Ստեղծել համակարգ, որը կախված չի լինի անձերից. նոր մոտեցում հայկական կանանց ֆուտբոլում - VNews
Բաժիններ

Ստեղծել համակարգ, որը կախված չի լինի անձերից. նոր մոտեցում հայկական կանանց ֆուտբոլում

Չնայած բոլորի կարծրատիպերին ու կասկածներին, կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգանում է մեծ տեմպերով, ունի մեծ հեռանկարներ, աճող ֆինանսներ ու մեծ ներուժ ունեցող ազգային հավաքական, որը համալրված է բարձրակարգ ու պրոֆեսիոնալ խաղացողներով: Այս ու այլ թեմաների շուրջ VNews.am-ը հետաքրքիր մանրամասներ է բացահայտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, կանանց ֆուտբոլի բաժնի նախկին ղեկավար Աննա Թադևոսյանի հետ զրույցի ընթացքում:

Մինչև այդ կարող եք կարդալ Հայաստանում կանանց ֆուտբոլի ստեղծման մասին մեր նախորդ մասը:

Նոր գաղափարի ստեղծում

Երկար ժամանակ Հայաստանում ֆեդերացիա գումար էր վճարում մարզիչներին, որ թիմեր կազմեին:

«Դա արվում էր պարզապես ՈւԵՖԱ-ին ձևական ցույց տալու համար: ՈւԵՖԱ-ի պահանջով ու նրանցից ստացած գրանտով մանր առաջնություններ էին անցկացնում: Ընդ որում՝ ՀՖՖ-ն էր որոշում, թե թիմերից որը պետք է խաղա Ա լիգայում, իսկ մյուսները՝ Բ-ում: Չկար մարզական սկզբունք: Չի եղել նաև տարիքային անջատում: 12 տարեկանները խաղացել են 40-երի հետ»,- զրույցն այսպես սկսեց Թադևոսյանը:

Զուգահեռաբար, 2016 թվականին ստեղծվել է G.O.A.L.S (Girls of Armenia Leadership Soccer) կազմակերպությունը՝ «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում».

«Երբ տարա պետռեգիստրում գրանցելու, զարմացել էին անվան պատճառով: Մտածեցին ինչ-որ աղանդ է»,- ծիծաղելով հիշեց Թադևոսյանը:

G.O.A.L.S.-ին սկզբում օգնել են արտասահմանցիները: Օրինակ՝ Գյումրիում խաղաղության կորպուսի կամավորներ՝ Զաք Թրեյերն ու Վիկտորիա Դոկենը: Նրանք մինչև այդ սկսել են թիմեր բացել Գյումրիում և Սյունիքի Տեղ գյուղում: Առանց ֆեդերացիայի օգնության 2016 թվականին ստեղծել են 8 թիմ, մեկ տարի հետո թիմերի քանակը կրկնապատկվել է: 2017-ին այդ թիմերի հիման վրա ստեղծել են Սյունիքի թիմ, որը մասնակցել է Հայաստանի առաջնությանը, նույնը փորձը կիրառվել է նաև Վայոց Ձորում: Եվ ահա աշխատանքը տվել է իր արդյունքները. 2018-ի դրությամբ 760 աղջիկ արդեն զբաղվում էր ֆուտբոլով: Նրանք բոլորը մարզերից էին:

«Միակ խնդիրն այն էր, որ չգիտեինք աղջիկների հետ ինչ անել, երբ դառնում էին 18 տարեկան: Հայաստանում տեղ չկար գնալու: Մեր թիմերը 12-18 տարեկանների համար էին նախատեսված»:

Առաջին քայլերը կատարելիս կազմակերպությունը գրանդներ է ստացել ԱՄՆ դեսպանատան ու Եվրոպական միությունից, ինչպես նաև խաղաղության կորպուսից և G.O.A.L.S.-ի խորհրդի ամերիկահայ անդամների միջոցներից: Իսկ ՀՖՖ-ից մեկ անգամ գնդակներ են ստացել:

Հիմա G.O.A.L.S.-ը ֆեդերացիայի գործընկերն է, օգնում է կանանց ֆուտբոլի մասսայական զարգացման հարցում: Օրինակ՝ Լոռիում կամ Արագածոտնի մարզում ՀՖՖ-ն բավականաչափ մարդիկ չունի իր ծրագրերն իրագործելու համար, և գումարը տալիս է G.O.A.L.S.-ին, որպեսզի այն զբաղվի այդ հարցով:

Հեղափոխությունը

Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո ֆուտբոլի ֆեդերացիայում փոփոխությունները կատարվեցին ավելի ուշ՝ նոյեմբերին: Նոր ձևավորված ղեկավարություն որոշմամբ ստեղծվեց նաև կանանց բաժին (նախկինում այն միացված էր ֆուտզալին), որի ղեկավար նշանակվեց Աննա Թադևոսյանը: ՀՖՖ-ում նրա առաջին քայլը դարձել է ՈւԵՖԱ-ին զարգացման ծրագիր ներկայացնելը, ինչի շնորհիվ 100 հազար եվրո ֆինանսավորում են ստացել: Այդ գումարը նախկինում էլ ՀՖՖ-ին փոխանցվել է, սակայն հետո ՈւԵՖԱ-ն սկսել է խստացնել գումարի տրամադրման պահանջները. պետք էր զարգացման ծրագիր ներկայացնել և ստանալ հավանություն:

«Ծրագրի ամենակարևոր կետն այն էր, որ տղամարդկանց ակումբներն արտոնագիր ստանալու համար պարտադիր պետք է կանանց թիմ ունենային: Դա 2019-ի նոյեմբերին հայկական ֆուտբոլում «պայթյուն» առաջացրեց: Վստահ եմ՝ դա կանանց ֆուտբոլի զարգացման միակ ճանապարհն է»:

Ծրագրին դրական են վերաբերվել ՀՖՖ դեպարտամենտների այն ժամանակվա ղեկավար Արթուր Ազարյանը և գլխավոր քարուտղար Արմեն Մելիքբեկյանը, որի դուստրը նույնպես ֆուտբոլով է զբաղվում: ՀՖՖ գործկոմն արագորեն հաստատեց օրենքը նման աջակցության պարագայում:

Հիմա Եվրոպայում ընդամենը 3 երկրում է նման կարգ գործում, բայց հետզհետե դա պարտադիր է դառնալու բոլոր ֆուտբոլային ակումբների համար: Նույնիսկ Մադրիդի «Ռեալը», որը 118 տարի կանանց թիմ չէր ունեցել, 2020-ին ստեղծեց այն:

«Ինձ նախատում էին, ասում՝ բեռ ավելացրի: Բայց կանանց ֆուտբոլում ծախսերն այնքան քիչ են, որ ամոթ է: Միայն մարզչին պետք է աշխատավարձ վճարեին: Ակումբները գնդակ չեն առել, ինչ գույք հարկավոր է՝ տալիս ենք, ապահովորում ենք նաև խաղադաշտերով և դահլիճներով: Միայն «Ուրարտուն» մինչև այդ ուներ թիմ»:

Ռազմավարություն 2025

Թադևոսյանը նաև բացահայտեց զարգացման իր մշակած ռազմավարությունը, որը նախատեսված է ավարտին հասցնել 2025-ին:

Հինգ տարվա ծրագիր է նախապատրաստվել, որը վաղուց է պատրաստ.

  • 2025-ին արդեն կունենանք 10 թիմով պրոֆեսիոնալ առաջնություն, փոխվի առաջնության ձևաչափը: Հիմա Բարձրագույն խմբում 14-ից բարձր տարիքայիններն են խաղում, իսկ առաջինում՝ 12-14: Ապրիլից կտրվի մարզային առաջնությունների մեկնարկը, որտեղ կլինեն մինչև 10 տարեկանների, Մ12, Մ14, Մ16 մրցաշարեր և Բարձրագույն խումբ, բացի այդ, կանցկացվեն ֆուտզալի առաջնություններ (այդ մրցաշարերին նախորդ տարի մասնակցում էր 22 թիմ, հիմա արդեն՝ 54):
  • Հայաստանում ֆուտբոլով զբաղվող կանանց ու աղջիկների թիվը հասցնել 3500-ի: Այս պահին այդ թիվը մոտ 1200 է կազմում:
  • Հայաստանի ազգային հավաքականը պետք է վարկանիշային աղյուսակում բարձրանա նվազագույնը 80-րդ տեղ  ( այս պահին 116-րդն ենք):
  • Մ17 կամ Մ19 հավաքականները պետք է առնվազն մեկ անգամ ձեռք բերեն էլիտ-ռաունդին մասնակցելու իրավունք:
  • Կանանց ֆուտբոլի ծավալուն ու պրոֆեսիոնալ լուսաբանում հայկական մեդիա ոլորտում: ՀՖՖ-ում բարձր որակավորում ունեցող մասնագետների համալրում:

Հիմա գրեթե ոչ ոք չի հետաքրքրվում կանանց ֆուտբոլով: Մենք վիդեոներ ենք պատրաստում, տարածում, բայց ԶԼՄ-ները չեն տեղադրում: Իսկ եթե, օրինակ, Նենսի Ավեսյանից սկանդալային նկար տեղադրեի, բոլորը կտարածեին: Նենսին չի ուզում նման իմիջ ունենա: Նա ուզում է իրեն հարգեն, որովհետև լավ ֆուտբոլիստ է

  • Դիսնեյի «Փլեյմեյքեր» ծրագրի օգտագործում ամբողջ ՀՀ տարածքով: Պլանավորվում է 30 այդպիսի կենտրոն բացել, որոնց մեծ մասը կլինի մարզերում:
  • Ավելի զարգացնել համագործակցությունը ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և Առողջապահության նախարարությունների հետ:

«Փոխնախարար Կարեն Գիլոյանն արդեն օգնել է մեզ դպրոցներում ֆուտբոլիստ փնտրելու հարցում:

Ակնկալում ենք աջակցություն ստանալ Տարածքային կառավարման մարմինից մինչև 2024-ը մարզիչներին որպես պետական աշխատողներ գրանցելու հարցում:

Առողջապահության նախարարությունն պետք է օգնի ապահովագրման հարցում: Հիմա նման բան չկա, օրինակ, եթե երեխան ձեռքն է կոտրում և նրան տանում են հիվանդանոց, նրանից գումար չվերցնեն, որովհետև նա ապահովագրված կլինի: Պետք է անենք այնպես, որ ծնողը չվախենա իր երեխայի համար»:

  • Ստեղծել «Տաղանդների խումբ». յուրաքանչյուր մարզում ընտրվելու են ամենատաղանդավոր 10 խաղացողները, որոնք մարզվելու են ազգային հավաքականի մարզումային ծրագրով: Այս ծրագրի մեկնարկը տրվելու է ապրիլին:

«Այդ տաղանդները շաբաթը 2 անգամ են մարզվելու և կրելու են հատուկ, տարբերվող մարզաշապիկներ:Դա մյուս աղջիկներին մոտիվացնելու է ավելի լավը դառնալ, որ այդ լավագույններին միանալ»:

Ազգային հավաքականի ներկան

ՀՖՖ-ն հենց սկզբից ծրագրել է ազգային հավաքականը ստեղծել 2020-ին: Կանանց բաժնի աշխատողներին ժամանակ է հարկավոր եղել կազմ հավաքագրելու համար: Նրանք գնացել են ԱՄՆ, Գերմանիա, կարևոր հանդիպումներ ունեցել: Գաղափարն այն էր, որ հավաքական ստեղծվի տեղացի ու արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների հետ համատեղ: Այս պահին այդպիսի 14 լեգեոներ ունենք, որոնք հայաստանաբնակներից տարբերվում են նրանով, որ ֆուտբոլ սկսել են խաղալ ավելի վաղ տարիքից, ունեն միջազգային փորձ, իսկ տեղացիները սկսում են խաղալ միայն 12-13 տարեկանից: ՀՖՖ-ից որպես օրինակ բերում են Մեքսիկայի փորձը, որը ժամանակին կազմավորված էր միայն ԱՄՆ-ում հանդես եկող կանանցով:

Եվ այսպես 2020-ին ազգային ընտրանին վերակազմավորումից հետո առաջին խաղերն անցկացրեց՝ մրցելով Լիտվայի հավաքականի հետ: Մտահոգություն կար, որ միջազգային կարգի հանդիպումներ անցկացնելու համար դեռ վաղ է, դրա պատճառը Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտի» անհաջող ելույթներն էին, սակայն արդյունքում, մեկ խաղում մեր թիմը պարտվեց 0:1 հաշվով, մյուսում գրանցեց 1:1 հաշիվը: Առաջին հաղթանակը նույնիսկ մոտ էր կայանալուն, եթե հայ մրցավարը հաշվեր մեր թիմի երկրորդ գոլը:

«Շատ եմ վստահում Մանուկ Սարգսյանին, նա ուժեղ վերլուծաբան է: Մանուկն այնպես էր լիտվացիների խաղը վերլուծել, որ մեր աղջիկները գիտեին մրցակցի մասին բացարձակ ամեն ինչ: Անգիր գիտեին, ով որտեղ և երբ է վազելու, ինչ փոխանցում է կատարելու»,-պատմում է Թադևոսյանը գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանի մասին, որին հավաքականում օգնում են Մ19 հավաքականի մարզիչ Լիանա Հայրապետյանը և Մ17 ընտրանու մարզչի օգնական Մարիամ Ստեփանյանը:

Թադևոսյանը նաև առանձնացնում է իսպանական մոդելը ներդնելու գործոնը, որով աշխատում են նաև մեր տղամարդկանց հավաքականները:

Այսքանով լավ լուրերը մեր հավաքականի համար չեն ավարտվում. թիմը համալրել է ԱՄՆ ազգային ընտրանու նախկին թեկնածու Անի Սարգսյանը, կիսապաշտպանի դիրքում է խաղալու Էլիս Վրանկան, որը ներկայացվում է որպես դաշտի կենտրոնը վերահսկող խաղացող, նաև լուրջ համալրում է Սիդնի Վերմիլիոնը:

ՀՖՖ-ն հետևում է նաև անչափ տաղանդավոր մեկ այլ հայի՝ Մարիա Էդվարդսի խաղին, որը «Մանչեսթեր Յունայթեդն» է ներկայացնում, իսկ այժմ վարձակալությամբ է հանդես գալիս «Բլեքբեռնում»: Եթե Մարիա Էդվարդսին չհրավիրեն Անգլիայի հավաքական, նա առաջարկ է ստանալու Հայաստանից:

«Մեր ժամանակ ակումբները քիչ էին, ինչի պատճառով ֆուտբոլիստուհիները վստահ էին՝ անկախ իրենց խաղից կհրավիրվեն հավաքական: Հիմա արդեն վստահ չեմ, որ իմ տեղն ապահոված է թիմում: Մրցակցությունը մեծացել է, ինչին նպաստել են նաև արտասահմանից հրավիրված հայ խաղացողները»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհի Անի Ղուկասյանը:

Ազգային ընտրանու համար այս տարի փորձելու են հնարավորինս շատ ընկերական խաղեր անցկացնել, որպեսզի 2022 թվականին նրանք պատրաստ լինեն աշխարհի առաջնության ընտրական փուլին:

Ֆինանսները կանանց ֆուտբոլում

Մեկ տարում ՈւԵՖԱ-ից ՀՖՖ-ի ստացած գումարը կազմում է 150 հազար եվրո, իսկ ՖԻՖԱ-ից՝ 200 հազար: Այդ գումարը ստանալու համար ֆեդերացիան պետք է որոշակի պահանջներ լրացնի: Բացի այդ, մեկ տարի առաջ կորոնավիրուսի պատճառով ՖԻՖԱ-ն բոլոր ֆեդերացիաներին 500 հազարական եվրո է հատկացրել կանանց ֆուտբոլի զարգացման համար: Այդ գումարից 150 հազարը ՀՖՖ-ն արդեն օգտագործել է մարզերում խաղադաշտեր կառուցելու համար:

«Սուրենավանում խաղադաշտը պատրաստ է: Այնտեղ 4 թիմ կա: Խոտը ցանցեցինք, ջրի բակը լցրեցինք, ցանցեր տեղադրեցինք… հիմա խաղադաշտեր ենք կառուցելու Աչաջուրում, Գանձակում և Խնձորեսկում: Գանձակում նույնիսկ դպրոցի ուսուցիչներն ու տնօրենն են թիմ կազմել: Գյուղում ընդհանուր 4 թիմ ունեն»,-նշում է Թադևոսյանը:

Ստացած գումարը ծախսելու նաև հատուկ ծրագիր ունեն.

«Ապրիլին ծրագրում ենք ազգային հավաքականների միջազգային մրցաշար անցկացնել: Ուզում ենք մրցաշարն ամենամյա դարձնել, որ աշխարհում իմանան. մեզ մոտ ամեն տարվա ապրիլին մրցաշար է կայանում: Լիբանանն ու Հորդանանն արդեն համաձայնություն են տվել: Չորրորդը թիմը կլինի եվրոպական: Մրցաշարի օրերին կլինեն նաև միջոցառումներ և կոնֆերանսներ»:

Թադևոսյանը հույս է հայտնում է, որ 4 տարուց կանանց ֆուտբոլի մակարդակը այնքան կբարձրանա, որ բոլոր ակումբներում ֆուտբոլիստները վարձատրություն կստանան: Այս պահին խաղացողներին որոշակի գումար վճարում են միայն «Ալաշկերտը» ու «Հայասան»:

Որպես ամփոփում կարող ենք նշել, որ կանանց ֆուտբոլի զարգացման համար այստեղ առաջին մեծ քայլը կատարված է, բայց հաջողություններ գրանցելու ու դրանք ամրապնդելու համար, անհրաժեշտ է մեծ նվիրում, համբերատարություն ու տարիների կայուն աշխատանք:

Եթե հեռանամ և իմ տեղը գա մի մարդ, ով կարծում է՝ կանանց ֆուտբոլը գոյության իրավունք ունի, մեր ստեղծած համակարգը թույլ կտա, որպեսզի զարգացումը շարունակվի: Եթե ՀՖՖ-ի ղեկավար դառնա այնպիսի մարդ, ով կանանց ֆուտբոլին լուրջ չի վերաբերվում, ապա այն այլևս չի լինի. Աննա Թադևոսյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: