Սուլշերի անցնցում հեղափոխությունը. Ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» վերածնվում - VNews
Բաժիններ

Սուլշերի անցնցում հեղափոխությունը. Ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» վերածնվում

Ֆերգյուսոնի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո մենք տեսել ենք բոլորովին ուրիշ թիմ՝ նույն մարզաշապիկը կրող, բայց այլ ֆուտբոլ ցուցադրող, այլ նվաճումների հասած, այլ հավակնություններով թիմ. եկան ու գնացին թոփ մարզիչներ, ծախսվեցին հարյուրավոր միլիոններ տրանսֆերների վրա, որոնք չարդարացրեցին սպասելիքները, գրավիչ ու հարձակվողական ֆուտբոլն էլ բացակայում էր… մի խոսքով՝ 2013-ից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» այն թիմը չէ, որին մենք սովոր էինք տեսնել սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ:

2019/2020 մրցաշրջանից սկսած, սակայն, պոստ-Ֆերգյուսոնյան ժամանակաշրջանում առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» կենդանության նշաններ է ցույց տալիս, առաջին անգամ այս թիմը որպես գրանդ վերակառուցվելու իրական հնարավորություն ունի: Այո՛, թիմի ղեկին փորձառու վան Գալը կամ Ժոզե Մոուրինյոն չեն, այլ երիտասարդ, մարզչական կարիերայում առաջին քայլերը կատարող Ուլե Գունար Սուլշերը, իսկ թիմում, կարծես, ճիշտ տղաներ են հայտնվել՝ ակումբի վերակառուցման աշխատանքը հաջողությամբ իրագործելու համար: Վերջին շաբաթների ընթացքում «Յունայթեդի» խաղը դիտելն իսկական հաճույք է. նրանք խաղում են արագ, հարձակվողական ու գոլառատ ֆուտբոլ. Պրեմիեր լիգայում մանկունիանցիները նույնիսկ արդյունավետության ռեկորդ են գրանցել:

Այժմ հասկանանք, թե ինչ հեռանկարներ ունի այս թիմն ու ինչի շնորհիվ արդեն հաջորդ մրցաշրջանից մենք կտեսնենք նոր գրանդ ակումբի՝ հին ու ավանդույթներով հարուստ «Յունայթեդին», որը մեծ հավակնություններ կունենա: Սկսենք թիմի կազմի վերլուծությունից:

Պաշտպանություն. Թիրախային տրանսֆերներ

Դե Խեան ընթացիկ մրցաշրջանում շատ է քննադատությունների արժանանում: Նվազագույնն ամեն 2 շաբաթը գոնե մեկ անգամ «Յունայթեդի» նախկին առաջատարներից մեկը, օրինակ՝ Ռոյ Քինը չի զլանում իր՝ իսպանացուն խեղդելու կամ ծեծելու ցանկությունն արտահայտել: Իսկապես՝ դե Խեան անկայուն է, բայց նա տրամադրության դարպասապահ է. երբ թիմի մոտ անհաջող ժամանակաշրջան է լինում, դե Խեան մանկական սխալներ է թույլ տալիս, բայց երբ նա ինքնավստահ է, դառնում է աշխարհի 3 լավագույն դարպասապահներից մեկը: Հաշվի առնելով նաև, որ դարպասապահները հիմնականում 28-ից հետո են հասունություն ու կայունություն ձեռք բերում, կարելի է ենթադրել, որ լավագույն դե Խեային դեռ կարող ենք տեսնել ապագայում:

«Յունայթեդի»՝ այս մրցաշրջանում զարգացման ու աճի գլխավոր պատճառներից էին ճիշտ տրանսֆերները. պոստ-Ֆերգյուսոնյան շրջանում ՄՅՈւ-ի կատարած 5 լավագույն տրանսֆերներից 3-ը հենց այս մրցաշրջանում էր, որոնցից 2-ը՝ պաշտպանության գծում: Շատերի կարծիքով՝ Աարոն Ուան-Բիսակայի համար վճարված 55 միլիոն եվրոն հերթական վատնված գումարն է Էդ Վուդվարդի կողմից, սակայն Բիսական ապացուցեց, որ դա ամենևին էլ այդպես չէ. 22-ամյա ֆուտբոլիստն իսկական կրակ է աջ եզրում, որ սլանում է թիկունքից առաջ, առջևից էլ՝ ետ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը լուրջ մրցակից ունի Անգլիայի հավաքականում:

Եվ գլխավոր ձեռք բերումը Հարի Մագուայրն էր, որի համար ռեկորդային գումար վճարվեց 88 միլիոն եվրո: Մագուայրը ևս ունենում է վատ օրեր, սակայն, ընդհանուր առմամբ, նա հիմնականում բավական մեծ հաջողությամբ փակում է իր դիրքը, կարդում է մրցակիցների մտքերն ու կանխում դրանցից առաջացող վտանգները, գրեթե միշտ հաղթում է 2-րդ հարկում, և դեռ պետք է հաշվի առնել այն, որ սա նրա առաջին մրցաշրջանն է «Մանչեսթեր Յունայթեդում», այնպես որ՝ Մագուայրի հետ արժե ճանապարհ ընկնել: Ձախ եզրում իրեն վատ չի դրսևորել նաև Լյուկ Շոուն, որը ոչ միայն վստահ է գործում թիկունքում, այլ նաև նրա միացումներն օգտակար են հարձակման գծում:

Միջին օղակ. Պոգբա – Ֆերնանդեշ տանդեմը

Խաղադաշտի կենտրոնն ամենից շատ փոփոխություններն է կրել Սուլշերի թիմում: Ողջ մրցաշրջանի ընթացքում նորվեգացին տարբեր ֆուտբոլիստների է օգտագործել կենտրոնում՝ փորձառու Նեմանյա Մատիչին, Սքոթ Մաքթոմինեյին, որից երկրպագուները դժգոհ չեն, Ֆրեդին, որը լինելով վատագույն տրանսֆերներից մեկն այս ընթացքում, որոշակիորեն կարողացել է գտնել իրեն թիմում, դե իսկ Պոգբան նոր է ապաքինվել վնասվածքից, սակայն արդեն հասցրել է փայլել այս «նոր Յունայթեդում»: Ֆրանսիացու անունը վերջին ամիսներին անդադար կապում էին «Ռեալի» ու «Յուվենտուսի» հետ, բայց նախ կորոնավիրուսը խառնեց այդ ակումբների տրանսֆերային ծրագրերը, և բացի դա՝ այս թարմացված թիմում Պոգբան կարծես վերգտել է իր խաղը, գործում է ավելի նվիրված, քանի որ վերջապես հեռանկարներ ու ապագա է տեսնում այս թիմում ու հենց դա է պատճառը, որ վերջնականապես որոշել է մնալ և նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» մնալու հիմնական «մեղավորներից» Բրունու Ֆերնանդեշն է. պորտուգալացին, գուցե, պոստ-Ֆերգյուսոնյան «Յունայթեդի» լավագույն տրանսֆերն է, նա այս թիմի կերպարանափոխման գլխավոր դրոշակակիրն է, որը փոխեց տրամադրությունը «կարմիր սատանաների» հանդերձարանում, խաղադաշտում փոխում է թիմի խաղի պատկերն ամբողջությամբ ու շատ արագ հասցրել է նվաճել «Օլդ Թրաֆորդը»՝ միայն այս ընթացքում խփելով 7 գոլ ու կատարելով 6 գոլային փոխանցում:

Այն, որ Ֆերնանդեշն այսքան արագ ու հրաշալի կադապտանար «Յունայթեդին», ոչ ոք չէր սպասում: Բրունուն նաև շատ հզոր տակտիկական զենք է Սուլշերի համար. հիմնականում նա խաղում է հարձակվողի թիկունքում, շատ լավ կարողանում է համագործակցել Պոգբայի հետ, ու հարկ եղած դեպքում նահանջում դաշտի կենտրոն՝ Պոգբային թույլ տալով գործել մեծ ազատությամբ, ցույց տալ այն խաղը, որն այդքան ցանկանում է ֆրանսիացին ու այդքան սպասում են ՄՅՈւ-ի երկրպագուները. ստացվում է, որ Բրունուին գնելով «Յունայթեդը» գնել է 2 ֆուտբոլիստի՝ հենց իրեն՝ Բրունուին և Պոգբայի լավագույն տեսակը:

Փակ դռների ետևում. Ովքեր են ֆուտբոլի վերսկսումից հետո լավագույն 10 խաղացողները

Հարձակում. «Քիմիա»՝ Մարսիալի ու Ռեշֆորդի միջև

Էնդի Քոուլ – Դվայթ Յորք, Դևիդ Բեքհեմ – վան Նիստելռոյ, Ուեյն Ռունի – Կրիշտիանու Ռոնալդու, Ուեյն Ռունի – վան Պերսի… ու հիմա, երկար դադարից հետո արդեն «Յունայթեդն» ունի նոր՝ թոփ հարձակվողական զույգ՝ Մարկուս Ռեշֆորդ – Անտոնի Մարսիալ: 2010/11 մրցաշրջանից հետո առաջին անգամ «Յունայթեդի» 2 հարձակվող կարողացել է 20 կամ ավելի գոլ խփել. ամեն անցնող խաղի հետ ակնհայտորեն զգացվում է, թե որքան են այս ֆուտբոլիստներն իրար լավ հասկանում, որքան են զգում միմյանց տեղաշարժը խաղադաշտում:

Ընդ որում՝ 2 ֆուտբոլիստի դիրքերն էլ որոշակիորեն մուտացիայի են ենթարկվել, ինչի շնորհիվ նրանք ոչ թե խանգարում, այլ փոխլրացնում են միմյանց. Ռեշֆորդն արագ եզրայինից ու լավ եզրափակողից բացի նոր որակներ է ձեռք բերել՝ հրաշալի կերպով տեսնում է դաշտն ու փայլուն փոխանցումներով հարվածային դիրք դուրս բերում նույն Մարսիալին, որն էլ, իր հերթին, ձեռք է բերել ռմբարկուական լավ հատկանիշներ, ավելի բարձր արդյունավետությամբ է կարողանում եզրափակել թիմի գրոհներն ու կարող է մեծ հաջողությամբ դառնալ թիմի հիմնական կենտրոնական հարձակվողը: Ռեշֆորդ – Մարսիալ զույգը շատ լավ կարողանում է նաև համագործակցել Պոգբա – Ֆերնանդեշ զույգի հետ. երբ այս 4-ը հայտնվում են տուգանային հրապարակի մատույցներում, մրցակիցների համար դժվար է գուշակել՝ որն է լինելու նրանց հաջորդ գործողությունը:

Պետք է նշել նաև Մեյսոն Գրինվուդին, որն իսկական բացահայտում դարձավ անգլիական ֆուտբոլում. այսպիսի տաղանդներ հայտնվում էին Ֆերգյուսոնի ժամանակներում: 18-ամյա այս ֆուտբոլիստն այս մրցաշրջանում խփել է 18 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում, նա արդեն հասցրել է նաև ցուցադրել իր լավագույն որակները՝ որպես եզրային հարձակվող. բարձր արագություն, լավ տեխնիկա, ու 2 ոտքով ֆանտաստիկ հարվածներ: Բավական լավ համալրում էր նաև Դենիել Ջեյմսի տրանսֆերը, որը թարմություն է հաղորդում հարձակման գծին:

Սուլշերը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» Զիդանը

Այո՜, Ուլե Գունար Սուլշերին չենք կարող համեմատել ժամանակակից ֆուտբոլի մեծագույն ստրատեգների ու մարզչական ոլորտի «գայլերի» հետ, սակայն Սուլշերը ճիշտ մասնագետ է՝ «Յունայթեդը» գլխավորելու համար: Նրա գործոնը կարող է միայն դրական անդրադառնալ «կարմիր սատանաների» վերակառուցման հարցում:

Նորվեգացու նշանակումը բավական նման է «Ռեալի»՝ Զինեդին Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելուն: Սուլշերը հեղինակություն է վայելում երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում, նա կարողացել է հանդերձարանում ներդաշնակություն մտցնել, փորձում է փոխանցել ֆուտբոլիստներին ակումբի՝ Ֆերգյուսոնից որպես ժառանգություն  մնացած արժեքներն ու ավանդույթները, ինչպես նաև շատ լավ կարողանում է օգտագործել թիմի կազմն ու իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներին:

Սուլշերին տակտիկական ավելի լայն լուծումներ գտնելու համար միայն ժամանակ է անհրաժեշտ: Ժամանակ անհրաժեշտ է նաև այս թիմին, որը որքան էլ ուժեղ է՝ նոր է կազմավորվում, ու ժամանակի հետ այս թիմը խաղակցվածության շնորհիվ ավելի ամուր կդառնա:

Ի՞նչ տրանսֆերներ են պետք՝ թոփ 11 ունենալու համար

Այս մեկնարկային կազմով «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել և հաղթել Եվրոպա լիգայում, սակայն ավելի մեծ հավակնությունների համար ավելի լավ կազմ է պետք:

Կարծում ենք, որ հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգան հաղթելու համար պայքարելու և Չեմպիոնների լիգայում հեռուն գնալու համար «Յունայթեդի» այս թիմին 2 կտոր է պակասում, որպեսզի փազլն ամբողջանա. կենտրոնական պաշտպան և եզրային հարձակվող:

Կենտրոնական պաշտպանի դիրքում Հարի Մագուայրին անհրաժեշտ է արժանի խաղընկեր. ո՛չ Էրիկ Բային, ոչ էլ Վիկտոր Լինդելոֆը չեն կարողանա երկար ու ձիգ մրցաշրջանում ցույց տալ անհրաժեշտ խաղամակարդակ և «Յունայթեդի» համար ցանկալի արդյունքներ ապահովել: Շուկայում որակյալ կենտրոնական պաշտպանները շատ չեն, բայց կա մեկը, որը Մագուայրի հետ զույգ կազմելով անանցանելի պատ կշարի դե Խեայի դիմաց. Կալիդու Կուլիբալի: Դեռ նախորդ ամառվանից Վուդվարդն ամեն ինչ անում էր սենեգալցուն գնելու համար, և դա պատահական չէ. վստահաբար կարելի է ասել, որ Կուլիբալին Ա սերիայի լավագույն պաշտպանն է, ֆիզիկապես ամուր այդ հսկան նաև ունի մեծ արագություն, բայց որ ամենակարևորն է՝ գրեթե միշտ ճիշտ դիրք է գրավում և «գրպանում պահում» մրցակցի հարձակվողներին: Կուլիբալիի համար հաստատ չարժե գումար խնայել:

Շատ են խոսում նաև խաղադաշտի կենտրոնում համալրումների անհրաժեշտության մասին, սակայն այս գոտում նոր տրանսֆերը կենսական նշանակություն չունի, եթե հաշվի առնենք, որ Պոգբան չի հեռանալու, Մատիչը գոնե 2 տարի կխաղա նույն մակարդակով, Ֆրեդն ու Մաքթոմինայն էլ կփորձեն հարկ եղած դեպքում փոխարինել հիմնական կիսապաշտպաններին, թեև այս դիրքում Ջեք Գրելիշի կամ Տիագո Ալկանտարայի համալրումը վատ չէր լինի:

Եվ 3-րդ՝ ամենակարևոր տրանսֆերը, որ կարող է անել «Յունայթեդը»՝ հարձակման աջ եզրն է: Գրինվուդը տաղանդավոր է, հեռանկարային է ու արդյունավետ, սակայն 18 տարեկան ֆուտբոլիստին հիմնական կազմում տեղ տալը ռիսկային է, եթե իսկապես ցանկանում ես պայքարել Պրեմիեր լիգան հաղթելու համար: Գրինվուդն ու Ջեյմսը շատ լավ կարող են ուժեղացնել ու արագացնել թիմի խաղը երկրորդ խաղակեսում:

Վուդվարդի երազանքը Ջեյդոն Սանչոն է, որն իսկապես փայլուն տրանսֆեր կլիներ. եվրոպական ֆուտբոլի ամենատաղանդավոր երիտասարդներից մեկը, որն ունի Պրեմիեր լիգայում խաղալու փորձ, 20 տարեկանում ֆանտաստիկ վիճակագրություն` 20 գոլ ու 20 ասիստ, երաշխավորված ներկա ու ապագա, և ինչու ոչ՝ այս տրանսֆերով ՄՅՈւ-ն «կհարվածի» հարևան «Մանչեսթեր Սիթիին», որը տարիներ առաջ ձեռքից բաց է թողել Սանչոյին: Բայց եթե «Յունայթեդը» չկարողանա գնել անգլիացուն, ապա կա պլան Բ. վերջին օրերին շրջանառվում է Ուսման Դեմբելեի տարբերակը. որպես տաղանդավոր ֆուտբոլիստ՝ լավ տարբերակ է, բայց «Բարսելոնայում» էլ այդպես մտածեցին, ու հիմա չգիտեն՝ ինչպես ազատվեն նրանից…

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը 2020/21 մրցաշրջանում, որ կարող է պայքարել Պրեմիեր լիգան հաղթելու համար՝

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԱՊԼ-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի օրացույցը

Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն գոլը ( տեսանյութ)

«Յունայթեդը» այլընտրանք է գտել Սանչոյի համար «Բարսելոնայում»

«Կոպենհագենի» ավագը՝ Սուլշերին. «Շնորհալակություն այն ամենի համար համար, ինչ արել եք «Մանչեսթերի» համար»

«ՄՅՈՒ»-ն հաղթեց միայն լրացուցիչ ժամանակում և «Ինտերի» հետ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «ՄՅՈՒ» – «Կոպենհագեն», «Ինտեր» – «Բայեր». Մեկնարկային կազմեր

«Սա վերջնական որոշում է». Ցորկը խոսել է Սանչոյի ապագայի մասին

Եվրոպա լիգան հետաքրքիր ֆուտբոլային երեկո կապահովի. Ինչ դիտել այսօր

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» դառնում է քիչ հավանական

Աղբյուր․ Հայտնի է՝ «Արսենալը» երբ կհայտարարի Վիլիանի հետ պայմանագիր կնքելու մասին

Գվարդիոլան չկա ԱՊԼ-ի լավագույն մարզիչների հավակնորդների թվում

Պրեմիեր լիգան ներկայացրեց տարվա լավագույն ֆուտբոլիստի 7 թեկնածուներին

«Մանչեսթեր Յունայթեդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

«Ինտերի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմերը

Սանչեսը կրկնել է Մխիթարյանի տրանսֆերի սցենարը