-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ պարտության մատնել Վրաստանի ընտրանուն: Մոտիվացիայի պակաս տղաները չունեին: Եթե դրան գումարեինք, որ մեր հարևանները Լեհաստան էին ժամանել ոչ մարտական կազմով, իսկ մենք կազմի հետ կապված խնդիր գրեթե չունեինք՝ Տիխիում կայանալիք հանդիպումից առաջ ակնհայտ ֆավորիտ էինք: Ոսւտի՝ վաստակած 1 միավորը կարելի է համարել կորուստ, և ոչ թե ձեռքբերում, թեպետ խաղի ընթացքը թույլ է տալիս հակադրվել այս մտքի հետ:
Հավաքականի ֆուտբոլիստների մեծամասնությունը հերթական անգամ ցույց տվեցին նախանձելի աշխատասիրություն, սակայն դա բավական չէ՝ արդյունքի հասնելու համար: Այս անգամ գնահատակնների տեսանկյունից մի փոքր խիստ ենք գտնվել՝ հաշվի առնելով իրավիճակն ու մրցակցին:
Դավիթ Յուրչենկո – 6
Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն այս պահին իր լավագույն խաղը չէ, որ ցուցադրում է: Նրանից ակնկալիքները շատ մեծ են: Արդեն քանի տարի է՝ Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո ՀՖՖ-ն ակտիվորեն նոր դարպասապահ է փնտրում: Արսեն Բեգլարյան, Արամ Հայրապետյան, Անատոլի Այվազով, Արման և Գրիգոր Մելիքսեթյաններ, Գևորգ Կասպարով..: Յուրչենկոյի՝ հավաքականի հրավերն ընդունելու հանգամանքն ընդունվեց ֆանֆարներով:
Ճիշտ է, Վրաստանի հետ խաղի ժամանակ նա մի քանի լավ սեյվ արեց, սակայն միևնույն ժամանակ թույլ տվեց մի շարք սխալներ: Առաջին գոլը ընդունեցինք նրա մեղքով: Առաջին կեսում դեռ մենք մոտ էինք գոլ ընդունելուն, սակայն նրա սխալից օգտված վրացի ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Հետևություն. Եթե պետք է ընդունենք այնպիսի գնդակներ, ինչպիսին Յուրչենկոն ընդունեց, ուրեմն ավելի լավ է դա անեն տեղացի տղաները: Ի՞նչ տարբերություն:
Անդրե Չալըշըր – 6
Երբ Անդրե Չալըշըրը մարզավիճակ է հավաքում, մեր ընտրանու կազմում անփոխարինելի է դառնում: Նրա գործակցությունը Հարոյանի հետ դառնում է 100 տոկոս արդյունավետ: Սակայն վերջին շրջանում Չալըշըրի խաղում նկատվում է զգալի անկում:
Վրաստանի հետ խաղում նա ավելի անհաջող խաղաց, քան ավելի վաղ հյուսիս-մակեդոնացիների ու Էստոնիայի հետ: Գրեթե բոլոր միկրոմենամարտերում մրցակիցը հայտնվում էր նրա թիկունքում: Գոլերի ժամանակ էլ նա ակտիվ չէր: Նա անկասկած, կարող է ավելի լավ խաղալ:
Վարազդատ Հարոյան – 6.5
Իրականում Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը միմյանց փոխլրացնում են: Եթե Անդրեն վատ է խաղում, նույնքան անհաջող է հանդես գալիս նաև Հարոյանը: Եթե Անդրեն լավ է խաղում, նույնքան լավ՝ Հարոյանը: Այս անգամ առաջին տարբերակն էր:
Որպես այդպիսին՝ Վարազդատը Չալըշըրից լավը չէր: Նրա միակ առավելությունը երկրորդ հարկում հաջող խաղն էր: Սակայն դեռևս առաջին կեսում Հարոյանն ուղիղ տեղը խախտեց կանոնները մրցակցի հետ պայքարում, ստացավ դեղին: Հիմա մեր պաշտպանը ստիպված բաց է թողնելու Էստոնիայի հետ արտագնա հանդիպումը և ծանր կացության մեջ է դնում Խոակին Կապառոսին:
Արման Հովհաննիսյան – 7.5
Ամենապատվախնդիր խաղացողներից մեկը դաշտում Արման Հովհաննիսյանն էր: Նոմինալ աջ պաշտպանն առաջին կեսում գերազանց էր փակում Հովհաննես Համբարձումյանի բացակայությամբ բաց մնացած ձախ պաշտպանի դիրքը: Հիմնականում Արմանը կատարում էր պաշտպանողական գործողություններ, բայց երբեմն գրոհում էր:
Ղազախական «Տոբոլի» ֆուտբոլիստը երկրորդ կեսում ևս խաղաց նույն ոգով, սակայն խաղավերջում արդեն զգացնել էր տալիս հոգնածությունը: Բայց, ի պատիվ Արմանի, պետք է նշել, որ նա բավական ձիգ հանդիպում անցկացրեց:
Կամո Հովհաննիսյան – 6.5
Վաղուց չէինք տեսել այսքան պասիվ Կամո Հովհաննիսյան: Իհարկե, ստեղծված հանգամանքները չէին կարող չազդել առողջ դատողություն ունեցող ֆուտբոլիստի վրա: Կամոն այս անգամ խաղում էր իր սիրելի (երևի) դիրքում՝ աջ պաշտպանի գոտում: Սակայն նրա արագացումները նույնքան քիչ էին, որքան մեր ընտրանու սուր գրոհներն ամբողջ խաղի ընթացքում:
Երկրորդ կեսում Կամոն շարունակեց նույն ոգով: Տպավորություն էր, որ վրացիներն ավելի լավ էին ուսումնասիրել մեր խաղն ու Կամոյին մասնավորապես, քան իտալացիները, որոնք մեր պաշտպանին տվել էին լիակատար ազատություն: Վերջնամասում Կապառոսը Կամոյին փոխարինեց: Առաջին հայացքից՝ որոշումը տարօրինակ էր, սակայն հաշվի առնելով Հովհաննիսյանի խաղը, գուցե և տրամաբանության մեջ կարող է մտնել:
Վբեյմար – 6
Հենակետային գոտին այս անգամ չափից շատ էր անջատված ամբողջ թիմից: Նրանք ոչ պաշտպանների հետ փակվում էին, ոչ էլ պաշտպանությունից դուրս գալիս ինչ-որ օգուտ էին բերում: Վբեյմարի ուժեղ կողմերից մեկը հենց դա է՝ գրոհելու ընթացքում նա մի կողմ է դնում «քլունգն» ու ձեռքն է վերցնում վրձինն ու անհրաժեշտության դեպքում՝ թնդանոթը:
Վրացիների հետ խաղում Վբեյմարը լրիվ ձեռնունայն էր: Մրցակիցը անարգել գրոհում էր նրա կողքով, արժանի պատասխան չկար: Զգացվում էր, որ խոտածածկը լավը չէ և խանգարում է Վբեյմարին, սակայն հենակետային կիսապաշտպանի համար չպետք է լինի տարբերություն. Նա պետք է մրցակցի գրոհները ջարդի-փշրի: Նման բան նրա գործողություններում չտեսանք:
Արտակ Գրիգորյան – 6.5
Հայաստանի հավաքականի վետերաններից մեկն անհամեմատ ավելի ուղիղ հանդիպում անցկացրեց, քան իր թիմակից Վբեյմարը: Որպես ամբողջություն, որպես հենակետայինների զույգ՝ իհարկե կան բազմաթիվ հարցեր. Նրանք այս խաղում միմյանց չփոխլրացրին: Սակայն անհատապես Գրիգորյանը մի գլուխ բարձր էր Վբեյմարից:
Ասել, որ Արտակը տեխնիկապես ավելի լավ է պատրաստված կամ ավելի արագաշարժ է քան Վբեյմարը, սխալ կլինի: Սակայն կոնկրետ այս խաղում Արտակն ավելի լավն էր բոլոր առումներով: Բայց սխալներ ևս կային: Ուստի՝ 6.5 միայն:
Հենրիխ Մխիթարյան – 6
Որքան էլ որ ցավալի է, բայց Հենրիխ Մխիթարյանն այս անգամ իր լավագույն հանդիպումը չանցկացրեց: Ու առհասարակ՝ վերջին շրջանում նա լավագույն ֆուտբոլը չէ, որ ցույց է տալիս ինչպես ակումբային, այնպես էլ ազգային թիմի մակարդակով: Ակնհայտ է, որ նրա ուղեղն այս պահին զբաղված է սահմանին ընթացող իրադարձություններով:
Գրեթե բոլոր միկրոմենամարտերում Մխիթարյանը պարտվեց, դրիբլինգում թույլ տվեց աններելի չափի սխալներ: Այո, նրա կարգն անգամ այս պարագայում տարբերվում է բոլորից, սակայն եթե վերջին խաղում այդ կարգը զգացնել էր տալիս, այս անգամ մենք դա չտեսանք: Հուսանք՝ Էստոնիայի հետ մենք կտեսնենք սովորական Միկիին:
Տիգրան Բարսեղյան – 7
Ինչպես միշտ, Բարսեղյանն ակտիվ էր: Այս անգամ Կապառոսը նրան տեղավորել էր ձախ թևում: Ամենայն հավանականությամբ, այս հնարքը վրացիներին ապակողմնորոշելու համար էր: Այդպես էլ եղավ: Սկզբում մրցակիցը չէր հասկանում՝ ով որտեղ է: Քանի չէր հասկանում՝ գոլ ընդունեց: Բայց հետո Բարսեղյանը մնաց նույն՝ ձախ վինգերի դիրքում:
Ակնհայտ էր, որ երիտասարդ հարձակվողի համար դիրքն անսովոր էր: Բարսեղյանը երբեք բարձրից փոխանցումներ կատարելու սիրահար չի եղել: Նա ավելի շատ գերադասում է աջ կողմից գնալ կենտրոն ու ֆանտաստիկ ուժեղ հարված իրացնել: Ձախից նրա գործողությունները սահմանափակ էին:
Խորեն Բայրամյան – 8
Ի տարբերություն առաջին երկու խաղերի՝ Բայրամյանն այս անգամ անհամեմատ ավելի լավն էր: «Ռոստովի» ֆուտբոլիստը սխալների ուղղում է արել ու հասկացել իր թերությունները: Հյուսիս-մակեդոնացիների հետ խաղում Խորենը խաղում էր ձախից ու գրեթե միշտ նահանջելիս գնում էր կենտրոն: Այս անգամ նման տենդենց չէր նկատվում:
Նախ Խորենը դարձավ գոլի հեղինակ, ընդ որում՝ աշխատած: Նա գիտեր՝ գրոհի պահին որտեղ կանգնել և ինչ անել: Բարսեղյանի հարվածից հետո կարող էր նաև դուբլ ձևակերպել, բայց գնդակին չհասավ: Երկրորդ կեսում Կապառոսը նրան իջեցրեց ու դարձրեց նաև աջ պաշտպան, ինչը ևս արդարացվեց:
Ալեքսանդր Կարապետյան – 6
Հայկական ֆուտբոի Քոնոր Մակգրեգորի համար լավագույն խաղը չէր: Կարելի է ասել՝ վատագույններից էր: Ամբողջ խաղի ընթացքում Կարապետյանը միայն մեկ իրական գոլային պահ է ունեցել, այն էլ նրա հարվածից հետո գնդակը շեղ է անցել:
Ընտրական խմբի առաջին երկու խաղերում Կարապետյանն ավելի կպչուն էր խաղում: Սկոպյեում նա մի քանի պահ ունեցավ, էստոնացիների հետ երևանյան խաղում էլ հրաշալի գոլ խփեց: Այս անգամ նա հեռու էր այդ ամենից: Այլընտրանք ունենալու դեպքում Կապառոսը Կարապետյանին կփոխարիներ արդեն ընդմիջմանը:
Յուրի Գարեգինյան – 6
Գարեգինյանին գնահատական տալն այս պարագայում այդքան էլ ճիշտ չէ: Նրա գործողությունները բարդ է գնահատել: Սկզբում նկատվում էր լարվածություն, խոտանը շատ էր, սակայն ժամանաակի ընթացքում նորամուտը նշած ֆուտբոլիստն իրեն շտկեց. քիչ էր մնում նախագոլային փոխանցում կատարեր:
Էդգար Բաբայան – 6.5
Բաբայանը Մխիթարյանի պես դաշտում տարբերություն ստեղծող ֆուտբոլիստ է: Նրա խաղը աչք է զառնում: Սակայն այս անգամ նա դաշտ դուրս եկավ անհասկանալի դիրքում: Կեղծ «9» համարի տակտիկան բացարձակ չաշխատեց ու Կապառոսը հրաժարվեց այդ մտքից ու Բաբայանին ուղարկեց աջ եզր: Կար ակտիվություն, սակայն մրցակիցը լավ էր պաշտպանվում ու թույլ չէր տալիս Բաբայանին ակտիվ լինել:
Գեղամ Կադիմյան – 7
Գեղամ Կադիմյանը դուրս եկավ դաշտ Կամո Հովհաննիսյանի տեղն ու սկսեց խաղալ աջ թևում: Առհասարակ Կապառոսի փոփոխությունները մի տեսակ անհականալի էին: Աջից խաղացող Բաբայանի ու ձախից գրոհող Տիգրան Բարսեղյանի հետ ևս մեկ եզրային ֆուտբոլիստ դաշտում ունենալն այդքան էլ հեշտ բացատրելի որոշում չէ: Մանավանդ, երբ պարզ էր, որ Բաբայանը չի կարողանում կեղծ «9» համար խաղալ: Բայց Կադիմյանն իր գործը արեց ու 11 մետրանոց վաստակեց մեր թիմի համար:
Վահան Բիչախչյան – չկա գնահատական
Վահան Բիչախչյանը դաշտում անցկացրեց ընդամենը 3-4 րոպե: Այդ ընթացքում կարող էր հերոսանալ, սակայն Մխիթարյանի փոխանցումն ուշացավ ու կատարվեց այն պահին, երբ գյումրեցի ֆուտբոլիստը որոշեց թողնել գրոհելը:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո