Logo

«Յունայթեդի» երկրպագուների տանջանքների վերջը. ինչ մեծ սխալներ գործեց Վուդվորդը Մանչեսթերում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 23.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Screenshot 2 3 - «Յունայթեդի» երկրպագուների տանջանքների վերջը. ինչ մեծ սխալներ գործեց Վուդվորդը Մանչեսթերում

Եվրոպական Սուպերլիգայի տորնադոյից ամենաշատը տուժած մարդկանցից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդն էր, որը մրցաշարի տապալումից հետո հրաժարական տվեց: Սա, իհարկե, այն ավարտը չէր, որ ծրագրում էր ունենալ Վուդվորդը «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա, անկախ ամեն ինչից, ծրագրում էր թողնել զբաղեցրած պաշտոնը տարեվերջին՝ թիմին հասցնելով ավելի լավ ֆինանսական վիճակի, և գոնե տեսնել՝ ինչպես է Ուլե Գունար Սուլշերը տիտղոս նվաճում: Բայց Սուպերլիգայի «օպերացիայի» ձախողման պատճառով նրա հեռանալը նախատեսվածից շուտ տեղի ունեցավ:

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն իր շրջապատի «օձերի» մասին խոսելիս նկատի ուներ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին և հենց Վուդվորդին. «Վուդվորդը զանգահարեց ինձ ու ասաց, որ ամբողջովին կողմ է Չեմպիոնների լիգայի բարեփոխումների ծրագրին, և որ նրան մտահոգող միակ հանգամանքը ֆինանսական ֆեյր-փլեյի նոր կանոններն են: Եվ այդ ամենը նա ասում էր այն ժամանակ, երբ արդեն ստորագրել էր բոլորովին այլ մրցաշարի փաստաթղթի տակ», – հայտարարեց Չեֆերինը:

Էդ Վուդվորդը հակասական գործիչ է «Յունայթեդի» պատմության մեջ, ինչպես նաև հակասական համբավ ունի երկրպագուների շրջանում: Շատերն ուրախացան նրա հրաժարականի լուրը լսելով, սակայն ոմանց համար նրա հեռանալը ցավալի էր, և դա տրամաբանական է: Վուդվորդը կոմերցիոն մեծ հաջողություններ բերեց «Յունայթեդին», բայց մարզական առումով ձախողեց:

Ֆինանսական տրիումֆը

Վուդվորդը «Մանչեսթեր Յունայթեդում» է 2005 թվականից՝ արդեն 16 տարի: Նրա առաջին մեծ քայլը Գլեյզեր եղբայրներին օգնելն էր՝ ակումբը ձեռք բերելու հարցում: Այս 16 տարիների ընթացքում Վուդվորդը Գլեյզերների ամենավստահելի մարդն է եղել: Վուդվորդի հայրն էլ, ըստ Financial Times-ի, եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագու և ներկա է գտնվել Չեմպիոնների գավաթի 1967/68 խաղարկության եզրափակիչին՝ «Յունայթեդի» ու «Բենֆիկայի» միջև:

Վուդվորդը նախկինում եղել է ներդնող բանկային գործերի գուրու: Տարիներ առաջ նա աշխատել է «Բարսելոնայում»՝ որպես ֆինանսական խորհրդական, աշխատել է նաև ամերիկյան ամենախոշոր բանկերից մեկում՝ J.P.Morgan-ում: Չեք սխալվում, դա այն բանկն է, որ ֆինանսավորելու էր Սուպերլիգան: 20 մասնակից ունեցող մրցաշարում բանկը ներդնելու էր 3.5 միլիարդ եվրո:

b25lY21zOmUyZGNiODQyLTlhNTUtNGExYi05MTUwLWQ5NzU5ODc1MWM0ZDphZjkyOTk5Yi03MzkwLTQ1N2ItYTFhYS1jZDk0MWQ0YTExNWU 960x638 - «Յունայթեդի» երկրպագուների տանջանքների վերջը. ինչ մեծ սխալներ գործեց Վուդվորդը Մանչեսթերում

«Յունայթեդ» գալով նա միանգամից չի դարձել ակումբի փոխնախագահ: Վուդվորդի առաջին պաշտոնը մանկունիական ակումբում եղել է կոմերցիոն օպերացիաների ղեկավարի պաշտոնը: Ըստ BBC-ի և Telegraph-ի տվյալների՝ Վուդվորդն այդ ժամանակ կարողացել է 56 տոկոսով ավելացնել հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտը, ինչպես նաև բարձրացրել ակումբի տարեկան եկամուտի շեմը 136 միլիոն եվրոյով:

Վուդվորդը, ի դեպ, հրաշալի կերպով է բանակցում ու գտնում համաշխարհային բրենդներ, որոնք կհովանավորեն «Յունայթեդին»: «Կարմիր սատանաները» հովանավորչական պայմանագրեր ունեն Adidas-ի, Chevrolet-ի, Kohler-ի, DHL-ի, Canon-ի, Aeroflot-ի և այլ հսկա ընկերությունների հետ, ինչի շնորհիվ կորոնավիրուսի համաճարակի պատճառած ճգնաժամի շրջանում «Յունայթեդը» ֆինանսապես չխորտակվեց:

Մեր ընտրանին

Փոխարենը՝ մարզական ֆիասկո

Այնուամենայնիվ՝ որքան էլ Վուդվորդը փայլեր որպես բիզնեսմեն ու ավելացներ կամ նույնիսկ կրկնապատկեր ակումբի եկամուտները, նրան դատելու են թիմի գրանցած մարզական հաջողություններով: Այս դեպքում՝ անհաջողություններով:

2013-ին Վուդվորդը փոխտնօրենի պաշտոնում փոխարինեց Դևիդ Ջիլին, ինչը համընկավ նաև Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալու հետ: Բացի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելը՝ Վուդվորդը դե ֆակտո ակումբի մարզական տնօրենն էր և զբաղվում էր տրանսֆերային հարցերով: Պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանի մեկնարկի հետ փոխվեց ակումբի ընթացքը, ինչը վկայում էին Վուդվորդի հայտարարությունները. «Խաղադաշտում մեր թիմի ելույթները մեծ նշանակություն չունեն կոմերցիոն և բիզնես ոլորտներում մեր գրանցած հաջողությունների հետ»: Կար տպավորություն, որ Վուդվորդին չէին հետաքրքրում՝ ինչպես է խաղալու թիմը:

Վուդվորդի առաջին տրանսֆերային պատուհանը 2013-ի ամռանն էր: Ոչ մի տրանսֆեր չիրականացնելուց հետո նա որոշեց գնել Սեսկ Ֆաբրեգասին: Նրան գնելու համար Վուդվորդը նույնիսկ չեղարկեց թիմի շրջագայությունն Ավստրալիա՝ այդ գործարքն իրականացնելու համար, բայց այն չստացվեց, փոխարենը տրանսֆերային շուկայի վերջին օրն ակումբը ձեռք բերեց Մարուան Ֆելայնիին: Եվ առհասարակ, Վուդվորդի օրոք կարելի է կազմել աստղային խորհրդանշական հավաքական թոփ ֆուտբոլիստներից, որոնց ցանկանում էր գնել «Յունայթեդը», բայց վերջում գնում էր միջակ կամ ոչ այնքան աստղային ֆուտբոլիստների: Երկրպագուներն արդեն շատ  դժգոհ էին ակումբի՝ 2013-ին վարած տրանսֆերային քաղաքականությունից և պահանջում էին Վուդվորդի հրաժարականը:

marouane fellaini manchester united cx777ko627jl1bmnkkgq6pzre - «Յունայթեդի» երկրպագուների տանջանքների վերջը. ինչ մեծ սխալներ գործեց Վուդվորդը Մանչեսթերում

Վերջին 7 տարիների ընթացքում «Յունայթեդը», ընդհանուր առմամբ, ծախսել է 1.204 մլրդ եվրո տրանսֆերների վրա և ոչ մի անգամ չի հաղթել Պրեմիեր լիգայում: Վուդվորդի ֆեյլ տրանսֆերների թվում ամենաբարձր հորիզոնականներն են զբաղեցնում Ռադամել Ֆալկաոն և Ալեքսիս Սանչեսը, իսկ ակումբի խաղամակարդակին չհամապատասխանող, արժեք/որակ սարսափելի հարաբերակցություն ունեցող տրանսֆերներից կարելի է առանձնացնել Ֆրեդին, Ֆելայնիին, Շնայդերլինին, Բլինդին, Դարմիանին ու այդպես շարունակ: «Յունայթեդում» տարբեր պատճառներով չկարողացան փայլել Անխել դի Մարիան, Մեմֆիս Դեպայը, Ռոմելու Լուկակուն, Դոնի վան դե Բեկը (դեռ) և, ինչու ոչ, նաև Հենրիխ Մխիթարյանը: Պոլ Պոգբայի՝ 2016-ի տվյալներով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն էլ իրեն չի արդարացնում այնքան, որքան սպասում էին:

2018-ին Վուդվորդը վեճի բռնվեց նաև այդ ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ տրանսֆերային հարցերում տարաձայնություններ ունենալու համար: Պորտուգալացին դարձավ Վուդվորդի 3-րդ հեռացվող մարզիչը՝ Մոյեսից ու վան Գալից հետո: Շատերի կարծիքով, սակայն, խնդիրը ոչ թե մարզիչների մեջ էր, այլ հենց Վուդվորդի և ակումբի սեփականատերերի:

Ֆերգյուսոնի՝ թոշակի անցնելուց և Վուդվորդի՝ փոխնախագահ դառնալուց հետո «Յունայթեդը» գրանցել է հետևյալ արդյունքները:

  • 2013/14 – Պրեմիեր լիգայում՝ 7-րդ հորիզոնական, Չեմպիոնների լիգայում՝ մինչև 1/4 եզրափակիչ
  • 2014/15 – Պրեմիեր լիգայում՝ 4-րդ հորիզոնական, եվրագավաթներին չէր մասնակցում
  • 2015/16 – Պրեմիեր լիգայում՝ 5-րդ հորիզոնական, Չեմպիոնների լիգայում՝ դուրս մնաց խմբային փուլից, Եվրոպա լիգայում՝ մինչև 1/8 եզրափակիչ
  • 2016/17 – Պրեմիեր լիգայում՝ 6-րդ հորիզոնական, Եվրոպա լիգայի չեմպիոն
  • 2017/18 – Պրեմիեր լիգայում՝ 2-րդ հորիզոնական, Չեմպիոնների լիգայում՝ մինչև 1/8 եզրափակիչ
  • 2018/19 – Պրեմիեր լիգայում՝ 6-րդ հորիզոնական, Չեմպիոնների լիգայում՝ մինչև 1/4 եզրափակիչ
  • 2019/20 – Պրեմիեր լիգայում՝ 3-րդ հորիզոնական, Եվրոպա լիգայում՝ մինչև կիսաեզրափակիչ
  • 2020/21 – Պրեմիեր լիգայում՝ 2-րդ հորիզոնական (դեռ), Չեմպիոնների լիգայում՝ դուրս մնաց խմբային փուլից, Եվրոպա լիգայում՝ մինչև կիսաեզրափակիչ (դեռ)

Բայց «Յունայթեդի» այս արդյունքների վերաբերյալ հենց ինքը՝ Վուդվորդը բավական դրական կարծիք ուներ. «Իմ՝ փոխնախագահ լինելու տարիներին մենք կազմի վրա հատկացրել ենք 1.2 միլիարդ եվրո, և ես բավական գոհ եմ թիմի զարգացումից ու ֆուտբոլիստների աճից՝ Ուլե Գունար Սուլշերի օրոք», – վերջերս հայտարարեց նա՝ մոռանալով, որ Ֆերգյուսոնից նա ժառանգել էր Անգլիայի 20 չեմպիոնություն ու Չեմպիոնների լիգայում մշտապես հեռուն գնացող թիմ:

«Յունայթեդը», բացի տրանսֆերների համար վճարվող մեծ գումարներից, վճարում էր նաև անհավանական աշխատավարձներ: Ամենաաբսուրդայինը, իհարկե, Ալեքսիս Սանչեսի դեպքն է. չիլիացին ստանում էր ֆիքսված շաբաթական 391 հազար ֆունտ ստեռլինգ, 75 հազար ֆունտ ամեն անգամ, երբ դուրս էր գալիս խաղադաշտ, լրացուցիչ ևս 1 միլիոն՝ յուրաքանչյուր տարի: Եվ այդքան «Յունայթեդը» վճարում էր ֆուտբոլիստի, որն, ընդհանուր առմամբ, անցկացրած 45 խաղում դարձել էր ընդամենը 5 գոլի հեղինակ:

skysports sanchez manchester 4394717 1 960x540 - «Յունայթեդի» երկրպագուների տանջանքների վերջը. ինչ մեծ սխալներ գործեց Վուդվորդը Մանչեսթերում

Ըստ Bonus Finder-ի հաշվարկների էլ՝ «Յունայթեդը» միայն վերջին 5 տարում 123 միլիոն եվրո վճարել է ֆուտբոլիստների, որոնք վնասվածք են ունեցել և բաց են թողել 1105 խաղ: Միայն շարքից դուրս եկած Պոգբան «Յունայթեդի» համար արժեցել է 19.6 միլիոն եվրո:

Իսկ ի՞նչ է լինելու ապագայում

Վերջին 2 տարիներին «Յունայթեդի» մենեջմենթում կա դրական փոփոխություն: Ակումբի ենթակառուցվածքները որոշ փոփոխությունների են ենթարկվել. Վուդվորդը զիջել է տրանսֆերների հարցում որոշումներ կայացնելու և բանակցելու գործընթացը Ջոն Մորթուին, որն արդեն ի պաշտոնե դարձել է ակումբի մարզական տնօրենը, իսկ թիմի նախկին ֆուտբոլիստ Դարեն Ֆլետչերը՝ տեխնիկական տնօրենը: Կարճ ասած՝ տրանսֆերային հարցերով զբաղվում են ֆուտբոլային մարդիկ, ոչ թե հաջողակ բիզնեսմենը, ինչն էլ տալիս է իր արդյունքները:

Պոստ-Ֆերգյուսոն շրջանում «Յունայթեդը» 2019-ին վերջապես կատարեց մի քանի հաջող գործարք՝ Բրունու Ֆերնանդեշ, Հարի Մագուայր, Աարոն Վան-Բիսակա… այս ֆուտբոլիստներն էականորեն ուժեղացրել են ՄՅՈւ-ի խաղը:

bruno fernandes ole gunnar solskjaer manchester united 2019 20 lbkn92frf4ez15u24l50ol138 960x540 - «Յունայթեդի» երկրպագուների տանջանքների վերջը. ինչ մեծ սխալներ գործեց Վուդվորդը Մանչեսթերում

Վուդվորդի հեռանալը բացասական ազդեցություն չի ունենա նաև ֆինանսական մասով, քանի որ նրա պաշտոնը զբաղեցնելու է մեկ այլ կոմերցիոն ակտիվիստ, բանակցությունների վարպետ Ռիչարդ Առնոլդը, որը կարևոր դեր է ունեցել «Յունայթեդի»՝ վերջին տարիների մարքեթինգային հաջողություններում:

Այսպիսով՝ Վուդվորդը հեռանում է՝ իրենից հետո ժառանգություն թողնելով հովանավորչական շահավետ պայմանագրեր, բայց Պրեմիեր լիգայի ոչ մի տիտղոս: Վուդվորդի հեռացումից հետո կարող են հեռանալ նաև ակումբի սեփականատերերը՝ Գլեյզեր եղբայրները: Վուդվորդը «Յունայթեդին» ցուցաբերած այդ անուղղակի օգնությամբ կարող է մի փոքր էլ մտնել թիմի երկրպագուների «աչքը», որոնք այս օրերին բողոքի ցույցեր են կազմակերպում՝ պահանջելով միլիարդատեր եղբայրների հեռացումն ակումբից:

#Pride of London. Ինչպես Տուխելը փոխեց «Չելսին» կարճ ժամանակահատվածում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա