Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Լիվերպուլի» անկումը բացատրելը հեշտ գործ չէ, իսկ ամիսներ առաջ դա պատկերացնելը՝ գրեթե անհնար: Անգլիայի անպարտելի չեմպիոնը օրեցօր գահավիժում է: Թիմ, որը Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում 28 խաղ անպարտելի էր, մրցաշրջանի կեսից գործնականում չեմպիոն՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 25 միավորի առավելություն (!!!), այժմ գտնվում է Պրեմիեր լիգայի միջին դիրքերում, չի համոզում իր խաղով և ունի անհամեմատ ավելի վատ ցուցանիշներ: Տպավորություն է, որ մենք դիտում էինք հիասքանչ դրամա, որի դադարից հետո պատահաբար միացրինք բոլորովին այլ՝ սարսափ ոճի ֆիլմ:
Նախ՝ փորձենք հասկանալ՝ ինչ արդյունքներ է գրանցել «Լիվերն» այս մրցաշրջանում, հետո ուսումնասիրենք թիմի խաղային անկման պատճառները և փնտրենք լուծումներ ու պատկերացնենք, թե ինչպես մերսիսայդցիները կարող են նոր հաղթական ճանապարհ սկսել:
Մրցաշրջանը «Լիվերպուլի» համար ամենևին էլ վատ չէր սկսել: Թիմը լուծում էր իր առջև դրված խնդիրները՝ առաջին հորիզոնական Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ դեկտեմբերին նաև առաջատար Պրեմիեր լիգայում՝ թեև ոչ մեծ առավելությամբ, ինչպես նախորդ տարի:
Բայց ամեն ինչ գլխիվայր շրջվեց 2021-ից սկսած: Պրեմիեր լիգայի վերջին 14 տուրից «Լիվերպուլը» հաղթել է 3-ում, հնարավոր 42 միավորից վաստակել 12-ը, Կլոպի թիմը միանգամից 2 հակառեկորդ սահմանեց՝ իր պատմության մեջ առաջին անգամ 6 խաղում անընդմեջ պարտություն կրելով «Էնֆիլդ» մարզադաշտում, և դարձավ առաջին գործող չեմպիոնը, որ 6 խաղ անընդմեջ պարտություն է կրում տնային խաղերում: Նախորդ մրցաշրջանի այս հատվածում «Լիվերպուլը» վաստակել էր 34 միավոր ավելին, խփել 15 գոլ ավելին և բաց թողել 15 գոլ ավելի քիչ: «Կարմիրներն» այժմ 7-րդն են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Ռեալից» կրած վերջին պարտությունից հետո մեկ ոտքով դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից:
«Լիվերպուլը» նախորդ 2 մրցաշրջաններում աշխարհի լավագույն թիմերից մեկն էր, 2019-ին՝ լավագույնը. նրանք հաղթում էին գրեթե բոլոր խաղերում: Կլոպի թիմը Պրեմիեր լիգայի 2018/19 խաղարկությունում վաստակեց 97 միավոր ու «մազով» չդարձավ չեմպիոն, փոխարենը հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ 2019/20 մրցաշրջանում նույնիսկ կորոնավիրուսը չկանգնեց «Լիվերպուլի» ճանապարհին. Պրեմիեր լիգան նույնպես մերսիսայդցիներինն էր:
Այս մրցաշրջանում, սակայն, աշխարհի լավագույն ակումբը նույնիսկ լավագույնը չէ իր քաղաքում. «Էվերթոնն» ավելի բարձր դիրք է զբաղեցնում: Բայց ինչպո՞ւ և ինչպե՞ս է Կլոպի թիմը գլորվում անդունդը:
Անհաջողությունների ժամանակ բոլոր թոփ ակումբներին միավորում է նույն պատճառաբանությունը՝ վնասվածքներ: Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ այս մրցաշրջանի հենց սկզբից բախտը Կլոպի թիմից իսկապես երես թեքեց: «Լիվերպուլում» վնասվածքներն այնքան շատ են, կարծես վնասվածքների պանդեմիա լինի՝ բոլորը միմյանց վարակում են. Դիոգո Ժոտան բաց է թողել 15 հանդիպում, Տիագո Ալկանտարան՝ 12, Ֆաբինյոն՝ 8… բայց ամենատխուր վիճակը պաշտպանությունում է:
Նախ՝ «Էվերթոնի» դեմ խաղում ծանր վնասվածք ստացավ այս «Լիվերպուլի» հենասյունը՝ Վիրջիլ վան Դեյկը, որի համար, կարծես, մրցաշրջանն արդեն ավարտված է: Բայց դա վերջը չէր. «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Վնասվածքներ ստացան նույն դիրքի մյուս ֆուտբոլիստները՝ Ջո Գոմեսն ու Ժոել Մատիպը, որոնք նույնպես երկար ժամանակով դուրս մնացին շարքից: Նրանց միացավ նաև Ջորդան Հենդերսոնը, որին Կլոպը նույնպես ճարահատյալ օգտագործում էր պաշտպանության կենտրոնում:
Այս կորուստները Կլոպին հարկադրեցին միայն այս մրցաշրջանում փորձարկել կենտրոնական պաշտպանների 10 զույգ. Վան Դեյկ-Գոմես, Վան Դեյկ-Ֆաբինյո, Ֆաբինյո-Գոմես, Ֆաբինյո-Հենդերսոն, Ֆաբինյո-Կաբակ, Կաբակ-Ֆիլիպս և այդպես շարունակ: «Լիվերպուլի» պաշտպանությունը, բառի ուղիղ իմաստով, փլուզվեց:
Հասանք «Լիվերպուլի» անհաջողությունների գլխավոր պատճառին, որի համար պետք չէ մեղադրել բախտին: Կլոպի տակտիկան ու խաղային գաղափարները շատ լավ աշխատեցին վերջին տարիներին, բայց ոչինչ անվերջ չի աշխատում, եթե չի կատարելագործվում ու որևէ փոփոխության չի ենթարկվում: Հեռահար փոխանցումներով խաղը, գեգենպրեսինգն ու չափազանց վերտիկալ ֆուտբոլն արդեն չեն վախեցնում:
Այս ամենի վառ ապացույցը Զիդանի՝ Կլոպի հանդեպ տարած տակտիկական հաղթանակն է. ֆրանսիացին արեց այնպես, որ իր թիմը խաղային բոլոր ասպեկտներով գերազանցի մրցակցին: Զիդանը շատ լավ էր ուսումնասիրել ու հասկացել էր «Լիվերպուլի» խոցելի կողմերը:
Պաշտպանության գծում Կլոպի թիմը խայտառակ տեսք ուներ: Բացի այն, որ կենտրոնում գործում էր անփորձ, ու անկեղծ լինենք, նաև այս տիպի խաղերին ոչ համապատասխան կարգ ունեցող Կաբակ-Ֆիլիպս զույգը, նաև ձախողեցին եզրայինները՝ Տրենտ-Ալեքսանդր Առնոլդն ու Էնդրյու Ռոբերտսոնը: Ռոբերտսոնն ու հատկապես Առնոլդը մոռացել էին, որ իրենց հիմնական գործառույթը պաշտպանվելն է ու ինքնամոռաց նետվում էին մրցակցի կիսադաշտ՝ թողնելով հսկայական տարածություններ: Լավ իմանալով այդ ամենը՝ Զիդանը հրաշալի օգտագործեց իր եզրայիններին՝ Վինիսիուսին ու Ասենսիոյին, որոնց էլ գնդակը հասցեագրում էր Կրոսը՝ աշխարհի ամենաճշգրիտ փոխանցումներ կատարող ֆուտբոլիստներից մեկը: «Լիվերպուլի» պաշտպանության բացակայությունն օգտագործում են նաև Պրեմիեր լիգայի թիմերը:
Ի դեպ՝ Առնոլդ-Ռոբերտսոն զույգի արդյունավետությունը հարձակման գծում նույնպես առաջվանը չէ: Առնոլդը նախորդ մրցաշրջանում հայտնվեց «Գինեսի ռեկորդների» գրքում՝ խփելով 4 գոլ ու կատարելով 15 գոլային փոխանցում: Ռոբերտսոնն էլ խփել էր 3 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում: Այս մրցաշրջանում Առնոլդը խփել է 1 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Ռոբերտսոնը՝ 1 գոլ ու 5 գոլային փոխանցում:
Հարձակվելիս «Լիվերպուլը» նույնպես չի փոխել իր տակտիկան (երկար փոխանցումներ, եզրային անցումներ ու գեգենպրեսինգ), ինչի արդյունքում թիմը կորցրել է սրությունն ու վտանգն առջևում: Զիդանը լավ էր հասկացել՝ ինչպես է գրոհում «Լիվերպուլը», և կարողացավ գրեթե 100 տոկոսով վնասազերծել մրցակցին: «Լիվերպուլը» սովոր է խաղալ հեռահար փոխանցումներով՝ հույսը դնելով Մանեի ու Սալահի արագությունների, կամ էլ մրցակցի սխալների վրա: Զիդանն իր եզրայիններին (նաև՝ վինգերներին) հրահանգել էր ոչ մի վայրկյան բաց չթողնել ու տարածություն չտալ նրանց: Խնդիրը լուծվեց. ամեն ինչ պարզ էր ու կանխատեսելի: Առավել ևս, որ չկար Վան Դեյկը, որը սկսում էր թիմի գրոհները խորքից, քանի որ հրաշալի էր հեռու փոխանցումներ կատարում:
Մեր ընտրանին
Այս տակտիկայով այլևս ոչ ոքի չես զարմացնի: Կլոպի ուղղահայաց ֆուտբոլի ցուցանիշները նախորդ մրցաշրջանի համեմատ նույնպես նվազել են. ճշգրիտ փոխանցումների տոկոսն ավելի ցածր է, թիմն ավելի քիչ է գոլային պահեր ստեղծում, եզրային դիպուկ փոխանցումներն ավելի քիչ են, իսկ մրցակցի տուգանային «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ավելի քիչ են լինում գնդակով: Այս տակտիկան չափից շատ է հիմնված ֆուտբոլիստների անհատական խաղի՝ Սալահ-Մանե զույգի արագության վրա: Ի դեպ, Մանեն ու Սալահն էլ չեն փայլում այս մրցաշրջանում: Եթե եգիպտացին գոնե պահում է արդյունավետությունը (18 գոլ Պրեմիեր լիգայում), ապա Մանեի թվերը զգալիորեն նվազել են. նա այս մրցաշրջանում խփել է 7 գոլ՝ նախորդ տարվա իր գոլերի ուղիղ կեսը (14): Ֆիրմինոն, առհասարակ, կորցրել է նույնիսկ տեղը մեկնարկային կազմում:
«Լիվերպուլի» այս միապաղաղ ֆուտբոլը փոխելու համար եկել էր Տիագո Ալկանտարան, որն իր վառ երևակայությամբ ու բարձր տեխնիկայով կարող էր գտնել խորը պաշտպանություն մտած թիմերի ճեղքերը, բայց իսպանացին չի գտնում իրեն այս թիմում. այլընտրանքային տակտիկա չկա:
Գեգենպրեսինգը Կլոպի անձը հաստատող փաստաթուղթն է եղել թե՛ «Բորուսիայում», թե՛ «Լիվերպուլում»: Բայց այն նույնպես այլևս չի վախեցնում ոչ ոքի: Մրցակիցների վրա ակտիվ ճնշում գործադրելը չի տալիս ցանկալի արդյունքները: Նախորդ մրցաշրջանի համեմատ ֆուտբոլիստներն ավելի քիչ են խլել գնդակը (168-ը՝ 199-ի դիմաց), իսկ անհատական միկրոմենամարտերում ավելի քիչ են հաղթում (1410-ը՝ 1525-ի դիմաց):
Իսկ գուցե ավարտվե՞լ է Կլոպի ժամանակը «Լիվերպուլում»: Այո՛, օբյեկտիվ պատճառներն ու «թարսությունները» նույնպես նպաստեցին անհաջողությունների այս շարքին, բայց, հնարավոր է, մարզչական փոփոխությունը տվյալ պահին հենց այն լուծումն է, որ պետք է «Լիվերպուլին»՝ նոր փուլ սկսելու համար: Կլոպին փոխարինելու համար արդեն նշմարվում է հստակ թեկնածու՝ Սթիվեն Ջերարդ: Ինչո՞ւ հենց Սթիվի Ջին պետք է դառնա Կլոպին փոխարինողը մոտ ապագայում:
Յուրգեն Կլոպն ունի նոր շանս ու ժամանակ ստանալու բոլոր իրավունքները՝ հաշվի առնելով, թե որքան բան է արել նա այս ակումբի համար բավական սուղ ժամանակում: Նույնիսկ այս մրցաշրջանում տեսականորեն «Լիվերպուլը» դեռ կարող է փոխել իրավիճակը ՉԼ-ում ու մտնել ԱՊԼ լավագույն քառյակ: Բայց մարզչական փոփոխությունը՝ հանուն նոր հաջողությունների ու նոր փուլի մեկնարկի, կարող է շատ ավելի բարենպաստ լինել «Լիվերպուլի» համար:
Սադիո Մանե. Ամենահամեստ ֆուտբոլիստի անցած անհավանական ճանապարհը (տեսանյութ)
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո