Logo

Զիեշը միակը չէ. ֆուտբոլիստներ, որոնք հեռացել են հավաքականից սկանդալից հետո

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
17:06 / 11.02.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Հաքիմ Զիեշ

«Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշի՝ Մարոկկոյի հավաքականի կազմում կարիերան ավարտելու որոշումը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց, քանի որ ֆուտբոլիստը կոնֆլիկտ ուներ գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի հետ։ 

Այս պատմությունը կրակի վրա էր դեռ սեպտեմբերից, երբ Զիեշը հայտարարեց, որ չի միանա ազգային ընտրանուն վնասվածքի պատճառով։ Բոսնիացի մասնագետի արձագանքն էլ կտրուկ էր. նա դուրս թողեց թիմի առաջատարին հայտացուցակից «գործին վատ վերաբերմունքի» պատճառաբանությամբ։ Մարզիչը պնդում էր՝ թեստերը ցույց են տալիս, որ նա կարող է խաղալ, ու նա առաջին անգամ է իր կարիերայում նման իրավիճակի բախվում։ Զիեշը նաև հավաքականի շարքերում չէր Աֆրիկայի գավաթի համար հանդիպումներում՝ նա բաց թողեց ընդհանուր առմամբ 10 հանդիպում։ Հաջորդիվ արդեն ամեն ինչ սկսեց եռ գալ. Հալիլհոջիչը հանդես եկավ հայտարարությամբ, որ հավաքականի դռներն ընդմիշտ փակված են Զիեշի առաջ, քանի որ նա փչացնում է հանդերձարանում տիրող մթնոլորտը։ Ընդամենը մի քանի օր անց Զիեշը հայտնեց Մարոկկոյի հավաքականում ելույթներն ավարտելու որոշման մասին: Այդպես թիմը կորցրեց իր առանցքային ֆուտբոլիստին ու առաջատարին։ Սակայն սա միակ այդպիսի նախադեպը չէ։ 

VNews-ը վերհիշել է ամենաաղմկոտ սկանդալները, որից հետո ֆուտբոլիստները որոշել են ավարտել միջազգային կարիերան։

Մեսութ Օզիլ (Գերմանիայի հավաքական)

2018 թվականի մարտին Մեսութ Օզիլի հրապարակումը սոցցանցերում իսպառ շրջեց նրա կարիերան։ Թուրքիայում նախագահի ընտրություններից առաջ նա իր թիմակից Իլկյայ Գյունդողանի հետ հանդիպեց ու լուսանկարներ տարածեց գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ֆուտբոլի ու քաղաքականության խաչմերուկում ֆուտբոլիստները հայտնվեցին քննադատությունների թիրախում՝ չնայած նրան, որ երկուսն էլ թուրքական ծագում ունեն։ Լուսանկարը մեկնաբանվեց որպես քաղաքական աջակցություն Էրդողանին, իսկ Օզիլին մեղադրեցին իր պետության նկատմամբ հավատարմության բացակայության համար։

Մեսութ Օզիլ

Չնայած դրան՝ Օզիլը հրավիրվեց հավաքական՝ մասնակցելու աշխարհի 2018թ. առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումներին, իսկ գործող չեմպիոնը չկարողացավ հաղթահարել խմբային փուլը։ Նման բան տեղի էր ունեցել 80 տարի առաջ, ու դա դարձավ համընդհանուր վայնասունի պատճառ գերմանական մամուլում։ Մեղավորն էլ շատ արագ գտնվեց. Օզիլը վատագույնն էր Բունդեսթիմի կազմում՝ չնայած նրան, որ վիճակագրությունը հուշում էր՝ նա միջինում 5,5 պահ էր ստեղծում 90 րոպեի ընթացքում։ Դա լավագույն ցուցանիշն էր մրցաշարի շրջանակում։

Չդիմանալով հարձակումներին՝ 2018թ. հունիսի 22-ին Օզիլը պաշտոնապես հայտարարեց Գերմանիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին։ Նա նաև պարզաբանեց, որ Թուրքիայի նախագահի հետ իր զրույցը եղել է բացառապես ֆուտբոլի մասին, իսկ որպես պատճառ նշեց Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային խտրական վերաբերմունքն իր հանդեպ։

Ես գերմանացի եմ, երբ հաղթում են, բայց ներգաղթյալ եմ, երբ պարտվում ենք...

Հետագայում ֆուտբոլիստն իր սոցիալական էջերում բազմաթիվ քաղաքական բնույթի անդրադարձներ ունեցավ, նա եկավ ապացուցելու գերմանացիների մեղադրանքները ու հերքելու իր իսկ խոսքերը։ Հաջորդ տարի էլ Էրդողանը դարձավ Օզիլի ու նրա սիրելիի՝ Ամինե Գուլսեի պսակադրության կնքահայրը։

Ջոն Թերի (Անգլիայի հավաքական)

Անգլիայի հավաքականի ու «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Թերին միշտ է հակասական կերպար եղել։ Հիշում ենք 2010-ի հայտնի դեպքերը, երբ անգլիական մամուլը տեղեկություն հրապարակեց, թե Ջոն Թերին դավաճանել է կնոջը՝ Տոնիին, ազգային թիմում իր խաղընկեր Ուեյն Բրիջի ընկերուհի Վանեսա Պերոնսելի հետ: Բրիջն ու Թերին ոչ միայն միասին այդ ժամանակ խաղում էին Անգլիայի հավաքականում, այլև 6 տարի եղել են ակումբակիցներ «Չելիսում»:

Ջոն Թերի 

Այնուամենայնիվ, մեր պատմությունը Թերիի վերաբերյալ մեկ այլ սկանդալի մասին է, որը տեղի ունեցավ վերոնշյալ դեպքերից մեկ տարի հետո։ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ հանդիպման ժամանակ Թերին ռասսայական վիրավորանք հնչեցրեց պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին։ Ոստիկանությունն էլ հետաքննություն սկսեց այս հարցով, իսկ որպես ապացույց ծառայեց տեսաձայնագրությունը, որում Թերիի խոսքերը հնարավոր էր կարդալ նրա շուրթերից։ Ֆերդինանդն ասում էր, որ ոչինչ չի լսել Թերիից, սակայն վերջինը խոստովանեց իր մեղքը հեգնական կերպով։ 

Որոշակի ժամանակ անց Թերիին մեղադրանք առաջադրեց Անգլիայի ֆուբոլային ասոցիացիան։ Այդ պատճառով պաշտպանը որոշում կայացրեց ավարտել կարիերան «երեք առյուծների» կազմում։ Երկու ամիս անց ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվեց ու վճարեց 220 հազար ֆունտ տուգանք։ «Չելսիի» ֆուտբոլիստն արդեն ոտք էր մեկնել Անգլիայում արգելված գոտու վրա, ու հետ ճանապարհ չկար. նա պարզապես ասաց, որ ռասիզմը տեղ չունի։ Լավ է, որ խոսքը կատվի մասին չէր... 

Զինեդին Զիդան (Ֆրանսիայի հավաքական)

«Իմ միջազգային կարիերան ավարտված է»,- այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Եվրոպայի 2004թ. առաջնությունից հետո, երբ «եռագույնները» քառորդ եզրափակիչում ճանապարհը զիջեցին ապագա չեմպիոն Հունաստանին։

Զիզուն պնդում էր, որ դա կշռադատված որոշում է, որը, սակայն, վերանայվեց այն բանից հետո, երբ ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը դիմեց Զիդանին հավաքականում ելույթները շարունակելու խնդրանքով, երբ թիմը հայտնվել էր անդունդի եզրին ու մոտ էր աշխարհի առաջնության որակավորման փուլը չհաղթահարելուն։ Զիդանը՝ արդեն որպես թիմի ավագ, Թյուրամի ու Մակելելեի հետ օգնեց Ֆրանսիային իր խմբում 4-րդ տեղից բարձրանալ ու հաղթել։ Իսպանիայի հավաքականի դարպասը խփած գոլը, փայլուն խաղն ու գոլային փոխանցումը Թիերի Անրիին Բրազիլիայի դեմ, կիսաեզրափակիչում իրացրած դիպուկ 11-մետրանոցը դարձան որոշիչ, ու Ֆրանսիան եզրափակիչում էր։ Իտալիայի դեմ խաղի առաջին րոպեները թեժ ստացվեցին, երբ Զիզուն «պանենկա» ոճի հարվածով ոչ միայն ցնցեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը, այլև ամբողջ աշխարհը։ Սակայն այս հանդիպումը լեգենդար դարձավ բոլոր իմաստներով, երբ լրացուցիչ ժամանակի 110-րդ րոպեին Զիդանը հեռացվեց խաղադաշտից Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար: Ի վերջո, գործը հասավ 11-մետրանոց հարվածաշարին, որտեղ 5:3 հաշվով ավելի դիպուկ էին իտալացիները։

Սակայն Զիդանի գործողությունները դարձան համաշխարհային մամուլի գլխագրերի հիմնական թեման. Ֆրանսիական Le Figaro-ում Զիզուի հարվածն անվանեցին «գարշելի», L’Equipe-ի շապիկին գրված էր. «Ի՞նչ պետք է ասենք մեր երեխաներին, որոնց համար դու օրինակ ես…Ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ քեզ նման մեկի հետ»։ Պեպ Գվարդիոլան Ֆրանսիայի հավաքականն անվանեց անկազմակերպ թիմ։ Բայց այս ամենը չխանգարեց, որ Զիդանը ճանաչվի մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Չնայած մամուլում բարձրացված մեծ աղմուկին՝ ֆուտբոլիստին մեծ ջերմությամբ ընդունեցին նաև Ֆրանսիայում, երբ երկրպագուները վանկարկում էին «Զիզու, Զիզու» ու նշում, որ կիսապաշտպանը հավաքականում անցկացրել է լավագույն հանդիպումները։ Ֆրանսիական մամուլի գլխագրերը ևս փոխվեցին. «Մեկ ամիս Ֆրանսիան երազում էր Զիդանի հետ» կամ էլ՝ «Մեզ համար էլ լավ է տեսնել, որ մեր ազգային հերոսը սխալական է»։ Ավելի ուշ հարցազրույցների միջոցով պարզ դարձավ, որ Մատերացին վիրավորել էր Զիդանի քրոջը, իսկ Զիդանն ասաց. «Ավելի լավ է՝ մեռնեմ, քան ներողություն խնդրեմ», սակայն ֆուտբոլիստը այդպես էլ ինքն իրեն չներեց չափազանց տաքարյուն լինելու համար։ 

Մունդիալի եզրափակիչում իր կարմիր քարտից հետո Զիդանը հայտարարեց կարիերան հավաքականում ավարտելու մասին ու շեշտեց, որ որոշումը փոփոխման ենթակա չէ։ ՖԻՖԱ-ն էլ 3 խաղով որակազրկեց ֆուտբոլիստին, որը համաձայնեց հասարակական աշխատանքի՝ ՖԻՖԱ-ի մարդասիրական ծրագրի շրջանակում։

Ռոբերտ Արզումանյան (Հայաստանի հավաքական)

Եվրոպայի 2016 առաջնության ընտրական փուլում Ալբանիայի դեմ վերջին տուրի խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականը կորցրել էր որակավորվելու շանսերը, մինչդեռ մեր մրցակիցները հաղթանակի դեպքում իրենց պատմության մեջ առաջին անգամ կնվաճեին ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Արդյունքում, ալբանացիները արտագնա հաղթանակ տարան 3:0 հաշվով, ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը, իսկ Ռոբերտ Արզումանյանը խաղից հետո այսպիսի խոսք ասաց. «Ոչինչ չկա ասելու, շատ վատ խաղ էր: Մեր հավաքականի ամենավատ խաղն էր, որը ես երբևէ տեսել եմ»:

Ռոբերտ Արզումանյան

Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հետո, մինչև օրս մնում է առեղծված ու մեր հավաքականի պատմության ամենաամոթալի էջերից է։ Այս խաղից մի քանի օր անց ալբանական ու սերբական մամուլում տեղեկություն հայտնվեց, թե ալբանացիները 500․000-ական եվրո են վճարել 3 հայ ֆուտբոլիստի՝ խաղը հանձնելու և իրենց երկրի հավաքականին հաղթանակ ապահովելու համար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այդ ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել դավաճանություն.

Դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ իրականում եղել է դա, և մեր գործն է, որ դա բացահայտենք և այդ մարդկանց անունները հրապարակենք։ Մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում՝ եմ կլինեն։ Խաղն սկսվելուց կես ժամ անց ես դա արդեն հասկացել էի...

Սակայն մինչև օրս ոչ մի փաստարկ լույս աշխարհում չի հայտնվել: Փոխարենը՝ ՀՖՖ նախագահի հրահանգով՝  հավաքական այլևս չհրավիրվեցին առանցքային ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանը ու Գևորգ Կասպարովը։

Այս մեղադրանքներին արձագանքեցին հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ ու կեղծ որակեցին այդ տեղեկությունները՝ հաստատելով իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն ազգային ընտրանուն։ Այդ մեղադրանքներին առաջինն անձամբ արձագանքեց հենց Ռոբերտ Արզումանյանը, որը որոշեց արժանապատվորեն հեռանալ հավաքականից:

Ճիշտ է՝ այդ խաղը Արզումանյանի կարիերայի ամենահաջողվածներից չէր, սակայն նա 11 մրցաշրջան պաշտպանել էր հավաքականի գույները, խաղադաշտ դուրս եկել 74 անգամ, ու այդ թիվն ավելի մեծ կլիներ, եթե չլինեին չարաբաստիկ վնասվածքները։ Արզումանյանը հավաքականում նաև արդյունավետ է եղել. նա 5 գոլի հեղինակ է դարձել, այնպիսի գոլերի, որոնք հավերժ դաջվել են մեր հիշողություններում։ Պետք է հիշատակել Ռոբերտի գլխով գոլը պորտուգալացիների դարպասը, ուժեղագույն Իսպանիայի հավաքականի դեմ խփած մեր առաջին գնդակը, սերբերի դարպասն էլ առաջինը գրավեց հենց Արզումանյանը, որը, ի տարբերություն Մովսիսյանի ու Կասպարովի, այդպես էլ հավաքական չվերադարձավ։ Սակայն հիմա նա հմտանում է մարզչական գործում ու երազում է մի օր ստանձել ազգային հավաքականի ղեկը՝ հույս ունենալով դնել գեղեցիկ վերջակետ այս պատմությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա