Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով - Page 2 of 3 - VNews
Բաժիններ

Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Տարվա լեգեոներ՝ Մորի Կոնե

Չնայած մեր ակումբներում վերջին տարիներին մեծացել է որակյալ լեգեոներների քանակը, այս անվանակարգում Կոնեի հաղթանակը կասկած չի հարուցում: «Շիրակի» հարձակվողը նախորդ առաջնությունում 28 մրցավեճում խփած 23 գոլով ճանաչվեց լավագույն ռմբարկու, ինչն ամենաբարձր արդյունավետությունն է Հայաստանի վերջին 13 առաջնություններում: Իվուարցին կարևոր գոլերի հեղինակ դարձավ, օգնեց իր թիմին հաղթանակներ տոնել, ինչի շնորհիվ գյումրեցիները գրեթե մինչև վերջին պահը պայքարում էին չեմպիոնական տիտղոսի համար:

Կոնեն, ինչպես և իր բազմաթիվ այլ թիմակիցներ, նոր մրցաշրջանը սկսեց «Արարատում»: Թեև սկզբնական հատվածում կային որոշակի խնդիրներ, ինչի մասին արտահայտվել էր նաև Վարդան Բիչախչյանը, հիմա հարձակվողը լիովին հարմարվել է երևանյան թիմին: Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում արդեն 7 գոլ է խփել ու 3 արդյունավետ փոխանցում կատարել: «Արարատի» հարձակման գծում ձևավորվում է շատ հետաքրքիր և արդյունավետ դուետ՝ Կոնե – Ուրոշ Նենադովիչ: Դա խոստանում է իրական սպառնալիք դառնալ մրցակիցների համար:

Ֆուտբոլում 2020-ի ամենահիշարժան մտքերը

Տարվա անակնկալ՝ Վարդան Բիչախչյան

Գյումրեցի մասնագետը շուրջ 10 տարի «Շիրակում» հաջողությամբ աշխատելուց հետո որոշեց փորձել ուժերն այլ ակումբում: Դա, իհարկե, անսպասելի էր, բայց նաև հետաքրքիր թե՛ Բիչախչյանի, թե՛ հայկական ֆուտբոլին հետևողների համար: Գյումրին ներկայացնող թիմը հենց նրա օրոք է առաջին անգամ դարձել Հայաստանի գավաթակիր (2012), իսկ 2012/13թթ․ առաջնությունում 14 տարվա ընդմիջումից հետո հռչակվել Հայաստանի չեմպիոն: «Շիրակն» այդ հատվածում ևս մեկ անգամ է դարձել գավաթակիր, 2 անգամ նվաճել սուպերգավաթը, ևս 4 անգամ տեղ զբաղեցրել մրցանակային եռյակում: «Շիրակը» միշտ եղել է ամուր կոլեկտիվ, անկախ կազմից ամեն տարի պայքարել բարձր տեղերի համար:

Ընթացիկ առաջնության աշնանային հատվածում «Արարատում» հանդես եկած 21 ֆուտբոլիստներից 10-ն այն խաղացողներն էին, որոնք նախորդ մրցաշրջանում ելույթ էին ունեցել «Շիրակում»: Բացի այդ, Բիչախչյանի հետ «Արարատում» են աշխատում «Շիրակի» նախորդ մարզչական շտաբի մի քանի անդամներ: Հիմա երևանյան թիմն առաջնության առաջատարներից է: Հաշվի առնելով առաջնության մի փոքր խաթարված ընթացքը՝ դժվար է ասել՝ ինչ կլինի հետագայում, բայց միանշանակ է, որ «Արարատը» ֆուտբոլիստների ընտրությամբ և ցուցադրած խաղով չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկն է:

Տարվա թիմային հրաժեշտ՝ «Գանձասար-Կապան»

Ցավոք, այս տարի էլ չհաջողվեց առաջնությունն ավարտել 10 թիմով, քանի որ «Գանձասար-Կապանը» նոյեմբերին հայտարարեց ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում և VBET Հայաստանի գավաթում դադարեցնելու մասին: Ակումբի անձնակազմը թիմի հովանավոր «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատին» բաց նամակով խնդրել էր թիմի ֆինանսավորումն ուղղել բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին: Կապանյան թիմը դրանից օրեր առաջ 1-3 հաշվով պարտվել էր «Վանին»՝ մեծ դժգոհություններ ունենալով մրցավարությունից:

Սյունիքի մարզը ներկայացնող թիմի վերջին հաջողություններն էին 2017 թվականին Հայաստանի փոխչեմպիոն դառնալը, իսկ հաջորդ տարի Հայաստանի գավաթակիր հռչակվելը: Չնայած նախորդ և այս տարվա առաջնություններում մրցաշարային առումով կային խնդիրներ, Արմեն Պետրոսյանի թիմը լուրջ խնդիրներ էր ստեղծում բոլոր մրցակիցների համար, ուներ ուրույն խաղաոճ: Այն բացառիկ թիմերից էր, որ համարյա ամբողջապես ձևավորված էր հայ ֆուտբոլիստներից: Ցավալի է, որ վերջին տարիներին տնային խաղերն անցկացնում էր ոչ թե Կապանում, այլ Երևանում: VBET Հայաստանի Պրեմիեր լիգան զրկվեց իր գուցե ամենակոլորիտային թիմից:

«Կորոնատարվա ամփոփում». Համաշխարհային սպորտի եղած/չեղածը 2020 թվականին

Տարվա նպատակասլացություն՝ Գևորգ Կասպարով

Այո՛, նպատակասլացություն է դրսևորել հայկական ակումբային ֆուտբոլի գործող գլխավոր վետերանը՝ Գևորգ Կասպարովը: Նա նախապես հայտարարել էր, որ 2019/20թթ․ մրցաշրջանն իր համար վերջինն է լինելու, բայց ևս մեկ ռեկորդի հասնելու ձգտումը ստիպեց էլ ավելի երկարաձգել կարիերան: Կասպարովը, որը ռեկորդային՝ 22-րդ մրցաշրջանն է անցկացնում Բարձրագույն խմբում, «Ուրարտուի» դեմ նոյեմբերի 22-ին կայացած խաղում «Շիրակի» դարպասը պաշտպանել էր 40 տարեկան 120 օրականում՝ դառնալով մեր առաջնությունում երբևէ հանդես եկած ամենատարեց դարպասապահը:

Արդեն հայտնի է, որ դարպասապահական բազմաթիվ ռեկորդների հեղինակ Կասպարովը հեռացել է «Շիրակից»: Առայժմ տեղեկություն չկա՝ կշարունակի՞ կարիերան, թե՞ ոչ: Նրա դեպքում ոչինչ չի բացառվում: Կասպարովը Հայաստանի քառակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր ու եռակի սուպերգավաթակիր: Բայց ամենակարևորն այն է, որ պրոֆեսիոնալ մոտեցման օրինակ է երիտասարդների համար: Նմանատիպ մի բան էլ եղավ նախորդ տարի, երբ Կասպարովը 39 տարեկան հասակում հրավեր ստացավ ազգային հավաքականից։ Նա, հնարավոր է, նոր անակնկալ է նախապատրաստել 2021-ի համար:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Գեղամ Ղադիմյանը՝ «Կայսարի» ֆուտբոլիստ

Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

Խոակին Կապառոսը Վիսենտե դել Բոսկեի ու Դիեգո Ֆոռլանի հետ միջազգային համաժողովի կմասնակցի

«Ալաշկերտը» 5 նորեկ ունի

Սպերցյան. «Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում»

Տիգրան Բարսեղյան. «Երկրպագուները կսիրեն նրան»

«Ամերիկյան նվերներից մինչև բարձրակարգ մարզահագուստ». Հայաստանի հավաքականի շապիկների պատմությունը

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Վարազդատ Հարոյանը՝ «Աստանայի» ֆուտբոլիստ

Կատարե՞լ է Մովսիսյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Շատ առաջարկներ ստացած Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մարզվում է ղազախական թիմում (լուսնակար)

Ինչ փուլում է Հարոյանի տրանսֆերը «Աստանա». պարզաբանում է ակումբի մամուլի քարտուղարը

Հավաքականում նորամուտի թանկ գինը․ Ինչպես «կյանքի խաղը» վերափոխեց հայ դարպասապահի կարիերան

«Աստանան» հաստատել է, որ հետաքրքրված է Հարոյանի ծառայություններով