Logo

Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 09.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
2Z7A5594 scaled - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

Ավարտվեց ԱԱ 2022-ի ընտրական փուլի ամենակարևոր մրցափուլերից մեկը: Այլ կերպ ասած՝ այս ընտրական փուլն արդեն հատել է հասարակածն ու խմբերում ստեղծվել է որոշակի պատկեր: Կան հավաքականներ, որոնք գրեթե ապահովել են իրենց մասնակցությունը Մունդիալի եզրափակիչ փուլում, կան թիմեր, որոնք հրաժեշտ են տվել իրենց երազանքին, և կան մի շարք հավաքականներ, որոնք թեժ պայքարի փուլում են ու, հավանաբար, կմնան այդ պայքարում մինչև վերջին տուրը:

Հայաստանի հավաքականը վերջին թիմերի շարքում է: 2-րդ հորիզոնականը, որ հիմա զբաղեցնում է մեր ընտրանին, ավելի քան հավանական է դարձնում դա: Այժմ «անցնենք» խմբերի վրայով ու հասկանանք՝ որ հավաքականը կարող է բաժին հասնել Կապառոսի թիմին՝ փլեյ-օֆֆ փուլում որպես մրցակից:

A խումբ

Ընտրական փուլի առաջին խմբում գրեթե ամեն ինչ, կարծես, գնում է ըստ «ծրագրի»: 5 տուրից հետո (միայն Լյուքսեմբուրգը չի անցկացրել իր 5-րդ խաղը) մրցաշարային աղյուսակը գլխավորում է Պորտուգալիայի ընտրանին: Ֆերնանդու Սանտուշի թիմը տարել է 4 հաղթանակ և անցկացրել 1 ոչ-ոքի, ու ունի բոլոր շանսերն այս խմբում հաղթելու և Կատարի ուղեգիր նվաճելու համար:

Այս խմբի 2-րդ տեղին ընտրական փուլից առաջ հավակնում էին Իռլանդիայի և Սերբիայի հավաքականները: Արդեն հիմա կարելի է փաստել, որ իռլանդացիները տապալեցին ընտրական այս փուլը և գրեթե բոլոր շանսերը կորցրել են նույնիսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու հարցում: Նրանք 5 խաղից հետո վաստակել են 2 միավոր ու չեն կարողացել հաղթել նույնիսկ խմբի ամենաթույլ հավաքականին՝ Ադրբեջանին:

Սերբիան իր անելիքն այստեղ անում է, և 5 խաղից հետո դեռ անպարտելի է՝ 3 հաղթանակ ու 2 ոչ-ոքի: Ամուր միջին գիծ ունեցող ընտրանուն ընտրական այս փուլում մնացել է միայն մեկ բարդ հանդիպում՝ Պորտուգալիայի հետ արտագնա խաղը: Մնացած խաղերում սերբերը, ամենայն հավանականությամբ, կհաղթեն և կպահեն իրենց երկրորդ հորիզոնականը:

Սերբիայի հավաքականն ամենևին թույլ չէ, բայց համեմատաբար ավելի ցանկալի մրցակից կլիներ Հայաստանի հավաքականի համար:

Screenshot 6 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

B խումբ

Բավական հետաքրքիր իրավիճակ է B խմբում, որտեղ կա ընդգծված 2 ֆավորիտ:

Առաջին հայացքից պետք է որ ամեն ինչ պարզ լիներ՝ Իսպանիայի հավաքականը գլխավորեր մրցաշարային աղյուսակը, Շվեդիան էլ լիներ երկրորդը: Այս պահին պատկերն այդպիսին է, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Ընտրական այս փուլում կայացած խաղերում Իսպանիայի հավաքականն անակնկալ պարտություն կրեց Շվեդիայից, բայց հաջորդ տուրում էլ արդեն Շվեդիան անսպասելի կերպով պարտվեց Հունաստանին:

Իսպանիայի հավաքականը 4 միավորով գերազանցում է շվեդներին, բայց սկանդինավցիները 2 խաղ պակաս են անցկացրել: Եթե նրանք հաղթեն իրենց առաջիկա 2 տնային խաղերում՝ Հունաստանին ու Կոսովոյին, կգլխավորեն մրցաշարային աղյուսակը: Այստեղ ամեն ինչ կվճռվի ընտրական փուլի վերջին տուրում, երբ Իսպանիան կընդունի Շվեդիային:

Եթե Հայաստանի հավաքականը 2-րդ հորիզոնականը զբաղեցնի, կունենա շատ բարդ պոտենցիալ մրցակից B խմբից՝ անկախ նրանից՝ դա կլինի Իսպանիան, թե Շվեդիան:

Screenshot 1 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

C խումբ

Այս խմբում էլ կա 2 հավաքական, որ իր ներուժով գերազանցում է մյուսներին ու մրցակցությունից դուրս է:

Այս խմբում է Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականը, որն իր վերջին խաղերում ևս ապացուցեց իր ուժը: Չպարտվելով Բուլղարիային (1-1), Շվեյցարիային (0-0) և Լիտվիային (5-0)՝ Մանչինիի թիմը սահմանեց անպարտելիության համաշխարհային ռեկորդ: Իտալացիներն արդեն 37 խաղ է, ինչ չեն պարտվում: «Սկուադրա աձուրան» վստահ քայլերով գնում է Կատար:

Բայց Իտալիայի հավաքականին հետապնդում է մեկ այլ զորեղ թիմ՝ Շվեյցարիայի հավաքականը, որն այս խմբի պոտենցիալ 2-րդ թիմն է: Շվեյցարացիները 4 խաղում վաստակել են 8 միավոր ու 6 միավորով են զիջում 2 խաղ ավելին անցկացրած իտալացիներին, այսինքն՝ կորցրած միավորներով այժմ նրանք հավասար են: Սեպտեմբերի 5-ին իտալացիների դեմ կայացած խաղում Շվեյցարիան ապացուցեց, որ պայքարելու է նույնիսկ առաջին հորիզոնականի համար: Այս խմբի «եզրափակիչը» կկայանա նախավերջին տուրում՝ Իտալիայի ու Շվեյցարիայի միջև պատասխան խաղում:

C խմբի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմից Հայաստանը նույնպես պետք է խուսափի: Խոսում ենք վերջին ԵՎՐՈ-ի հաղթողի և մինչև 1/4 եզրափակիչ հասած թիմի մասին:

Screenshot 2 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

D խումբ

D խմբի ընդգծված առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է:

Այնպես չէ, որ Դեշամի թիմն իր լավագույն ժամանակներն է ապրում: «Կապույտները» ֆիասկոյի ենթարկվեցին Եվրոպայի առաջնությանը, իսկ ընտրական փուլի սեպտեմբերյան հատվածում ո՛չ խաղով, ո՛չ արդյունքներով չտպավորեցին: Ֆրանսիացիներն առաջին անգամ Դեշամի օրոք պաշտոնական 4 անընդմեջ խաղում չկարողացան հաղթանակ տանել՝ անցկացնելով 4 ոչ-ոքի: Բայց Ֆինլանդիայի նկատմամբ տարած տնային հաղթանակն օգնեց ֆրանսիացիներին վաստակել 12 միավոր ու հարմար առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ:

Մեր ընտրանին.

Խմբի մյուս թիմերը նույնիսկ ոչ շատ զորեղ Ֆրանսիային մրցակցություն ցույց չեն տալիս: Գլխավոր պատճառն այն է, որ բոլորը գրեթե միշտ ոչ-ոքի են խաղում: Ֆրանսիան ունի 12 միավոր, Ուկրաինան՝ 5 (5 խաղ, 5 ոչ-ոքի), Ֆինլանդիան՝ 5, Բոսնիան՝ 3, Ղազախստանը՝ 3:

Ներուժով, կազմով ու փորձով այս խմբում 2-րդ տեղ գրավելու ամենամեծ շանսերն ունեն ուկրաինացիները: Բացի դա՝ նպաստում է նաև խաղացանկը. Ուկրաինան անցել է գլխավոր փորձության միջով՝ 2 խաղ է անցկացրել ֆրանսիացիների դեմ ու 2-ում էլ չի պարտվել, և նրանց մնում են հեշտ խաղեր:

Այս Ուկրաինայի դեմ խաղալը հեշտ չէ, բայց հաղթել հնարավոր է:

Screenshot 3 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

E խումբ

E խմբի առաջատարի հարցն այլևս չի քննարկվում՝ Բելգիայի հավաքականը գրպանում ունի Կատարի ուղեգիրը:

Բելգիացիները 6 խաղից չեն հաղթել միայն մեկում՝ անցկացնելով 1 ոչ-ոքի: Նրանք երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Չեխիային գերազանցում են 9 միավորով ու տեսականորեն անհասանելի են դարձել նրանց համար: Բելգիացիները սեպտեմբերի 5-ին 3 անպատասխան գնդակ ուղարկեցին չեխերի դարպասն ու այդպիսով փակեցին այս հարցը:

2-րդ հորիզոնականին այս խմբում հավակնում են 2 թիմ՝ Չեխիայի և Ուելսի հավաքականները, որոնք ունեն 7-ական միավոր: Շատ բան պարզ կդառնա հոկտեմբերին նրանց միջև կայանալիք խաղում՝ թեև պայքարը կշարունակվի մինչև վերջին տուրը:

Ուելսի խաղն անհատների վարպետության վրա է հիմնված, մինչդեռ չեխերն ունեն կոմպակտ թիմ ու ամուր պաշտպանություն: Հայաստանի համար, գուցե, ավելի ցանկալի մրցակից այս խմբից կլիներ Ուելսը, թեև չեխերին հաղթելու փորձ մենք արդեն ունենք:

Screenshot 4 1 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

F խումբ

Ընտրական փուլերում միշտ լինում է խումբ, որում չկա «գրանդ» հավաքական: Այս անգամ այդ խումբը F-ն է:

Բայց այս խմբի առաջին զամբյուղի թիմը՝ Դանիայի հավաքականը գրանցում է հզոր հավաքականին վայել արդյունք, ավելի կոնկրետ՝ 100 տոկոսանոց ցուցանիշ. 6 խաղից 6 հաղթանակը դանիացիներին ընդհուպ մոտեցնում է ԱԱ-ի եզրափակիչ փուլին, եթե չասենք, որ նրանք գործնականում ունեն այդ ուղեգիրը: Ավելին՝ Դանիան ֆանտաստիկ ցուցանիշ ունի նաև խփած/բաց թողած գոլերի առումով. 22 խփած և ոչ մի բաց թողած գոլ: Փառահեղ է, չէ՞:

Փոխարենն այս խմբում թեժ պայքար է երկրորդ տեղի համար, որին հավակնում են միանգամից 3 թիմեր. Շոտլանդիա, Իսրայել և Ավստրիա: 2-րդ հորիզոնականում այս պահին Շոտլանդիան է, որը, որպես թիմ, վատ տպավորություն չթողեց ԵՎՐՈ-ի ժամանակ, ու հիմա էլ լավ շանսեր ունի գոնե անցումային խաղերի ուղեգիր նվաճելու: Շոտլանդացիները բավական կարևոր արտագնա հաղթանակ տարան իրենց հիմնական մրցակցի՝ Ավստրիայի նկատմամբ: Շոտլանդացիների հաջորդ խաղը նույնպես շատ կարևոր է՝ տանը Իսրայելի դեմ:

Շոտլանդիան, Իսրայելն ու Ավստրիան գուցե կարգով գերազանցում են Հայաստանի հավաքականին, բայց եթե Հայաստանն իր լավագույն խաղն անցկացնի, հնարավորություն կունենա հաղթելու նրանցից յուրաքանչյուրին:

Screenshot 5 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

G խումբ

G խմբի մրցաշարային աղյուսակի վերին հատվածում թեժ պայքար է:

Նիդերլանդների հավաքականը, որը մի քանի տարվա դադարից հետո գլխավորում է Լուի վան Գալը, կարծես վերգտել է իր լավագույն խաղը: Սեպտեմբերին կայացած բոլոր խաղերում հոլանդացիները լավ տպավորություն թողեցին՝ հաղթելով 2 խաղում և անցկացնելով 1 ոչ-ոքի: «Նարինջներն» այժմ առաջինն են խմբում, բայց միավորներով հավասար են Նորվեգիայի ընտրանու հետ: Նորվեգացիներն արդեն երկար տարիներ է՝ չեն կարողանում մեծ մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակցել, բայց այժմ նրանք ունեն այնպիսի զենք, որ ունեն շատ քիչ թիմեր: Էրլինգ Հալանդի արդյունավետությունը, կարծես, սահմաններ չի ճանաչում (միջազգային այս դադարին միայն 3 խաղում նա խփեց 5 գոլ) և հենց դա կարող է դառնալ վիկինգների հաղթաթուղթը:

Կա նաև երրորդ թիմ՝ Թուրքիան, որը շատ լավ սկսեց ընտրական այս փուլը՝ հաղթելով Նիդերլանդներին, բայց աստիճանաբար թուլացավ ու նահանջեց 3-րդ հորիզոնական: Հաջորդ տուրում նրանք կխաղան Նորվեգիայի հետ, որի արդյունքը վճռորոշ նշանակություն կունենա, բայց նրանց խաղացանկը հետագա տուրերում համեմատաբար հեշտ է, մինչդեռ նորվեգացիները արտագնա խաղ ունեն Նիդերլանդների դեմ:

Այս խմբի թիմերից էլ պետք է խուսափել. հոլանդացիների ու թուրքերի դեմ խաղալը երբեք հեշտ չէ, դե իսկ Հալանդին մրցակցի կարգավիճակում ունենալն ամենավերջին բանն է, որ կցանկանար Կապառոսը:

Screenshot 7 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

H խումբ

H խմբում անզիջում պայքար է առաջին հորիզոնականի համար:

Ռուսաստանի ու Խորվաթիայի հավաքականներն այժմ 13-ական միավորով գլխավորում են խումբը, և պարզ չէ՝ նրանցից որը կնվաճի Կատարի ուղեգիր՝ հաշվի առնելով, որ խաղամակարդակով ու նաև մարզավիճակներով այս թիմերը միևնույն հարթության վրա են այս պահին:

Հավանաբար՝ պայքարը կշարունակվի մինչև վերջին տուրը, երբ Խորվաթիան ու Ռուսաստանը Զագրեբում կպարզեն հաղթողին: Եթե ինչ-որ սենսացիոն տապալումներ այս թիմերից մեկը չունենա, երկրորդ հորիզոնականը նույնպես կզբաղեցնի նրանցից մեկը, թեև մաթեմատիկորեն 2-րդը լինելու շանսեր պահպանում է նաև Սլովակիայի ընտրանին, որը 4 միավորով է զիջում այս թիմերին:

Ավելորդ է նշել՝ որքան բարդ մրցակիցներ կլինեին այս թիմերը Հայաստանի համար, բայց որքան ցանկալի մրցակից կլիներ Սլովակիան, որի դեմ խաղերը հիշելը միայն լայն ժպիտ է առաջացնում:

Screenshot 8 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

I խումբ

I խմբի գլխավոր ֆավորիտն ու առաջատարն Անգլիայի հավաքականն է, որն իր խնդիրը մինչև այս պահը, մեծ հաշվով արդեն լուծել է:

Եվրոպայի փոխչեմպիոնը հաղթել է 6 խաղից 5-ում, ունի խփած/բաց թողած գոլերի տպավորիչ ցուցանիշ՝ 18-ն ընդդեմ 2-ի, ու դժվար թե վերջին տուրերում խնդիրների առաջ բախվի:

2-րդ հորիզոնականին այս խմբում հավակնում են 3 թիմեր: Ալբանիան անսպասելիորեն բավական արժանի դիմադրություն է ցույց տալիս կարգով ավելի բարձր Լեհաստանի և Հունգարիայի հավաքականներին, ու այս պահին խմբում 2-րդն է՝ 12 միավորով: Բավական դժվար է կանխատեսում անել այս խմբի հարցում. Լեհաստանը, ճիշտ է, Անգլիայի հավաքականի հետ այլևս խաղեր չունի, իր կազմում ունի Լևանդովսկիի պես ֆուտբոլիստ, բայց թիմը դեռ նոր կազմավորման փուլում է: ԵՎՐՈ-ի մահվան խմբի փորձության միջով անցած Հունգարիան էլ չի պատրաստվում հանձնվել ու տեղը հեշտությամբ զիջել մրցակիցներին:

Դասավորությունը խմբում խիտ է, խաղացանկը՝ բարդ ու հագեցած, ուժերն էլ՝ գրեթե հավասար:

Screenshot 9 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

J խումբ

Հասանք «մեր տներին»:

Բոլորիս համար էլ մարտին կայացած փառահեղ շրջափուլից հետո սեպտեմբերյան խաղերն ավելի բացասական զգացողություններ առաջացրին, քան դրական, բայց J խմբի մրցաշարային աղյուսակի պատկերն էական փոփոխության չենթարկվեց: Եղավ այն, ինչ «պետք է լիներ»՝ Գերմանիայի հավաքականը բարձրացավ առաջին հորիզոնական, մենք նահանջեցինք երկրորդ ու բարեբախտաբար կմնանք այնտեղ, մինչև մյուս տուրի խաղերը:

Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան մեզ անհավանական նվեր մատուցեցին՝ ոչ-ոքի խաղալով միմյանց դեմ, բայց մենք ամբողջովին չօգտվեցինք այդ նվերից՝ չհաղթելով այն խաղում, որում պարտադիր պետք է հաղթեինք՝ սեփական հարկի տակ ու խմբի հետնապահին:

Screenshot 10 - Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

Այդուհանդերձ՝ խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու բոլոր շանսերը ողջ են, միայն թե խաղացանկն է բարդ: Ինչպես Կապառոսն էր ասել ասուլիսի ժամանակ՝ յուրաքանչյուր խաղ դառնում է եզրափակիչ, իսկ առաջին եզրափակիչն Իսլանդիայի դեմ արտագնա խաղն է: Հոկտեմբերին կայանալիք մյուս խաղը նույնպես արտագնա է՝ Ռումինիայի դեմ: Այս թիմերին Երևանում հաղթել ենք, և շատ կարևոր կլինի այս երկու խաղերից գոնե մեկում հաղթել նաև դրսում:

Երևանում կայանալիք 2 խաղերից մեկը մեր անմիջական մրցակիցներից մեկի՝ Հյուսիսային Մակեդոնիայի խաղն է, որի ժամանակ, հուսանք, դեռ կլինենք «խաղի» մեջ: Երևանյան մյուս խաղը Գերմանիայի ընտրանու դեմ է. հաշվի առնելով գերմանացիների դեմ առաջին խաղը՝ դժվար է գոնե մեկ միավորի ակնկալիք ունենալ այդ խաղից:

Կապառոսի թիմն այս ընտրական փուլի սկզբում արել է մի բան, որին ոչ ոք չէր հավատում՝ ո՛չ ֆուտբոլասերները, ո՛չ մասնագետները, ո՛չ էլ իսպանական մամուլը: Եթե Հայաստանի հավաքականն փոքրիկ սխրանք է արել, կարող է անել նաև երկրորդը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա