Logo

«Ինչու ես ամաչեցի»-ից հետո այլևս երբեք չեմ ամաչել. զրույց Աննա Սալոմեի հետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:00 / 06.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
Աննա Սալոմե

Կան բազմաթիվ տեսություններ այն մասին, թե ինչպես հասնել հաջողության, բազմաթիվ դասընթացներ՝ մոտիվացնելու և բազմաթիվ պատճառաբանություններ՝ արդարացնելու սեփական ծուլությունը: Սակայն այսօր զրուցել ենք մի մարդու հետ, որը, չնայած բազում դժվարություններին, կարողացավ իր տեղն ամրագրել՝ որպես Հայաստանում նորաձևության մարքեթինգային միակ ընկերության կին ղեկավար:

VNews Culture-ի այսօրվա հյուրն «Anna Salome Fashion Marketing Agency» -ի հիմնադիր Աննա Սալոմեն է: 

Աննա Սալոմե 1

Աննա, ո՞րն է գեղեցկության մասին Ձեր պատկերացումը, ի՞նչն է Ձեզ համար գեղեցիկ:

-Ես շատ երկար եմ մտածել այդ հարցի շուրջ, որովհետև դեռևս դպրոցական տարիներին գեղարվեստի դպրոց հաճախելիս սովորել եմ, որ գեղեցիկ է ակադեմիականը, համաչափությունը, սիմետրիան, և ես անվերադարձ սիրահարվեցի կնոջ մերկ մարմնին, սլացիկ, մկանուտ մարմնին, կլասիկային, ճարտարապետությանը:

Եվ որքան էլ ժամանակի հետ փորձել եմ հերքել այդ ստանդարտների մասին գիտելիքներս, վերջիվերջո այն եզրահանգման եմ եկել, որ դա էր միակ ճիշտը:
Մարքեթինգի տեսանկյունից շատ ենք առնչվում թրենդների ու գեղեցկության ստանդարտների փոփոխությանը, բոդիպոզիտիվին, որոնցում ես համառորեն պահպանում եմ այդ մոտեցումը:

Դուք բազմիցս շեշտել եք «ակադեմիական կրթություն» տերմինը, կխոսե՞ք դրա կարևորության մասին:

-Ոչ ֆորմալ կրթությամբ նույնպես հնարավոր է հասնել հաջողության, այն էլ՝ մեծ: 

Բայց, իմ խորին համոզմամբ, իրարից հիմնարար տարբերվում են այն երկու մասնագետները, որոնցից մեկն ունի ակադեմիական կրթություն, իսկ մյուսը՝ ոչ: Ես չեմ պնդում, որ միայն ակադեմիական կրթությունն է ճիշտ. հաջողել հնարավոր է և՛ մեկ, և՛ մյուս տարբեր դեպքում, բայց այո՛, նրանք, վստահաբար, իրարից տարբերվում են:

Ես գիտեմ, որ քչերն են իմ պես մտածում, բայց այսօր շատ են արհեստածին թրենդներն ու արժեքները, որոնք բխում են շատ մարդկանց շահերից: Ես ինքս բիզնես թրեյներ եմ ու սովորեցնում եմ գիտելիքներ, որոնք կարճաժամկետ են, արագ: Ես առաջարկում եմ ծրագիր, որն այսօր չի առաջարկվում որևէ համալսարանում: Բայց, միևնույնն է, ես բոլորին խորհուրդ եմ տալիս ստանալ ակադեմիական կրթություն. նույնիսկ համալսարանի պատերն են մտածողության որոշակի ձև սովորեցնում, որը ոչ մի այլ պարագայում չես ունենա՝ ո՛չ հաղորդակից լինելով արդեն հաջողած և փորձառու մասնագետների հետ, ո՛չ հաղորդակից լինելով միջազգային գրականությանը, ո՛չ էլ առավել ևս հեղհեղուկ ինտերնետային ինչ-որ ինֆորմացիոն աղբյուրների շնորհիվ: 

Աննա Սալոմե 2
Վանաձորից Երևան... Կարիերա ստեղծելիս հե՞շտ էր արդյոք այդ ճանապարհը:

-Ճանապարհը հարթ չի եղել, ուղղակի ես ճանապարհին հանդիպող դժվարություններիս մասին քիչ եմ խոսում, կարելի է ասել՝ ընդհանրապես չեմ խոսում, քանզի չեմ կարծում, որ դժվարությունները հանընդհանուր են բոլորի համար և իմ դժվարությունների մասին պատմելը որևէ մեկին դաս կլինի: Պատմելը կարևոր կլիներ միայն այն դեպքում, երբ ունես նպատակ մոտիվացնելու և ոգեշնչելու որևէ մեկին, իսկ ես չունեմ այդ նպատակը և երբևէ չեմ ունեցել նման ցանկություն, հետևաբար մշտապես մերժում եմ այն բոլոր հարցազրույցներն ու միջոցառումները, որոնց նպատակը մոտիվացիան է:

Ես վստահ եմ, որ կան մարդիկ, որոնք հաջողելու են անկախ բոլոր դժվարություններից, կան նաև այնպիսիք, որ չեն հաջողի, ինչ էլ որ պատահի: Դա տեսակի, կոնկրետ հմտությունների հարց է: Ես ինքնամոտիվացվող տեսակ եմ, և ինձ համար բացարձակ էական չէ՝ պայմանները նպաստավո՞ր են, թե՞ ոչ:

Այդ իսկ տրամաբանությամբ ես երբևէ չեմ կարդացել մոտիվացնող գրականություն ու նույնը խորհուրդ չեմ տալիս:

Ի՞նչ է Ձեզ համար հաջողությունը, Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք:

-Յուրաքանչյուր մարդ ունի իր խաչը: Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ ծնողներս չեն խոսում, արդյո՞ք ուրիշ պայմաններում այլ կլիներ իմ ճանապարհը՝ անկեղծ չգիտեմ: Բայց ես ունեցել եմ հորաքույր, որը հոգ է տարել, որպեսզի ես ստանամ գեղարվեստական կրթություն: 

Ստարտային պայմանները տարբեր են բոլորի դեպքում, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը ինչ որ պահից հեշտացրել է իմ ճանապարհը:
Մեծանալով մեծ ու դժվար ընտանիքում՝ ես երբևէ դա չեմ ընկալել որպես խնդիր, քանզի եթե ես զրկված եմ մամայիս մամա ասելու, մեկ ուրիշն էլ զրկված է մորը տեսնելու հնարավորությունից:

Ես չգիտեմ՝ կհաջողեի՞ արդյոք այլ սցենարում, բայց անկեղծ կլինեմ, ես իսկապես չեմ համարում, որ հաջողել եմ, քանի որ այն, ինչ ունեմ այս պահին, ոչ ավելին է, քան իմ մարքեթինգային գիտելիքների և շնորհքի միաձուլումը. այս պահին իմ ունեցածը ոչինչ է: Պետք է հասկանանք, թե ում և ինչի հետ ենք մեզ համեմատում, դրանից է կախված մեր հաջողակ կամ ոչ հաջողակ լինելը: 

Աննա Սալոմե 3

Ձեր ընկերությունը, լինելով դեռևս 2 տարեկան, մրցում է երկար ճանապարհ անցած և շուկայում արդեն հայտնի ընկերությունների հետ, նույնիսկ հիմա՞ եք պնդում, որ չեք հաջողել:

-Այո, իմ ընկերությունը 2 տարեկան է, բայց մրցում է 10 տարեկան ընկերությունների հետ: Սա, բնականաբար, կարող էինք հաջողություն համարել, բայց ինձ համար հաջողություն ասվածը նշանակում է աշխատել jacquemus-ի հետ: Սա անիրատեսական չեմ համարել երբեք, նույնիսկ երբ դեռ Վանաձորում եմ եղել: Եթե նույնիսկ չգայի Երևան, միևնույնն է՝ անելու էի որևէ բան, թեկուզ փոքր մասշտաբներով:

Սիրելի գործը:

-Ես չսիրածս գործով ուղղակի չեմ կարող զբաղվել, ազնվորեն եմ ասում: Աշխատանքն ինձ համար վաղուց աշխատանք չէ, ես առավոտյան արթնանում եմ տարատեսակ մտքերով, քնում եմ նույնպիսի մտքերով, որոնք առնչվում են իմ գործունեությանը:

Աշխատասե՞ր եք:

-Այո: Իմ հաջողության գրավականներից մեկն աշխատասիրությունս է: 

Ուրիշ ի՞նչ ուժեղ կողմեր ունի Աննա Սալոմեն:

-Գործարար ու հաջողակ գործարար լինելու առաջին նախապայմանը գործարարի հոտառությունն է՝ ինտուիցիայի մակարդակով որոշումներ կայացնելու և ռիսկի գնալու հմտությունը: Դա իմ ակնհայտ ուժեղ կողմերից է: Ուղիղ մեկ տարի առաջ 4.8 միլիոն դրամի վնաս կրելով՝ մարդիկ նվազագույն բանը, որ կանեին, օֆիսը կփակեին և տուն կգնային, իսկ ես ռիսկի գնացի ու շարունակեցի:

Կարևորո՞ւմ եք հասարակության կարծիքը:

-Ինձ բոլորովին մեկ է իմ կատարած որևէ աշխատանքի շուրջ հասարակության լայն շերտերի կարծիքը: Աշխատելիս պետք է չառաջնորդվես այդ չափանիշներով: 
Կարող է զարմանալի թվալ, բայց ինձ համար բացարձակ միևնույնն է՝ արդյոք ինձ հետևող կամ չհետևող մարդիկ կհավանե՞ն իմ արած աշխատանքը, թե՞ ոչ: 

Դեռևս գեղարվեստի դպրոցում սովորելու տարիներին ես իմ քանդակի ուսուցչից շատ կարևոր սկզբունք եմ սովորել: Ի պատասխան իմ՝ հայտնի քանդակագործներից մեկի մասին հարցի՝ ուսուցիչս պատասխանեց, որ «իրենից քանդակագործ դուրս չի գա» ու ի պատասխան իմ զարմանքի, թե ինչպես է դա հնարավոր, չէ՞ որ բոլորը սիրում են նրան, իսկ գործերն էլ լավ վաճառվում են, հավելեց, որ դա ոչինչ չի նշանակում:

«Որևէ մեկին մասնագետ գնահատելու համար դու նվազագույնը պետք է հարցնես ոլորտի մյուս բոլոր մասնագետների կարծիքը։ Հասարակությունը դիլետանտ է, կարող է և չհասկանալ»,- ասում էր նա

Ես մինչ օրս հիշում եմ ուսուցչիս ասածը և աշխատանքս կազմակերպում եմ այնպես, որ որևէ այլ մասնագետ քննադատելիս չունենա որևէ հնարավորություն օբյեկտիվորեն որևէ սխալ գտնելու իմ աշխատանքում: Իհարկե, մարդիկ կարող են ասել, որ իմ աշխատանքն իրենց ճաշակով չէ (սա սուբյեկտիվիզմի դաշտում է), բայց ասել, որ աշխատանքս սխալ ու ոչ պրոֆեսիոնալ է՝ տալով հիմնավորում, դա ինձ համար կլինի սարսափելի մի բան, որից հետո ես կդադարեմ զբաղվել այդ գործով:
Կարճ ասած, իմ գործը քննարկման և գնահատման ենթակա է բացառապես մասնագետների դաշտում: Բացարձակ չափանիշ չէ, թե ինչ կմտածի հասարակությունը, մեկը կհավանի, մյուսը՝ ոչ: Ես, իհարկե, չեմ ասում, որ հաշվի չեմ նստում հասարակության կարծիքի հետ, խոսքն իմ արած աշխատանքի ու մարքեթինգի գնահատման մասին է:

Աննա Սալոմե 5

Խոսենք Ձեր թույլ կողմերից:

-Գործնականում իմ թույլ կողմերից է անգլերենիս խոսակցական մակարդակը: 

Դիզայնի և կոմպոզիցիայի տեսանկյունից որոշ գիտելիքներ կան, որոնց հիմնարար լինելուն կասկածում եմ, դիմեցի մասնագետների, իսկ լուծում ինձ չառաջարկվեց: Հաշվի առնելով, որ ես շատ լավ գիտելիքներ ունեմ կոմպոզիցիայից՝ նաև հարկ եղած դեպքում ընկերության art directing–ով եմ զբաղվում, պարզապես ցանկանում էի զարգացնել հմտություններս ու ստանալ որոշակի հարցերի պատասխան՝ այդպես էլ  չկարողանալով գտնել այնպիսի մասնագետի, որը կունենա ճկունություն՝ հարմարվելու և կոնկրետ ծրագրով պատասխանելու ինձ հուզող հարցերին: 

Իսկ ինչ վերաբերում է արտաքինիս, ապա ցածրահասակ լինելս ինձ համար ակնհայտ թույլ կողմ է: Ես կարևորում եմ հասակը, սիրում եմ բարձրահասակներին (ժպտում է)։ 

Ունե՞ք բարդույթներ, փորձո՞ւմ եք հաղթահարել, թե՞ հաշտ եք դրանց հետ:

-Արտաքինիս հետ կապված չունեմ որևէ բարդույթ: Ես դա արդեն հաղթահարել եմ: Փոքր տարիքում ապրում էինք հորաքրոջս աղջկա հետ: Իրեն համարում էին մեր տան գեղեցկուհին, ինձ՝ խելացին: Փոքրիկ Սալոմեն իսկապես մտածում էր, որ տգեղ է, լացում էր ժամերով հայելու դիմաց կանգնած: 

Ժամանակի ընթացքում ես թույլ տվեցի ինձ լինել այսպիսին, հասկացա, որ ցանկանում եմ լինել այսպիսին: Այսօր ես հաշտ եմ իմ արտաքին տեսքի հետ: Ես առողջ եմ, ու ինձ համար գեղեցիկն առաջին հերթին առողջ լինելն է:

Հասցնո՞ւմ եք ապրել:

-Ես առավոտից երեկո աշխատում եմ, և սա իսկապես իմ ապրելակերպն է, ես չեմ հոգնում, հաճույք եմ ստանում իմ աշխատանքից: Իհարկե, երբեմն կարիք եմ ունենում ընդմիջման ու ուղղակի մտածելու: Գերծանրաբեռնված աշխատանքից հետո ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ արդեն մի քանի ամիս է, ինչ որևէ գիրք չեմ կարդացել, ֆիլմ կամ հաղորդում չեմ դիտել, այդ ժամանակ դադար եմ վերցնում ու ինձ մի քանի օր նվիրում այդ փոքրիկ հաճույքներին:

Որևէ առաքելություն ունե՞ք Ձեր առջև դրած:

-Ես ունեմ շատ կարևոր առաքելություն. երկու ամիսը մեկ ինթերն եմ ընդունում մեր ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել այն մարդկանց, որոնք իսկապես դրա կարիքն ունեն:  Բայց ես մնում եմ այն մտքին, որ ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք պետք է ստեղծենք մեր մոտիվացիան, ինքներս պետք է բացահայտումներ անենք:

Իմ հաջողությունը պայմանավորված է նրանով, որ ես դեռևս 7-8 տարեկան հասակում ստիպել եմ ինքս ինձ վերաբերմունք ունենալ ամեն ինչի նկատմամբ, նաև այնպիսի երևույթների, որոնցից գլուխ չեմ հանում: 

Որպեսզի ինչ-որ հարցի շուրջ ունենամ որոշակի վերաբերմունք, ես պետք է փորձեմ հասկանալ այն: Իմ ընտանիքում Շոպեն կամ Բիթլզ չեն լսել, ինչով շատերը կարող են այսօր հպարտանալ, հետևաբար լավ երաժշտական ճաշակ չեմ ժառանգել, և եթե 12-13 տարեկանում չհանդիպեի ինտերնետին, այսօր կարող է և բացահայտած չլինեի ջազը: Բոլորովին պատահական եմ ծանոթացել Չեթ Բեյքրի երաժշտությանը, հետո եմ հասկացել, թե ինչ մասշտաբի մեծություն է նա, և ուրախությանս չափ չկար, քանզի ես այդ բացահայտումն արել եմ ինքնուրույն:  

Ինքնաքննադա՞տ եք: 

-13 տարեկանում եմ կարդացել Սենկևիչ, ծանոթացել ներհայեցողություն և ինքնաքննադատում տերմիններին, որոնք մինչ այդ անծանոթ էին ինձ: Եվ այո՛, պետք է անդադար ինքնաքննադատությամբ զբաղվել, հետևաբար իմ ամեն արածի ու չարածի համար ես վերլուծել եմ ինձ, արարքներս, որոշումներս: 

Ես ամաչել եմ արտահայտել կարծիքս 30 հոգանոց մի միջավայրում: 

Ժամերով ուղղակի նստել եմ ու փորձել հասկանալ, թե ինչու ես ամաչեցի: «Ինչու ես ամաչեցի»-ից հետո այլևս երբեք չեմ ամաչել:  Սա աշխատանք է սեփական անձի հետ, զրույց ինքդ քեզ հետ: Ամեն բան հաղորդակցության դաշտում է: Ցանկացած կոնֆլիկտ հնարավոր է հարթել, եթե ունես ճիշտ ձևակերպած մեսիջ:

Աննա Սալոմե 7

Բլից հարցեր՝

Ես նա եմ, ով չի վախենում «մեծ» մտածել:

Հավատում եմ Աստծուն և իմ ներուժին, որն էլ հենց Աստծուց է տրվում:

Կուզեի աշխատել jacquemus-ի,Prada-ի և մյուսների հետ:

Չեմ ների - չկա այնպիսի բան, որը չեմ ների, պետք է ներել միշտ:

Վախենում եմ  - ժամանակին վախենում էի մարդկանց կորցնելուց, այլևս չեմ վախենում, նույնիսկ օձերից :) 

Իմ ներսի սովորական աղջնակը երբեմն կարոտում է նախկին Աննային, որը ժամերով կարող էր դասղեկի հետ զրուցել գեղարվեստական հարցերի շուրջ, որը կարողանում էր ուրախանալ փոքրիկ ուրախություններով և ձեռքբերումներով:

Երբ ես երեխա էի, ասում են՝ ավելի լավն էի: Բայց այդ Աննան այլևս չի լինելու: 

Այս պահին ես երջանիկ եմ, բայց մեկ-մեկ վախենում եմ չհասցնել շատ ժամանակ անցկացնել ծնողներիս հետ: Բայց այն փաստը, որ ունեմ գրկելու հնարավորություն, արդեն իսկ երջանկացնում է ինձ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա