Logo

Միջազգային ֆեդերացիան Եվրոպայի առաջնության ֆավորիտ է համարում 3 հայ ըմբիշի

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:59 / 03.03.2022ՍՊՈՐՏ
հայ ըմբիշներ-Բուլղարիա

Ըմբշամարտի միացյալ աշխարհ անվամբ ներկայացող մարզաձևի միջազգային ֆեդերացիան Բուլղարիայում կայանալիք մինչև 23 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությանը նվիրված անդրադարձում գնահատել է հիմնական ֆավորիտների հնարավորությունները։ Հաղթողի կոչման հիմնական հավակնորդների շարքում նշվում են Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներ Սահակ Հովհաննիսյանը (67 կգ քաշային կարգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։

Նշվում է, որ երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Հովհաննիսյանն իր քաշային կարգում հայտավորված այն սակավաթիվ մարզիկներից է, որը կարող է լուրջ մրցակցություն կազմել այս տարիքային խմբի Եվրոպայի անցյալ տարվա փոխչեմպիոն թուրք Կադիր Քամալին։

Վերլուծաբանը կարծում է նաև, որ երիտասարդների ու մինչև 23 տարեկանների անցյալ տարվա աշխարհի առաջնությունների բրոնզե մրցանակակիր Խաչատրյանը նույնպես օժտված է անհրաժեշտ որակներով ու կարող է լրջորեն միջամտել ոսկե մեդալի համար պայքարին։ Հենց հայ ըմբիշից պետք է ամենից առաջ զգուշանա մինչև 72 կգ քաշային կարգում երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի փոխչեմպիոն Գեորգի Չխիկվաձեն՝ Վրաստանից։ Բայց վրացի և հայ ըմբիշների խաղաքարտերը կարող է խառնել Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևը, որը 2021 թվականին դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Հավանական մրցանակակիրների շարքին է դասվում նաև զինծառայողների մասնակցությամբ աշխարհի անցյալ տարվա առաջնության հաղթող Գևորգ Թադևոսյանը, որը, մասնագետների կարծիքով, ունակ է մարտահրավեր նետել 87 կգ քաշային կարգի գլխավոր ֆավորիտներին։

Ազատ ոճի ըմբշամարտում հաղթողի կոչման թեկնածու է համարվում Ուկրաինան ներկայացնող 65 կգ քաշային Էրիկ Առուշանյանը։ Նա երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, բայց այս անգամ ներկայանալու է 61 կգ քաշային կարգում։ 

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններն անցկացվելու են մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի անցյալ տարվա առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու ոճի ըմբիշները նվաճել էին 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե, 5 բրոնզե։ Ազատ ոճայիններից արծաթե մեդալակիր էին դարձել Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ), իսկ բրոնզե պարգևների էին արժանացել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)։ Ավելի հաջող էր հունահռոմեացիների ելույթը. չեմպիոն էին հռչակվել Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ), Դավիթ Օվասափյանը (130 կգ) նվաճել էր արծաթե, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) ու Գևորգ Թադևոսյանը (87 կգ) բավարարվել էին բրոնզե պարգևներով։      

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա