Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում - VNews
Բաժիններ

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Susanna Gaboyan - Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

2021 թվականի շախմատի չեմպիոն դարձավ Սուսաննա Գաբոյանը: Դա նրա երկրորդ տիտղոսն էր: Առաջին անգամ նա չեմպիոն էր դարձել 18 տարեկանում: VNews.am-ը զրուցել է 24-ամյա շախմատիստուհու հետ, որը մեզ պատմեց, թե ինչու է սկսել զբաղվել ամենախելացի մարզաձևով, ինչպես են նրան վերաբերվում, երբ իմանում են՝ շախմատիտսուհի է, Լևոն Արոնյանի որոշման և The Queen’s Gambit սերիալի մասին:

6 տարվա դադարից հետո չեմպիոն դարձաք: Ինչո՞ւ այդքան մեծ ընդմիջում պահանջվեց:

Իրականում այդ ընթացքում էլ վատ չէի խաղում: Երկու անգամ երկրորդ տեղն եմ գրավել, մեկ անգամ՝ երրորդ: Շատ վատ խաղացի միայն չեմպիոնության հաջորդ տարին, որը միակն էր այս ընթացքում, երբ եռյակում չհայտնվեցի: Հավանաբար թուլացրել էի սեփական խաղի նկատմամբ պահանջը:

Այդքան կայուն լավ խաղի դեպքում ինչո՞ւ չէր հաջողվում չեմպիոն դառնալ:

Այս տարի էլ կարող էր չստացվել: Նախորդ առաջնությանն ավելի լավ էի խաղացել, պարտություն չէի կրել, բայց 7,5 միավորով երկրորդ տեղն էի գրավել: Այս տարի 6,5-ով չեմպիոն դարձա: Այս անգամ, հավանաբար, հոգեբանորեն ավելի լավ էի պատրաստ, ճիշտ էի տրամադրված: Շատ կարևոր է ամբողջ մրցաշարի ընթացքում դիմանալ ճնշմանը: Ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում, ուստի շատ բան կախված է նաև քո մրցակիցներից:

Երրորդ անգամ եք Հայաստանի հավաքականի անդամ դառնում…

Այո, առաջինը չեմպիոնության ժամանակ էր, մյուսը նախորդ տարի, երբ երկրորդ տեղն էի գրավել: Հավաքականի համար երկու թափուր տեղ կար, մեկը տրվում է չեմպիոնին, իսկ մյուսը ֆեդերացիան է ընտրում: Քանի որ լավ էի հանդես եկել, 7,5 միավոր վաստակել, ինձ ընտրեցին:

Susanna Gaboyan 7 960x1074 - Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Ինչո՞ւ եք սկսել շախմատով զբաղվել, որո՞նք են եղել առաջին քայլերը:

Երբ փոքր էի, եղբայրս էր շախմատի հաճախում: Մի օր տախտակը բացել և խաղում էր: Գնացի նրա մոտ նստեցի, սկսեց հասարակ բաներ սովորեցնել. ֆիգուրները դասավորել, քայլերը ցույց տալ, պարզ սկզբնախաղերը… Մեկ անգամ ցույց էր տալիս, շատ արագ ընկալում էի: Մի քանի օր անց, երբ մայրիկիս հետ գնացել էինք եղբորս շախմատի դասից տուն բերելու, նրա մարզիչը՝ Նվեր Ստեփանյանն, ինձ խնդրեց շախմատի տախտակի առջև կանգնել և պարզ հարցեր տալ խաղից, հետո հասարակ խնդիրներ առաջարկեց լուծել: Բոլորն էլ հեշտությամբ արեցի: Երբ նա իմացավ, որ այդ ամենը եղբայրս է սովորեցրել, ասաց, որ ինձ էլ բերեն շախմատի դասերի: Որոշ ժամանակ անց սկսեցի մրցումների մասնակցել և Մ10 առաջնությունում գրավեցի երկրորդ տեղը, այն դեպքում, որ 7 տարեկան էի: Ի դեպ, դա միակ տարին էր, որ Մարիա Գևորգյանի հետ նույն տարիքային խմբում էինք մրցում, չեմպիոնական խաղում նա հաղթեց ինձ:

Հետագայում առաջին կարգ լրացրի, Եվրոպայի առաջնության մասնակցեցի և ընդունվեցի Հայաստանի շախմատի ակադեմիա: Այնտեղ մարզիչներիս՝ Ռոման Ակոպովի, Վահագն Խաչատրյանի և Արսեն Եղիազարյանի ղեկավարությամբ պարապեցի մինչև 18 տարեկան՝ անընդհատ մասնակցելով Հայաստանի առաջնություններում և միշտ ամենաբարձր տեղերը զբաղեցնելով:

Իսկ Ձեր եղբայրը չշարունակե՞ց շախմատ խաղալ:

Ցավոք՝ ոչ: Ժամանակին մեր գրոսմայստերների հետ հավասարը հավասարի խաղում էր, բայց հետո չուզեց շարունակել: Կամ միգուցե ես նրանից ուժեղ դարձա, նեղվեց (ծիծաղում է-խմբ.): Իսկ եթե լուրջ, կարելի է ասել, որ ինձ շախմատ խաղալ եղբայրս է սովորեցրել՝ Վանոն:

Ձեր վարկանիշը հիմա ամենաբարձրն է Ձեր կարիերայում՝ 2215: Արդյո՞ք դա նշանակում է, որ հիմա լավագույն շախմատն եք ցուցադրում, թե՞ վարկանիշը միշտ չէ արտացոլում խաղի որակը:

Կարծում եմ՝ ամեն դեպքում արտացոլում է շախմատիստի ուժը, բայց կան գործոններ, որոնք հարկավոր է հաշվի առնել: Օրինակ, Հայաստանում դժվար է բարձր վարկանիշ պահել:

Ինչո՞ւ:

Մենք միջազգային մրցաշարեր քիչ ենք ունենում, ինչպես նաև մեզ համար դժվար է անընդհատ գնալ արտասահման, խաղալ և հետ գալ: Մրցաշարի մակարդակները տարբերվում են Հայաստանում և այլ երկրներում, օրինակ, Իսպանիայում: Մեզ մոտ մրցաշարի մասնակցող շախմատիստներն անհամեմատ ավելի լավ են խաղում, քան Իսպանիայի միջազգային մրցաշարում հանդես եկողները: Դրսում մրցաշարերը շատ են և դու քո վարկանիշը բարձրացնելու բազում հնարավորություններ ունես: Մեր տարածաշրջանի համար բարդ է. Վրաստանում էլ, Իրանում` վարկանիշները բարձր չեն, բայց այնտեղ շատ լավ են շախմատ խաղում:

Susanna Gaboyan 11 960x481 - Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Վերջին ամիսներին աշխարհում մեծ իրարանցում էր առաջացրել The Queens Gambit սերիալը: Ձեզ այն դուր եկե՞լ է:

Ես 10-ից՝ 7 կգնահատեի: Ինձ համար զարմանալի էր, որ շախմատի հետ կապ չունեցող մարդկանց շատ է տպավորել այդ սերիալը: Իմ ծանոթները գրում, հարցնում էին՝ արդյո՞ք դիտել եմ: Որպես շախմատիստ, այդքան էլ տպավորված չեմ, ինչպես մյուսները:

Ինչո՞ւ չեք հավանել:

Այդ էներգիան չէի ստանում, ինչպես օրինակ բռնցքամարտի մասին ֆիլմերում է: Իսկ նրանք այնպես էին նկարահանել, որ տախտակի դիմաց ամեն ինչ շատ արագ էր զարգանում, քայլերն արագ էին, այն հուզական պահերը, որ պետք է ապրեի, ես չզգացի: Ինձ համար շախմատն այդպիսին չէ: Անբնական էր, անավարտ: Շատ էի սպասում, որ իր առաջին մարզչին կհանդիպի, դա էլ չեղավ: Շատ բաներ կիսատ էին ու անհասկանալի:

Այդուհանդերձ, այդ սերիալը զգալի մեծացրել է շախմատի նկատմամբ հետաքրքրությունը:

Այն էլ ահռելի քանակով: Շախմատային հիմնական սոցիալական կայքերում՝ Chess.com-ում և Lichess-ում գրանցվողների թիվը շատ-շատ է ավելացել: Ֆորումներում էլ բազմաթիվ հարցեր են տալիս The Queens Gambit-ի մասին: Լավ է, որ այդպես է: Այդ սերիալն օգնեց շախմատին և որքան գիտեմ նաև բազմաթիվ մրցանակներ նվաճեց:

Հարցազրույցից առաջ Ձեզ ուղեկցում էին Հայաստանի լավագույն շախմատիստներից 3-ը: Հավանաբար նրանց հետ էլ եք խաղացել: Ինչո՞ւ են տղամարդիկ կանացից այդքան լավ շախմատ խաղում:

Շատ աղջիկներ փորձում են չխոստովանել, բայց ցուցանիշները ցույց են տալիս, որ աշխարհում տղամարդիկ ավելի ուժեղ են: Չեմ կարող հստակ ասել՝ ինչն է պատճառը: Հավանաբար, աղջիկներն ավելի «ցրված» են խաղում, լիարժեք չեն կողմնորոշվում: Օրինակ, աղջիկների մոտ ինտուիցիան ավելի ուժեղ է, իմ դեպքում այդպես է: Եթե ինտուիցիաս հուշում է ինչ-որ քայլ կատարել, բայց ես վերլուծում եմ և այլ ճանապարհ ընտրում, հետո միշտ պարզվում է, որ նախնական տարբերակն ավելի ճիշտ էր: Տղաներն ավելի իրատես են խաղի ժամանակ, հաշվում են և հասկանում, թե որն է ճիշտը: Միգուցե, նաև աղջիկները մտքերով այլ տեղում են լինում, իսկ տղաները կենտրոնացած են պարտիայի վրա:

Բայց շախմատում կա նաև Հուդիթ Պոլգարի օրինակը, որը միայն տղամարդկանց հետ էր խաղում և բավական հաջող:

Այսօր հենց նրան էինք հիշել: Խոսք գնաց, թե որն է եղել նրա ամենաբարձր տեղը վարկանիշում և մեկն ասաց՝ 7-րդ: Դա շատ լավ արդյունք է:

Levon Aronyan 960x639 - Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը որոշեց փոխել շախմատային գրանցումը և Հայաստանի հավաքականից տեղափոխվել ԱՄՆ-ի ընտրանի: Դուք ինչպե՞ս վերաբերվեցիք նրա այդ քայլին:

Ամենասկզբում շոկային էր, շատ ծանր եմ տարել: Նույնիսկ երբ հստակ գիտեի, որ դա տեղի է ունենալու, չէի ուզում հավատալ: Բնականաբար, նրան հարկավոր է հասկանալ: Շատ լավ տեղյակ եմ, որ Արոնյանի ամենագլխավոր նպատակն աշխարհի չեմպիոն դառնալն է, ինչի համար մեծ աջակցություն է հարկավոր: Բայց եթե նա դա չի ստանում պետության կողմից, իրեն անտեսված է զգում, ուրեմն հասկանում եմ Լևոնին: Նա շեշտել է, որ իրեն սխալ են վերաբերվել: Միանշանակ է, որ քո երկրում նման մարդ ունենալ և նման վերաբերմունքի արժանացնելը, ճիշտ չէ: Շատերը միգուցե չեն գիտակցում, բայց Արոնյանը մեր երկրի համար շատ կարևոր մարդ է: Ես դա դեռ չեմ խոսում շախմատի մասին, որտեղ Հայաստանին Լևոնի շնորհիվ են ճանաչում, չհաշված Տիգրան Պետրոսյանին: Նրան կորցնելը մեր երկրի ու շախմատի համար շատ մեծ կորուստ է: Լևոնի համար առաջիկա տարիները շատ կարևոր են, և նա չի կարող կորցնել այդ ժամանակը, որում պետք է փորձի աշխարհի չեմպիոն դառնալ:

Շախմատիստներն ինչպիսի՞ն են կյանքում: Ցանկացած բան անելիս նույնպես հաշվարկո՞ւմ են:

Վայ, ահավոր է: Իմ բնավորության շատ գծեր, որոնք հավանում եմ, հիմնականում շախմատից եմ ձեռք բերել: Որոշ առումներով հանգիստ եմ, ուշ եմ հունից դուրս գալիս, բայց շատ եմ մանր հարցերի շուրջ մտածում: Օրինակ, խանութում պետք է շամպույն գնել, ժամերով կարող եմ բոլոր տեսակների բաղադրությունը կարդալ, հոտ քաշել: Կամ օրինակ սրճարանում նստած ենք, ինձ հարցնում են «ի՞նչ կխմես» և սկսվում է… ժամերով մտածում եմ՝ խնձո՞ր, նարի՞նջ, թե՞ ուրիշ:

Susanna Gaboyan 13 960x640 - Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Ձեր պարտիաների արդյունքների վիճակագրությունը դիտելիս տարօրինակ բան նկատեցի: Սպիտակներով՝ 175 հաղթանակ, 122 պարտություն և 80 ոչ-ոքի, իսկ սևերով՝ 160 հաղթանակ, 147 պարտություն ու 80 ոչ ոքի: Զարմանալիորեն քիչ են ոչ-ոքիները, որն այդքան տարածված է շախմատում: Բացատրություն ունե՞ք:

Այո: Երբեք մրցակցին ոչ-ոքի չեմ առաջարկել, համենայն դեպս չեմ հիշում նման բան: Իսկ երբ ինձ են առաջարկում ոչ-ոքի, շատ հազվադեպ եմ համաձայնում:

Այդ առումով նման եք այն սերիալի հերոսուհուն Բեթ Հարմոնին, ինչպես նաև Բոբի Ֆիշերին, որը նույնպես չէր սիրում ոչ-ոքի խաղալ:

Ես կավելացնեի նաև Մագնուս Կառլսենին: Ինձ թվում է նա աշխարհի չեմպիոն է դարձել, որովհետև ցանկացած դիրքում մինչև վերջ է պայքարում: Թվում է, թե հավասար դիրք է, բայց նա ինչ-որ բան գտնում է և հաղթում:

Հասկանում եմ նրան, որովհետև ինձ մոտ էլ վերջնախաղն ավելի լավ է ստացվում, քան սկզբնախաղը:

Ես էլ չեմ սիրում սկզբնախաղը, պարզապես տանել չեմ կարողանում: Հատկապես հիմա, երբ այն էմոցիոնալ չէ, դարձել է լրիվ անգիր անելու բան: Ով ավելի շատ է նստել համակարգչի դիմաց և ավելի լավ մտապահել բոլոր սկզբնախաղերը, նա ավելի լավ է մեկնարկում: Ինձ դա դուր չի գալիս: Հիմա շատ եմ մտածում, թե ի՞նչ արժե փոխել՝ շախմատն ավելի հետաքրքրացնելու համար: Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե լրջացնեին Ֆիշերի շախմատը՝ ֆիգուրները խառը դասավորված լինեին: Ինձ այդ խաղն ավելի է գրավում, քան դասականը: Հիմա անընդհատ նույն բանն ես տեսնում, հատկապես ուժեղների խաղերում, երբ հաճախ ոչ-ոքիներ են գրանցվում: Համակարգիչներից հետո խաղն ավելի անհետաքրքիր է դարձել:

Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում, երբ իմանում են, որ շախմատիստուհի եք:

Շատ ծիծաղելի դեպքեր են լինում: Միանգամից ասում են. «Դու մաթեմատիկայից լավ կլինես»: Կարծրատիպ կա, որ շախմատիստները հանճար են, ամեն ինչ գիտեն: Բայց օրինակ շախմատն ու մաթեմատիկան միայն տրամաբանությամբ ու հաշվարկով են նման, բայց բնույթները շատ տարբեր են: Օրինակ ես՝ մաթեմատիկայից հեռու եմ:

Եթե շախմատիստը Լևոն Արոնյանը չէ, նա Հայաստանում կարո՞ղ է միայն այդ գործով զբաղվել, կարիք չի՞ ունենա այլ աշխատանք փնտրել:

Իմ օրինակով ասեմ: Դժվար է, բայց կարելի է վարչական ոլորտ մտնել: Ես զուգահեռաբար աշխատում եմ նաև մեր ընկերներից մեկի Ավետիք Գրիգորյանի ստեղծած կայքում, որը կուրսեր է դասավանդում շախմատի սկզբնախաղերի, միջնախաղերի, վերջնախաղերի և այլ խնդիրների շուրջ: Այն սկսնակների համար չէ, այլ նախատեսված է 1500-2500 վարկանիշային միավոր ունեցողների համար: Շատ որակյալ կուրսեր են, պարզապես անգլերեն են, նախատեսված են ամբողջ աշխարհի շախմատիստների համար: Ես այդ կայքի հետ եմ համագործակցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հավակնորդների մրցաշարը վերսկսվեց

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականը

Արոնյանը լքեց մրցաշարը՝ բավարարվելով 10 հազար դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը վատթարացրեց մրցաշարային վիճակը

Ինչու և ինչպես. Լևոն Արոնյանի երկրորդ կյանքը (տեսանյութ)

Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարից

Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի