«Արտադրված է Գանայում». ինչպես են աֆրիկյան երկրում ֆուտբոլիստներ կրթում - VNews
Բաժիններ

«Արտադրված է Գանայում». ինչպես են աֆրիկյան երկրում ֆուտբոլիստներ կրթում

8D8A4111 960x640 1 - «Արտադրված է Գանայում». ինչպես են աֆրիկյան երկրում ֆուտբոլիստներ կրթում

Յուրաքանչյուր տարի մոտ 600 ֆուտբոլիստ հեռանում է Աֆրիկայից: Նրանց մեծամասնությունը պատանիներ ու երիտասարդներ են: Աֆրիկայում ամենաշատը տաղանդներ բացահայտում են Գանայում:

Այդ երկրի ազգային հավաքականն աշխարհամասում երրորդ թիմն էր, որ հասավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ (2010), իսկ նրա պատանեկան թիմերը հաճախ բարձր տեղեր են գրավում միջազգային մրցաշարերում:

VNews.am-ը սկսում է շարք, որում ներկայացնելու է տարբեր երկրներում և աշխարհամասերում ֆուտբոլիստներ պատրաստելու համակարգերը: Սկսում ենք Գանայից:

Ֆուտբոլը՝ լավագույն կյանքի միջոց

Գանայում մարդիկ մեկ օրվա ապրուստը ապահովելու համար միջինում ծախսում են 1 դոլարից քիչ: Այդպիսի աղքատությունից դուրս գալու առաջին միջոցը ֆուտբոլն է: Երեխաները ֆուտբոլի ակադեմիաներ են գնում հույսով, որ ինչ-որ կերպ կկարողանան իրենց դրսևորել և հրավեր ստանալ այլ երկրներից: Նրանք եվրոպական կամ ամերիկյան երկրներում նույնիսկ ցածր աշխատավարձերի են համաձայնում, որովհետև նույնիսկ մի քանի հարյուր դոլար Աֆրիկա ուղարկելու դեպքում շատ կօգնեն իրենց ընտանիքներին:

Ակադեմիաների տարափ

Վերջին տասնամյակում միջազգային ասպարեզում Գանայի հաջողություններն անմիջական կապ են ունեցել նոր ակադեմիաների ստեղծման հետ: Միայն մայրաքաղաք Աքրայում, որտեղ շուրջ 3 մլն մարդ է բնակվում, մոտ 500 ակադեմիա կա, որոնցից շատերը արտոնագիր չունեն: Բայց պատանիների համար դա խոչընդոտ չէ, որովհետև նրանք հույս ունեն ինչ-որ կերպ աչքի ընկնել ֆուտբոլային աշխարհում:

Խոշոր ակադեմիաներում ընդհանրապես ընդունելության համար հսկայական հերթ է: Նրանցից յուրաքանչյուրում մարզիչները տարեկան 25-30 հազար տղաների և աղջիկներին են փորձարկում: Ընդ որում՝ նրանց մոտ փորձում են ընդունվել ոչ միայն Գանայից, այլ նաև Արևմտյան Աֆրիկայի մյուս երկրներից: Գանայի ակադեմիաների սաների 20 տոկոսը այլ երկրներից են:

Երեխաներից շատերը չեն կարողանում անձամբ գնալ Աքրա, այդ պատճառով ստեղծվել է հատուկ ծրագիր, որի շրջանակում մարզիչներն անձամբ են մեկնում հեռավոր քաղաքներ ու գյուղեր ֆուտբոլիստների խաղերը դիտելու համար: Հաճախ նրանց փրկում է Google Maps-ը, այլապես խաղադաշտերը գտնելը անչափ բարդ կլինի:

Right to Dream

Գանայի ամենահայտնի ակադեմիաներից է «Right to Dream»-ը («Երազանքի իրավունք»): Այն 1999 թվականին ստեղծել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին սկաուտ Թոմ Վերնոնը, որն այդ ժամանակ 19 տարեկան է եղել:

Վերնոնը սկզբում ֆուտբոլային թիմ է հիմնել փոշոտ խաղադաշտում, բայց նրան ավելի շատ զարմացրել են ոչ թե վատ պայմանները, այլ երեխաների տգիտությունը: Նույնիսկ «Դրոգբայի սերնդի» ֆուտբոլիստներից շատերը, որոնք հայտնվել են եվրոպական թոփ լիգաներում, կրթված չեն եղել, ուստի զարմանալի չէ, որ Գանայում նույն վիճակն է եղել: Այդ պատճառով Վերնոնը որոշել է «Right to Dream Academy»-ում շեշտը դնել կրթության վրա: Նրա կարգախոսն է. «կրթել մարդկանց, այլ ոչ թե ֆուտբոլիստների»:

Սկսելով քիչ թվով երեխաներին մարզելուց՝ ի վերջո նրա նախագիծը վերածվել է մի քանի մլն դոլար արժողությամբ ակադեմիայի, որտեղ երեխաները հնարավորություն են ստանում ֆուտբոլ պարապել, իսկ ընդունակ երիտասարդները նույնիսկ կարող են շանս ստանալ ուսումը շարունակել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հեղինակավոր դպրոցներում: Վերջին 15 տարում «Երազանքի իրավունքի» սաները 40 մլն դոլարի կրթաթոշակ են ստացել:

Մեր ընտրանին

Վերնոնը ցանկանում է, որ իր ակադեմիայի սաները նույնիսկ ֆուտբոլիստ չդառնալու դեպքում հաջող կյանք ստեղծելու հնարավորություն ունենան:

«Անկախ նրանից՝ որտեղ եք և ինչ եք անում, արժանի եք պայքարել նրա համար, ինչին հավատում եք». Ակադեմիայի կարգախոսներից մեկը:

2016 թվականին «Right to Dream» միացավ «Նորշելանին»: Թոմ Վերնոնը այլ ներդրողների հետ միասին ձեռք բերեց դանիական ակումբը, որպեսզի ստեղծի բացառապես սեփական սաներով ակումբ: Այդ յուրահատուկ համագործակցության շնորհիվ Գանայում գտնվող ակադեմիան ֆուտբոլիստներ է տրամադրում դանիական ակումբին: Բացի այդ, Գանայից Դանիա են տեղափոխվում նաև այլ աշխատողներ՝ մարզիչներ, բժիշկներ և մենեջերներ:

«Right to Dream»-ը սեփական միջոցներով և այլ ներդրումների օգնությամբ յուրաքանչյուր տարի մեկնում է Եվրոպա, որտեղ մասնակցում է խոշոր մրցաշարերի և մրցում «հին աշխարհամասի» ուժեղագույն ակադեմիաների թիմերի հետ: Մասնավորապես 2015 թվականին 15-ամյա գանացիները Եվրոպայում անցկացրել են 47 հանդիպում, որոնցից 45-ում հաղթել են: «Երազանքի իրավունքը» նաև ամեն տարի մասնակցում է Gothia Cup-ին, որը պատանիների ակումբային աշխարհի առաջնության կարգավիճակ ունի: Մրցաշարի մասնակից թիմերի քանակը նույնիսկ հասնում է 1700-ի: Գանացի 17-ամյա ֆուտբոլիստներն այդ մրցաշարում վերջին 10 տարում երկու անգամ անընդմեջ դարձել են չեմպիոն, այնուհետև կրկնել այդ հաջողությունը: Նման նվաճում նախկինում երբեք որևէ ակադեմիայի չէր հաջողվել:

download 3 - «Արտադրված է Գանայում». ինչպես են աֆրիկյան երկրում ֆուտբոլիստներ կրթում

Ակադեմիայի սաներից մեկ-երկուսը գրեթե ամեն տարի հայտնվում են «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում: «Right to Dream»-ի սաները Դանիայից և Անգլիայից բացի մեծ պահանջարկ ունեն նաև Շվեդիայում,  Նորվեգիայում և ԱՄՆ-ում: Բացի այդ, ակադեմիայի շնորհիվ լավ կրթություն ստացած, բայց ֆուտբոլիստ չդարձած աֆրիկացիները ԱՄՆ-ում դառնում են մարզիչներ, ակումբներում այլ աշխատանքների են անցնում և նույնիսկ կինոաշխարհի ներկայացուցիչներ դառնում: Իսկ ահա Ալբերտ Կուման ավելի հեռուն է գնացել և նշանակվել է ԱՄՆ-ի կարի խոշորագույն ֆաբրիկայի գլխավոր մենեջերը:

Պատահական չէ, որ «Right to Dream»-ի շնորհիվ այդքան մարդկանց օգնած Վերնոնը 2016 թվականին ճանաչվեց սպորտում մինչև 40 տարեկան ամենաազդեցիկ մարդը:

Բրիտանական հետք. «Տետեի սաները» և հոլանդացիների նախագիծը

Գանացի նախկին ֆուտբոլիստ Իբրահիմ Տետեն 1990-ականներին խաղացել և մարզիչ է դարձել ԱՄՆ-ում, սակայն հետո որոշել է վերադառնալ Գանա ու ակադեմիա հիմնել: Տետեն այն կոչել է Liberty Professionals, որի սաներն են եղել և հետո համաշխարհային աստղեր դարձել՝ Մաքյլ Էսիենը («Չելսի», «Ռեալ», «Միլան»), Սալի Մունտարին («Ինտեր») և Ասամոա Գյանը (Գանայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու):

Մինչև կյանքից հեռանալը, Տետեն հասցրել է ընդլայնել իր ակադեմիան. այժմ այդպիսի մարզադպրոցներ կան Տոգոյում, Քենիայում և Բենինում:

Քանի որ Գանան նախկինում եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը, այդ երկրում մեծ է անգլիական հետքը: 30 մլն բնակչություն ունեցող երկրում խոսում են անգլերեն, իսկ Մեծ Բրիտանիայում հետաքրքրությունը փոքր չէ աֆրիկյան այդ երկրի նկատմամբ: Այդպես, Cantoments Football Academy-ն հովանավորում է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Էմանուել Էբուեն, որը ֆինանսական աջակցություն է ստանում բրիտանացիներից:

Գանայում մեծ հեղինակություն ունի նաև «Արևմտյան Աֆրիկայի ակադեմիան», որը մի քանի տարի առաջ ձեռք բերեց «Ֆեյենորդը»: Հոլանդացիներն այդպես հնարավորություն ստացան ակադեմիայի լավագույն սաներին հրավիրել Ռոտերդամ, այնուհետև խաղաժամանակ տալ գլխավոր կամ երիտասարդական թիմերում:

Հոլանդացիները վաղուց են հասկացել գանացի տաղանդների ներուժը և նրանց մյուս ակումբները՝ «Այաքսը» և «Ուտրեխտը», նույնպես համագործակցում են տարբեր ակադեմիաների հետ:

Տաղանդներ փնտրելու և գտնելու գործում համաշխարհային ֆուտբոլի առաջատարներից մեկը՝ «Ռեդ Բուլը» նույնիսկ սեփական ակումբ է հիմնել աֆրիկյան երկրում, որը կոչվում է «Ռեդ Բուլ Գանա»: Այդ թիմի լավագույն սաները հնարավորություն են ստանում իրենց դրսևորել «Ռեդ Բուլ Զալցբուրգում» կամ «ՌԲ Լայպցիգում»:

Նախկին ֆուտբոլիստ Ժան-Մարկ Գյուն նույնպես սեփական ակադեմիա է հիմնել Գանայում: JMG Football Academy-ում ֆրանսիացին ստեղծել է մարզումային և կրթական հստակ ծրագիր, որին հետևում են նաև նրա ակադեմիայի մյուս մարզադպրոցները՝ Մադագասկարում, Մալիում, Եգիպտոսում, Ալժիրում և նույնիսկ Բելգիայում:

Bi 0fz0CcAAwI0b e1626791010270 - «Արտադրված է Գանայում». ինչպես են աֆրիկյան երկրում ֆուտբոլիստներ կրթում

Ֆուտբոլիստի կերտումը՝ ազգային շոու

Գանայում ֆուտբոլիստ դառնալու ձգտումը նաև շոուի են վերածել: Optimum Media Prime (OMP) մեդիաընկերությունում հասկացել են ֆուտբոլիստ դառնալու պրոցեսի գրավչությունը և այն ռեալիթի-շոու են դարձրել հեռուստատեսությունում: MTN Soccer Academy շոուի ժամանակ լավագույն սան ճանաչված ֆուտբոլիստին տալիս են մրցանակ՝ ավտոմեքենա, ինչպես նաև մեկ տարվա պրոֆեսիոնալ պայմանագիր Գանայի ակումբներից մեկի հետ:

Շոուի հաղթողին նաև 2 շաբաթով փորձաշրջանի են ուղարկում եվրոպական որևէ սուպերակումբ: Այդպես Գիդեոն Բան, որը հաղթող էր դարձել առաջին եթերաշրջանում, հնարավորություն էր ստացել մարզվել «Չելսիի» աստղերի հետ միասին:

Կարճ ժամանակում տաղանդներ փնտրելու շոուն մեծ ճանաչում ստացավ Աֆրիկայում և շարունակություն ունեցավ Նիգերիայում:

Գանացիները՝ Հայաստանում

Հայաստանում գանացիները նույնպես մեծ պահանջարկ ունեն: Տարբեր ժամանակներում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղացել է 17 գանացի, որոնցից հատկապես հաջողությունների են հասել Անան Մենսան, Էդվարդ Կպոդոն, Կուասի Սիբոն, Նանա Անտվին, այժմ «Նոայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է Ռայմոնդ Ջյասին:

Նախորդ մրցաշրջանում Առաջին խումբը ներկայացնող «Նորավանքը» միանգամից 6 գանացի ֆուտբոլիստի հրավիրեց, որից հետո թիմի արդյունքները կտրուկ բարելավեցին և ակումբը մտավ լավագույն եռյակ, իսկ հաջորդ մրցաշրջանից կխաղա VBET Պրեմիեր լիգայում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Խելահեղ արդյունավետություն Հայաստանում. որքան և ինչպիսի գոլեր են գրանցվել VBET Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում

Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ

«Արարատը» չխնայեց «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Սևանը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանն ստացավ 2020-21 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը (ֆոտո)

Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Գործող չեմպիոնը ձախողվեց, «Արարատ-Արմենիան» հիանալի մեկնարկեց․ VNews-ի ֆոտոշարքը

«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» ջախջախեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանն ու Յուսուֆ Օտուբանջոն ստացել են իրենց մրցանակները (ֆոտո)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Արարատից»

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, Գևորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)