն: Կարծում եմ՝ ավելի կատարելագործված, քանի որ կինս էլ ընտանիքը մշակույթի բնագավառից է, այնպես որ մշակույթ-սպորտ խառնուրդ, տա Աստված մի լավ պտուղ ծնվի դրանից:

Ովքեր են Ձեր ընկերները:

Ընկերներս շատ բազմազան բնագավառներից է, շրջապատս շատ ընդարձակ է: Աշխատում եմ կապը պահել ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, եթե նույնիսկ ընկեր չեն, որովհետև ընկերը հասկանում ենք, շատ ավելի խորն է: Շատ զարմանալի է, բայց սպորտից դուրս շատ քիչ եմ հասցնում շփվել մարզիկ ընկերներիս ու թիմակիցներիս հետ, երևի դա նրանից է, որ տարվա կեսն իրար հետ ենք և արդեն հոգնում ենք իրարից և նորություն փնտրում: Իսկ սպորտից դուրս բացարձակապես իմ համալսարանական շրջապատը, այդ թվում և ընկերները, արդեն 12 տարի կապը կա շատ սերտ ու ջերմ, շատ ակտիվ է կապս թատրոնի, արվեստի ներկայացուցիչների հետ, մշակույթի, ամենատարբեր՝ նկարիչներ, դերասաններ, երգիչներ: Ինձ շատ հետաքրքիր է նրանց հետ, նրանց էլ՝ կարծում եմ, ինձ հետ, քանի որ շատ բան ունենք իրենց տալու, ես նրանցից արվեստն եմ սովորում, իրենք ինձանից սպորտը, շատ հետաքրքիր է ստացվում, որ իրար չենք հոգնեցնում: Շատ բազմազան է շրջապատս:

Մաղթանք

Բացի այն բոլոր դրականից, ցանկություններից, որ ամեն մարդ ի սրտե կցանկանար իր ազգին, իր ժողովրդին, խաղաղություն, առաջին հերթին խաղաղություն, որովհետև երբ խաղաղ ես , չկա պատերազմ, կարող ես ծաղկել, կարող ես զարգանալ, ամեն դրականը անել: Երբ չկա խաղաղություն՝ հակառակը, բացարձակ ոչինչ չես կարող անել: Դրա համար ցանկանում եմ, որ ինչքան հնարավոր է խաղաղ լինի, թե՛ մեր երկրում, թե՛ ամբողջ աշխարհում, որովհետև այսօր շատ լուրջ պատերազմական գործողություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում և մեր սահմանին ևս, ցավոք սրտի: Մեր զինվորներին համբերություն, ուժ, որ կարողանան այն ինչ հերոսությամբ այսօր անում են, շարունակեն նույն կերպ, մենք էլ ամեն մեկս էլ մեր բնագավառում նույն հերոսությամբ կարողանանք մեր երկրի անունն ու պատիվը բարձր պահել: Թող որ սերը շատանա, ժպիտը շատանա, ագրեսիան էլ քչանա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա