Սուպերաստղի առաջնորդությամբ ստվերային ֆավորիտը․ Ռոմանտիկ Խորվաթիան՝ ԵՎՐՈ-ի հեքիաթին ընդառաջ - VNews
Բաժիններ

Սուպերաստղի առաջնորդությամբ ստվերային ֆավորիտը․ Ռոմանտիկ Խորվաթիան՝ ԵՎՐՈ-ի հեքիաթին ընդառաջ

eurocombat87876 - Սուպերաստղի առաջնորդությամբ ստվերային ֆավորիտը․ Ռոմանտիկ Խորվաթիան՝ ԵՎՐՈ-ի հեքիաթին ընդառաջ

Խորվաթիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ստվերային ֆավորիտներից է։ Նրանք աշխարհի գործող փոխչեմպիոնն են։ Հիմնականում աշխարհի փոխչեմպիոնները ոչ թե ստվերային, այլ հիմնական ֆավորիտներից են լինում, բայց Խորվաթիայի պարագայում այդպես չէ։ Մունդիալ-2018-ի հեքիաթը կրկնելը բարդ է լինելու, բայց Խորվաթիան ունի ուժեղ կազմ, աստղային խաղացողներ, ռոմանտիկ ֆուտբոլ ու ամենակարևորը՝ բնավորություն։

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Խորվաթիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Խորվաթիայի հավաքականը Աշխարհի առաջնությունից հետո խաղային որոշակի անկում ունեցավ։ Դրա վառ ապացույցը Ազգերի լիգայի խաղարկությունում թիմի անհաջող մրցելույթներն էին։ Խմբում նրանց մրցակիցները Իսպանիան և Անգլիան էին։ Մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի ու երկու պարտություն, որոնցից մեկ խոշոր հաշվով՝ 0-6 Իսպանիայից։ Հետմունդիալյան շրջանում հոգնած ու մարած Խորվաթիան 4 խաղում 4 գոլ խփեց, իսկ սեփական դարպասն ընդունեց 10-ը։ Աշխարհի առաջնությունից հետո հավաքականից հեռացան Իվան Ռակիտիչը, Դանիել Սուբաշիչը, Մարիո Մանջուկիչը, Վեդրան Չորլուկան (նա հիմա ավարտել է կարիերան)։ Խորվաթիային պետք էր վերականգնել ուժերը և արդեն պատրաստ լինել ընտրական մրցաշարին, որտեղ նրանց մրցակիցներն էին լինելու Ուելսը, Սլովակիան, Հունգարիան և Ադրբեջանը։ Առաջին հայացքից սա խումբ էր, որտեղ շանս ունեին գրեթե բոլոր հավաքականները։ Եվ իսկապես պայքարը շատ թեժ էր լինելու։

E1GygpZWQAARR6C - Սուպերաստղի առաջնորդությամբ ստվերային ֆավորիտը․ Ռոմանտիկ Խորվաթիան՝ ԵՎՐՈ-ի հեքիաթին ընդառաջ

Խորվաթիան խմբից դուրս եկավ առաջին տեղով։ Նրանք վաստակեցին 17 միավոր։ Նրանց հաջորդեց Ուելսի հավաքականը 14 միավորով։ Սլովակիան ուներ 13 միավոր, իսկ Հունգարիան՝ 12։ Ընտրական խմբի խտությունը հուշում է, թե ինչ պայքար է եղել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու համար։ Հանուն արդարության պետք է արձանագրել, որ Խորվաթիայի հավաքականը ընտրական փուլում չցուցադրեց այն շատ վստահ խաղը, որը սպասում էին Աշխարհի առաջնության հերոսներից։ Այդպիսի մեծ նվաճումից հետո յուրաքանչյուր թիմի մոտ լինում են անկումներ, դրան գումարվեց նաև ուժեղ խումբը։ Բայց անկախ այդ ամենից Խորվաթիան կարողացավ լավագույնը լինել խմբում ու առաջին տեղով դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ. Լովրե Կալինիչ («Հայդուկ»), Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Սիմոն Սլուգա («Լյութոն Թաուն»)

Պաշտպաններ. Դոմագոյ Վիդա («Բեշիքթաշ»), Դեյան Լովրեն («Զենիթ»), Շիմե Վրսալկո («Ատլետիկո»), Բորնա Բարիշիչ («Ռեյնջերս»), Դույե Չալետա-Ցար («Մարսել»), Յովիպ Յուրանովիչ («Լեգիա»), Դոմագոյ Բրադարիչ («Լիլ»), Միլե Սկորիչ («Օսիյեկ»), Յոսկո Գվարդիոլ («Դինամո Զագրեբ»)

Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Մատեո Կովաչիչ («Չելսի»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Միլան Բադել («Ջենոա»), Մարիո Պաշալիչ («Ատալանտա»), Նիկոլա Վլաշիչ (ԲԿՄԱ), Լուկա Իվանուշեց («Դինամո Զագրեբ»)

Հարձակվողներ. Իվան Պերիշիչ («Ինտեր»), Անտե Ռեբիչ («Միլան»), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Յոսիպ Բրեկալո («Վոլֆսբուրգ»), Բրունո Պետկովիչ («Դինամո Զագրեբ»), Միսլավ Օրշիչ («Դինամո Զագրեբ»), Անտե Բուդիմիր («Օսասունա»)

Պահեստայինների ցանկ. Ֆիլիպ Ուրեմովիչ («Ռուբին»), Մարկո Լիվայա («Հայդուկ»), Տոմա Բաշիչ («Բորդո»), Քրիստիյան Լովրիչ («Գորիցա»), Մարին Պոնգրաչիչ («Վոլֆսբուրգ»), Լովրո Մայեր («Դինամո Զագրեբ»), Իվիցա Իվուշիչ («Օսիյեկ»), Նիկոլա Մորո («Դինամո Մոսկվա»)։

E1lEgIvXEAAjSv8 960x540 - Սուպերաստղի առաջնորդությամբ ստվերային ֆավորիտը․ Ռոմանտիկ Խորվաթիան՝ ԵՎՐՈ-ի հեքիաթին ընդառաջ

Խորվաթիայի հավաքականի հայտացուցակում անակնկալներ չկան։ Զլատկո Դալիչը հրավիրել է ուժեղագույններին։ Կան խաղացողներ, որոնց համար սա առաջին խոշոր մրցաշարն է լինելու։ Օրինակ` եթե համեմատենք Մունդիալ-2018-ի հայտացուցակի հետ, ապա այս անգամ ցանկից դուրս են մնացել մի շարք խաղացողներ։ Օրինակ չկա ձախ պաշտպան Իվան Ստրինիչը։ Նրա փոխարեն այդ դիրքը փակելու է երիտասարդ Բորնա Բարիշիչը, որը շատ լավ մրցաշրջան է անցկացրել «Ռեյնջերսի» կազմում ու դարձել է Շոտլանդիայի չեմպիոն։ Պաշտպանության կենտրոնում նոր անուն կա` ի դեմս Դույե Չալետա-Ցարի։ 24-ամյա պաշտպանը «Մարսելում» լավ մրցաշրջան անցկացնելուց հետո հրավեր է ստացել ազգային հավաքական։ Ուշադրություն է պետք դարձնել նաև դարպասապահի դիրքին։ Երկար տարիներ Խորվաթիայի հավաքականի դարպասը վստահվում էր Դանիել Սուբաշիչին։ Հիմա կազմում են խորվաթական թիմերի հիմնական դարպասապահները՝ Կալինիչն ու Լիվակովիչը ու «Լյութոն Թաունի» դարպասապահ Սիմոն Սլուգան։ Կիսապաշտպանությունում ու հարձակման գծում կան խաղացողներ, որոնք վերջապես ստացել են իրենց շանսը մեծ մրցաշարերում փայլելու համար։ Այստեղ կարող ենք առանձնացնել Դոմագոյ Բրադարիչին, Մարիո Պաշալիչին, Նիկոլա Վլաշիչին, Յոսիպ Բրեկալոյին ու Լուկա Իվանուշեցին։ Դալիչը հայտացուցակում տեղ է տվել նաև բազմափորձ խաղացողների, որոնք նախկինում ոչ հաճախ էին հրավիրվում հավաքական։

Մեր ընտրանին

Մարզչական գործոն

Զլատկո Դալիչի մարզչական շտաբը ԵՎՐՈ-ից առաջ լուրջ համալրումներ ունի։ Նրա հետ այս մրցաշարում աշխատելու են ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչն ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին պաշտպան Վեդրան Չորլուկան։ Օլիչը հրաժարվել է գալիք մրցաշրջանից առաջ հանգստանալու հնարավորությունից ու նորից Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում է։ Նա 2017 թվականից աշխատել է Դալիչի հետ հավաքականում։ 2018-ի Մունդիալի բացառիկ նվաճումը ոչ միայն անձամբ Դալիչի, այլ իր ամբողջ մարզչական շտաբի աշխատանքի արդյունքն էր ու դրանում Օլիչը մեծ մասնակցություն ունի։ Վստահաբար կարող ենք ասել, որ Դալիչը անձամբ ցանկացել է, որ Օլիչը լինի իր հետ ԵՎՐՈ-ի ընթացքում։ Դալիչին օգնելու է նաև Չորլուկան, որը նոր է սկսում մարզչական գործունեությունը։

river 1 960x626 - Սուպերաստղի առաջնորդությամբ ստվերային ֆավորիտը․ Ռոմանտիկ Խորվաթիան՝ ԵՎՐՈ-ի հեքիաթին ընդառաջ

Զլատկո Դալիչն իր անխոնջ աշխատանքով վաստակել է հավաքականի ֆուտբոլիստների վստահությունը։ Նրան սիրում ու գնահատում են ամբողջ Խորվաթիայում։ Դալիչը կարողանում է ճիշտ կառավարել հավաքականի հանդերձարանը։ Սա այն թիմը չէ, որտեղ բազմաթիվ աստղեր կան ու հավաքականում այդ բալանսը գտնելը բարդ է։ Բայց Դալիչը կարողանում է ճիշտ թիմային խաղ կառուցել, որում «Ռեալի» ամենաառանցքային խաղացողներից մեկը ներդաշնակ ֆուտբոլ է ցուցադրում կարգով ավելի թույլ առաջնությունում ու թիմում խաղացող ֆուտբոլիստի հետ մեկտեղ։ Սա իրականում բարդագույն խնդիր է, որը Դալիչը գերազանց է կարողանում կատարել։ Հենց այդ թիմային խաղի շնորհիվ Խորվաթիան կարողացավ բնավորությամբ ամուր թիմ դառնալ ու գեղեցիկ խաղով հասնել մինչև Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Նրանց համարում էին այդ մրցաշարի ռոմանտիկ թիմը, քանի որ նրանց խաղն իսկապես նման էր հեքիաթի։ Իսկ ֆուտբոլը ռոմանտիկ էր համարվում, քանի որ երկրպագուները սիրահարվել էին Խորվաթիայի հավաքականին։ Դալիչն էլ այդ հեքիաթի հերոսներից մեկն էր, որը հավատում է իր թիմին նաև հիմա։

Գլխավոր աստղը

Խորվաթիայի հավաքականի գլխավոր աստղը Լուկա Մոդրիչն է, ու բոլորովին կապ չունի, որ նա 35 տարեկան է արդեն։ Մոդրիչը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց «Ռեալում»։ Վնասվածքների այս անվերջանալի քաոսում խորվաթ կիսապաշտպանը ամենաառողջ խաղացողներից էր՝ չնայած իր տարիքին։ Մրցաշրջանի ավարտից հետո նա առաջին խաղացողն էր, որը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ։ Մոդրիչը համաձայնել է աշխատավարձի նվազեցմանն ու պատրաստ է մնալ իր սիրելի թիմում։ Պայմանագրի հարցերը վերջնականապես լուծելուց հետո Խորվաթիայի հավաքականի ավագը ամբողջությամբ կկենտրոնանա տարվա գլխավոր ֆուտբոլային մրցաշարի վրա, որտեղ իրենից շատ բան է կախված։

996444978.jpg.0 960x640 - Սուպերաստղի առաջնորդությամբ ստվերային ֆավորիտը․ Ռոմանտիկ Խորվաթիան՝ ԵՎՐՈ-ի հեքիաթին ընդառաջ

Մոդրիչը հավաքականի ոգին է թե՛ խաղային, թե՛ հոգեբանական առումով։ Նա աշխարհի 2018-ի առաջնության ժամանակ իր թիմի գլխավոր դիրիժորն էր։ Նրանից շատ բան են սպասում նաև հիմա։ Հետմունդիալյան շրջանում Խորվաթիայի հավաքականի խաղային անկումը որոշակիորեն կապված էր նաև Մոդրիչի մարզավիճակով։ Այդպիսի խոշոր մրցաշարից ու «Ռեալում» հագեցած մրցաշրջանից հետո հաջորդ տարին շատ բարդ էր Մոդրիչի համար։ Կա տպավորություն, որ հիմա Լուկան նորից իր լավագույն մարզավիճակով է մոտենում իր երկրի համար այդքան կարևոր մրցաշարին։ Խորվաթիայի հավաքականը անչափ կարևոր է Մոդրիչի համար։ Նրանից երիտասարդ Իվան Ռակիտիչը որոշեց ավարտել կարիերան հավաքականում Մունդիալից հետո, նույնն արեց Մարիո Մանջուկիչը։ Դա կարող էր անել նաև Մոդրիչը՝ հեռանալով ամենաբարձր նոտայի վրա։ Սակայն նա վստահ է, որ ավելին կարող է տալ իր թիմին ու դրա համար էլ մինչև հիմա հավաքականում է ու առաջնորդելու է թիմին Եվրոպայի առաջնությանը։

Մրցակիցներ/շանսեր

Խորվաթիայի հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ-2020-ում Անգլիայի, Շոտլանդիայի և Չեխիայի հավաքականներն են։ Խմբի ֆավորիտն, իհարկե, Անգլիան է լինելու։ Խմբային փուլը Խորվաթիան սկսելու աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի կրկնությամբ։ «Ուեմբլիում» նրանք հանդիպելու են Անգլիայի հավաքականին։ Ավելի բարդ խաղացանկ պատկերացնել հնարավոր չէր։ Հաջորդ հանդիպումը խորվաթներն անցկացնելու են Գլազգոյում՝ մրցելով Չեխիայի հավաքականի հետ։ Խմբի վերջին տուրում Խորվաթիան մրցելու է Շոտլանդիայի հետ ու նորից հանդիպումը Գլազգոյում է։ Այսինքն՝ Դալիչի թիմը երկու հանդիպում է անցկացնելու մրցակցի հարկի տակ։ Սա հավելյալ առավելություն է մրցակցի համար։ Խորվաթիան ընդունող երկրների դեմ վատ չի խաղում։ Հիշենք, թե ինչպես նրանք պայքարից դուրս թողեցին Ռուսաստանի հավաքականին։

E1R3HfVXIAEKPZG 960x540 - Սուպերաստղի առաջնորդությամբ ստվերային ֆավորիտը․ Ռոմանտիկ Խորվաթիան՝ ԵՎՐՈ-ի հեքիաթին ընդառաջ

Խորվաթիայի հավաքականը տհաճ մրցակից է ցանկացած թիմի համար։ Նրանք կարող են անհարմարություն պատճառել յուրաքանչյուր հավաքականի։ Հարձակվողական ֆուտբոլ խաղացող Խորվաթիան ԵՎՐՈ-ում կարող է շատ երկար գնալ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի խաղ ու ինչպիսի բնավորություն կցուցադրեն խորվաթները Եվրոպայի առաջնության ընթացքում։ Խմբից դուրս գալու շանսերը մեծ են։ Համենայն դեպս, Անգլիայի հետ նրանք ևս խմբի ֆավորիտն են։ Մունդիալ-2018-ում շատերի կարծիքով՝ Խորվաթիային օգնեց նաև մրցաշարային ցանցը, որտեղ նրանք հանդիպեցին Դանիային ու Ռուսաստանին և նոր միայն Անգլիային։ Այսպիսի խոշոր մրցաշարերում հավաքականներին կարող է օգնել նաև հեշտ վիճակահանությունը։ Սակայն Խորվաթիան հաստատ դրան չի նայելու ու խաղալու է իր ֆուտբոլը ցանկացած թիմի դեմ խաղում։

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

4-3-3։ Լիվակովիչ, Վրսալկո, Վիդա, Չալերա-Ցար, Բարիշիչ, Բրոզովիչ, Մոդրիչ, Կովաչիչ, Պերիշիչ, Վլաշիչ, Ռեբիչ։

Դալիչը մարտավարական առումով ԵՎՐՈ-ում, դժվար թե, փոփոխություններ կատարի։ Նա կխաղա 4-3-3 մարտավարությամբ։ Պաշտպանության կենտրոնում Լովրեն-Վիդա զույգին հավանաբար կփոխարինի Ցար-Վիդա զույգը։ Չալերա-Ցարը լավ մրցաշրջան է անցկացրել «Մարսելում» ու հավանաբար հենց նա կխաղա կենտրոնում։ Վրսալկոյի ու Բարիշիչի հարցում, կարծես թե, ամեն ինչ ակնհայտ է։ Թեպետ Շիմեն «Ատլետիկոյում» այդքան էլ հաճախ չէր խաղում։ Կիսապաշտպանությունում ավելի լավ ընտրության հնարավորություն չկա։ Հարձակման գծում տարբերակները շատ են, Դալիչը կարող է այլ ընտրություն կատարել ու հանդիպման ընթացքում ցանկության դեպքում ուժեղացնել հարձակման գիծը։

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Ալաբան՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Նիդեռլանդներ – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր

ԵՎՐՈ 2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)

«Քրիս, սիրում եմ քեզ». ինչ արեց Լուկակուն՝ Ռուսաստանին գոլ խփելուց հետո (տեսանյութ)