Logo

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 31.05.2019Գրադարան
image1 - «Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

«Զանգակ» հրատարակչությունը երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, վերսկսում է իր ամենամյա ծրագիրը: Ընտրված օրը պատահական չէ, քանի որ հրատարակչության այս նախաձեռնությունը երեխաների համար է: Ծրագիրը անունն է «Ամառային ընթերցանությունը» և այն օգնում է երեխաներին ամառային արձակուրդն առավել արդյունավետ ու հետաքրքիր անցկացնել: Ծրագրի և այս տարվա ժամանակացույցի մասին ավելին իմանալու համար VNews-ը զրուցել է «Զանգակ« հրատարակչության մարքեթինգային ծրագրերի համակարգող, «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի գլխավոր համակարգող Մարիաննա Աճեմյանի հետ:

-Ի՞նչ է «Ամառային ընթերցանություն» ծրագիրն իրենից ներկայացնում:

-Այն մանկապատանեկան ծրագիր է և «Զանգակ» հրատարակչության մշակութային քաղաքականության մի մասը: Մենք կարծում ենք՝ ընթերցանությունը հանգստի լավագույն միջոցներից է, իսկ ամառը հրաշալի ժամանակ է հանգիստն ու ընթերցանությունը մեկտեղելու համար:

Ծրագիրը տևում է երեք ամիս՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը և մշտապես ուղեկցվում է գրական տարաբնույթ միջոցառումներով, որոնց մուտքն ազատ է, անգամ եթե երեխաները ծրագրի մասնակից չեն: Ամեն տարի մեր գործընկեր-գրախանութներում տեղադրվում են տնակ-գրապահարաններ, որտեղ ներկայացվում են անվճար փոխանակման շուրջ չորս տասնյակ գրքեր: Ծրագրի ավարտից հետո ընտրվում են ակտիվ և լավագույն ընթերցողները, որոնք ստանում են խրախուսական տարբեր մրցանակներ, օրինակ՝ լավագույն ընթերցողների շնորհիվ տնակ-գրապահարանները 6 ամսով հյուրընկալվում են նրանց դպրոցներում` ուսումնական տարվա ընթացքում ևս ապահովելով ակտիվ գրական միջավայր: 

Ծրագիրն այս տարի գործում է Երևան, Աբովյան, Դիլիջան քաղաքներում, իսկ մեզ հետ համագործակցող բոլոր գրախանութների հասցեները կարող եք տեսնել մեր կայքում:

Summer Reading 2 960x640 - «Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

-Ինչպե՞ս ծագեց նման նախագիծ ստեղծելու միտքը:

-2014 թվականին «Զանգակ»-ում մի քանի շաբաթ թիմային բուռն քննարկում էր, թե ինչպես անել, որ ամառային արձակուրդին երեխաները կարողանան մեկտեղել հանգիստն ու ընթերցանությունը, թե ինչպես երեխաների համար ստեղծել գրական-մշակութային ակտիվ միջավայր՝ ամառային արձակուրդն առավել արդյունավետ ու հետաքրքիր անցկացնելու համար: Եվ ահա այդ քննարկման արդյունքում էլ ծնվեց մանկապատանեկան այս ծրագրի գաղափարը: Այնուհետև թիմը սկսեց ակտիվ մշակել ծրագրի ձևաչափը, ընտրվեց ծրագրում ընդգրկվելիք գրքերի ցանկը, և հենց 2014 թվականին էլ մեկնարկվեց «Ամառային ընթերցանությունը»: Ծրագրում առանցքային դեր ունի գրախանութներին աջակցելը՝ ներկայացնելու մանկապատանեկան գրականության նորությունները, հայ և համաշխարհային, դասական ու ժամանակակից հեղինակներին, ամրապնդելու հրատարակչություն-ընթերցող-գրախանութ կապը՝ ներկայացնելով գրախանութը որպես մշակութային և ընտանեկան ժամանցի միջավայր:

-Հե՞շտ էր ծրագիրն իրականացնելը:

-Այնայնքան հետաքրքրաշարժ է, որ մոռանում ես ցանկացած դժվարություն: Բացի այդ՝ երեխաների աշխարհը շատ տարբերվող է.  նրանց հետ կամ նրանց համար արված ցանկացած բան,  ճիշտ է, միշտ պարտավորեցնող է, սակայն միևնույն ժամանակ՝ շատ հաճելի: 

Summer Reading 960x636 - «Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

-Ինչպե՞ս եք կատարում գրքերի ընտրությունը, և ամեն տարի գրքերի ցանկն արդյոք փոխվո՞ւմ է:

-Ծրագրում ներառված են «Զանգակ» հրատարակչության վերջին տարիներին հրատարակած այն գրքերը, որոնք մեր մասնագետների կարծիքով այդ տարիքի երեխաների հետաքրքրության շրջանակներում են: Ամեն տարի փորձում ենք ծրագիրը համալրել նոր հրատարակություններով. այս տարի ծրագրում ընդգրկված է երեք տասնյակից ավելի գիրք, իսկ ընթացքում կավելանա երկու նոր հրատարակություն` Հասմիկ Ափոյանի «Խաղալիքների տունը» և Յան Բիրքի «Ցարան և Գզուզը» գրքերը: Ընթերցողներն ունեն բավականին մեծ ընտրություն. ծրագրի շրջանակում երեխաները կարող են ընթերցել հայ և համաշխարհային մանկագիրների գրքեր:

-Ինչպե՞ս դառնալ ծրագրի մասնակից:

-Մասնակցության պայմանները շատ պարզ են. յուրաքանչյուր այցելու, ծրագրի գործընկեր որևէ գրախանութից ձեռք բերելով ծրագրում ընդգրկված ընդամենը մեկ գիրք, դառնում է դրա մասնակիցը: Նա ստանում է ընթերցողի քարտ, որն էլ հնարավորություն է ընձեռում, անվճար փոխանակելով ծրագրի` տնակ-գրապահարաններում ներկայացված ավելի քան երեք տասնյակ գիրք, կարդալ դրանք: Ընթերցողն ինքն է որոշում, թե որ պահին մոտենա տնակ-գրապահարանին և կատարի հերթական փոխանակումը՝ սկսելով մի նոր արկածային ճամփորդություն: Չկա պարտադրանք. երեխան կարդում է այն գիրքը, որն ուզում է:

Summer Reading5 960x636 - «Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

-Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում «Ամառային ընթերցանություն» ծրագիրը:

Այն երեխաներին հնարավորություն է տալիս ամառային արձակուրդն անցկացնել գրական-մշակութային ակտիվ միջավայրում, զարգացնել հաղորդակցական և վերլուծական ունակությունները: Ծրագիրը նաև նոր ընկերներ ձեռք բերելու անմիջական միջավայր է և նոր ուսումնական տարին հարուստ գրական պաշարով սկսելու հնարավորություն: Երեխաներն իսկապես ընկերանում են գրական հերոսների հետ. գիրքն ավելի իրական է դառնում: Բացի դա՝ շատ հետաքրքիր և ուրախալի է դիտել՝  ինչպես են նրանք ծրագրի ընթացքում մտքեր փոխանակում սիրված գրքերից, խորհուրդներ տալիս, թե ինչ կարդալ, և այդպիսով ձեռք բերում ընթերցասեր ընկերներ, որոնք ունեն նույն հետաքրքրությունները:

-Ծրագրի շրջանակներում բուն ընթերցանությունից բացի այլ միջոցառումներ էլ են լինում:  Ի՞նչ է նախատեսված այս տարի:

-Այս տարի ծրագրում ներառված է 14 ամառային ճամփորդություն: Միջոցառումները շատ տարբեր են՝ շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, փոքրիկ բեմականացումներ, խաղ վիկտորինաներ, հանդիպում հեղինակների հետ: Կցանկանայինք առանձնացնել Մեդիանախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ մեր միջոցառումը՝ «Մեդիատեքստ. կարդում եմ, լսում եմ, դիտում եմ, ստեղծում եմ», Այլկերպ-ի հետ էլ միասին «Այլկերպ խաղերի օր» ենք ունենալու և իհարկե այլ միջոցառումներ: Միջոցառումների ցանկին դարձյալ կարելի է ծանոթանալ ծրագրի պաշտոնական կայքի «Միջոցառումներ» բաժնում:

-Եվ վերջապես, ի՞նչ նպատակ, առաքելություն ունի «Ամառային ընթերցանությունը»:

-Ծրագիրը նպատակ ունի ապահովել գրական-մշակութային միջավայր դպրո­ցական­ների ամառային արձակուրդն արդյու­նավետ  և հետաքրքիր անցկացնելու համար, նպաստել ակտիվ ընթերցանության և ինքնա­կրթու­թյան մշակույթի ձևավորմանը վաղ տարիքից, հնարավորություն տալ երեխաներին զարգացնել իրենց հաղորդակցական ունակությունները և ընթեր­ցողական հմտությունները:

Զրուցեց՝ Մելանի Սարգսյան 

Summer Reading 4 960x636 - «Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա