fbpx

Տաթև Աբրահամյանը՝ ԱՄՆ-ի առաջնության բրոնզե մրցանակակիր

Սենթ Լուիսում կայացած շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում հաջող ելույթ ունեցավ Տաթև Աբրահամյանը: 11 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, Տաթևը դարձավ բրոնզե մրցանակակիր՝ արծաթե մեդալը Աննա Զատոնսկիխին զիջելով միայն լրացուցիչ գործակիցներով: Տաթևն ու Աննան ստացան 15500-ական դոլար: Իսկ ԱՄՆ-ի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ու 25 հազար դոլար դրամական պարգևի արժանացավ Ջենիֆեր Յուն:

Տաթև Աբրահամյանը տոնեց 5 հաղթանակ, նույնքան պարտիա ավարտեց ոչ-ոքի ու կրեց մեկ պարտություն: Մեգի Ֆենգին նա պարտվեց հենց մեկնարկային տուրում, իսկ Ջենիֆեր Յուի և Աննա Զատոնսկիխի հետ մրցախաղերում Տաթևը հաշտություն կնքեց:

Զուգահեռաբար անցկացված շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում Սամուել Սևյանը 11 հնարավորից վաստակած 6 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը՝ պարգևատրվելով 17500 դոլարով: Վարուժան Հակոբյանը 4 միավորով հանգրվանեց 10-րդ հորիզոնականում ու ստացավ 6 հազար դոլար: Իսկ չեմպիոն հռչակվեց Հիկարու Նակամուրան՝ վաստակելով 8 միավոր և որպես պարգև ստանալով 50 հազար դոլար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: