Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը շարունակում են առաջընթացը՝ գրեթե զուգահեռ քայլերով: Եթե ուշադիր նայենք երկու ըմբիշների կարիերայի աճին, շատ ընդհանուր բաներ կնկատենք: 2015 թվականին երկուսն էլ առաջին անգամ նվաճում են պատանիների Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մեկ տարի անց նույն մրցաշարում երկուսն էլ դառնում են փոխչեմպիոն: 2018-ին Թևանյանն ու Հարությունյանը նվաճում են երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը, նույն թվականին բրոնզե մեդալակիր են դառնում երիտասարդական աշխարհի առաջնությունում: 2019-ին Հարությունյանը դառնում է Եվրոպայի չեմպիոն, Թևանյանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն: 2020-ին Վազգենը դառնում է աշխարհի գավաթակիր, Արսենը նույն մրցաշարն ավարտում է արծաթե մեդալով: 2021-ին երկուսն էլ հաղթում են օլիմպիական վարկանիշային մրցաշարում, իսկ Օլիմպիական խաղերում դուրս մնում պայքարից առաջին գոտեմարտից հետո: 2022-ին երկու ըմբիշները նվաճում են Մ23 աշխարհի չեմպիոնի կոչումը: Նախօրեին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված 2023թ․ Եվրոպայի առաջնությունն ավարտվում է երկու ըմբիշների չեմպիոնությամբ:
Ճիշտ է, որոշ ժամանակահատված Թևանյանին խանգարում էին վնասվածքները, նա մրցաշարեր բաց թողեց, այդ պատճառով Հարությունյանն այժմ Եվրոպայի եռակի չեմպիոն է, նաև աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, իսկ Վազգենի համար սա առաջին տիտղոսն էր մեծահասակների ասպարեզում, սակայն երկու ըմբիշների կարիերայի նմանությունն ապշեցուցիչ է ու բացառված չէ, որ զուգահեռ քայլերը շարունակվեն նաև ապագայում: Համենայնդեպս, հաջորդ նպատակը աշխարհի առաջնությունն է, որին երկու ըմբիշներն էլ մոտենալու են ֆավորիտների կարգավիճակում:
65 կգ քաշային Վազգեն Թևանյանը հիանալի մրցաշար անցկացրեց Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությունում: Առհասարակ, տարին Վազգենի համար առայժմ գերազանց է դասավորվում, նա կենտրոնացած ու չափազանց ուշադիր է, օգտագործում է մրցակցի թույլ տված աննշան սխալները: Այս քաշային կարգում ուժեղ պայքար էր սպասվում Թևանյանի, ադրբեջանցի Հաջի Ալիևի և Հունգարիան ներկայացնող Իսմայել Մուսուկաևի միջև, բայց ադրբեջանցին վերջին պահին որոշեց քաշ չգցել ու ելույթ ունենալ 70 կգ քաշայինների մրցաշարում (բացառված չէ, որ խուսափեց Թևանյանի հետ ակնկալվող գոտեմարտից), իսկ Մուսուկաևը հրաժարվեց մասնակցությունից վարակի պատճառով: Նրանց բացակայությամբ Թևանյանը դարձավ հաղթողի բացարձակ ֆավորիտը, և գորգում ապացուցեց իր բարձր կարգը՝ տանելով 3 վստահ հաղթանակ ու նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իրականում, նա վաղուց էր գնում այս մեդալի հետևից, իսկ հաջորդ քայլը պետք է լինի աշխարհի առաջնության մեդալն ու օլիմպիական ուղեգիրը: Բելգրադում Թևանյանը ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից է լինելու, բայց մրցակցությունն այնտեղ անհամեմատ բարձր է լինելու:
61 կգ քաշային կարգում մրցակցությունն ավելի մեծ էր շնորհիվ Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի: Օլիմպիական 57 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոնը դարձավ Արսեն Հարությունյանի հիմնական մրցակիցը Զագրեբում: Ճիշտ է, թուրք Էմրահ Օրմանօղլուի հետ գոտեմարտում եղավ դրվագ, երբ Հարությունյանը հնարք կատարելիս գլխով բախվեց մրցակցին ու թվում էր՝ մի քանի վայրկյան նոկդաունի մեջ է, սակայն արագորեն ուշքի եկավ ու գոտեմարտը հասցրեց հաղթական ավարտի: Իսկ եզրափակիչում Աբակարովի հետ դիմակայությունում Արսենը ցույց տվեց իր գերազանցությունը ուժեղ մրցակցի նկատմամբ՝ 5:50 րոպեի ընթացքում ոչ մի շանս չտալով մրցակցին: Ալբանիան ներկայացնող ըմբիշը միայն վերջին 10 վարկյաններին կարողացավ հնարք կատարել, բայց Հարությունյանն այնքան վստահ էր իր հաղթանակին, որ նույնիսկ փոխադրված դիրքում, երբ մրցակիցը փորձում էր նոր միավորներ վաստակել, մատներով ցույց էր տալիս, որ արդեն Եվրոպայի եռակի չեմպիոն է: Հարությունյանն այս առաջնությունում ոչ միայն հերթական անգամ ցույց տվեց ամբողջ 6 րոպեների ընթացքում բարձր տեմպով գոտեմարտելու, հարձակվելու և մրցակցին ճնշելու իր ունակությունը, այլև փայլուն գործեց պաշտպանությունում:
Սակայն Հարությունյանի ու Թևանյանի հաջողությունները, այս անգամ, ցավոք, շարունակություն չգտան իրենց թիմակիցների ելույթներում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջին շրջանում առաջին անգամ մրցաշարի էր մեկնել 8 ըմբիշով, սակայն նրանցից ոմանց ելույթները հիասթափեցրին, մյուսները մասնայցեցւբ իրենց հնարավորությունների սահմաններում, բայց Հարությունյանից և Թևանյանից բացի, այլ մեդալակիրներ չունեցանք: Ձախողած ելույթների շարքին կարելի է դասել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանի և 70 կգ քաշային Արման Անդրեասյանի մասնակցությունը:
Մանվել Խնձրցյանի մրցակիցը բավականին ուժեղ էր, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Գեորգի Վանգելովը, սակայն նա այն մրցակիցը չէր, որից պետք է վախենար հայ ըմբիշը: Գոտեմարտի ընթացքն էլ ցույց տվեց, որ Մանվելը պատրաստ էր հաղթահարել այդ արգելքը, ու ցավալի է, որ վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը: Ցավոք, սա Խնձրցյանի կարիերայում առաջին նման դեպքը չէր: Թեև Մանվելը դեռ երիտասարդ է՝ 22 տարեկան, սակայն փորձի պակաս չունի, և պետք է արդեն կարողանա նման մրցավեճերն իր օգտին ավարտել: Հուսանք, որ խնդիրը հոգեբանական չէ, և ավելի փորձի հետ միասին կլինեն նաև ավելի մեծ հաղթանակներ: Առավել ևս, որ այս առաջնությունում մրցանակակիր դարձած ըմբիշներին Խնձրցյանը ոչնչով չի զիջում:
Արման Անդրեասյանն այս տարի իր ելույթներով առայժմ հիասթափեցնում է: Ձախողված վարկանիշային մրցաշարից հետո այժմ էլ հայ ըմբիշը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի արգելքը, թեև նրան հաղթած մոլդովացի Վասիլ Դյակոնը ոչնչով չէր գերազանցում իրեն: Անդրեասյանը պարզապես չկարողացավ ոչ մի հնարք կատարել: Արմանը հայտնի է իր ամուր պաշտպանությամբ և գոտեմարտի վճռական պահերին դրսևորած ուժեղ կամքով, սակայն այս անգամ չստացվեց, և ըմբիշը այժմ պետք է լուրջ հետևություններ անի:
Երիտասարդ ըմբիշներ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն ու 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը նորամուտը նշեցին մեծահասակաների ասպարեզում, սակայն գոտեմարտերը ցույց տվեցին, որ նրանք դեռ պատրաստ չեն նման մակարդակի մրցաշարերի, առաջին հերթին՝ հոգեբանորեն: Նրանց հաղթած ըմբիշները, իհարկե, պատահական մարզիկներ չեն, բայց ապագայում լուրջ խնդիրներ լուծելու համար նման մրցակիցներին պետք է հաղթել: Ամեն դեպքում, այս մրցաշարը նրանց համար անգնահատեի փորձ էր:
79 կգ քաշային Արման Ավագյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը ելույթ ունեցան իրենց հնարավորությունների սահմանում:
Արման Ավագյանը շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալուն: Նա շատ վստահ սկսեց մրցաշարը՝ հաղթելով բուլղարացի և ռումինացի մրցակիցներին, իսկ կիսաեզրափակիչում հանդիպեց իր վաղեմի մրցակցին՝ հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին: Նախկինում մրցակիցները երկու անգամ հանդիպել էին, երկու դեպքում էլ Ավագյանը հաղթել էր համառ գոտեմարտերում, այս անգամ էլ նա առջևում էր հաշվի մեջ՝ 8-0, և թվում էր՝ հաղթական հնարքն էլ կատարեց, բայց մրցավարները կրկնապատկերը դիտելուց հետո հաշիվը դարձրին 10-2: Վերջին րոպեի ընթացքում Ավագյանն արդեն շատ էր հոգնել, և 10 միավոր տվեց մրցակցին: Ցավալի էր, քանի որ հայ ըմբիշն ինքն է հայտնի մինչև վերջ պայքարելով, վերջին վարկյաններին կորզած հաղթանակներով, բայց այս անգամ չկարողացավ դիմադրել հույն մրցակցի վերջին հարձակումներին: Երրորդ տեղի համար գոտեմարտը ևս ծանր ընթացք ունեցավ, Արմանը վնասվածք ստացավ Մակեդոնիան ներկայացնող Մագոմեդովի հետ գոտեմարտում, պայքարեց մինչև վերջ, բայց պարտվեց:
Հրայր Ալիխանյանը ելույթ էր ունենում շատ ներկայացուցչական քաշային կարգում, որտեղ հաղթողի 5-6 հավակնորդ կար, ու նման մրցակցությունում 5-րդ տեղը ամենևին էլ վատ արդյունք չէ: Իր առաջին երեք գոտեմարտերում Ալիխանյանը դիմակայում էր հյուսիսկովկասցի ըմբիշների: Հունգարիան ներկայացնող դաղստանցի Կուրամագոմեդովին Ալիխանյանն արդեն հաղթելու փորձ ուներ, այս անգամ ևս ընթացավ համառ գոտեմարտ, որն ավարտվեց հայ ըմբիշի հաղթանակով: Սլովակիան ներկայացնող ազգությամբ օսեթ Թայմուրազ Սալկազանովը, որը Եվրոպայի գործող չեմպիոնն ու աշխարհի փոխչեմպիոնն է, հայ ըմբիշի համար անհաղթահարելի արգելք էր: Սփոփիչ գոտեմարտում Ալիխանյանը գերկամային հատկանիշների շոնրհիվ հաղթեց Մակեդոնիան ներկայացնող չեչեն ըմբիշ Ռասուլ Շապիևին, սակայն երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց վրացի Ավթանդիլ Կենչաձեին: Կարելի ասել, որ Ալիխանյանի մոտ որոշակի առաջընթաց նկատվում է, նա երբեք պատանիների ու երիտասարդների մրցաշարերում լուրջ հաջողություններ չի ունեցել, համառության շնորհիվ կարողացել է իր տեղը նվաճել հավաքականում, սակայն քաշային կարգի ճանաչված առաջատարների հետ վճռական գոտեմարտերում առայժմ չի կարողանում գլխից վեր ցատկել:
Առջևում վարկանիշային աշխարհի առաջնությունն է, և մարզչական շտաբը լուրջ հետևություններ պետք է անի, որպեսզի բարձր քաշային կարգերում հայ ըմբիշներն ավելի մրցունակ լինեն: